Արբի Հովհաննիսյան

հայ ռեժիսոր

Արբի Հովհաննիսյան (Արբի Յովհաննիսեան, Arby Ovanessian, آربی اوانسیان , փետրվարի 20, 1942(1942-02-20), Նոր Ջուղա, Սպահան, Պահլավական Իրան), հայ ռեժիսոր։

Արբի Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 20, 1942(1942-02-20) (82 տարեկան)
ԾննդավայրՆոր Ջուղա, Սպահան, Պահլավական Իրան
Քաղաքացիություն Իրան և  Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, գրող, դրամատուրգ և ռեժիսոր
IMDbID ID 0653759

Կենսագրություն խմբագրել

Արբի Հովհաննիսյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 20-ին Նոր Ջուղայում։ Սովորել է Թեհրանի հայկական Քուշեշ Դավթյան դպրոցում։ 1966 թվականին ավարտել է Լոնդոնի ֆիլմարվեստի ինստիտուտը։ Ուսման տարիներին նկարահանել է Գրիգոր Զոհրապի «Դիմակ» և Հովհաննես Թումանյանի «Փարվանա» (ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնում Բրիտանիայի կողմից) կարճամետրաժ ֆիլմերը։ 1971 թվականին նկարահանել է «Աղբյուր» երկարամետրաժ ֆիլմը, քաղված Մկրտիչ Արմենի վիպակից (ցուցադրվել է Վենետիկի, Փարիզի, Պիզարոյի կինոփառատոնում Իրանի կողմից։ Ֆիլմի օրինակը պահպանւում է Սինեմաթեք Ֆրանսեզում։)

Հիմնադրել է «Արմեն» (1960), «Քարգահե Նեմայեշ» ([Թատրոնի Աշխատանոց] 1969, ռեժիսոր՝ մինչև 1976), «Չարսու» թատրոնները։

Բեմադրել է Թեհրանի նորակառույց մեծ թատրոնի, «Թաթրէ շահր» -ի բացման ներկայացումը՝ Անտոն Չեխովի «Բալենու այգին» (1973) և երեք տարի եղել է նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու մնայուն խաղացանկի բեմադրիչը։ 1977 թվականից մինչև Իրանի Իսլամական հեղափոխությունը՝ 1979 թվականը, եղել է «Չարսու» թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։

Բեմադրել է Հակոբ Պարոնյանի («Մեծապատիվ մուրացկաններ»), Լևոն Շանթի («Ճամբուն վրայ», «Ուրիշի համար»), Ագուստ Ստրինբերգի («Օր. Ժուլի», «Պարտատերեր»), Սամուել Բեքեթի («Բեքեթ 5»), Արթուր Ադամովի («Այնպես, ինչպես որ էինք»), Փիթր Հանտկեի («Ոոտքս ինձ ուսուցիչ», «Ինքնադատում»), Հենրիկ Իբսենի («Հեդդա Գաբլեր», «Փոքրիկ Էյոֆը»), Փիթր Գիլի («Ննջեցյալների որջը»), Ալբեր Կամյուի («Կալիգուլա»), Անտոն Չեխովի («Բալենու այգին», «Շնիկով տիկինը»), Լուիջի Փիրանդելլոյի («Մարդ, գազան ու առաքինություն»), Թադեոս Ռուժևիչ («Ծիծաղելի ծերուկը»), Թենիսի Ուիլեամզի («Կանչը») և այլոց ստեղծագործություններից՝ հիմնականում երեսուն թատերգություն՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

Հրավիրվել է Փիթեր Բրուկի և Երժի Գրուտովսկու կողմից՝ համագործակցելու թատրոնի մարզում նրանց վարած հետազոտական ծրագիրներին։

1970-1971 թվականներին ռեժիսոր Պիտր Բրուկի հետ Շիրազի արվեստի փառատոնի համար բեմադրել է մեծահամբավ «Օրգաստ» (2 մասով) ներկայացումը։

1979 թվականին հաստատվել է Փարիզում։ 1980 թվականին հիմնել է Փարիզի Հայ թատրոնի ընկերակցությունը (ՀԹԸ) և 1983 թվականին բեմադրել է Լևոն Շանթի, Վազգեն Շուշանյանի երկերի և Արշիլ Գորկու նամակների հիման վրա իր հյուսած «Թե ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը կը սփռվի կյանքիս մեջ» ներկայացումը[1]։ Նկարահանել է այն որպես կինո, (ցուցադրուել է Մոնրեալի, Փարիզի ու ԱՄՆ-ի մի քանի կինոփառատոններում։ Փարիզի բեմերում հայերենով բեմադրել է վեց հայկական թատերկ (իր ցենարով «Թէ ինչպես մօրս ասեղնագործ գոգնոցը...», Եղիա Գասպարյանի «Քըզ մեզ աղկեկները», Լևոն Շանթի «Շղթայվածը», «Ուրիշի համար», Վահան Թոթովենցի «Երկու սուր», Գոհար Մարկոսյանի «Հուշարձան»)։

