Արթուր Զայս-Ինկվարտ (անգլ.՝ Arthur Seyß-Inquart, հուլիսի 22, 1892(1892-07-22)[1][2][3][…], Stonařov - հոկտեմբերի 16, 1946(1946-10-16)[1][2][3][…], Nuremberg Court Prison[4]), ավստրիացի և գերմանացի քաղաքական գործիչ, իրավաբան։ 1938 թվականից Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ է, 1941 թվականի ապրիլի 20-ից` օբերգրուպենֆյուրեր։ Ավստրիայում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի (1938, մարտ), ֆեդերալ կանցլերի և պաշտպանության նախարարի (1938, մարտի 11-13), ինչպես նաև ֆեդերալ նախագահի պաշտոններ (1938, մարտի 13)։ Անշլյուսից հետո պետական ծառայության է անցել Երրորդ Ռայխում, որտեղ Օստմարկ ռայխսգաուում զբաղեցրել է ռայխսշտատհալտերի պաշտոն (1938-1939), Հիտլերի կառավարությունում եղել է առանց պորտֆելի նախարար (նախարարության անդամ, որ չի ղեկավարում որևէ նախարարություն կամ նրա կենտրոնական մարմինը) (1939-1945) և Նիդերլանդների ռայխսկոմիսար (1940-1945)։ 1945 թվականին մեկ օրով եղել է արտաքին գործերի նախարար Կարլ Դյոնիցի կառավարությունում։ Նյուրնբերգի դատավարության արդյունքում ճանաչվել է ռազմական հանցագործ և գլխատվել մարդկության դեմ ուղղված հանցանքների համար։

Արթուր Զայս-Ինկվարտ
գերմ.՝ Arthur Seyß-Inquart
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1892(1892-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրStonařov
Մահացել էհոկտեմբերի 16, 1946(1946-10-16)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրNuremberg Court Prison[4]
ԳերեզմանWenzbach[5]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Ավստրիա և  Նացիստական Գերմանիա
Կրոնչդավանող կաթոլիկ
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, իրավաբան և գրող
ԱշխատավայրԱվստրիայի դաշնային կառավարություն և Reichskommissariat Niederlande?[6]
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ, Ավստրիայի դաշնային կանցլեր, Գերմանիայի արտաքին գործերի նախարար և Reichskommissar?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[7][8] և Հայրենական ճակատ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍՍ[8], Հիտլերի կաբինետ[8] և Deutsche Gemeinschaft?[9]
Ստորագրություն
Изображение автографа
 Arthur Seyß-Inquart Վիքիպահեստում

Կարիերայի սկիզբ խմբագրել

Արթուր Զեյս-Ինկվարտը ծնվել է Մորավիայի Ստոնարժովե բնակավայրում (այն ժամանակ` Ավստրո-Հունգարիայի մաս էր կազմում)։ Եղել է դպրոցի տնօրեն Էմիլ Զեյսի վեց երեխաներից կրտսերը։ 1907 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վիեննա և սլավոնական ազգանունը փոխել գերմանականով` Զայս-Ինկվարտ։ Սովորել է Վիեննայի համալսարանի իրավաբանական բաժնում։ Ամուսնացել է 1916 թվականին, ունեցել է երեք երեխա։

1914 թվականի օգոստոսին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Տիրոլի եգերական գնդերի կազմում ծառայել է ռուսական, ռումինական և իտալական ճակատներում Կուրտ Շուշնիգի հետ նույն զորամասում, բազմիցս պարգևատրվել է։ Ծանր վիրավորվել է, համալսարանական կուրսն ավարտել է հոսպիտալում, որտեղ գտնվում էր վիրավորվելուց հետո։ 1921 թվականից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, համագործակցել է աջ կազմակերպությունների հետ (հետագայում` Հայրենական ճակատ), սակայն հեռու է եղել գերմանամետ նացիոնալ-սոցիալիստներից։

1933 թվականի հեղաշրջումից մինչև անշլյուս խմբագրել

1933 թվականին Էնգելբերտ Դոլֆուսի հրավերով մտել է ավստրոֆաշիստական կառավարության մեջ։ Ավստրիական ՍՍ-ի կողմից 1934 թվականի հուլիսին Դոլֆուսի սպանությունից հետո կանցլեր Կուրտ Շուշնիգի օրոք դարձել է պետական խորհրդական։ Աստիճանաբար, հասկանալով Ավստրիայի և Գերմանիայի միավորման անխուսափելիությունը, մտել է նացիոնալ-սոցիալիստների շրջանակի մեջ։

