Եղիշե Իշխանյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եղիշե Իշխանյանը (հունվարի 1, 1886(1886-01-01), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 1975(1975-04-28), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), եղել է 20-րդ դարասկզբի հայ նշանավոր ազգային, հասարակական և պետական գործիչ։ Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Արցախում և Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում։ 1918 թ. հուլիսի 27-ից մինչև 1919 թ. հուլիսի 5-ը եղել է Ղարաբաղի ժողովրդական կառավարության առաջին նախագահ։

Եղիշե Իշխանյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1886(1886-01-01)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 28, 1975(1975-04-28) (89 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Մանկություն և կրթություն

խմբագրել

Եղիշե Իշխանյանը ծնվել է Շուշի բերդաքաղաքում, Ցարական Ռուսաստանում։ Նրա հայրը, Հովհաննես-Բեկ Իշխանյանը, պետական աքցիզային վարչության պաշտոնյա էր, հայտնի մարդ էր ողջ Ելիզավետոպոլի նահանգում, Վահան եպիսկոպոս Տեր-Գեորգյանի մոտ ծանոթն էր։ Եղիշեն տարրական և միջնակարգ կրթություն է ստացել ծննդավայր Շուշիում։ Այստեղ դեռևս դպրոցական տարիքում առնչվել է հայ ազգային գործիչների, այս թվում Նիկոլ Դումանի հետ, ստացել նրանցից գաղափարական դաստիարակություն, տոգորվել Հայաստանի ազատագրության երազանքով։ Հետագա ուսումնառությունը շարունակել է Երևանի թեմական դպրոցում։ Ապա մեկնել է Պետերբուրգ, որտեղ սովորել է գյուղատնտեսական բարձրագույն վարժարանում մինչև 1917 թ. փետրվարյան հեղափոխությունը։

Վերադարձ

խմբագրել

1917 թ. հունիսին վերադարձել է Շուշի և մասնակցել հասարակական կարգի կազմակերպմանը, ապա Լեռնային Ղարաբաղի ինքնիշանության հաստատման քաղաքական գործընթացներին։ Դեկտեմբերի 24-ին ընտրվել է Միջկուսակցական Բյուրոյի փոխ-նախագահ։ Միաժամանակ եղել է դեկտեմբերի 25-ին Շուշիում ստեղծված Հայ-թաթարական կոմիտեի անդամ։ 1918 թվականի հուլիսի 27-ին, երբ Ղարաբաղի առաջին համագումարը ընտրեց Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը (հետագայի Ազգային Խորհուրդը, որն այն ժամանակ Արցախում անկախ կառավարության դեր էր խաղում), Եղիշե Իշխանյանը ընտրվեց կառավարության նախագահ։

Պաշտոնավարում

խմբագրել

Եղիշե Իշխանյանի պաշտոնավարման ընթացքը, 1918-1919 թթ., լի էր քաղաքական վայրիվերումներով։ Նախ Անդրկովկասը օկուպացրեցին Օսմանյան թուրքերը, ապա իր գերիշխանությունը հաստատեց Բրիտանական Միսսիան։ Որպես Ղարաբաղի ժողովրդական իշխանության ներկայացուցիչ Եղիշե Իշխանյանը բանակցություններ է վարել թե տարածաշրջանի նոր տիրակալների, թե հարևան ադրբեջանցիների հետ։ Անհրաժեշտ էր ապահովել նաև երկրի ներսում, հատկապես Շուշիում հայերի և թաթարների խաղաղ գոյակցությունը։ Ամենալուրջ սպառնալիքը նոր իշխանության համար, սակայն, Արցախին տիրանալու ադրբեջանական կառավարության նկրտումներն էին։ Այս ընթացքում Եղիշե Իշխանյանը միաժամանակ 1919 թվականի մարտի 7-ից լույս տեսնող «Արցախ» շաբաթաթերթի համախմբագիրն էր։ Թերթի առաջին համարում լույս էր տեսել նրա հոդվածը ընդդեմ Ադրբդեջանի կառավարության՝ «Հեռու քաշեք ձեր արյունոտ ձեռքերը» վերտառությամբ։

