Ելիզավետա Նիկոլսկայա

բալետի պարուհի, պարարվեստի և բալետի ուսուցիչ

Ելիզավետա Նիկոլաևնա Նիկոլսկայա (չեխ․՝ Jelizaveta Nikolská, հոկտեմբերի 24, 1904(1904-10-24)[1][2], Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 16, 1955(1955-08-16)[3], Կարակաս, Վենեսուելա[2]), ռուսական բալետի պարուհի, պարարվեստի և բալետի ուսուցիչ, 1934-1945 թվականներին Չեխոսլովակիայում եղել է պրիմա-բալերինա, պարուսույց, Ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Ելիզավետա Նիկոլսկայա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 24, 1904(1904-10-24)[1][2]
ԾննդավայրՎլադիվոստոկ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 16, 1955(1955-08-16)[3] (50 տարեկան)
Մահվան վայրԿարակաս, Վենեսուելա[2]
Քաղաքացիություն Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն,  Չեխոսլովակիայի երկրորդ հանրապետություն և  Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ
Մասնագիտությունպարուհի, բնորդ, պարուսույց, ուսուցչուհի, բալետի պարող, բալետմայստեր և մանկավարժ
ԱմուսինՖելիքս դե լա Կամարա
 Lila Nikolska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ելիզավետա Նիկոլսկայան ծնվել է 1904 թվականին Վլադիվոստոկում, ազնվականների ընտանիքում (ծննդյան ազգանունը՝ Բուլկինա)։ Հայրը՝ Բուլկին Նիկոլայ Իվանովիչը (1864-1913), ծառայել է ռազմա-դատական գերատեսչությունում, երեխայի ծննդյան պահին եղել է գնդապետ, Մերձամուրյան Ռազմական Օկրուգի ռազմական քննիչ (1898-1902), կյանքի վերջին տարիներին՝ Օդեսայի ռազմական օկրուգի զինվորական դատարանի դատավոր (1910-1913), գեներալ-մայոր (1913)։ Ելիզավետան սովորել է Սանկտ Պետերբուրգում՝ Օլգա Պրեոբրաժենսկայայի բալետի դպրոցում, 1913 թվականից հետո մոր հետ տեղափոխվել է Օդեսա, որտեղ էլ ավարտել է գիմնազիան։ Տասնհինգ տարեկանում ընդունվել է Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, որտեղ պարել է 1919-1921 թվականներին։

Արտագաղթ դեպի Պրահա խմբագրել

Հեղափոխությունից և 1921 թվականին բոլշևիկների կողմից Ռուսաստանի հարավի օկուպացիայից հետո լքել է Ռուսաստանը, չեխ պարուսույց Ավգուստին Բերգերը նրան հրավիրել է Պրահայի ազգային թատրոն, որտեղ 1922 թվականի հուլիսի 8-ին Նիկոլսկայան կատարել է Օդետտայի դերերգը «Կարապի լիճ» բալետում։ 1923-1925 թվականներին, որպես մենապարուհի, հանդես է եկել թատերախմբում, կատարել այնպիսի դերերգեր, ինչպիսիք են Ավրորան Չայկովսկու «Քնած գեղեցկուհի»-ում, Զոբեյդան՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե»-ում։ 1922 թվականից ղեկավարել է Պրահայի ազգային թատրոնի բալետի դպրոցը, որտեղ դասավանդել է ապագա առաջատար չեխոսլովակացի պարուհիներին, այդ թվում՝ Նինա Իրժիկովային։ 1925 թվականին հեռացել է Պրահայի ազգային թատրոնից իր գործընկեր Ռեմիսլավ Ռեմիսլավսկու հետ գժտվելուց հետո, բացել բալետի դպրոց և կազմակերպել պարային ներկայացումներ Վինոգրադի շրջանի թատրոնում։

Փարիզում և Եգիպտոսում խմբագրել

 
Ելիզավետա Նիկոլսկայա, Պրահայի ազգային թատրոնի պրիմաբալերինա, 1932
 
Փարիզի Ֆոլի Բերժեր կաբարեի ճակատին Նիկոլսկայայի նախատիպով պարուհու խորաքանդակը
 

1927 թվականին Նիկոլսկայան մեկնել է Փարիզ, որտեղ պարեր է դասավանդել իր ուսուցչուհի Օլգա Պրեոբրաժենսկայայի բացած «Վակեր ստուդիա»-ի բալետի դպրոցում։ Նրա փարիզյան շրջանը լի է եղել սկանդալային իրադարձություններով․ ելույթներ է ունեցել «Պալաս» գիշերային ակումբում որպես պարուհի և աշխատել պարուսույց փարիզյան «Ֆոլի-Բերժեր» կաբարեում, 1927 թվականին, իր թատերախմբի կազմում, խաղացել է էպիզոդիկ դեր ֆրանսիական «Փարիզյան հաճույքներ» խաղարկային ֆիլմում, նաև կեցվածք է ընդունել լուսանկարվելու համար, 1929 թվականին Այսեդորա Դունկանի հետ հին հունական պարեր է կատարել Աթենքի Պարթենոնի առջև, որը նկարել է լուսանկարիչ Նելլի Սույուլձօղլուն։ Հենց նա է եղել քանդակագործ Մորիս Պիկոյի արծաթյա գիպսից պատրաստված պարուհու խորաքանդակի նախատիպարը, որը զարդարում է փարիզյան «Ֆոլի Բերժեր» կաբարեի ճակատը և դարձել է կաբարեի տարբերանշան-խորհրդանիշը։ 1930-1932 թվականներին եղել է Կահիրեի օպերայի պարուսույցը։

