«Ես իմ անուշ Հայաստանի…», Եղիշե Չարենցի հայտնի տաղը։ Թարգմանվել է աշխարհի շուրջ 35 լեզվով[1]։

Ես իմ անուշ Հայաստանի
Ժանրտաղ
ՀեղինակԵղիշե Չարենց
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1920-1921
ՎիքիդարանԵս իմ անուշ Հայաստանի…

Պատմություն խմբագրել

«Ես իմ անուշ Հայաստանի…» տաղը զետեղված է Չարենցի «Տաղարան» բանաստեղծական շարքում, որ գրվել է 1920-1921 թվականներին։ Այս շարքի մեջ Չարենցը ստեղծագործաբար օգտագործել է միջնադարի վերջին մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի ոճը։ Այսինքն՝ Սայաթ-Նովայի բառապաշարով և ձևով ոճավորել է իր խոսքը։

Չարենցի շարքը բաղկացած է 20 տաղից։ Շարքի 1-18-րդ տաղերն ունեն սիրային բովանդակություն։ Չարենցը երգում է գոզալի կերպարանքով հարություն առած իր բարձր սերը, որն այդպես էլ մնում է անհասանելի։ Վերջին երկու տաղերն ունեն հայրենասիրական բովանդակություն։ Կնոջ անմատչելի սիրուց նա հասնում է հայրենիքի անփոխարինելի ու բացառիկ սիրուն[2]։

Մեծերը «Ես իմ անուշ Հայաստանի…»-ի մասին խմբագրել

  Բացի Սուրբ Մեսրոպի ու Սահակի աղոթքներից, որ մանկության հեռավոր տարիներին ժառանգել եմ ծնողներիցս, դպրոցում չեմ սիրել բանաստեղծություն անգիր անել։

... Բայց, ահա՛, չեմ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»։ Երբեք բերանացի չեմ սովորել, պարզապես գիտցել եմ։ Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ։

Դա մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթք, որ կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։

Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»։ Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է։ Պոեմ էլ չէ, վեպ` նույնպես։

«Ես իմ անուշ Հայաստանին» ավելի շատ բոլոր մասշտաբներից դուրս պաննո է։ Պաննո` հասցված ժողովրդական էպոսի աստիճանին։ Սա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է։ Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական համադրությունն ու բյուրեղացումն է։ Այսպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաաստված լինել։
- Մարտիրոս Սարյան
 
  Չարե՛նցը, Չարե՛նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»։ Անոր չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ։ Ամեն մեկ բառը բացատրել տված էի ու գրեթե գոց սովորած։ Զայն մինչև այսօր կը նկատեմ մեր երկնքին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը։ «Հայր մեր»–ին նմանվող աղոթք մը։
- Վիլյամ Սարոյան
 
  «Ես իմ անուշ Հայաստանի…»․ Հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից։ Սա եզակի, աննախընթաց բան է։ Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական ու համաշխարհային ժանրի բանաստեղծությունների մեջ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խոսքերով գրված բան՝ գոնե ես չեմ հիշում։
- Ավետիք Իսահակյան
 

Հետաքրքիր է իմանալ խմբագրել

Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» տաղի «արևահամ բառի» ակունքը Հովհաննու ավետարանն է, որն սկսվում է «Ի սկզբանե էր Բանն, և բանն էր առ Աստված, և Աստված էր Բանն»։ Բան՝ այսինքն խոսք․ Աստված խոսք է։ Պետք է «բառ» լիներ, որպեսզի գեղարվեստական պատկերը ներքուստ զարգանալով հասներ ողբաձայն երգի, երկաթագիր գրքի, Նարեկացու ու Քուչակի[2]։

Բա՞ռ, թե՞ բար խմբագրել

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ բանասերները վիճում են մեկ բառի կամ, ավելի ճիշտ, մեկ տառի շուրջ․ արևահամ բա՞ռ, թե՞ բար։ Երկրորդ տարբերակի պաշտպանները բերում են այն փաստարկը, թե արևահամ կարող է լինել բարը (միրգ, պտուղ), բայց ոչ երբեք բառը (խոսք, լեզու

Ե՞րբ է ծագել այս վեճը՝ դժվար է ասել։ Գուցե դեռ բանաստեղծի կենդանության ժամանակ։ Բայց տարիներ շարունակ վեճը կրել է բանավոր խոսք ու զրույցի բնույթ և որևէ «սպառնալիք» չի ներկայացրել բանաստեղծության տեքստի համար։

Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանն իր «Չորս գագաթ» գրքում գրում է․ «Արևահամ բառի» մեջ գեղարվեստական զարմանալի ուժով մարմնավորված են հայ ժողովրդի խոսքն ու լեզուն, նրա մշակույթը՝ ալեհեր ու նոր, ինքնօրինակ ու անկրկնելի, մարմնավորված են հայրենիքի պատմության և ներկայի, նրա բնության ու արևի անջնջելի կնիքը կրող հոգևոր արժեքները։ Ահա թե ինչու մեզ համար հատկապես թանկ և կարևոր է այդ արտահայտությունը»։

1962թ. Չարենցի երկերի գիտական հրատարակության առաջին հատորում բանաստեղծությունը տպագրվել է արևահամ բար ձևով։ Դրանով, ըստ Ջրբաշյանի, «սկիզբ է դրվել տեքստաբանական մի ցավալի սխալի, որը, չունենալով գիտական և իրավական որևէ հիմք, ունի այն «առավելությունը», որ համապատասխանում է պոեզիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներին»:

Ըստ գրականագետի, առաջարկվող ուղղումն անընդունելի է ոչ միայն իր կամայական բնույթի, այլև այն պատճառով, որ էապես իջեցնում է բանաստեղծության բովանդակությունը։

  Այդ առաջարկի կողմնակիցները երևի չեն նկատում, թե ինչքան է հասարակացվում, նույնիսկ գռեհկացվում բանաստեղծության սկիզբը, երբ «արևահամ բառի» հմայքն ու խորությունը փոխարինվում են «արևահամ բար», այսինքն՝ միրգ, պտուղ սիրելու պրոզայիկ իրողության արձանագրմամբ։ Բացի այդ, բանաստեղծական խոսքի մեջ տառացի ճշգրտություն որոնողներին պետք է հիշեցնենք, որ «արևահամ» մակդիրն ինքնին արդեն որոշակի փոխաբերություն է և երբեք ուղղակի առումով հասկացվել չի կարող, եթե նույնիսկ կիրառվի մրգի նկատմամբ։ Արևն ի՞նչ համ կարող է ունենալ, կամ ո՞վ է որոշել այդ համը...
- Էդվարդ Ջրբաշյան
 

Վլադիմիր Սուտիրինի «Очерки литературы Закавказа» (Թիֆլիս, 1928թ.) գրքում բերված է Չարենցի բանաստեղծության առաջին և վերջին տների ռուսերեն տողացի թարգմանությունը։ Իր գրքի առաջաբանում Սուտիրինը հայտնել է, որ Անդրկովկասի ազգային գրականությունների հետ ծանոթանալու համար իրեն «ամենաէական օգնություն են ցույց տվել» մի շարք տեղացի գրողներ։ Հայերից հիշատակվում է նաև Չարենցը։ Ըստ Ջրբաշյանի, Չարենցն է օգնել ռուս քննադատին վեճերի առիթ դարձած իր բանաստեղծությունների տողացի թարգմանությամբ։ Ահա առաջին տողը.

Люблю я «солнцевкусное» слово сладкой Армении моей...

Լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանն իր «Չարենցի լեզվի զարգացման շրջանները» հոդվածում համոզմունք է հայտնել, որ Չարենցը նախապես գրած է եղել «արևահամ բար»։

  ...Հազիվ թե Չարենցը սկզբնապես Հայաստանի արևահամ բառ գրած լինի՝ հայոց լեզու իմաստով, քանի որ այդ կապակցության մեջ բառ-ը ուժեղ չի խորհրդանշում լեզու իմաստը, և Հայաստանի լեզու ընդունված անվանում առհասարակ չկա, ինչպես որ սովորական չէ Ռուսաստանի լեզու, Վրաստանի լեզու և այլն։ Սա, կարծում ենք, գլխավոր փաստարկն է հօգուտ բար-ի։
- Ռաֆայել Իշխանյան
 

Այլ տեսակետներ խմբագրել

Գրականագետ Թադևոս Տոնոյանը «Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» տաղի բառը» հոդվածում նշում է․ «Հայաստանի առաջին բնութագրականը բառն է։ Այսինքն՝ բառը Հայաստանի բանալին է։ Բառի (լեզվի) նկատմամբ չարենցյան այս վերաբերմունքը հայերենի լեզվամտածողական արժեհամակարգային հիմնական իրողություններից մեկն է, և, իհարկե, դժվար է պնդել, թե Հայաստանը ներկայացնող թերևս ամենալարված այս տեքստը պարզապես զգացմունքային զեղում է»։

Ըստ գրականագետի՝ հայրենիքի նկատմամբ բանաստեղծի սիրո կիզակետում բառ-ը չպետք է լիներ, քանի որ հաջորդող տողերում հեղինակի «սիրո թիրախները» (սազի լարը, ծաղիկները, վարդերի բույրը, երկինքը, ջրերը, լիճը, արևը, բուքը, պատերը, քարը) ավելի քան տեսանելի, շոշափելի, առարկայական ու նյութական են, քան բառ վերացական հասկացությունը, և որ հիշյալ բառաշարքից թերևս միայն «հեզաճկուն պարն» է, որ առարկայական չէ, բայց, այնուամենայնիվ, տեսանելի է։ «Անհնար է շոշափել բառը, դժվար է տարորոշել արևի համը։ Չարենցյան տաղի հենց առաջին տողում հայտնված բառ-ը, առաջին հայացքից չի ներդաշնակվում սիրել բայի մյուս ուղիղ խնդիր լրացումների հետ։ Սակայն այդ պատկերացումը կարող է ստեղծվել ոչ խորքային ներտեքստային տրամաբանության հետևանքով։ Նույն տրամաբանությամբ մեզանում որոշ ժամանակ գործում էր հանկարծահայտ այն թյուր կարծիքը, թե, իբր, բառ-ի փոխարեն բար է եղել։ Հասկանալի է` բար-ը ավելի շոշափելի, տեսանելի և առարկայական է ու նրա միջոցով նույնիսկ արևի համն է տարորոշելի դառնում և այդ հանգամանքի շնորհիվ ավելի դյուրությամբ տեղավորվում տաղի ներտեքստային ընդհանուր տրամաբանության մեջ»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծութիւնը՝ թարգմանուած է աշխարհի 35 լեզուներով». Ազատ Օր. 2020 թ․ մայիսի 19. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 Դավիթ Գասպարյան, Գրականություն, 7-րդ դասարանի դասագիրք, Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2011 թվական, էջ 22-23։
  3. «http://ysu.am/files/Charenc-1506515129-.pdf» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել