Չանսելորսվիլի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Chancellorsville), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի խոշոր ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1863 թվականի ապրիլի 30-ից մայիսի 5-ը, Սփոթսիլվեյնի տարածաշրջանում՝ Ջորջ Չանսելորի պլանտացիայի մոտ (հայտնի է որպես «Չանսելորսվիլ»), Ջոզեֆ Հուկերի Պոտոմաքսյան բանակի և Ռոբերտ Լիի Հյուսիսվիրջինյան բանակի միջև։ Պատմության մեջ է մտել որպես գեներալ Լիի վարած ամենահաջող մարտը, որտեղ նա հարձակողական մարտում պարտության է մատնում իր զորքերին կրկնակի անգամ գերազանցող ուժերին։ Սակայն Համադաշնության հաղթանակը մռայլվեց գեներալ Ջեքսոն Քարե Պատի մահվանից հետո։
Պատմաբան Սթիվեն Սիրսը գրել է, որ Չանսելորսվիլը յուրօրինակ է ու եզակի Քաղաքացիական պատերազմի ճակատամարտերի մեջ. այս ճակատամարտը առանձնանում է իր բարդությամբ և ռազմական գործողությունների լարվածությամբ։ Այն դարձավ գեներալ Լիի ամենավառ հաղթանակը և դաշնային բանակի ամենածանր պարտությունը։ Գեներալ Հուկերը սկսեց այս ճակատամարտը, իր տրամադրության տակ ունենալով լավ նախապատրաստված բանակ, ճշգրիտ կատարված հետախուզություն, քանակական գերակշռություն և խելամիտ, մտածված ծրագիր։ Նրա հակառակորդը՝ գեներալ Լին, այդ օրերին թուլացել էր երկու դիվիզիայով, և Հուկերի գրոհը նրա համար գրեթե անսպասելի էր։ Այնուամենայնիվ, Հուկերը պարտվեց, իսկ մայիսի 3-ի ճակատամարտը երկրորդը դարձավ իր արյունահեղությամբ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ճակատամարտերի շարքում՝ Էնտիտեմից հետո։