Առնուլֆ Կարինտացի

Արևելյան Ֆրանկիայի թագավոր

Առնուլֆ Կարինտացի (գերմ.՝ Arnulf von Kärnten, 850 թվականի հոկտեմբեր - 8 դեկտեմբերի, 899 թվական, Ռեգենսբուրգ). Արևելյան Ֆրանկյան պետության թագավոր 887 թվականից, և Արևմուտքի կայսր՝ 896 թվականից, Կարոլինգների արքայատոհմի գերմանական ճյուղի ներկայացուցիչներից մեկը։

Առնուլֆ Կարինտացի
Ծնվել է՝մոտ 850[1][2]
Ծննդավայրանհայտ
Մահացել է՝դեկտեմբերի 8, 899[3]
Վախճանի վայրՌեգենսբուրգ, Բավարիա[4]
St. Emmeram's Basilica և St. Emmeram's Abbey[5]
ՏոհմԿարոլինգներ[3]
միապետ
ՀայրCarloman of Bavaria?[3]
ՄայրLiutswind?[3]
ԵրեխաներԼյուդովիկոս IV Մանուկ[6], Ratold of Italy?[7], Zwentibold?[8] և Ellinrat?[7]
ՍտորագրությունИзображение автографа

Կյանքի վաղ տարիները և գահակալումը խմբագրել

Առնուլֆը Բավարիայի և Իտալիայի թագավոր Կարլոմանի և վերջինիս հարճ Լիութսվինդայի ապօրինածին որդին էր։ Նրա մանկությունն անցել է Կարինտիայի դքսությունում՝ մոր մոտ։ Հոր մահից քիչ անց Առնուլֆը փորձում է իր համար ապահովել Բավարիայի գահը, սակայն ապարդյուն։ Կարլոմանի մահից հետո 880 թվականին Բավարիան անցավ վախճանված թագավորի եղբորը՝ Լյուդովիկոս III Կրտսերին, ապա Կարլ III Հաստամարմնին։ Այդպիսով, Առնուլֆը ժառանգեց միայն Կարինտիան, ինչպես նաև արևմտյան բոլոր վարչական շրջանները՝ Ֆրիուլիից մինչև Շտիրիա։ 887 թվականի աշնանը, օգտվելով ժողովրդական ապստամբությունից, բավարացիներից ու սլավոններից հավաքված զորքերի աջակցությամբ, Առնուլֆը հարձակվեց իր հորեղբայր Կարլ III Հաստամարմնի տիրույթների վրա և պահանջեց հրաժարվել գերմանական (այսինքն՝ Արևելյան Ֆրանկյան) գահից։ Տրեբուրում գումարված ժողովի ընթացքում Արևելյան Ֆրանկիայի մեծամեծները ճանաչեցին Առնուլֆի իշխանությունը, և վերջինս դարձավ Գերմանիայի թագավոր, իսկ Կարլը հեռացավ Շվաբիա, որտեղ էլ շուտով վախճանվեց (888 թվականի հունվարին)։

Թագավորության սկզբնական տարիները խմբագրել

Կարլի անկումը ցույց էր տալիս, որ Կարոլինգների տոհմի ժառանգական գահակալման ավանդույթը վերանում էր, ուստի Արևմտյան Ֆրանկյան պետության մյուս շրջանների իշխաններն ու եպիսկոպոսները կարող էին թագավորին ընտրել։ Չնայած դուքսերի ու կոմսերի մի ամբողջ շարք, ինչպես օրինակ Փարիզի կոմս Էդը, Վերին Բուրգունդիայի թագավոր Ռուդոլֆ I-ը, Ներքին Բուրգունդիայի թագավոր Լյուդովիկոս III Կույրը և Իտալիայի թագավոր Բերենգար I-ը, ճանաչեցին Առնուլֆի անկախությունը, բայց այդքանը բավարար չէր միապետական գահի իրավական ժառանգման համար։ Իր իշխանության տարիներին Առնուլֆին հաջողվեց ունենալ որոշակի հաջողություններ, սակայն դրանք բոլորը կարճատև եղան։ Երբ 891 թվականին նորմանները խուժեցին Լոթարինգիա և հունիսի 26-ին Գյոյլե գետի մոտ (Մաստրիխտի մերձակայքում) ջախջախեցին գերմանական զորքերին, Առնուլֆը բանակ հավաքեց և Լյովենի ճակատամարտում նրանց հաղթեց 891 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչը, սակայան, նորմաններին ետ չպահեց երկրորդ արշավանքից։ Այնուհետև Առնուլֆն արշավ սկսեց՝ ընդդեմ իշխանության ձգտող Մեծ Մորավիայի իշխան Սվյատոպոլկ I-ի։ Սվյատոպոլկը զորեղ պետության ղեկավար էր, որի տիրույթներն ընդգրկում էին ժամանակակից Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի մեծ մասը։ Մորավյան բանակի դեմ Առնուլֆի ձեռնարկած ռազմական գործողությունները սկզբնական շրջանում հաջողություն չունեցան։ Ուստի 892 թվականին նա օգնության դիմեց այդ ընթացքում Դանուբի միջին հոսանք ժամանած քոչվոր հունգարներին։ 893 թվականին Առնուլֆը բանակցություններ վարեց բուլղարների իշխան Վլադիմիր Ռասատեի հետ (խան Բորիս I-ի որդու)՝ նրան համոզելով դադարեցնել Տրանսիլվանիայից աղի արտահանումը դեպի Մորավիա։ 894 թվականին հունգարներն արդեն զենքն ուղեցին իրենց ոչ վաղուցվա դաշնակիցների՝ Արևելյան ֆրանկների դեմ, և Առնուլֆն այժմ ստիպված էր խաղաղության բանակցություններ վարել Մեծ Մորավիայի հետ։

