Բացել գլխավոր ցանկը

Երևանի 2800-ամյակի այգի

հասարակական այգի Երևանի Կենտրոն համայնքում

Երևանի 2800-ամյակի այգի, հանրային զբոսայգի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին: Այն բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ[1]:

Picto infobox plant.png
Երևան 2800-ամյակի այգի
GCD 1.jpg
ՏեսակՀանրային
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԿենտրոն վարչական շրջան
Բացվել էՄայիսի 10, 2019
Մակերես1.5 հեկտար
Անվանված էԵրևանի 2800-ամյակ
ՍեփականատերԵրևանի քաղաքապետարան
Կառավարում«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ
Կարգավիճակըբաց է ամբողջ տարին
Կոորդինատներ: 40°10′30.800000099189″ հս․ լ. 44°30′25.900000098413″ ավ. ե. / 40.17522222224977213° հս․. լ. 44.50719444447177864° ավ. ե. / 40.17522222224977213; 44.50719444447177864
Երևանի 2800-ամյակի այգիը գտնվում է Հայաստանում
Երևանի 2800-ամյակի այգի

Այգին շրջապատված է Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով: Այն սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի դիմացից և ավարտվում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Այգու ներկայիս տարածքը ժամանակին գտնվել է Անգլիական այգու կազմի մեջ՝ եզրային հատվածում: 2002 թվականին, Իտալիայի փողոցի վերակառուցումից հետո, այս տարածքը, որոշակի իմաստով, կղզիացած է եղել։ Քանի որ տարածքը մնացել էր չխնամված և անբարեկարգ վիճակում, հանրությանը չէր ծառայում որպես զբոսայգի։ Այդ այգու ծառերը փտած էին, հիվանդ և ծերացած[2], նստարանները՝ մաշված և վնասված, իսկ շատրվանները՝ ավերված և չգործող: Քաղաքի հենց այս հատվածում էլ 2018 թվականի սկզբին սկսվել և 2019 թվականին ավարտվել է Երևանի 2800-ամյակի այգու կառուցումը։ Այգու նախագծման աշխատանքները ձգվել են շուրջ կես տարի, իսկ կառուցման գործընթացը՝ մեկ ու կես տարի: Կառուցման ընթացքում այգում ճարտարապետական նախագծում փոխվել է ամեն ինչ։ Ամբողջությամբ փոխարինվել է նաև այգում օգտագործվող հողը։

Այգու բացման պաշտոնական արարողությունը կայացել է 2019 թվականի մայիսի 10-ին: Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը[3], Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բազմաթիվ այլ հյուրեր: «Երևանի 2800-ամյակի» այգին կառուցվել և բարեկարգվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով և աջակցությամբ: Նախագծի հեղինակն է գործարար Կարեն Վարդանյանը[4]: Նախագծի ամբողջական իրականացման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 5 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար:

Զբոսայգու կառուցապատումից զատ` 2019 թվականից սկսած 99 տարվա ընթացքում «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը, իր միջոցների հաշվին, հոգալու է նաև այգու ամբողջական խնամքի ու պահպանության ծախսերը[5][6]:

 
Այգու սկզբնամաս «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հուշաքար

Կանաչ տարածքԽմբագրել

Այգու կանաչ տարածքը, ընդհանուր առմամբ, կազմում է 7500 ք/մ[7]: Այգում կան շուրջ 70 տեսակի 369 ծառեր: Այգում տնկելու համար ներմուծվել են 250 ծառեր, որոնք Հայաստանի համար առանձնահատուկ ու էկզոտիկ են և հատուկ ընտրվել են Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին համապատասխան, այդ թվում նաև Hamamelis'Ruby Glow, Fagus sylvatica Purpurea Tricolor, Oxydendrum arboreum, Magnolia acuminata, Stewartia pseudocamellia, Pterostyrax hispida, Heptacodium miconioide և այլն: Այգում կան բազմագույն ծաղկանոցներ: Այգին 2 կողմից զարդարված է Ligustrum Vulgare տիպի թփերից բաղկացած բուսական ցանկապատով: Կանաչ տարածքները ոռոգվում են կաթիլային ավտոմատացված և ցնցուղային ավտոնոմ համակարգերով: Այցելուներին անհարմարություն չպատճառելու համար՝ ոռոգումն իրականացվում է միայն գիշերային ժամերին:

ՇատրվաններԽմբագրել

Այգու շատրվանները սկսում են գործել ամեն տարի ապրիլի սկզբին և դադարում հոկտեմբերի վերջին՝ կախված եղանակային պայմաններից[8]: Ամեն օր բոլոր շատրվանները միանում են ժամը 11:00-ին և գործում մինչև ժամը 24:00-ն, ապրիլին և հոկտեմբերին՝ մինչև ժամը 21:00-ն: Շատրվանների լույսերն ավտոմատ միանում են երեկոյան՝ մթնելիս, և անջատվում ժամը 24:00-ին:

Այգում կան 5 տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ՝ հետիոտնային, վերասլաց ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող և կամարաձև: Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են 2 գույնի գրանիտե սալերով: Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր:

Շատրվանային համալիրը բաղկացած է 2 կողմից 5-ական ավազան և 2800 ջրաշիթեր ունեցող շատրվաններից, որոնք զարդարված են հայկական նախշերով՝ պատրաստված ալյումինից: Համալիրի 2 ծայրերում տեղադրված են ցայտաղբյուրներ: 10 ավազանից յուրաքանչյուրի գրանիտե և ալյումինե նախշերի դիզայնն ինքնատիպ է և չկրկնվող:

Այգու կենտրոնական հատվածում տեղադրված է վարդագույն կվարցիտից պատրաստված քարտեզ, որի վրա փորագրված են Երևանի 12 վարչական շրջանների անվանումները: Քարտեզը շրջապատված է շատրվաններով:

Այգում կառուցվել է նաև 30 շիթով ջրային կամար: Այցելուների կողմից հյուսված հավատալիքների համաձայն՝ կամարաձև շատրվանի տակով անցնելն առողջացնում է[9]:

Այգում ստեղծվել է նաև փոքրացված մասշտաբով Երևանի իրական քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` 45 վերասլաց ջրաշիթերով շատրվանով: Այն համալրված է 4 սենսորներով, որոնց միջոցով հպումով հնարավոր է փոխել շատրվանի դինամիկան: Երեկոյան ժամերին հրապարակը շրջապատվում է գետնի մակերեսից պարբերաբար դուրս եկող և գույնզգույն լուսավորմամբ մառախուղի շղարշով: Քարտեզի վրա ներկայացված է նաև կապույտ գրանիտից պատրաստված Հրազդան գետն իր 4 կամուրջներով:

Ի տարբերություն սովորական շատրվանների՝ այգու շատրվանների գեղեցիկ տեսքը և այցելուների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով կառուցվել է ստորգետնյա գերհզոր կառույց՝ շատրվանների տեխնիկական սպասարկման համար՝ իր ավազաններով, խողովակների ու պոմպերի գերժամանակակից համակարգերով:

ՍալահատակԽմբագրել

Այգու 5420 քմ ընդհանուր մակերես ունեցող սալահատակը պատրաստվել է 10 սմ լայնություն, 10 սմ երկարություն և 7 տեսակի, 5 սմ հաստություն ունեցող, 500 հազար հատ գրանիտե սալիկներից[10]: Սալահատակի տակ՝ ողջ մակերեսով, տրվել է բետոնային հատուկ ամրացում՝ դրենաժային համակարգով: Այգու սալահատակի նախշերը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակված են հին հայկական ավանդական գորգերի նախշազարդերից, իսկ նախշերի փոքր մասը արտապատկերում է Էրեբունի ամրոցի ուրարտական ժամանակաշրջանի նախազարդերը:

Սալահատակի կենտրոնական հատվածում պատկերված է հայկական գորգարվեստի նախշերով զարդարված ուղեգորգ: Ուղեգորգն ունի բավականին նեղ ու երկարավուն կառուցվածք: Ուղեգորգի կառուցվածքի հիմքում ընկած են խոշոր հորինվածքներ միմյանց կցված շարանով շեղանկյունազարդ բնորոշվող գորգեր։ Այս դեպքում խոսքը գնում է «Ճարտար» տեսակի գորգերի գեղազարդման համակարգի մասին: Ներկայացված է «Խնձորեսկ» տեսակի ուշ շրջանի վիշապագորգերի հիմնական հորինվածքը, որը բաղկացած է բարու և չարի մշտնջենական պայքարը արտապատկերող արևի խորհրդանշանից ու դրան շրջապատող վիշապի ութ ոճավորումներից: Բարու հաղթանակն ու կյանքի հավերժության գաղափարը պատկերում են արևի խորհրդանշանից առաջացած «կենաց ծառ» նախշազարդերը: Խոշոր շեղանկյունազարդ ուղեգորգի կենտրոնում տեղակայված է 1680 թվականին գործված «Գուհար» վիշապագորգի կենտրոնական վարդակի գծայնացված տարբերակը, իսկ անկյունները զարդարված են «Մասյացոտն» տիպի ուշ շրջանի վիշապագորգերին հատուկ ոճավորված վիշապապատկերներով ու «Ճարտար» տիպի գորգերին բնորոշ աստիճանաեզր շեղանկյունազարդերով:

ԱրձաններԽմբագրել

Այգու տարածքում տեղադրված են 7 բրոնզաձույլ արձաններ[11], որոնք պատվիրված և պատրաստված են հենց այգու համար: Այգու սկզբնական հատվածում կանգնեցված են Էրեբունի պատմական ամրոցի որմնանկարների նմանությամբ քանդակված ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ: Երևանի հատակագծի տեսքով շատրվանի 4 անկյուններում առկա են ավազանների մեջ տեղադրված երեխաների 4 բրոնզաձույլ ջրային արձաններ («Հոգատարություն», «Երևակայություն», «Երջանկություն», «Անաղարտություն»), ինչպես նաև նավակով երեխայի արձան («Մանկություն»), որը գտնվում է Երևանյան լիճը պատկերող հատվածում:

Արձանները խորհրդանշում են 1970-1980-ականների Երևանի մանուկների կերպարները:

Այգու տարածքում տեղադրված արձանները հեղինակել է քանդակագործների խումբ, որը գլխավորել է Արմեն Սամվելյանը:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Այգու տարածքում տեղադրված են 76 նստարան, 62 աղբաման, 126 լուսասյուն: Հայաստանում 1 քմ հաշվարկով ամենաշատ ծառատեսակները, նստարանները, աղբամաններն ու լուսասյուները Երևանի 2800-ամյակի այգում են:
  • Այգում գտնվող ճարտարապետական տարրերի գրանիտե մակերեսների վրա առկա զարդաքանդակներն ու ալյումինե նախշերը պատրաստվել են Ջիմ Թորոսյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Մարկ Գրիգորյանի և Ստեփան Քյուրքչյանի ստեղծած հայտնի ճարտարապետական կոթողների նախշերով:
  • Այգու վերջնամասում տեղակայված է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը, որի քանդակագործն է Արա Շիրազը, իսկ ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանը։ Հուշարձանը կանգնեցվել է 1980 թվականին: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրը Երևանի 2800-ամյակի այգու հետ որևէ կապ չունի։ Այն գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության պահպանության ներքո:
  • Շատրվանների համար այգում տեղադրված է քամու սենսոր, որի միջոցով, քամու ուժգնությունից կախված, կամարաձև շատրվանն անջատվում է, իսկ մնացած շատրվանների ջրային շիթերը ցածրանում են՝ այցելուներին չջրցողելու նպատակով:
  • Այգում տեղադրված է նաև Էրեբունի ամրոցի և Երևան քաղաքի խորհրդանիշներով զարդարված հուշաքար, որի վրա առկա 4 լեզվով առկա է այգու մասին համառոտ տեղեկություն:
  • Բարեգործներ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից Երևանի քաղաքապետարանին ներկայացված գլխավոր նախապայմանը եղել է այն, որ զբոսայգին մնա որպես Երևան համայնքի սեփականություն, և այգու տարածքում արգելվի որևէ ձեռնարկատիրական գործունեություն:
  • Այգու մուտքն անվճար է:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Երեւանի 2800 ամյակին նվիրված այգի կհիմնվի»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-18 
  2. «Երևանի 2800 ամյակի այգու պատմությունը (ֆոտո)»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-08 
  3. «PM attends inauguration of Yerevan-2800 Park - Press releases - Updates - The Prime Minister of the Republic of Armenia»։ www.primeminister.am (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  4. «Երևանի 2800 ամյակի այգու պատմությունը» 
  5. «Երևանում բացվեց 2800-ամյակի այգին․ ֆոտոշարք»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-18 
  6. editor (2019-05-10)։ «Երևանի 2800-ամյակի այգին - evnmag»։ Medium (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  7. «Երևանի 2800 ամյակի այգու կանաչ տարածքը» 
  8. «Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները» 
  9. «Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները»։ Առավոտ։ Հունիս 27, 2019։ Վերցված է 05․07․2019 
  10. «Երևանի 2800-ամյակի այգու սալահատակը» 
  11. «Երևանի 2800 ամյակի այգու արձանները»