Պրահայի թատրոնի պրիմա-բալերինա խմբագրել

1932 թվականին Նիկոլսկայան վերադարձել է Պրահա, ստացել Չեխոսլովակիայի քաղաքացիություն, դարձել աստղային պարուհի՝ կատարելով մի շարք գլխավոր դերեր։ 1934 թվականից դարձել է պրիմա-բալերինա, 1937-1945 թվականներին եղել է պարուսույց, իսկ 1940-1945 թվականներին՝ Պրահայի ազգային թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար։ Բացի այդ, նա պարեր է բեմադրել և նկարահանվել որպես պարուհի երեք չեխոսլովակյան ֆիլմերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և գերմանացիների կողմից Չեխոսլովակիայի օկուպացիայի ժամանակ գրավել է գերմանամետ դիրքորոշում, իր հակակոմունիստական և պրոֆաշիստական հայացքների շնորհիվ դարձել Վլայկա կուսակցության անդամ՝ հրապարակավ համագործակցելով նացիստների հետ։ Իր «Prager Ballet der Jelizaveta Nikolska» բալետային խմբի հետ 1942-1944 թվականներին հյուրախաղերով շրջագայել է Երրորդ Ռեյխում և ֆաշիստական Իտալիայում «կայսրության, պրոտեկտորատի և Իտալիայի միջև մշակութային և գեղարվեստական փոխանակման շրջանակներում»։

1945 թվականի մայիսին Կարմիր բանակի Պրահային մոտենալու ընթացքում նրան հաջողվում է փախչել, ի տարբերություն իր նախկին ամուսնու՝ Ֆելիքս դե լա Կամարայի (որից ամուսնալուծվել է 1930-ականներին, բայց կապեր է պահպանել), ով ակտիվորեն համագործակցել է նացիստների հետ, հանդիսացել է չեխոսլովակյան «Ֆաշիստների ազգային ընկերության» հիմնադիրը և մահապատժի է ենթարկվել ֆաշիստների հետ համագործակցելու համար (այլ աղբյուրների համաձայն՝ նա նույնպես փախել է Հարավային Ամերիկա

Ելիզավետա Նիկոլաևնան Ֆրանսիայի և ԱՄՆ-ի տարածքով մեկնել է Վենեսուելա և Կարակասում բացել բալետի դպրոց, որը տասնամյակի ընթացքում հայտնի է դարձել ողջ հարավամերիկյան մայրցամաքում։

Ելիզավետա Նիկոլսկայան հանկարծամահ է եղել 1955 թվականին՝ 50 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1927 - Փարիզյան հաճույքներ / La revue des revues - պարուհի,
  • 1938 –Կուտնոգորյան օրիորդների արտադրամաս / Cech panen kutnohorských - գնչու պարուհի,
  • 1940 - Դիմակավորված սիրուհին / Maskovana milenka – պրիմա-բալերինա, կամեո,
  • 1943 – Պարուհին / Tanečnice - Մադամ Ռիկետտի, Ազգային թատրոնի պրիմա-բալերինա, կամեո։

Գնահատականներ խմբագրել

  Նրան հրավիրեցին (1923) «Կարապի լիճը» բալետում հանդես գալու Օդետի դերում, որից հետո նա դարձավ Պրահայի ազգային թատրոնի մեներգչուհի։ Նրա մասնակցությունը նշանակում էր բալետային խմբի մակարդակի զգալի բարձրացում։ ... Նրա պարային տեխնիկան հիմնված էր ռուսական բալետի դպրոցի լավագույն ավանդույթների վրա (նրան համեմատում էին Աննա Պավլովայի հետ)։ Արևմտյան Եվրոպայում գտնվելու ընթացքում նա ծանոթացել էր նաև ժամանակակից բալետի զարգացման ուղղություններին, ձգտում էր կատարելագործել և վերակազմավորել թատերախումբը։ Ուներ փայլուն բարձրակարգ պարային տեխնիկա, արտահայտիչ միջոցների լայն սպեկտր և շլացուցիչ արտաքին։
- [4]
 
  … նա գեղեցիկ կին էր։ Նման էր ճենապակե արձանի։ Նա ուներ կանաչ աչքեր, ուղիղ բարձր քիթ։ Որպես պարուհի, նա հիանալի էր ...
- նրա աշակերտուհի՝ չեխ ականավոր բալետի պարուհ Նինա Իրժիկովա
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://en.isabart.org/person/15220
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Česká divadelní encyklopedie
  3. 3,0 3,1 3,2 Կոնգրեսի գրադարան — 1800.
  4. Nikolská, Jelizaveta // Чешская театральная энциклопедия

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիզավետա Նիկոլսկայա» հոդվածին։