1938 թվականի փետրվարին գերմանական ներխուժման վտանգի ազդեցությամբ Շուշնիգը Զեյս-Ինկվարտին նշանակել է ներքին գործերի նախարար։ 1938 թվականի մարտի 11-ին Շուշնիգը հրաժարական է տվել, իսկ Զեյս-Ինկվարտը գերմանական իշխանություններին օգնության կոչով է դիմել, ինչի պատրվակով Գերմանիայի զինված ուժերն անցել են ավստրիական սահմանը։

Երկու օր Զեյս-Ինկվարտը եղել է Առաջին հանրապետության վերջին կանցլերը։ 1938 թվականի մարտի 13-ին նա մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերը և Վիլհելմ Միկլասի հրաժարականից հետո ստանձնել նախագահի պարտականությունները։ Ստորագրել է օրենք Ավստրիայի` Երրորդ Ռայխի կազմի մեջ մտնելու մասին։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը նա եղել է Ավստրիայի կայսերական տեղապահ (գերմ.՝ Reichsstatthalter) որպես ՍՍ-ի գրուպենֆյուրեր։

Լեհաստան և Նիդերլանդներ խմբագրել

1939 թվականի մայիսից Զայս-Ինկվարտը Գերմանիայի կառավարությունում եղել է նախարար առանց պորտֆելի։ Լեհաստանի բռնազավթումից և նրա տարածքում գեներալ-գուբերնատորություն ստեղծելուց հետո եղել է գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկի տեղակալը` պատասխանատու լինելով Լեհաստանի հարավային շրջանների համար։ Զեյս-Ինկվարտը ներգրավվում է հրեական գետտոների ստեղծմանը` «արտակարգ միջոցներ» գործադրելով լեհական դիմադրության դեմ։

1940 թվականի մայիսից նշանակվել է օկուպացված Նիդերլանդների ռայխսկոմիսար։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են տեղի նացիոնալ-սոցիալիստների ռազմական կազմավորումներ (լանդվախտ), իսկ 1941 թվականին մնացած բոլոր քաղաքական շարժումներն արգելվել են։ Զեյս-Ինկվարտն անձամբ է պատասխանել տեղի դիմադրության ճնշման համար, այդ թվում` 1941 թվականին Ամստերդամում և Արնհեմում կազմակերպված ցույցերի համար։ Իր կառավարման ողջ ընթացքում նա կայացրել է մոտ 800.000 մարդու մահվան վճիռ։ Որոշ աղբյուրներ վկայում են 1.500 թիվը` ներառյալ ճամբարներում մահացածները, Պյուտտենի արտագաղթի զոհերը (1944, հոկտեմբեր) և 117 սպանվածներ` որպես պատիժ Նիդերլանդներում ՍՍ-ի ղեկավար Հանս Ռաուտերի սպաման համար (1945, մարտ)։ Հարկ է նշել, որ դաշնակիցների` Նորմանդիա մտնելուց հետո Նիդերլանդների իրական իշխանությունն անցել է ռազմական իշխանություններին և գեստապոյին։

Նիդերլանդներ հասնելուց անմիջապես հետո Զեյս-Ինկվարտը հրեաներին ազատեց պետական ծառայություններից, թերթերի ու արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարումից։ Սկսած 1941 թվականից` անցկացվել են հրեաների զանգվածային հաշվառումներ , Ամստերդամում ոչնչացվել է գետոն, իսկ Վեստերբորկում` տրանզիտ ճամբարը։ Հրեաներին Բուխենվալդ և Մաուտհաուզեն տեղափոխելը սկսվել է 1941 թվականի փետրվարին։ 1944 թվականի սեպտեմբերին, դաշնակիցերի զորքերի մոտեցման հետ Վեստերբորկի բոլոր բանտարկյալները տեղափոխվել են Թերեզիենշտադ։ Հոլանդական 140.000 հրեաներից մնացել են ընդամենը 27.000-ը[10]։ Բացի հրեաներից` Գերմանիայում աշխատանքի մեջ են ընդգրկվել 530.000 հոլանդացի, որից 250.000-ը տեղափոխվել են Գերմանիա։ Զեյս-Ինկվաչտը ընդդիմացել է աշխատուժին արևելք տանելու որոշմանը, իսկ 1944 թվականին ընդամենը 12.000 մարդ է ուղարկում նախատեսված 250.000-ի փոխարեն։ Հոլանդիայից նահանջելու ժամանակ Զեյս-Ինկվարտը, իր գործողությունները համաձայնեցնելով Ալբերտ Շպեերի հետ, սաբոտացիայի է ենթարկել Բեռլինի հրամանները «վերապրած հողի մասին»։ 1944 թվականի վերջին նա էմբարգո է դրել դաշնակիցների կողմից Հոլանդիայի օկուպացված շրջաններին մթերք հասցնելու որոշմանը, բայց դրան հաջորդած Սոված ձմռանը` պատերազմի վերջին օրերին, համաձայնել է չխոչընդոտել դաշնակիցների` աղետյլ շրջաններին մթերք հասցնելու հումանիտար գործողությանը։

