Արամ Սերգեյի Շահվերդյան (1891, Այգեհատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ, Հայաստանի երկրորդ հանրապետության բժիշկների ավագ սերնդի ներկայացուցիչ, հանրապետության վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր (1936-1937 թթ.):

Արամ Շահվերդյան
Ծնվել է1891
ԾննդավայրԱյգեհատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1891 թվականին Ալավերդու շրջանի Այգեհատ գյուղում, որտեղ անցել են անվանի բժշկի վաղ մանկական տարիները։ Վրաստանում ստանում է միջնակարգ կրթություն՝ սովորելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում 1900-1908 թվականներին, այնուհետև շարունակում է ուսումը երկրորդ ճեմարանում, որը 1910 թվականին ավարտում է հաջողությամբ[1]։ Ճեմարանում ուսանելու ժամանակաշրջանում իրեն աշխատասեր, պարտաճանաչ և ընդունակ աշակերտ է դրսևորում և միաժամանակ նախապատրաստվում է ուսումը շարունակելու և բարձրագույն կրթություն ստանալու։ Իր երազանքը իրականացնելու նպատակով նա դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Ուկրաինա և ընդունվում Խարկովի համալսարանի բնագիտական ֆակուլտետ, սակայն որոշ ժամանակ անց հասկանում է, որ կատարել է սխալ ընտրություն։ Նրան հանգիստ չէր տալիս բժիշկ դառնալու ցանկությունը, ուստի ուսումից մեկ տարի անց դիմում է համալսարանի ղեկավարությանը, որպեսզի ուսումը շարունակի բժշկական ֆակուլտետում և ստանում է համաձայնություն։ Ոգևորված բժիշկ դառնալու հեռանկարով` Ա. Շահվերդյանը, ակտիվորեն մասնակցում է գործնական պարապմունքներին և դասախոսություններին, կատարում ուսանողի իր պարտականությունները և դասախոսների հանձնարարությունները, հաճախակի կլինիկայում հերթապահում է, օգնում բուժանձնակազմին հիվանդների խնամքի ու բուժման գործում, ձեռք է բերում զգալի փորձ։ Գործնական հմտությունների հետ միաժամանակ նա ուսումնասիրում էր բուհում դասավանդվող բժշկական առարկաների տեսության հարցերը՝ հաճախ օգտվելով գրքերից և բժշկական ամսագրերից, որոնց էջերում գտնվում էր իրեն հուզող հարցերի պատասխանները այս կամ այն թեմայի վերաբերյալ։

Իր ժողովրդի հերոսական անցյալին և ծանր ներկային շատ լավ ծանոթ հարավից եկած երիտասարդը, շփվում է երիտասարդության այլ խմբերի ներկայացուցիչների և հեղափոխական տրամադրություններով տոգորված առաջադեմ ուսանողների հետ, նրանց կազմակերպած ընդհատակյա հավաքներին և ուսանողական ցույցերին մասնակցել է շատ հաճախ, որոնց ընթացքում ձեռք է բերել որոշակի փորձ հետագա հասարակական ու քաղաքական աշխատանքների համար։ Իր արհավիքներով սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որին Ռուսաստանը մասնակից է դառնում։ Այն խաթարում է շատ շատերի, այդ թվում նաև Ա. Շահվերդյանի կյանքի նորմալ ընթացքը։ Հայսատանում ծավալվող իրադարձությունների մասին ծանր ու հոգեմաշ լուրերը հասնում են նրան, իսկ նրա ողջ էությունը ցնցում է թուրքական կառավարության կողմից 1915 թվականի եղեռնը և նրան խոր մտատանջությունների մեջ գցում։ Նա ցանկացավ օգնել իր ժողովրդին, ինչը կաներ ցանկացած ազնիվ հայ, սակայն նա շատ հեռու էր իր հայրենիքից և զրկված էր նրա ճակատագրի վրա ազդելու հնարավորությունից։

Երիտասարդ բժիշկը համալսարանը հաջողությամբ ավարտելուց անմիջապես հետո 1916 թվականին որպես զինվորական բժիշկ զորակոչվում է գործող բանակի բժշկական ծառայության ստորաբաժանումներում։ Բելառուսական և ռումինական ռազմաճակատներում ակտիվորեն մասնակցում է ռուսական բանակի զորամասերի մարտական գործողություններին։ Արամ Շահվերդյանը ռազմաճակատի ծանր պայմաններում ցույց էր տալիս անհրաժեշտ բուժօգնություն վիրավոր և հիվանդ սպաներին ու զինվորներին։ Ձեռնարկում է սանիտարական և ախտականխիչ միջոցառումներ ավագ գործընկերների հետ, որն ամրապնդում էր զինծառայողների առողջությունը, կանխում համաճարակային և վարակիչ հիվանդությունների բռնկումները։ Իր ծառայողական պարտականությունները ռազմաճակատում ազնվորեն կատարելու հետ մեկտեղ նա շարունակում է դեռևս ուսանողական տարիներին սկսած հեղափոխական գործունեությունը, որը չէր կարող մնալ աննկատ։ Շուտով նրա անունը հայտնվում է անհուսալիների ցուցակում, որը կազմվել էր հրամանատարության կողմից։ Արամ Շահվերդյանը 1917 թվականին հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից որոշ ժամանակ անց զորացրվում և վերադառնում է Խարկով։ Այնտեղ նա ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1918 թվականին նա նորից զորակոչվում է Կարմիր բանակ երկրում ծավալվող քաղաքացիական պատերազմի պատճառով, որտեղ նշանակվում է Խարկովի էվակոհոսպիտալի զինվորական կոմիսար՝ հիմնականում զբաղվելով քաղաքական գործունեությամբ։ Հակահեղափոխական խմբավորումներին հաջողվում է 1919 թվականին կոտրել Կարմիր բանակի ստորաբաժանումների դիմադրությունը և գրավել Խարկովը։ Թշնամու կողմից ժամանակավորապես գրավված քաղաքից Արամ Շահվերդյանը հեռանում և վերադառնում է Անդրկովկաս։ Քաղաքական և տնտեսական ծանր իրադրության պայմաններում մինչև 1920 թվականը Թիֆլիսում աշխատել է որպես շտապ բժշկական օգնության կայանի վարիչ, ձգտելով իր հնարավորությունների սահմանում ինչ-որ չափով բարձրացնել շտապ, հատկապես անհետաձգելի բժշկական օգնության որակը, որը ցույց էր տրվում ազգաբնակչությանը։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը շարունակում է նաև այդտեղ։ Ա. Շահվերդյանը, որի հայացքներն ու գործունեությունը վաղուց հայտնի էին մենշևիկյան իշխանություններին, մայիսմեկյան ցույցի կազմակերպմանը ակտիվորեն մասնակցելու համար ձերբակալվում է և ուղարկվում Քութայիսի, իսկ որոշ ժամանակ անց՝ Բաթումի բանտը։ Սակայն ո՛չ հոգեկան և ֆիզիկական ճնշումները և ո՛չ էլ բանտային պայմանները չեն կարողանում կոտրել նրա կամքը, և նա բանտից հետևում է Անդրկովկասյան հանրապետություններում տեղի ունեցող իրադարձություններին։

