Թռչող հոլանդացի (գերմ.՝ Der fliegende Holländer), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների ռոմանտիկական օպերա երեք գործողությամբ (WWV 63)։ Գերմաներեն լիբրետտոն Ռիխարդ Վագների ըստ Հայնրիխ Հայնեի ստեղծագործության։ Առաջին անգամ բեմադրվել է 1843 թ. հունվարի 2-ին Դրեզդենի օպերային թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության։ Համարվում է գերմանացի երգահանի վաղ շրջանի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ հաճախ բեմադրվում և ձայնագրվում է։

Թռչող հոլանդացի
գերմ.՝ Der Fliegende Holländer և գերմ.՝ Der fliegende Holländer[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՌոմանտիկական օպերա
ԿոմպոզիտորՌիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ
Սյուժեի աղբյուրՀայնրիխ Հայնե «Պարոն ֆոն Շնաբելեվոպսկու հուշագրությունը» անավարտ նովել
Գործողությունների քանակ3 արար[1]
Գործողության տեղՆորվեգիա
ԿերպարներThe Dutchman?, Daland?, Senta?, Erik?, Mary?, Daland's steersman? և Norwegian sailors?
Առաջնախաղի տարեթիվհունվարի 2, 1843[1]
Առաջնախաղի վայրԴրեզդեն
Կատալոգի համար63
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 The Flying Dutchman (opera) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Ծովում թափառող նավի մասին ժողովրդական լեգենդը Ռիխարդ Վագների ուշադրությունը գրավեց 1838 թվականին։ Դրա հանդեպ հետաքրքրությունը մեծացավ դեպի Լոնդոն կատարած ծովային երկարատև ճանապարհորդության տպավորությունների ներքո. ահեղ փոթորիկը, նորվեգական ֆյորդերը, նավաստիների պատմությունները, այդ ամենը նրա մտքում արթնացրին հին ավանդությունները։ 1840 թվականին արդեն Վագներն ուրվագծեց մեկ գործողությամբ օպերայի տեքստը, իսկ 1841 թվականի մայիսին, տասն օրում, ստեղծեց վերջնական տարբերակը՝ երեք արարով։ Երաժշտությունը ևս գրվեց այդպես շատ արագ, մեկ ստեղծագործական պոռթկումով, և օպերան գրվեց-ավարտվեց յոթ շաբաթում (1841 թվականի սեպտեմբերից օգոստոս)։ Պրեմիերան կայացավ 1843 թվականի հունվարի 2-ին, Դրեզդենում՝ Վագների ղեկավարությամբ։

 
Ռիխարդ Վագները, 1842 թվականի դիմանկար:

Որպես «Թռչող Հոլանդացու» սյուժեի աղբյուր ծառայել է նավաստիների շրջանում տարածված լեգենդը՝ ուրվական-նավի մասին, որը, հավանաբար, վերաբերում է 16-րդ դարին՝ աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանին։ Այդ լեգենդը երկար տարիներ հիացրել է Հայնրիխ Հայնեին։ Նա առաջին անգամ «Թռչող Հոլանդացուն» հիշատակում է իր «Ճանապարհորդական պատկերներ» ժողովածուի մեջ (1826 թ.): «Պարոն ֆոն Շնաբելեվոպցու հուշերից» պատմվածքում (1834 թ.) Հայնեն մշակեց այդ լեգենդը՝ իրեն հատուկ երգիծական ոճով։ Իսկ Վագները ժողովրդական լեգենդը տեսավ այլ՝ դրամատիզմի տեսանկյունից։ Կոմպոզիտորին գրավեց իրադարձությունների խորհրդավոր, ռոմանտիկական կառուցվածքը՝ ալեկոծ ծովը, որով հավերժ, առանց նպատակակետի և անհույս թափառում է ուրվական-նավը, այդ հանելուկային կերպարը, որ կարևոր դեր է խաղում հերոսուհու ճակատագրում, իսկ ամենագլխավորը՝ հենց Թափառողի ողբերգական կերպարը։ Օպերայում նաև ողջ խորությամբ կերտվել է Վագների սիրելի թեման՝ կանացի հավատարմությունը, որը շոշափվում է նրա շատ ստեղծագործություններում։ Նա ստեղծել է երազկոտ, վեհացած և միաժամանակ՝ քաջ, վճռական, անձնազոհության պատրաստ աղջկա կերպարը, որն իր անձնուրաց սիրով ու հոգու անաղարտությամբ քավում է հերոսի մեղքերը, հանգեցնում նրա փրկությանը։ Բախման սրացման համար կոմպոզիտորը բերում է նոր, հակապատկերային կերպարի՝ Սենտային սիրահարված որսորդ Էրիկին։ Օպերայում նաև լայնորեն ներկայացված են ժողովրդական կենցաղի տեսարաններ։