Իր ինքնասպանությունից առաջ` 1945 թվականի ապրիլին, Հիտլերը իր Քաղաքական կտակում իր գաղափարական հետնորդ Կարլ Դյոնիցի կառավարությունում Զեյս-Ինկվարտին նշանակել է արտաքին գործերի նախարար[11]։ Հիտլերի ինքնասպանությունից հետո` Կ. Դենիցի Դենիցի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորման ժամանակ` 1945 թվականի մայիսին, Զեյս-Ինկվարտը տորպեդոյով մոտորանավակով Հոլանդիայից մեկնել է Ֆլենսբուրգ և Կ. Դենիցի և Ա. Շպեերի հետ հանդիպման ժամանակ վճռականորեն հրաժարվել է որևէ պաժտոն զբաղեցնելուց` ասելով, որ իր տեղը Հոլանդիայում է[12]։ 1945 թվականի մայիսի 4-ին գերմանական զորքերը Նիդերլանդներում կապիտուլյացիայի են ենթարկվել, իսկ Զեյս-Ինկվարտը գերվել է կանադական զորքերի կողմից[13]։

Դատավարություն Նյուրնբերգում խմբագրել

1945 թվականի նոյեմբերի 20-ին գլխավոր ռազմական հանցագործների հետ Նյուրնբերգում Միջազգային ռազմական դատարանի առաջ է կանգնել նաև Զեյմս-Ինկվարտը։ Նա մեղավոր է ճանաչվել խաղաղության դեմ հանցագործություն կատարելու, ագրեսիվ պատերազմի սանձզերծման, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործության համար։ Մեղադրվել է Նիդերլանդների բնակչության արտագաղթի կազմակերպման և գերյալների գնդակահարության մեջ։ Զեյս-Ինկվարտն իրեն մասամբ մեղավոր է համարել սարսափելի հանցագործությունների մեջ։ Նա մեղավոր է ճանաչվել բոլոր հոդվածներով` բացառությամբ հանցագործ համաձայնության, և մահապատժի է դատապարտվել կախաղանի եղանակով[13]։ Էշաֆոտին կանգնած ժամանակ նա ասել է.

  Հուսով եմ, որ այս կախաղանը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին հանցագործությունը կլին, և որ եղածը դաս կլինի. ժողովուրդների մեջ պետք է լինի խաղաղություն ու փոխըմբռնում։ Ես հավատում եմ Գերմանիային:
 

Պարգևներ խմբագրել

  • Վիրավոր լինելու նշան
  • Պատերազմի վետերանի պատվավոր խաչ
  • Հին մարտիկի զինանշան
  • Դանցիգյան խաչ 2-րդ աստիճան
  • Ռազմական ծառայությունների խաչ 1-ին աստիճան, առանց թրի
  • Ռազմական ծառայությունների խաչ 2-րդ աստիճան, առանց թրի
  • 1938 թվականի մարտի 13-ի հիշատակի շքանշան
  • Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության կուսակցական ոսկե նշան
  • «Մեռած գլուխ» օղակ
  • ՍՍ ռայխսֆյուրերի պատվավոր սուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Andrus B. C. I was the Nuremberg jailer — first — NY: Coward-McCann, Inc., 1969. — 210 p.
  5. Find A Grave — 1996.
  6. https://www.jewishvirtuallibrary.org/nuremberg-trial-judgements-arthur-seyss-inquart
  7. https://www.jewishvirtuallibrary.org/nuremberg-trial-defendants-artur-seyss-inquart
  8. 8,0 8,1 8,2 Nuremberg Trials Project — 2016.
  9. Nuremberg Trials Project — 2016.
  10. Нидерланды՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  11. Залесский К. А. НСДАП. Власть в Третьем рейхе. — М.: Эксмо, 2005. — С. 423.
  12. Рейхсминистр А. Шпеер описывал эти события так: «Зейсс-Инкварт, хотя у побережья рыскали вражеские корабли, имел мужество приплыть ночью из Голландии на торпедном катере, чтобы обсудить ситуацию с Деницем и мной. Он решительно отказался занять какой-либо пост в правительстве и предпочел вернуться обратно. „Мое место там, — с грустью сказал он. — По возвращении меня сразу же арестуют“» (А. Шпеер «Воспоминания». — Смоленск: «Русич», 1997. — 696 с. — С. 648—649.).
  13. 13,0 13,1 Залесский К. А. НСДАП. Власть в Третьем рейхе. — М.: Эксмо, 2005. — С. 226.

Արտաքին հղումներ խմբագրել