Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլոնիայի հռչակագիր (այլ կիրառումներ)

Բոլոնիայի հռչակագիրը Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղենշային փաստաթուղթն է, որը ստորագրվեց 1999 թվականի հունիսի 19-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում եվրոպական 29 երկրների կրթության նախարարների կողմից[1]։

Պատմություն

խմբագրել

Մինչ 1998 թվականը ԱՄՆ-ն իր կրթական մոդելը հաջողությամբ արտահանում էր տարբեր երկրներ, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի երկրներ։ Գործընթացն այնուհետև հաջողությամբ սկսվեց իրականացվել նաև Արևելյան Եվրոպայում, ինչն առաջացրեց Արևմտյան Եվրոպայի երկրների անհանգստությունը։

1998 թվականին եվրոպական մի շարք երկրների պատվիրակություններ հավաքվեցին Սորբոնում՝ նշելու Սորբոնի համալսարանի 800-ամյակը։ Հենց այստեղ էլ որոշվեց ստեղծել եվրոպական միասնական կրթական դաշտ՝ ի հակադրում ամերիկյան կրթական մոդելի։

1999 թվականի հունիսի 19-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում եվրոպական 29 երկրների ներկայացուցիչներ կնքեցին Բոլոնյան հռչակագիրը։

Դրույթներ

խմբագրել

Բոլոնիայի հռչակագրի հիմնական դրույթներն էին՝

  1. դյուրընթեռնելի և համադրելի աստիճանների համակարգի ընդունում,
  2. հիմնականում երեք աստիճանների վրա հիմնված համակարգի ընդունում,
  3. կրեդիտների համակարգի հիմնում,
  4. աջակցություն ուսանողների և գիտամանկավարժական ու վարչական կազմի շարժունությանը,
  5. աջակցություն որակի ապահովման ասպարեզում եվրոպական համագործակցությանը,
  6. բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում[2]։

Հետագայում՝ 2001 թվականին, արդեն Բոլոնիայի հռչակագրի նշված 6 կետերին Պրահայի կոմյունիկեով ներմուծվեցին ևս 3-ը.

  1. հարատև կրթության կարևորում,
  2. բուհերի և ուսանողների ներգրավում,
  3. Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի գրավչության խթանում[2]։

Իսկ արդեն 2003 թվականին Բեռլինի կոմյունիկեով լրացվեց ևս մեկ կետ՝ այսպիսով Բոլոնյան հռչակագիրն ու գործընթացը դնելով 10 հիմնարար սկզբունքների վրա.

  1. դոկտորական ծրագիրը և սիներգիան Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ու Եվրոպական հետազոտական տարածքի միջև[2]։

Հռչակագիրը ստորագրած պետություններ

խմբագրել

Հռչակագիրը ստորագրած պետություններն են[1]՝

  Ավստրիա   Հունգարիա
  Բելգիա   Մալթա
  Բուլղարիա   Միացյալ Թագավորություն
  Գերմանիա   Նիդերլանդներ
  Դանիա   Նորվեգիա
  Էստոնիա   Շվեդիա
  Իռլանդիա   Շվեյցարիա
  Իսլանդիա   Չեխիա
  Իսպանիա   Պորտուգալիա
  Իտալիա   Ռումինիա
  Լատվիա   Սլովակիա
  Լեհաստան   Սլովենիա
  Լիտվա   Ֆինլանդիա
  Լյուքսեմբուրգ   Ֆրանսիա
  Հունաստան

Բոլոնյան գործընթաց և Եվրոպական բարձրագույն կրթության տարածք (ԵԿԲՏ)

խմբագրել

Բոլոնիայի հռչակագիրն ամրագրում էր բոլոր այն պահանջները, որոնք անհրաժեշտ էին մինչև 2010 թվականը Եվրոպական բարձրագույն կրթության տարածք (ԵԿԲՏ) ստեղծելու համար։ Հիմնադիր Բոլոնյան հռչակագիրն ապահովում էր ուսանողների և դասախոսների ազատ շարժունություն և հավասարապես մատչելի կրթություն։ Գործընթացն այսօր ներառում է 49 ստորագրյալ երկիր[3][4]։

Հայաստանի անդամակցում

խմբագրել

2005 թվականի մայիսի 19-ին, ստորագրելով Բերգենի կոմյունիկեն, Հայաստանի Հանրապետությունը միացավ Բոլոնիայի հռչակագրին, որով Հայաստանը ստանձնեց որոշակի պարտավորություն, այսինքն՝ պետք է մինչև 2010 թվականն ավարտել Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումը և մաս դառնալ կազմակերպվող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Home». onderwijs.vlaanderen.be (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 Բոլոնիայի գործընթացը Հայաստանում
  3. «Participating countries and organisations». www.ond.vlaanderen.be. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «European Higher Education Area and Bologna Process». www.ehea.info. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Կրթական համակարգի Բոլոնյան բարեփոխումներ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել