Բրայսոն Ջուան Թիլեր (անգլ.՝ Bryson Djuan Tiller, հունվարի 2, 1993(1993-01-02)[2], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր։ Կարիերան սկսել է 2011 թվականին՝ թողարկելով «Killer Instinct Vol.1» միքսթեյպը։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2015 թվականին՝ «Don't» սինգլի շնորհիվ, որի հաջողության արդյունքում ստորագրեց պայմանագիր RCA Records լեյբլի հետ և թողարկեց իր առաջին` «Trapsoul» ալբոմը։ Ալբոմի «Exchange» սինգլը նույնպես հաջողություն ունեցավ և առաջադրվեց Գրեմմիի։
2016 թվականին Թիլերին հանձնվեց Լուիսվիլ քաղաքի բանալին մայոր Գրեգ Ֆիշերի կողմից։ Նույն տարում նա ստացավ «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ» մրցանակները BET Awards մրցանակաբաշխությունում։ 2017 թվականի մայիսին վաճառքի դուրս եկավ Թիլերի երկրորդ՝ «True to Self» ալբոմը, որն գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը։ 2017 թվականին Թիլերը նաև իր մասնակցությունն ունեցավ DJ Khaled-ի «Wild Thoughts» հիթ սինգլնում։
Բրայսոն Ջուան Թիլերը ծնվել է 1993 թվականի հունվարի 2-ին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում[3][4]։ Նրա մայրը մահացել է, երբ նա եղել է 4 տարեկան, որից հետո նրան և իր կրտսեր եղբորը մեծացրել է տատը[5]։ Թիլերն հաճախել է Լուիսվիլի Իրըքոյ ավագ դպրոց[6], իսկ 15 տարեկանից սկսել է երգել և ռեփ կարդալ[7]։ Նա իր առաջին միքսթեյպը` «Killer Instinct Vol.1», թողարկել է 2011 թվականին՝ երբ դեռ սովորում էր դպրոցում[8]։ 2013 թվականին դստեր` Հարլիի ծնունդից հետո, նա սկսեց աշխատել Papa John's արագ սննդի սպասարկման կենտրոնում և UPS առաքման սերվիսում, որպեսզի կարողանար պահել իր նորածին երեխային[9][10]։
2014 թվականի հոկտեմբերին Թիլերն SoundCloud-ում տեղադրեց իր դեբյուտային «Don't» սինգլը, որն ամիսների ընթացքում մի քանի միլիոն լսում հավաքեց[11]։ 2015 թվականին ապրիլին Թիլերն ստորագրեց պայմանագիր RCA Records ձայնագրման լեյբլի հետ[11]։ Այդ երգի շնորհիվ նրան նկատեցին նաև պրոդյուսեր Թիմբալենդը և ռեփեր Դրեյքը. վերջինս նրան առաջարակել էր իր OVO Sound ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրել, սակայն նա մերժել էր[12][13]։ «Don't» Երգի համար նկարահանվեց տեսահոլովակ, իսկ ամիսների հետո այն բարձրացավ մինչև 13-րդ հորիզոնական Billboard Hot 100 հիթ շքերթում[14]։ Երգի իրենց ռեմիքս տարբերակները ներկայացրեցին այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Քեյ Քեմփը, Միլա Ջեյը, Սևին Սթրիթերը, D.R.A.M.-ը և WSTRN-ը[15][16]։
2015 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվեց Թիլերի առաջին` «Trapsoul» ալբոմը, որն առաջին շաբաթում ունեցավ 22,000 օրինակի վաճառք և արժանացավ երաժշտական քննադատների բարձր գնահատականին, որոնցից ոմանք այն համարեցին տարվա լավագույն ալբոմներից մեկը[17][18][19]։ Այն Billboard 200 հիթ շքերթ մտավ 11-րդ հորիզոնականով[20], իսկ ավելի ուշ բարձրացավ 8-րդ հորիզոնական[21]։ Ալբոմի «Exchange» և «Sorry Not Sorry» սինգլները Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեցին համապատասխանաբար 26-րդ և 67-րդ հորիզոնականները[14]։ Ալբոմի «Rambo» երգի մասին իր Թվիթթերի էջում գրեց Ռեմբոյի կերպարը մարմնավորած Սիլվեստր Ստալոնեն[22], իսկ երգիչ The Weeknd-ը թողարկեց երգի իր ռեմիքս տարբերակը[23]։
