Գրիգոր Ղարիբյան

ֆիզիկոս-տեսաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Մարգարի Ղարիբյան (դեկտեմբերի 13, 1924(1924-12-13)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 9, 1991(1991-06-09)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971, թղթակից անդամ՝ 1963 թվականից)[3]։

Գրիգոր Ղարիբյան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1924(1924-12-13)[1][2]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհունիսի 9, 1991(1991-06-09)[2] (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտքվանտային էլեկտրադինամիկա և աստղաֆիզիկա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1948)[1]
Կոչումակադեմիկոս[1][2] և պրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[2] (1961)
Գիտական ղեկավարԻսահակ Պոմերանչուկ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Ղարիբյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 13-ին, Թբիլիսիում, բժշկի ընտանիքում։ 1943 թվականին ավարտել է Բաքվի թիվ 16 միջնակարգ դպրոցը և մեկնել Երևան, ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ Արտաշես Շահինյանի և Ա. Ա. Հակոբյանի դասախոսությունները ունկնդրելով` Ղարիբյանը որոշել է փոխադրվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որտեղ նրան գրավել է տեսական ֆիզիկան։ Մեկ տարի անց փոխարդվել է Մոսկվայի պետական համալսարան և 1948 թվականին ավարտել համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Նրա համակուրսեցիներից ու ընկերներից են եղել Սերգեյ Մերգելյանը, Ռ. Վ. Խոխլովը, Ա. Ա. Աբրիկոսովը, Դ. Վ. Շիրկովը, Յուրի Շիրոկովը, Վ. Ի. Գրիգորևը և ուրիշներ։

1948-1951 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ։ 1951-1964 թվականներին Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կարդացել է դասական և քվանտային էլէկտրոդինամիկայի, էլեկտրոնային տեսության և հարաբերականության տեսության դասընթաց։ 1952 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1952-1958 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի գիտքարտուղար։ 1954 թվականին արժանացել է ԽՍՀՄ ԳԱ նախագահության պարգևին` «Մեզոնների սպեկտրները տիեզերական ճառագայթում» աշխատության համար։ 1959 թվականին Կիևում եղել է բարձր էներգիաների մասնիկների ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի մասնակից։ 1959 թվականից եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1959-1965 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի, 1963 թվականից` ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտե Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ։ 1961 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1963 թվականին ընտրվել է Հայկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1965-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսության բաժնի վարիչ, 1965-1972 թվականներին՝ ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, 1966-1987 թվականներին՝ «Հայկական ՍՍՀ ԳԱ տեղեկագիր. Ֆիզիկա» հանդեսի պատասխանատու խմբագիր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի լիցքավորված մասնիկների և նյութի փոխազդեցության լաբորատորիայի վարիչ։ 1967 թվականին գործուղվել է ԳՖՀ (Համբուրգ) և Անգլիա (Մանչեստր)։ 1968 թվականին գործուղվել է Ավստրիա (Վիեննա) և Ֆրանսիա (Վերսալ) բարձր էներգիաների ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսներին մասնակցելու նպատակով։

1969-1987 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված խորհրդի անդամ։ 1970 թվականին բարձր էներգիաների ֆիզիկայի սարքավորումներին նվիրված միջազգային կոնֆերանսի մասնակից։ 1970-1973 թվականներին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կարդացել է «Արագ մասնիկների անցումը նյութի միջով» հատուկ դասընթաց։ 1971 թվականին ընտրվել է Հայկական ԽՍՀ ԳԱ իսկական անդամ։ 1972 թվականին ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։ 1973 թվականին Ղարիբյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1973-1987 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1974-1987 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ էլեկտրամագնիսական փոխազդեցությունների ֆիզիկայի գծով գիտական խորհրդի անդամ։ 1977 թվականին Երևանում եղել է բարձր էներգիաների լիցքավորված մասնիկների անցումային ճառագայթմանը նվիրված միջազգային առաջին սիմպոզիումի, 1983 թվականին՝ երկրորդ սիմպոզիումի մասնակից։ 1984-1987 թվականներին ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին առընթեր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված խորհրդի նախագահ[4]։

Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրա-դինամիկային, աստղաֆիզիկային, տիեզերական ճառագայթներին և բարձր էներգիայի ֆիզիկային։ Ուսումնասիրել է արգելակման ճառագայթումը և զույգի առաջացումը էլեկտրոնի կամ պոզիտրոնի դաշտում՝ ընկնող մասնիկի ցանկացած էներգիայի դեպքում, հանդիպական էլեկտրոն-պոզիտրոնային փնջերում ընթացող շարժընթացները։ Հաշվել է միգամածությունների և աստղերի մագնիսական դաշտում շարժվող ռելյատիվիստական էլեկտրոնների ճառագայթման բևեռացումը, հետազոտել մեծ արագության մասնիկների և միջաստղային փոշեհատիկների բախումից առաջացող ճառագայթման ներդրումը երկնքի ռենտգենյան լուսարձակման ընդհանուր ֆոնում։ Դասական միկրոսկոպիկ էլեկտրադինամիկայի շրջանակներում միջավայրում բարձր էներգիայի մասնիկների էներգետիկ կորուստների էլեկտրամագնիսական մեխանիզմների հետազոտության արդյունքում հայտնաբերել է ռենտգենյան անցումային ճառագայթումը։

Վախճանվել է 1991 թվականի հունիսի 9-ին, Երևանում։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971, 1981),
  • ՀԽՍՀ ԳԱ «Վաստակագիր»` գիտության զարգացման գործում ներդրած վաստակի համար, 1982,
  • Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի նախագահության շքանշան, 1984,
  • «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ։

Երկեր խմբագրել

  • О некоторых электромагнитных эффектах с участием сильно взаимодействующих частиц, “Журнал экспериментальной и теоретической физики“, т. 33, в. 2, 1957 (համահեղինակ);
  • К теории переходного излучения и ионизационных потер энергии частицы, նույն տեղում, т. 37 в. 2, 1959;
  • Рентгеновское переходное излучение, Е., 1983 (համահեղինակ)[5].

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գրիգոր Ղարիբյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Ղարիբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 31