Սյուժեն խմբագրել

Մոլեգնող փոթորիկը նորվեգացի ծովագնաց Դալանդի նավը նետում է ժայռոտ ափերով խորշը։ Հոգնած ղեկակալը, իզուր փորձելով իրեն ոգևորել երգելով, քնում է դիտակետում։ Կայծակի փայլատակումների մեջ, հետզհետե աճող փոթորկի սուլոցի տակ հայտնվում է «Թռչող Հոլանդացին»՝ իր խորհրդավոր նավով, որ ունի արյան նման կարմիր առագաստներ ու սև կայմ։ Գունատ նավապետը դանդաղ դուրս է գալիս ափ։ Անեծքը կախված է նրա վրա, նա դատապարտված է հավերժ թափառելու։ Իզուր է նա մահ փնտրում. նրա նավն անվնաս է մնացել փոթորիկների ու ալեկոծությունների մեջ, իսկ ծովահենները չեն խլել իր գանձերը։ Ոչ ցամաքում, ոչ ալիքների վրա նա չի կարող հանգիստ գտնել։ Հոլանդացին Դալանդից ապաստան է խնդրում՝ նրան խոստանալով անհամար հարստություն։ Վերջինս, ուրախանալով հարստանալու առիթից, պատրաստակամություն է հայտնում ծովայինին հանձնել իր դստերը՝ Սենտային։ Հույսը բռնկվում է Թափառականի հոգում. միգուցե Դալանդի ընտանիքում նա վերագտնի իր կորցրած հայրենիքը, իսկ նուրբ ու նվիրված Սենտայի սերն իրեն պարգևի իր երազած աշխարհը։ Ուրախ ողջունելով համընթաց քամուն, նորվեգացի ծովայինները պատրաստվում են նավագնացության։

 
1950 թվականին Մյունխենում տեղի ունեցած բեմադրության պատկերազարդումներից:

Սպասելով Դալանդի նավի վերադարձին, աղջիկները երգում են ճախարակների առջև։ Սենտան ընկղմված զննում է հին դիմանկարը, որտեղ պատկերված է մի ծովայինի գունատ և տխուր դեմքը։ Ընկերուհիները խաղում են Սենտայի հոգու հետ՝ հիշեցնելով խենթի պես իրեն սիրահարված որսորդ Էրիկին, ով ատում է այս դիմանկարը։ Սենտան երգում է մանկուց իր հոգին գերած բալլադը՝ Թափառականի մասին. հավերժ սլանում է խորհրդավոր նավը ծովերով, ամեն յոթ տարին մեկ նավապետը դուրս է գալիս ափ և փնտրում է այն աղջկան, ով հավատարիմ կլինի իրեն մինչև գերեզման և ով միակն է, որ կարող է վերջ դնել իր տառապանքին, Բայց ոչ մի տեղ նա չի գտնում մի հավատարիմ սիրտ, և կրկին բարձրացնում է առագաստները ուրվական-նավը։ Սենտայի ընկերուհիները հուզվում են Թափառականի մռայլ ճակատագրի պատմությունից, իսկ նա, հուզմունքի պոռթկման պահին, երդվում է հանել Հոլանդացու անեծքը։ Սենտայի խոսքերը խռովում են այդ պահին ներս մտնող Էրիկի հոգին, նրան համակում է տարօրինակ զգացողություն։ Էրիկը պատմում է իր չարագուշակ երազը. «Մի անգամ նա խորշում նկատում է անծանոթ նավ, որից ափ են դուրս գալիս երկու հոգի՝ Սենտայի հայրը և մի անծանոթ, որ դիմանկարի ծովայինն էր։ Սենտան վազում է նրանց դիմավորելու և կարոտով գրկում է անծանոթին»։ Այժմ արդեն Սենտան վստահ է, որ Թափառականն սպասում է իրեն։ Էրիկը հուսահատված հեռանում է։ Անսպասելիորեն շեմին են հայտնվում Դալանդը և Հոլանդացին։ Հայրն ուրախությամբ Սենտային է պատմում նավապետի հետ իր հանդիպման մասին և հայտնում, որ վերջինս, առանց խնայելու, իրեն նվերներ կհանձնի և կլինի լավ ամուսին։ Բայց Սենտան, հուզված հանդիպումից, չի լսում հոր խոքերը։ Զարմացած դստեր և հյուրի լռությունից, նա մենակ է թողնում նրանց։ Հոլանդացին աչքը չի կտրում Սենտայից. նրա սերն ու նվիրվածությունն իրեն ազատություն կբերեն։ Նորվեգացի նավաստիներն աղմուկով տոնում են իրենց բարեհաջող վերադարձը։ Նրանք զվարճանալու են կանչում նաև հոլանդական նավի անձնակազմին, բայց այնտեղ տիրում էր խավար և լռություն։ Դալանդի նավաստիները ծաղրում են խորհրդավոր անձնակազմին և վախեցնում են աղջիկներին՝ Թռչող Հոլանդացու մասին պատմություններով։ Հանկարծ ծովում փոթորիկ է սկսվում, քամին սուլում է նավի վրա և պոկում առագաստները։ Ուրվական-նավի տախտակամածից լսվում է վայրենի երգի հնչյուններ՝ սարսափեցնելով նորվեգացի նավաստիներին։ Նրանք անհաջող կերպով ձգտում են լռեցնել այն՝ իրենց զվարթ երգերով և վախից սկսում են այս ու այն կողմ վազել։ Էրիկը, տեղեկանալով կատարվածի մասին, Սենտային համոզում է ճակատագիրը չկապել անծանոթի հետ։ Բայց Սենտան չի լսում նրան. չէ՞ որ ինքը երդում է տվել, իրեն սպասում է մեծ պարտականություն։ Այնժամ Էրիկը նրան հիշեցնում է միասին անցկացրած օրերը և միմյանց փոխադարձ սիրո մասին կատարած մեղմ խոստովանությունները։ Դա լսելով, Հոլանդացին ընկնում է հուսահատության մեջ. Սենտայի մեջ էլ ինքը չգտավ հավերժ հավատարմություն։ Նա բացում է իր գաղտնիքը և շտապում դեպի նավ՝ դարձյալ դուրս գալու հավիտենական թափառումների։ Իզուր են Էրիկն ու Դալանդը համոզում Սենտային, նա վճռական է Թափառականին փրկելու իր որոշման մեջ, որին հավատարմության երդում էր տվել։ Բարձր ժայռից նա ծովն է նետվում՝ իր մահվամբ քավելով Հոլանդացու մեղքերը։ Ուրվական-նավը խորտակվում է։

Երաժշտությունը խմբագրել

«Թռչող Հոլանդացի» օպերայում միահյուսված են ժողովրդա-կենցաղային տեսարաններն ու ֆանտաստիկան։ Նավաստիների ու աղջիկների զվարթ խմբերգերը ներկայացնում են ժողովրդի պարզ ու համերաշխ կյանքը։ Փոթորկի, ալեկոծ ծովի, ուրվական-նավի անձնակազմի երգն արտացոլում են հին ռոմանտիկական լեգենդի կերպարներին։ Երաժշտության մեջ, Հոլանդացու և Սենտայի միջև զարգացող դրամայում արտահայտվում են հուզականությունն ու զգացմունքների խորացումը։ Արդեն նախերգանքում տրվում է օպերայի գաղափարը։ Վալտորնայի (եղջերաշեփորի) և ֆագոտի ձայներով նախ արտահայտվում է Հոլանդացու ահեղ ճիչը, երաժշտությունն առույգությամբ ներկայացնում է փոթորկուն ծովի տեսարանը։ Այնուհետև անգլիական եղջերափողը, այլ փողային նվագարանների հետ ձայնակցում է Սենտայի երգի թեթև մեղեդուն։ Նախերգանքի վերջում այն ձեռք է բերում խանդավառ, հիացական երանգ՝ արտահայտելով հերոսի մեղքերի քավումն ու փրկությունը։

