Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էջմիածնի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)
Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։
Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են 17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել վարդապետ Բոպիկ (Բոկոտն) Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Ոսկան վարդապետ Երևանցուն, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի Լեոպոլդ I կայսրի և այլոց հետ։ 1677 թվականի սկզբին կաթողիկոսը Ս. Էջմիածնում գումարել է գաղտնի ժողով, երկայացուցչությամբ՝ բարձրաստիճան հոգևորականության, Արևելյան Հայաստանի մելիքների և մեծատունների (թվով՝ 12) կամ, ինչպես նշված է Հովհան Վիլհելմին ուղղված գրության մեջ՝ «Մեծ Հայաստանի գլխավոր և ղեկավար իշխանների» (6 եկեղեցական և 6 աշխարհիկ գործիչներ)։ Վերջիններից հանվանե հայտնի են Սիսիանի մելիք Իսրայելը, Կոստան բեյը և Յավրուորդի Աղաջանը։ Ժողովը որոշել է օգնության հայցով դիմել Հռոմի պապին և, հնազանդություն հայտնելով, նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։ Քննարկվել է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Որոշվել է պատվիրակություն ուղարկել նախ Վրաստան, ապա՝ Եվրոպա։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է 6 հոգի, որոնցից հայտնի են կաթողիկոսը, Առաքել վարդապետ Շոռոթեցին, Սիսիանի մելիք Իսրայելը։ Վերջինս, օգտվելով առիթից, իր հետ է վերցրել որդուն՝ Իսրայել Օրուն՝ Եվրոպայում կրթության տալու նպատակով։ 1677 թվականի հունիսին պատվիրակությունը Թիֆլիսում բանակցություններ է վարել Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի հետ՝ պայմանավորվելով, որ հայերը դիմեն Արևմուտքին, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանին։ Հանգանակություն կազմակերպելու պատրվակով պատվիրակությունը անցել է Արևմտյան Հայաստան, եղել Տրապիզոնում, Կարինում, Երզնկայում, Սեբաստիայում, Թոքատում, Դիարբեքիրում և այլն, 1678 թվականի վերջին ժամանել Կ.Պոլիս։ Այստեղ հանդիպումներ է ունեցել արևմտահայ նշանավոր ազգ-կրոնական գործիչների, Կ.Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքների, ինչպես նաև արևմտաեվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և պապական նվիրակ Ֆրանցիսկո Ջիլիի հետ։ Վատիկանի հետ բանակցություններ նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից Առաքել վարդապետ Բոպիկին 1679 թվականին ուղարկել է Հռոմ, իսկ ինքը գրական գործիչ ու պատմագիր Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցել Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ՝ ակնկալելով նաև նրա օգնությունը։ Սակայն պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվել է Հակոբ Դ Ջուղայեցու կանխահաս վախճանի պատճառով (1680 թվականի օգոստոսի 1)։ Պատվիրակության անդամները ստիպված վերադարձել են Հայաստան (բացառությամբ՝ Իսրայել Օրու)։ Հայ-արևմտաեվրոպական բանակցություններն առժամանակ հետաձգվել են։
Պատմագրության մեջ արտահայտված այն տեսակետը, թե իբր է. ժ. մշակել են Հռոմի հանդեպ դավանական մերձեցման և զույգ եկեղեցիների միավորման սկզբունքներ, զուրկ է պատմական հիմքից։ Հռոմի հանդեպ դավանական մերձեցման անհրաժեշտության վերաբերյալ հայ կաթողիկոսների հայտարարությունները և հռոմեանպաստ արտահայտությունները արվել են ազգ-քաղաքական նկատառումներով և սոսկ կաթոլիկ Եվրոպայի համակրանքը շահելու նպատակ են հետապնդել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 71)։ |