Գործերն Իտալիայում խմբագրել

 
Առնուլֆ Կարինտացին և Լյուդովիկոս IV Մանուկն՝ ըստ Յոհան Յակոբ Յունգի (19-րդ դար):

Այդ նույն ժամանակ Առնուլֆին օգնության խնդրանքով դիմեց պապ Ֆորմոսը, ում վտանգ էր սպառնում Գվիդոն Սպոլետացու կողմից, ով հաղթել էր իր մրցակից Բերենգար I-ին և վիճարկում էր Առնուլֆի իշխանությունը Իտալիայում։ Զգալի կորուստների գնով հասնելով Պիաչենցա, Առնուլֆը ստիպված եղավ նահանջել՝ Ռուդոլֆ Բուրգունդացու բարձրացրած ապստամբության պատճառով։ Այդ ժամանակ, մինչ Առնուլֆը ձգտում էր ճնշել Բուրգունդիան, Գվիդոնը վախճանվեց, իսկ նրա մրցակից Բերենգարը Պավիայում հռչակվեց թագավոր։ Զգուշանալով իտալական գահի ամրապնդումից՝ Գերմանիայի թագավորը հաջորդ տարում (895 թ.) վերադարձավ Իտալիա, որտեղ նրա դեմ էին համախմբվել Բերենգարն ու Գվիդոնի որդի Լամբերտը՝ իրենց կողմը գրավելով իտալական այլ վասալների ևս։ Ամենից առաջ Առնուլֆը գրոհով վերցրեց Հռոմը, որը պաշտպանում էր Գվիդոնի այրին՝ Ագիլտրուդան։ Նրան, որպես միապետ, թագադրել էր Ֆորմոսը 896 թվականի փետրվարի 22-ին։

Մահը խմբագրել

Իտալիայում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով Առնուլֆը ստիպված եղավ վերադառնալ Գերմանիա։ Երեք տարի տառապելով ծանր հիվանդությունից, նա վախճանվեց Ռեգենսբուրգում 899 թվականի դեկտեմբերի 8-ին։ Թեև Առնուլֆը պատվիրել էր, որ գահի վրա իրեն հաջորդի իր ապօրինածին որդիներից մեկը՝ Լոթարինգիայում իշխող Ցվենտիբոլդը կամ Իտալիայում հորը փոխարինած Ռատոլդը, սակայն մեծամեծներն ընտրեցին Առնուլֆի մանկահասակ որդուն՝ Լյուդովիկոս IV Մանուկին, ով միակ օրինական ժառանգն էր։ Նա եղավ Կարոլինգների վերջին ներկայացուցիչը Գերմանիայում, որի մահով 911 թվականին արքայատոհմի այս ճյուղը հանգավ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Faceted Application of Subject Terminology
  2. Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 290—292. — ISBN 978-2-9501509-3-6
  4. http://universitypublishingonline.org/cambridge/histories/chapter.jsf?bid=CBO9781139055727&cid=CBO9781139055727A014
  5. https://web.archive.org/web/20140201175425/http://sepolture.storia.unipd.it/index.php?page=scheda&id=54
  6. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 296—297. — ISBN 978-2-9501509-3-6
  7. 7,0 7,1 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 296. — ISBN 978-2-9501509-3-6
  8. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 293—295. — ISBN 978-2-9501509-3-6