Ալբոմը գովազդելու նպատակով 2016 թվականի հունվարին Թիլերն սկսեց համերգային շրջագայություն, որի բացը կատարում էր THEY. դուետը[24]։ Երկու ամիս անց՝ մարտի 12-ին, Լուիսվիլ քաղաքի մայոր Գրեգ Ֆիշերը Թիլերին հանձնեց քաղաքի բանալի՝ ի նշան հարգանքի և սիրո[25]։ Մայիսին նա առաջին անգամ կենդանի ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ կատարելով «Exchange» երգը «Ուշ գիշեր Սեթ Մեյերսի հետ» (անգլ.՝ Late Night with Seth Meyers) հաղորդման շրջանակներում[26]։ Հունիսին նա ելույթ ունեցավ BET Awards մրցանակաբաշխությունում, որտեղ նաև ստացավ «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ» մրցանակները[27]։ 2016 թվականի ընթացքում նա նաև իր մասնակցությունն ունեցավ DJ Khaled-ի «Major Key» ալբոմի «Ima Be Alright» երգում[28], և ռեփեր Թրևիս Սքոթի «Birds in the Trap Sing McKnight» ալբոմի «First Take» երգում[29]։
2017 թվականի հունվարին «Forbes» ամսագիրը Թիլերին ընդգրկեց «30 Under 30» ցանկում, որում ընդգրկվում են այն արտիստները, ովքեր մեծ հաջողության են հասել նախքան 30 տարեկան դառնալը[30]։ Նույն ամսում Թիլերն հայտարարեց, որ աշխատում է իր երկրորդ՝ «True to Self» կոչվող ալբոմի վրա[31]։ Այն նախատեսված էր թողարկել 2017 թվականի հունիսին, սակայն թողարկվեց մեկ ամիս շուտ՝ մայիսի 26-ին և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[32][33]։ Ալբոմի «Somethin Tells Me» և «Run Me Dry» երգերը թողարկվեցին որպես սինգլ, սակայն չունեցան մեծ հաջողություն[34][35]։
2017 թվականի հունիսին DJ Khaled-ը ներկայացրեց իր «Grateful» ալբոմի «Wild Thoughts» սինգլը, որը կատարում են Թիլերն ու երգչուհի Ռիհաննան[36]։ Այդ երգը դարձավ միջազգային հիթ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[14]։ Նույն տարվա օգոստոսին Թիլերnն ու երգչուհի Ջազմին Սալիվանը թողարկեցին «Insecure» սինգլը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է[37]։ 2018 թվականի հունվարին Թիլերը ելույթ ունեցավ Գրեմմի մրցանակաբաշխությունում՝ կատարելով «Wild Thoughts» երգը Ռիհաննայի և DJ Khaled-ի հետ[38]։
Օմարիոնը (ձախ) և The-Dream-ը (աջ) Թիլերին ամենաշատը ոգեշնչած երգիչներն են։
Թիլերի ամենամեծ կուռքը երգիչ Օմարիոնն է[39], ում առաջին ալբոմը լսելուց հետո նա սկսել է ավելի լուրջ վերաբերվել երգեցողությանը[40]։ Դպրոցական տարիներին ոգեշնչվելով երգիչ The-Dream-ի ալբոմներից` նա սկսել է երգեր գրել և ցանկացել դառնալ երգահան[40]։ Թիլերին ոգեշնչող արտիստների թվին են պատկանում նաև Ար Քելլին, Լիլ Ուեյնը, Քրիս Բրաունը, Դրեյքը, Ջեյ Զին, The Notorious B.I.G.-ը, Մերի Ջեյ Բլայջը, Աշերը, Բիյոնսեն, Ջազմին Սալիվանը և Ռիհաննան[5][39][41]։
Թիլերի երաժշտությունը R&B և հիփ հոփ ժանրերի խառնուրդ է։ Նա բացի երգելուց նաև ռեփ է կարդում, քանի որ ըստ նրա` շատ բաներ կարողանում է արտահայտել միայն ռեփի միջոցով[42]։ Լրագրողները նրա երաժշտական ոճը համեմատել են Ջերեմայի, Դրեյքի, Թորի Լեյնզի և PartyNextDoor-ի հետ[40][43]։ «True to Self» ալբոմի ձայնագրման ընթացքում Թիլերը ունեցել է դեպրեսիա, որը, ըստ նրա, կարելի է նկատել ալբոմի երգերում, ինչն էլ իր հերթին հանդիսացել է վաճառքի ցածր ցուցանիշի պատճառ[44]։
Թիլերը հրաժարվում է վիդեո հարցազրույցներ տալուց, որը բացատրում է նրանով, որ ցանկանում է «ստվերային կերպար», և «հավանաբար երբեք» էլ տեսախցիկի առաջ հարցազրույց չի տա[45]։ Ըստ «The Ringer» կայքի լրագրող Ջասթին Չերիթիի` լիարժեք հանրային կերպար լինելու բացակայությունը Թիլերի «ամենասիրվող որակներից է»[46]։