Ադրբեջանում, ապա Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր։ Վրաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո 1921 թվականին կոմունիստ բժիշկն ազատվում է բանտից։ Բաթումից Թիֆլիս վերադառնալով՝ նա Վրացական ԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսարիատի կազմակերպման աշխատանքների մեջ է ներգրավվում։ 1921 թվականին նրան նշանակում են առժողկոմատի սանիտարական լուսավորության բաժնի վարիչ և կոլեգայի անդամ` նկատի ունենալով Արամ Շահվերդյանի բժշկական և հասարակական-քաղաքական աշխատանքների հարուստ փորձը։ Պաշտոնը պարտավորեցնող էր, և նա ջանասիրությամբ գործի է անցնում, կազմակերպում սանիտարահիգիենիկ միջոցառումներ։ Նա մայրաքաղաքում հանդես էր գալիս դասախոսություններով` հաշվի առնելով, որ ժողովրդական լայն զանգվածները անտեղյակ են սանիտարական կանոններից։ Զրույց-զեկույցներ էր կազմակերպում հանրապետության շրջաններում աշխատող բուժաշխատողների համար՝ առաջարկելով առաջնահերթ թեմաներ, որոնք կնպաստեին ունկնդիրների գիտելիքների ընդլայնմանը և հնարավորություն կտային ապահովելու առողջ կենցաղը և խուսափելու հիվանդությունների ծագման ու զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու։ Անվանի բժիշկը որոշ ժամանակ եղել է սոցիալական ապահովության ժողկոմատի և Վրաստանի ԽՍՀ Առողջապահության լիազոր՝ հարևան երկու հանրապետությունների համապատասխան ժողկոմատների միջև սերտ կապ պահպանելով։ 1922 թվականին նա զբաղեցնում է Անդրկովկասյան երկաթուղու առողջապահության բաժնի վարիչի պաշտոնը։ Անդրերկաթուղու ցանցը տարածվում էր երկաթուղային բազմաթիվ կայարաններում, որտեղ առողջապահության բաժինն ուներ ամբուլատորիաներ, սանիտարական կետեր, իսկ որոշ տեղերում նույնիսկ հիվանդանոցներ։ Անդրկովկասի երկաթուղային կայարանների բժշկասանիտարական ցանցի ընդլայնման և բժշկական անձնակազմերի գործունեության մակարդակի բարձրացման գործում զգալի աշխատանք է կատարել Արամ Շահվերդյանը՝ ձեռնարկելով գնացքներում վագոնների մաքրության պահպանման մի շարք միջոցառումներ, նպաստել է կայարանի սանիտարական վիճակի բարելավմանը, որը խիստ կարևոր էր համաճարակային հիվանդությունների բռնկումները կանխելու համար։

1926 թվականին Արամ Շահվերդյանը մեկնում է արտասահման՝ երկարատև գործուղման։ Այդ գործուղման ընթացքում նա լինում է Ֆրանսիայում և Գերմանիայում, որտեղ բժշկական մի շարք առաջատար հիմնարկների աշխատանքներին է ծանոթանում, տեսնում է այդ հիմնարկներից յուրաքանչյուրի գործունեության առանձնահատկությունները, բժշկական սարքավորումներով նրանց հագեցվածությունները։ Սակայն գործուղման ժամանակաշրջանում նա ուսումնասիրում է ոչ միայն առողջապահության կազմակերպչին հետաքրքրող հարցերը, այլ նաև մեծ հետաքրքրություն է ցուցաբերում կլինիկական որոշ բնագավառների հանդեպ։ Իր գիտելիքների շրջանակը ուրոլոգիայի և մաշկավեներաբանության բնագավառներում ընդլայնում է Փարիզի կլինիկաներում, ծանոթանում ժամանակակից ուղղություններին։

