Թանզիմաթն արաբական երկրներում

Թանզիմաթն արաբական երկրներում սկսվել է 1839 թվականից, երբ Օսմանյան կայսրությունում գահ է բարձրացել Աբդուլ Մեջիդ սուլթանը (1839-1861)։ 19-րդ դարում կայսրության կազմում էր միայն արաբական արևելքը՝ «ալ-մաշրիկը»։ Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրները նվաճվել էին մի քանի եվրոպական տերությունների, գլխավորապես՝ Ֆրանսիայի կողմից։ Եգիպտոսում գահ բարձրացած Մուհամմադ Ալի փաշայի (1805-1848), ինչպես նաև եվրոպական ազդեցությունը արաբական արևելքում չտարածելու համար թուրքական կառավարությունը որոշում է սիրաշահել արաբներին ու իրականացնել բարեփոխումներ։

Թանզիմաթի էությունը

խմբագրել
 
Մուստաֆա Ռեշիդ փաշա

Թանզիմաթը (արաբ․՝ تنظيمات‎‎) բարեփոխումների իրականացման ծրագիր էր, որը կոչված էր զարգացնելու Օսմանյան կայսրության հետամնաց տնտեսությունը, ռազմական գործը ու մշակութային կյանքը։ Անգլիական ներխուժումը և 1840 թվականին Մուհամմադ Ալիի կապիտուլյացիան արաբական երկրների պատմության մեջ սկիզբ դրեցին արտասահմանյան կապիտալի ներթափանցման շրջանը։ Դա արաբական երկրների գաղութացման սկիզբն էր։

Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը անկում էր ապրում։ Դրա պատճառներն էին՝

  • Հետամնաց կայսրությունը, որը, ապավինելով հին մեթոդներին, տնտեսավարման իր դարն ապրած եղանակներին, չէր կարողանում հաղթահարել տնտեսական հետամնացությունը,
  • Օսմանայն կայսրության երկրները գտնվում էին զարգացվածության տարբեր մակարդակների վրա, օրինակ Բալկաններում ավատատիրական կարգերի քայքայումը և անցումը կապիտալիստական կարգերին ավելի շուտ կատարված, քան կայսրության այլ նահանգներում։ Արդյունքում այնտեղ սկսվեցին ազգային-ազատագրական շարժումներ, որն էլ իր հերթին թուլացնում էր կայսրությունը։

Կայսրության վերջնական փլուզումը կանխելու համար պետք էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ Մուհամմադ Ալիի կողմից թուրքական զորքերին պարտության մատնելը ցույց տվեց Բարձր Դռանը, որ ռեֆորմները հետաձգել այլևս չի կարելի։ 1839 թվականի նոյեմբերի 3-ին նոր սուլթան Աբդուլ Մեջիդը իր Վարդերի պալատ (Գյուլ-հանե) կանչեց բարձրահույն պաշտոնյաների, արտասահմանյան դեսպանների, որոնց ներկայացվեց մանիֆեստ, որը ստացավ «Գյուլհանեի Հաթթի-շերիֆ» անվանումը և որում ներկայացված էր բարեփոխումների ծրագիրը։ Այդ բարեփոխումները կոչվում էին նաև «թանզիմաթ ի-խեյրիյե» (օսմաներեն՝ تنظيمات خيرية}}՝ բարերար ռեֆորմներ)։ Այստեղից էլ ամբողջ բարենորոգումների շրջանը Օսմանյան կայսրությունում կոչվեց թանզիմաթ։

 
Սուլթան Աբդուլ-Մեջիդ Առաջին «Թանզիմաթչի» (1839-1861)

Մանիֆեստում նախ և առաջ ասվում էր, որ Օսմանյան կայսրության ղեկավարները կայսրության թուլացումը, ռազմական, տնտեսական անկման պատճառները տեսնում են ոչ թե դարն ապրած ֆեոդալական կարգերի պահպանման, ոչ թե բռնությունների, հալածանքների քաղաքականության մեջ, այլ Ղուրանի հիմնադրույթներից և շարիաթի օրենքներից շեղվելու մեջ։ Այնուհետև սուլթանն առաջարկում էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և հրապարակել նոր օրենքներ։ Դրանց հիմնական դրույթներն էին լինելու՝ կյանքի, պատվի և ունեցվածքի ապահովում, հարկերի համահավասար բաշխում, զորակոչիկների ճիշտ հավաքագրում և ծառայության ժամկետի ճշտում։

