Բերդուսի ճակատամարտ

ճակատամարտ Կիլիկիան Հայաստանի և Իկոնիայի սուլթանության միջև

Բերդուսի ճակատամարտ, ռազմական բախում, որը տեղի է ունեցել մի կողմից Կիլիկիայի և Քեսունի հայկական իշխանությունների, իսկ մյուս կողմից՝ Իկոնիայի սուլթանության միջև՝ 1107 թվականին։ Հայոց երկու իշխանությունների դաշնակից զորքերը կարողանում են Բերդուս քաղաքի մոտ հաղթանակի հասնել հակառակորդի՝ Իկոնիայի սուլթանության հանդեպ՝ ազատագրելով տարածքները, ազատելով գերեվարվածներին և ռազմավարը[1]։

Բերդուսի ճակատամարտ
Թվական1107 թվական
Մասն էԿիլիկիա-իկոնյան պատերազմներ
ՎայրԲերդուս
ԱրդյունքԿիլիկիայի հայկական իշխանություն հաղթանակ
Հակառակորդներ
Կիլիկիայի հայկական իշխանություն
Քեսունի իշխանություն
Իկոնիայի սուլթանություն
Հրամանատարներ
Թորոս Ա
Գող Վասիլ
անհայտ
Կողմերի ուժեր
անհայտ12 հազար
Ռազմական կորուստներ

Նախապատմություն խմբագրել

11-12-րդ դարերում Կիլիկիայում ստեղծվել էին մի շարք հայկական իշխանություններ, որոնցից 12-րդ դարասկզբին հայտնի էին Թորոս Ա-ի (1100-1129 թթ․) և Գող Վասիլի (1082-1112 թթ․) իշխանապետությունները։ Վահրամ Վարաժնունու՝ իշխանության ավերակների վրա ստեղծված հայկական իշխանապետությունների մեջ առավել հզորներից էր Քեսունի իշխանությունը, որի իշխանները Կամսարականներն էին։ 1082 թվականին այս իշխանության իշխան էր դարձել Վասիլը (Բարսեղ), որը ստացել է նաև «Գող»[Ն 1] և «Հաջողած» տիտղոս-մականունները։ Քեսունի իշխանությունը տարածվում էր Մելիտինեից մինչև Պիր և Եփրատից մինչև Մարաշ՝ ընդգրկելով իր մեջ մայրաքաղաք Քեսունը, ինչպես նաև Ռապանը, Հարսան-Մսուրը, Պեհեսնին, Հռոմկլան և այլ անառիկ բերդեր։ Գող Վասիլը Ալեքսիոս Ա-ից ստացել է նաև «սեբաստոս»-ի կոչում։

Գող Վասիլը կարևոր մասնակցություն էր ունենում նաև ընթացող խաչակրաց արշավանքներին, որի ժամանակ մեծ օժանդակություն է ցուցաբերել նաև նորման իշխան Բոհեմունդին, ում Գող Վասիլը փրկագնել էր Ղազիից։ Սակայն Խառանի մոտ պարտություններ կրելուց հետո, Բոհեմունդը վերադառնում է Եվրոպա, իսկ Գող Վասիլը միայնակ է մնում սելջուկ-թյուրքական ներխուժումների դիմաց[1]։

Թյուրքական ներխուժում խմբագրել

Թյուրքերը, օգտվելով առիթից, ներխուժում են հայկական իշխանությունների վրա։ Իկոնիայի սուլթանության զորքերը նախ հարձակվում են Կիլիկիայի իշխանության վրա։ Թյուրքական զորքերը, որոնք բաղկացած էին 12 հազար զինվորից, ավերում և կողոպտում էին հայկական գյուղերը և բնակավայրերը, որի նպատակը սարսափ տարածելն էր։ Սակայն դա մեծ ազդեցություն չի ունենում Թորոս Ա-ի վրա, որի իշխանության տարածք էլ ներխուժել էր հակառակորդը։ Թորոս Ա-ն ամրացել էր Անավարզա քաղաքում և դիմադրում էր զորքերին, սակայն քանակական առավելության պատճառով Թորոս Ա-ն դիմում է Գող Վասիլին և օգնություն խնդրում։ Գող Վասիլը, հասկանալով, որ հաջորդ հարվածը իր իշխանությանն է ուղվելու, համաձայնում է դաշինք կնքել և միավորել զորքերը։ Նահանջող Թորոս Ա-ի և առաջխաղացող Գող Վասիլի զորքերը միմյանց են միանում Մարաշի մոտ, իսկ միացյալ զորքի ղեկավարությունը իր վրա է վերցնում Գող Վասիլը[1]։

Ճակատամարտ խմբագրել

Տեսնելով Թորոս Ա-ի հապշտապ նահանջը՝ թյուրքերի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ հայկական կողմը ի վիճակի չի լինի դիմադրել, սակայն նրանք Բերդուսի մոտ հանդիպեցին հզոր դիմադրության։ Գող Վասիլը օգտագործեց հարմար տեղանքը և հարձակումներ կատարեց։ Թյուրքական հրամանատարները հասցրել էին զորքին բախման տանելուց առաջ դասավորել մարտական կարգով, սակայն մի քանի կողմերից տեղի ունեցող գրոհներին նրանք չէին կարողանում դիմադրություն ցույց տալ։ Թյուրքական բանակը, թողնելով ռազամվարը և գերիներին, սկսում է նահանջել։ Հայկական զորքերը հետապնդում են սկսում և կարողանում գերեվարել հակառակորդի բազմաթիվ զինվորների[1]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 12-13-րդ դարերում հայկական խոսքի մեջ «գողանալ» բայը հաճախ օգտագործվում էր «գրավել» կամ «նվաճել» իմաստներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 168–173.