Գործողումից վերադառնալուց հետո 1927 թվականին Թիֆլիսում կազմակերպում է դիսպանսեր, որտեղ կիրառում էին Եվրոպայում ընդունված մի շարք եղանակներ՝ բուժախտականխիչ միջոցառումների ընթացքում։ Մինչև 1936 թվականը շարունակում ղեկավարել Անդրերկաթուղու առողջապահության բաժինը։ Արամ Շահվերդյանի առողջապահության բնագավառում բազմամյա փորձը և բազմամարդ կոլեկտիվ ղեկավարելու կարողությունները հաշվի առնելով` հոկտեմբեր ամսին նրան հրավիրում են Երևան և նշանակում բժշկական ինստիտուտի տնօրեն։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է մինչև 1937 թվականի մայիսի կեսերը։ Բուհի 7-ամսյա ղեկավարության կարճատև ժամանակաշրջանում նա իրեն դրսևորեց որպես ուսումնական և գիտական աշխատանքների բնագավառի գիտակ, բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ։ Նա ձեռնարկեց մի շարք արդյունավետ միջոցառումներ՝ հենվելով ինստիտուտի անվանի մանկավարժ գիտնականների վրա, նրանց օգնությամբ պահպանելով լավագույն ավանդույթները։ Միջոցառումների նպատակն էր բարձրացնել գիտամանկավարժական աշխատանքների մակարդակը, ինչպես նաև ամուր հիմքերի վրա դնել ապագա բժիշկներին բժշկական խոր գիտելիքներ հաղորդելու, նրանց դաստիարակման գործը։ Ամբիոններում տարվող ուսումնական գործընթացի, գիտահետազոտական աշխա­տանքների պլանների կատարման ընթացքի, երիտասարդ գիտաշխատողների գիտական գործունեության խթանման, ինչպես նաև մանկավարժական կադրերի ընտրության, նրանց աճի և գործուղումների մասին հարցերը միշտ նրա ուշադրության կենտրոնում էին։ Միջազգային հարաբերությունների վատթարացման պայմաններում ինստիտուտում կազմակերպվում են հակաօդային քիմիական պաշտպանության խմբակներ՝ վերադաս մարմինների և Արամ Շահվերդյանի միջոցով, որոնց մեջ ընդգրկվում են բոլոր առաջին կուրսեցիները և բարձր կուրսերի այն ուսանողները, որոնք հակաօդային քիմիական պաշտպանության դասընթաց չէին անցել և քննություն չէին հանձնել։ Կարճ ժամանակում Արամ Շահվերդյանը կարողացավ ցույց տալ, որ ընդունակ է բարձրացնել բուհի հեղինակությունը և կազմակերպել մանկավարժական և գիտական աշխատանքները ժամանակի պահանջներին համապատասխան, սակայն նա չկարողացավ իրականացնել իր մտահղացումներն այդ բնագավառում։ Նրան իրենց հորձանուտի մեջ առան Ստալինյան բռնարարքները։ Արամ Շահվերդյանը միանգամայն անսպասելի 1937 թվականին ազատվեց բժշկական ինստիտուտի տնօրենի պաշտոնից, ձերբակալվեց անհիմն մեղադրանքով և աքսորվեց հեռավոր արևելք։ Մինչև 1947 թվականը ապրեց և աշխատեց Մագադանի մարզում, հետո իրավունք ստացավ վերադառնալու հայրենիք։ Հյուսիսի ցուրտն ու սառնամանիքը չկոտրեցին իր հարազատներից և ժողովրդից հեռացած մարդասեր բժշկի կամքը։ Հոգեպես ճնշում էր նրան աքսորականի վիճակը, սակայն Արամ Շահվերդյանը մնաց նույն բարի, հոգատար բժիշկը, որ սիրալիր էր մարդկանց հանդեպ` անկախ նրանց հասարակության մեջ գրաված դիրքի և նրանց ազգային պատկանելությունից, կարեկից նրանց հոգսերին ու ցավերին։ Մագադանում աշխատելով որպես առողջապահության կազմակերպիչ և բժիշկ՝ նա հնարավորության սահմաններում բուժեց հիվանդներին, օգնեց մարդկանց, փրկեց շատերի կյանքը՝ իրեն դրսևորելով որպես պարտաճանաչ և հմուտ մասնագետ և ազնիվ քաղաքացի։

Նա ստիպված էր լինում զբաղվել կլինիկական բժշկության տարբեր բնագավառների հիվանդների բուժմամբ, քանի որ զգացվում էր բժիշկների պակաս։ Մագադանում աշխատելու ժամանակաշրջանում նա ղեկավարել է հիվանդանոցների մաշկավեներական և ուրոլոգիական հիվանդությունների ամբուլատորիաների բաժանմունքներ՝ արժանանալով ղեկավարության պարգևներին և բարձր գնահատականին։ Նրան բախտ վիճակվեց վերադառնալ հայրենիք և դեն նետել աքսորականի դրոշմը։ 1947 թվականին գալով Երևան՝ որպես ասիստենտ աշխատանքի է անցնում բժշկական ինստիտուտի մաշկավեներական հիվանդությունների ամբիոնում։ 1948-1950 թվականներին Արամ Շահվերդյանը Երևանի հանրապետական և քաղաքային մաշկավեներական դիսպանսերների խորհրդատուն էր, այնուհետև նա զբաղեցնում է ուռուցքաբանության և ռենտգենաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական քարտուղարի ապա կազմակերպական մեթոդական բաժնի վարիչի պաշտոնները՝ իր պարտականությունները բարեխղճորեն կատարելով[2]։

Գիտական գործունեություն խմբագրել

Արամ Շահվերդյանը նաև զբաղվում էր գիտական գործունեությամբ, որը հիմնականում վերաբերում էր վեներական, մաշկային և օնկոլոգիական հիվանդությունների արդիական պրոբլեմներին։ Անդրկովկասում նա առաջիններից մեկն էր, ով հրատարակեց մի հոդված, որտեղ հաստատում էր բժշկակենսաբանական պրոբլեմների դիտարկման անհրաժեշտությունը դեռևս 20-ական թվականների առաջին կեսին, իսկ 1931 թվականին 110 գիտնականների հետ ակտիվորեն մասնակցել է սիֆիլիսին վերաբերող հարցերի քննարկմանը՝ ամերիկյան ամսագրի առաջարկությամբ[3]։ Նա շուրջ 50 գիտական աշխատությունների, «Սիֆիլիսային պանդեմիայի ծագման, պատճառների և դինամիկայի մասին» (1933), «Սիֆիլիս և սիֆիլիմետրիա», (1928) մենագրությունների հեղինակ է։ Մագադանում իր բժշկական գործունեության տարիներին զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով, որոնք վերաբերում էին հիմնականում մաշկային հիվանդությունների՝ թզախտի, թեփավոր որքինի, մաշկախտի և ազգաբնակչության շրջանում համեմատաբար մեծ տարածում ստացած այլ ախտաբանական պրոցեսների ախտածնության, բուժման և կլինիկայի հարցերին։ Հայաստանում նա առաջինն էր, որ հաստատեց տուլարեմիայի առկայությունը հանրապետությունում, որը մինչ այդ հետազոտողների կողմից ժխտվում էր։ Ուռուցքաբանության և ռենտգենաբանության ինստիտուտում աշխատելու տարիներին գիտնականը զբաղվում է ուռուցքաբանության հարցերով, մասնավորապես ավշային գեղձի, մաշկի և շրթունքի քաղցկեղի պրոբլեմներով՝ մանրամասն լուսաբանելով դրանց տարածվածությունը և ընթացքը Հայաստանում։ Իր ողջ գիտական կյանքի ընթացքում Ա. Շահվերդյանը հավատարիմ մնաց իր առաքելությանը, ծառայեց մարդկանց և կյանքից հեռացավ իրեն ճանաչողների, աշխատանքային ընկերների կողմից հարգված ու սիրված՝ թողնելով պայծառ անուն և բարի հիշատակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. Մ. Մարտիրոսյան, ԵՊԲՀ ռեկտորներ, Երևանի պետական բժշկական համալսարան, 2000, էջ 17
  2. «Արամ Սերգեյի Շահվերդյան».
  3. Վ. Մ. Մարտիրոսյան, ԵՊԲՀ ռեկտորներ, Երևանի պետական բժշկական համալսարան, 2000, էջ 20

Արտաքին հղումներ խմբագրել