Առաջին արարում, փոթորկալից ծովի բնապատկերի վրա բացվում է մասսայական տեսարան, կայտառությունն ու համարձակությունը ստվերում են Հոլանդացու ողբերգական զգացումները։ Անհոգություն է նշմարվում ղեկակալի երգում. «Թռցնում է ինձ օվկիանոսը փոթորկի հետ»։ Մեծ արիան՝ «Ժամանակն սպառվեց», Հոլանդացու մռայլ, ռոմանտիկորեն ըմբոստացող մենախոսությունն է։ Արիայի դանդաղ հատվածը՝ «Օ, ինչի՞ վրա է փրկության հույսը», ներծծված է զսպված վշտով և հանգստության մեծ երազանքով։ Զուգերգի մեջ Թափառականի տխուր արտահայտություններին կարճ և աշխույժ ռեպլիկներով պատասխանում է Դալանդը։ Արարն ավարտվում է ղեկակալի սկզբնական երգով, որ թեթև ու զվարթ է հնչում երգչախմբի հետ։

Երկրորդ արարն սկսվում է աղջիկների ուրախ խմբերգով. «Դե, մանիր աշխույժ, ճախարակ»։ Նվագախմբի ձայնակցումն ասես սռնու անդադար բզզոցը լինի։ Այս տեսարանում կենտրոնական տեղը զբաղեցնում է Սենտայի դրամատիկական բալլադը. «Հանդիպե՞լ եք ծովում դուք մի նավի», որ օպերայի կարևոր դրվագներից մեկն է։ Այստեղ, ինչպես և նախերգանքում, երաժշտության մեջ մոլեգնում են տարերքն ու անեծքը, որ ծանրացել է հերոսի վրա։ Դրան հակադրվում է նրա մեղքերի քավության պահին հնչող հանդարտ երաժշտությունը՝ ջերմացած սիրո զգացմունքով ու կարեկցանքով։

 
Վագների հիշեցման թերթիկը՝ ուղղված 1853 թվականին Ցյուրիխում կայանալիք ներկայացման մասնակիցներին:

Նոր հակադրություն է Էրիկի ու Սենտայի զուգերգը. «Քեզ սիրում եմ խենթի պես, Սենտա» սիրո մեղմ խոստովանությունը փոխարինվում է երազի անհանգիստ պատմությունով. «Ես պառկած էի բարձր ժայռին»։ Զուգերգի վերջում, որպես համառ վճռականություն, դարձյալ հնչում է Սենտայի բալլադի երաժշտական թեման։ Երկրորդ արարի զարգացման գագաթնակետը՝ Սենտայի ու Հոլանդացու երկար զուգերգը, հագեցած է կրքոտ զգացմունքայնությամբ։ Այստեղ երաժշտության մեջ նշմարվում են բազմաթիվ գեղեցիկ, արտահայտիչ մեղեդիներ, որ խիստ ու ողբերգական է հնչում Հոլանդացու ձայնով, և թեթև ու խանդավառ՝ Սենտայի շուրթերից։ Եզրափակիչ տերցետոն ընդգծում է այդ կենտրոնական դրվագի ռոմանտիկական վեհությունը։

Երրորդ արարում կան երկու իրար հակադրվող բաժիններ՝ համընդհանուր ուրախության տեսարանը և դրամայի ամփոփումը։ Ծովայինների աշխույժ և կենսուրախ խմբերգը՝ «Ղեկակա՛լ, ցած իջիր դիտակետից», նման է գերմանական ժողովրդական ազատասիրական երգերին։ Իսկ կանացի խմբերգում ընդգծվում են առավել նուրբ երանգներ։ Այդ դրվագի երաժշտությունը վալս է հիշեցնում՝ մե՛րթ՝ հրահրող, մե՛րթ՝ մելամաղձոտ։ Խմբերգի «Ղեկակա՛լ» կրկնակը հանկարծ ընդհատվում է ուրվական-նավի անձնակազմի չարագուշակ երգով։ Հնչում է շեփորի զորեղ ձայնը, նվագախմբի կատարման մեջ ընդգծվում են փոթորկի ձայները։ Եզրափակիչ տերցետտոն թողնում է միմյանց հաջորդող զգացմունքերի տպավորություն։ Էրիկի «Ախ, հիշիր օրն առաջին հանդիպման» նուրբ քնարական կավատինայի հնչյունների մեջ մխրճվում են Հոլանդացու պոռթկուն, դրամատիզմով հարուստ բացականչությունը և Սենտայի հուզական ֆրազները։ Օպերայի նվագախմբային հանդիսավոր եզրափակիչ նվագը միավորում է Հոլանդացու հիացական ճիչն ու Սենտայի հանդարտեցնող երգի մեղեդին։ Սերը հաղթում է չար ուժերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչող հոլանդացի (օպերա)» հոդվածին։