Սակայն Անդրկովկասի նոր տիրակալներին դուր չէր գալիս, որ փոքրիկ լեռնաստանի բնակիչները անվերապահորեն գլուխ չեն խոնարհում իրենց առջև, ընտրել են սեփական իշխանություն և ցանկանում են իրե՛նք տնօրինել իրենց ճակատագիրը։

Դեռև 1918 թվականի հոկտեմբերի 1-ին, օսմանյան թուրքերը Շուշիում սկսեցին ձերբակալություններ։ Ձերբակալվում են հիմնականում կառավարության անդամները, նաև այլ մտավորականներ, արհեստավորներ ու վաճառականներ, քահանա, ուսուցիչ, շինարար, ընդհանուր առմամբ 51 հոգի[1]։ Նրանց թվում էր նաև Եղիշե Իշխանյանը։ Հարցաքննության ժամանակ չհասնելով իրենց ուզածին նրան ծեծի են ենթարկում, կոխկրտում[2]։ Թուրքերին փոխարինելու եկած Բրիտանական Միսսիան, ըստ էության, նույն քաղաքականությունն էր վարում Արցախի նկատմամբ, այսինքն անում էր ամեն ինչ, որպեսզի նա ընդունի Ադրբեջանի գերիշանությունը։ 1919 թվականի հունիսին Բրիտանական Միսսիան, ի դեմս գեներալ Շատելվորտի, վերջին անգամ փորձեց համոզել Ղարաբաղի համագումարին «ժամանակավորապես ճանաչել Ադրբեջանի իշխանությունը», սակայն ապարդյուն։ Եվ հակառակ տեղական ժողովրդի կամքի, հունիսի 4-ին Շուշիից վտարում են Եղիշե Իշխանյանին, կառարավության երկու այլ անդամների հետ։

Վտարանդի

խմբագրել

Եղիշե Իշխանյանը ստիպված անցնում է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն։ Այստեղ նա հանդիպում է կառավարության անդամների, վարչապետ Համո Օհանջանյանի հետ, փորձում համոզել նրանք, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի ոտնձգությունների։ Հուլիս ամսին տեղափոխվում է Վայոց ձոր որպես տեղական գործադիր մարմնի քարտուղար։ Այստեղ նա մնում է մինչև 1920 թ., և այդ ընթացքում հանդիպում ու համագործակցում է Անդրանիկի, Դրոյի, Գարեգին Նժդեհի և այլոց հետ։ 1921 թվականի ապրիլի սկզբին, երբ բոլշևիկները վերջնականապես ճնշում են փետրվարյան ապստամբությունը, հայ պետական գորժիչներից շատերը նախ նահանջում են Սյունիք (Լեռնահայաստան), ապա անցնում Արաքս գետը և տարագրվում Պարսկաստան. նրանց հետ էր նաև Եղիշե Իշխանյանը։

Օրագրություն

խմբագրել

Կյանքի վերջին տարիները Եղիշե Իշխանյանը անց է կացրել Նյու Յորքում։ Այստեղ 1966 թվականին, իր օրագրական գրառումների հիման վրա, թղթին է հանձնել 1917-1920 թթ. դեպքերը։ Հպարտությամբ և ոգևորությամբ էր հիշում իրենց ստեղծած ժողովրդական կառավարությունը, որտեղ միավորվել և միասին աշխատում էին տարբեր կուսակցական համոզմունքների տեր գործիչներ։ Ցավում ու ափսոսում էր Ղարաբաղում հետագա դեպքերի ողբերգական ընթացքը, Շուշիի ավերումը և կոտորածը, որի գույժը նրան հասել էր ապրիլին, երբ նա Ղարաքիլիսայում էր գտնվում։ Այդ կոտորածներին շատ-շատերի հետ զոհ էին գնացել նաև նրա ծնողները[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Անդ, էջ 243։
  2. Անդ, էջ 257։
  3. Անդ, էջ 450, 579, 664-665։

Աղբյուրներ

խմբագրել
  • Եղիշե Իշխանեան, Լեռնային Ղարաբաղ (1917-1920) /1966 թ. Նյու Յորք/, «Հայաստան» Երևան, 1999։