Թանզիմաթի շրջանի բարեփոխումները իրականացվեցին 2 փուլով։ Առաջին փուլի մասին պաշտոնապես հայտարարվեց 1839 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ երկրորդը սկսվեց 1856 թվականին։ Դա առաջացրեց կառավարող վերնախավի և բյուրոկրատական ապարատի խոր դժգոհությունները, որոնց իշխանությունը հիմնված էր սեփականատիրական և կառավարման ավանդական ձևերի վրա։ Անգամ սուլթան Աբդուլ Մեջիդն էր դժգոհ դրանից։ Թանզիմաթի հիմնադրույթների մեծ մասը մնաց թղթի վրա։ Առաջին հերթին փորձ արվեց իշխանությունների բաժանում կատարել, քաղաքական կառավարումն առանձնացնել ռազմականից և ստեղծել նոր դատական համակարգ։ 1843 թ. օրենք մտավ համընդհանուր պարտադիր զինվորական ծառայության մասին 5 տարով։ Բանակը ենթարկվեց արմատական փոփոխությունների։ Այն սկսեց կազմվել 6 կորպուսից՝ 2-ը Բալկանյան թերակղզում, 2-ը Փոքր Ասիայում, մեկը՝Սիրիայում և Պաղեստինում, վերջինը՝ Իրաքում։ Վալիներն ու կայմակամները դարձան փոխվող պաշտոնյաներ՝ օժտված քաղաքական իշխանությամբ։ Նահանգապետերին կից ստեղծվեց կառավարչական խորհուրդներ։ Հարկերի հավաքումը վալիից անցան անկախ պաշտոնյայի՝ դեֆթարդերի ղեկավարության տակ։ Բացվեցին աշխարհիկ դպրոցներ։

Բարեփոխումները Սիրիայում և Պաղեստինում

խմբագրել
 
Սիրիայի վարչաքաղաքական բաժանումը

Մուհամմադ Ալիի զորքերի հեռանալուց հետո Սիրիան և Պաղեստինը վերադարձան թուրքերի տիրապետության տակ։ Բարձր Դուռն անմիջապես անցավ այնտեղ կառավարական համակարգերի կարգավորմանը և սկսեց աստիճանաբար օրենքներ կյանքի կոչել։ Սիրիական էլայեթների նահանգապետերը զրկվեցին ռազմական և ֆինանսական արտոնություններից։ Նշանակվեցին հատուկ ֆինանսական պաշտոնյաներ՝ դեֆթերդարներ։

Օսմանյան բանակը, որ թանզիմաթից հետո կազմված էր 6 կորպուսից, երկու գունդ տեղակայեց այնտեղ։ Հինգերորդ կորպուսը, որը կոչվեց «Արաբստան օրդուսի», այսինքն արաբական բանակ, տեղակայվեց Սիրիայում և Պաղեստինում, իսկ նրա շտաբը՝ Դամասկոսում։ Այն անկախ էր քաղաքական իշխանություններից, իսկ նրա հրամանատարը՝ մուշիրը, անմիջապես ենթարկվում էր զինվորական նախարարությանը։

Որոշ փոփոխություններ տեղի ունեցան Սիրիայի վարչատարածքային կառուցվածքում։ 1841 թվականին Սայդան և Տրիպոլին միավորվեցին մեկ էլայաթի մեջ, որի կենտրոնը դարձավ Բեյրութը։ Իսկ Պաղեստինը մտավ հատուկ Երուսաղեմի սանջակի մեջ, որն անմիջապես ենթակա էր Բեյրութի նահանգապետին։ Թանզիմաթը Սիրիայում և մյուս արաբական երկրներում տնտեսական հարաբերությունների ոլորտը չներառեց։ Այս շրջանում փոփոխությունները խորքային և արմատական բնույթ չէր կրում, այդ պատճառով ավատատիրությունը այդ երկրներում չվերացվեց։ Ավատատեր-հողատերերն ու շեյխերը ամեն կերպ դիմադրում էին նորամուծություններին։

Բարեփոխումներն Իրաքում

խմբագրել

Նոր ազատական գաղափարները, որոնք իրենց ազդեցությունը ունեցան Գյուլհանեի հաթթի-շերիֆում, ներթափանցեցին նաև Իրաք, որը Օսմանյան կայսրության հետամնաց նահանգներից էր։ Թուրք փաշաների ձեռքում էր տեղի ռազմական, քաղաքական և դատական իշխանությունը և նրանք առաջվա պես երկիրը կառավարում էին որպես սատրապներ։

Իրաքում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան 1842 թվականին, երբ սկսեցին տարածվել թանզիմաթի առաջին շրջանի ռեֆորմները։ Համընդհանուր զինվորական ծառայության մասին օրենքը երբեք Իրաքում չէր կիրառվել։ Ռազմական իշխանության բաժանումը քաղաքականից տեղի ունեցավ 1848 թվականին, երբ կազմվեց թուրքական 6-րդ կորպուսը Բաղդադում իր շտաբով։ Նահանգապետի գործողությունները առանձնացվեցին կորպուսի հրամանատարի գործողություններից։ Դրա հետ մեկտեղ կատարվում էր պետական ապարատի վերակազմավորում։ Ռեֆորմները Իրաքում որևէ հասարակական շարժում չառաջացրեցին և գրեթե ոչինչ չտվեցին։ Նոր վարչությունը, եթե այնքան էլ բռնապետական չէր, ապա առավել ծախու էր։ Ազգային զանգվածներն առաջվա նման հալածվում էին։

 
Բաղդադ

Իրաքի տնտեսությունը երկար ժամանակ գտնվում էր անկման վիճակում։ 19-րդ դարի 60-ականներին տեղի ունեցան փոփոխություններ։ Իրաքը սկսեց հետզհետե մտնել համաշխարհային շուկա՝ ցորեն և արմավ մատակարարելով և գնելով արտասահմանյան արդյունաբերական ապրանքներ։ Առևտրի աճը առաջացրեց հաղորդակցման ճանապարհների զարգացման պահանջ։ 1862 թվականին թուրքական կառավարությունը ստեղծեց կանոնավոր շոգենավային ուղիներ Տիգրիսով Բաղդադի և Բասրայի միջև։ 1864 թվականին Բաղդադը հեռագրային կապ ստեղծեց Ստամբուլի, Թեհրանի և Հնդկաստանի հետ։

Իրաքում ռեֆորմների վերջնական իրականացումը հանձնվեց Միհդատ փաշային, ով թուրքական սահմանադրական շարժման ղեկավար էր և սահմանադրության հեղինակը (1876 թվական)։ Նա հատկապես իր ուշադրությունը կենտրոնացրեց հաղորդակցման ճանապարհների ստեղծման վրա՝ ընդլայնվեց շոգենավագնացությունը Տիգրիսով, Սուեզի ջրանցքի բացումից հետո նա ստեղծեց շոգենավային ուղիներ Բասրայի, Ստամբուլի ու Լոնդոնի միջև, Բասրայում ստեղծվեց նավաշինարան։ Նա մտադիր էր նաև կազմակերպել նավթարտահանումը Մոսուլում և Իրաքը ծածկել երկաթգծով։ Նա անցկացրեց նաև մի շարք վարչական և մշակութային ռեֆորմներ։ Իրաքում հիմնեց նոր դատարաններ և նոր դպրոցներ։ Նա Իրաքում դժվարությամբ մտցրեց զինվորական ծառայություն։ Նրա ռեֆորմները ավարտեցին Իրաքի կառավարման վերակարգավորումը։ Իրաքը այսուհետ կապվեց իր հարևանների և կայսրության կենտրոնի հետ։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Վլադիմիր Լուցկի «Արաբական երկրների նորագույն պատմություն», 1965 թ, Մոսկվա
  2. Արաբական երկրները Օսմանյան կայսրության կազմում, ռուսերեն
  3. Նիկոլայ Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն, հատոր 2
  4. Օսմանյան կայսրություն, ռուսերեն
  5. Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  6. Թանզիմաթ, ռուսերեն
  7. Սուեզի ջրանցք, ռուսերեն
  8. Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992
  9. Պատմական բառարան «Մուհամմադ Ալի», 2000թ
  10. Ա․ Վիշինսկի «Դիվանագիտական բառարան», 1948թ
  11. Մուհամմադ Ալիի մասին Սովետական Մեծ Հանրագիտարանում
  12. Ն․ Իվանով «Սովետական պատմական հանրագիտարան»
  13. Կոլիերի հանրագիտարան, 2000թ
  14. Սիտինի Ռազմական Հանրագիտարան