«Ֆէստիվալ դ՛ոթոնի» հրավերով Ժորժ Պոմպիդու Կենտրոնում Ֆրանսերենով բեմադրել է Անտոն Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքը, իր բեմականացմամբ, Սաշա Փիթոյեֆի խաղարկությամբ։ «Թեատր դո լա Վիլի» համար Անդրե Շերբանի գործակցութեամբ բեմադրել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարկարիտը» ։

1990 թվականից «Հայ թատերագիրներին նվիրված թատերական ընթերցումներ» խորագրի ներքո մարմնավորել ու ներկայացրել է նախապես խաղացանկ չմտած և ընդհանրապես անտեսված՝ անճանաչ մնացած, ավելի քան 130 թատերկ (Փարիզում, Երևանում, Թեհրանում, Նյու Յորքում և Տորոնտոյում

Առաջին անգամ Հայաստան է այցելել 1989 թվականին, Սովետական Հայաստանի կինոգործիչների հրաւվերով։ Պաշտոնապես աշխատել է Հայաստանում և սփյուռքում արտադրված ֆիլմերի՝ Ժորժ Պոմպիդու Կենտրոնում «Հայկական Շարժավեստը» վերնագիրը կրող հետադարձ հայեացք ծրագրի և դրան առնչվող ցուցահանդեսի համար։ Ծրագիրն իրականացվել է 1993 թվականին (հունիսի 9 - հոկտեմբերի 18)։

Երկրորդ անգամ Հայաստան է այցելել 1991 թվականին սփյուռքահայ Անդրանիկ թատերական փառատոնի հրավերով՝ «Լևոն Շանթը և իր թատերական մտածողությունը» բանախոսությունը և «Շղթայվածը» խաղի երրորդ արարը ներկայացնելու համար։ Գնահատվել է Փառատոնի կողմից, Ժուռիի հատուկ դիպլոմով։

Երրորդ անգամ Հայաստան է հրավիրվել 1996 թվականին, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից։ «Թատերական ընթերցումներ» խորագրի ներքո, Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահում, Մարտիրոս Սարյանի պաննոյի ներքո ներկայացրել է շարժումի և տարածքի մէջ դրված երեք թատերկ ՝ Լևոն Շանթի «Ուրիշի համար», Վահան Թեքեյանի «Մայրեր» և Միքայել Գուրջյանի «Տուրքը»։ Կազմել է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի վերակառուցման, խաղացանկային հարցերի և թատերական արվեստի ուսուցման ծրագիրների մշակման համար առաջարկներ և ծավալուն գործնական ուղղեցույց (չնայած իր վայելած պաշտոնական գնահատանքին, այն երբեք չկիրառվեց և հակառակ ընթացքի մէեջ դրվեց)։

Գրել է թատրոնի, կինոյի և երաժշտական արվեստների մասին հոդվածներ ՝ հատկապես «Յառաջ»-ի «Միտք և Արուեստ»ի մեջ։

Խմբագրել ու ծանոթագրել է հայ թատերագիրների գործերից կազմված երկու եռահատոր՝ ՄԷԿ ԱՐԱՐ (40 թատերախաղ - հրատարակություն ՀԹԸ-ի և ԳԱԹ-ի. 2001-2003, Փարիզ/Երևան) և ԹԱՏԵՐԿԱՇԱՐ (12 յուրօրինակ թատերկներ , ՀԹԸ. 2019, Փարիզ/Երևան)։

Ֆիլմեր խմբագրել

  • «Յառաջ 83», Արփիկ Միսաքյանի մասին (վավերագրական երկարամետրաժ), 2009-2019
  • «Ռուբեն Մամուլյան 88» (վավերագրական երկարամետրաժ), 1986-1987
  • «Թե ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը կը սփռվի կյանքիս մեջ» (խաղարկային լիամետրաժ), 1983-1985
  • «Աղբյուր», քաղված Մկրտիչ Արմենի վիպակից (խաղարկային լիամետրաժ), 1971
  • «Ղևբեոս որ անուանեցավ Թադեոս» (վավերագրական կարճամետրաժ), 1967,
  • «Փարվանա» (մուլտ), 1965
  • «Դիմակ» (խաղարկային կարճամետրաժ), 1964

Մրցանակներ խմբագրել

  • Իրանի հեռուստամրցանակ, 1968 (Աբբաս Նալբանդյանի «Նորին խորն ու լայն հետազոտություն 25-րդ դարի քարաշերտերում» թատերկի բեմատրության համար։
  • «Շիրազ-Պերսեպոլիս Արվեստի Փառաոն»-ի 1970 թուականի մրցանակ, «Վիս և Ռամին»-ի բեմադրության համար։
  • «Սաո Պաոլոյի Թատրոնի Քննադատների 1975 թուի Մրցանակ», Ա. Կամուի «Կալիգուլա»-ի բեմադրության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Գրականություն խմբագրել

  • Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
  • The World Encyclopedia of Contemporary Theatre: Asia/Pacific. Don Rubin et al. eds. Routledge paperback ed. 2001.
  • Masters & Masterpieces of Iranian Cinema; Hamid Dabashi. Mage 2007.
  • The Theater and Cinema of Arby Ovanessian: Majid Lashkari. Yerevan, HARATCH Educational and Social Foundation 2021.