Սվյատոպոլկ I (Մեծ Մորավիայի իշխան)
Սվյատոպոլկ Ա, ((լատիներեն՝ Zuentepulc, Zuentibald, Sventopulch, հին սլավոներեն՝ Свѧтопълкъ և գրադարձված՝ Svętopъłkъ, հունարեն՝ Sphendoplokos)[1], մահացել է 894 թվականին), 850-ականներից մինչև 871 թվականը՝ Նիտրայի իշխան, իսկ 871-894 թվականներին՝ Մեծ Մորավիայի երրորդ իշխանը, այս շրջանում Մեծ Մորավիան հասել է առավելագույն ծավալի[2][3]։ Սերում է Մոյմիրների տոհմից։
Սվյատոպոլկ I | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 840 |
Մահացել է՝ | 894 |
Տոհմ | Մոյմիրների արքայատոհմ |
գերիշխան | |
Երեխաներ | Svatopluk II?, Mojmir II? և Predslav? |
Հավատք | ուղղափառություն |
Ճանապարհ դեպի իշխանություն
խմբագրելՍվյատոպոլկը Մեծ Մորավիայի իշխան Ռոստիսլավի ազգականն էր։ 850-ական թվականներից նա անցավ Նիտրայի իշխանության գլուխ, որը Մեծ Մորավիայի մի մասն էր։ Արևելյան ֆրանկների հարձակումից հետո 867 թվականին Ռոստիսլավը բարձրացրեց Սվյատոպոլկի պատվաստիճանը՝ նրան հռչակելով սյուզերեն՝ հուսալով, որ այդ կերպ կբարելավվի պետության սահմանների պաշտպանության վիճակը։ Սակայն Սվյատոպոլկի իշխանության ավելացման արդյունքում, փաստորեն, Մեծ Մորավիան բաժանվեց երկու մասի։ Ինչպես Ռոստիսլավը, այնպես էլ Սվյատոպոլկը ստիպված եղան դիմագրավել ներխուժումներին 868 և 869 թվականներին։ 870 թվականին Ռոստիսլավը պահանջեց հնազանդություն, սակայն Սվյատոպոլկը մերժեց և, դեռ ավելին, Նիտրայի իշխանության վրա ընդունեց Արևելյան Ֆրանկյան թագավորության հովանավորությունը։ Ի պատասխան Ռոստիսլավը փորձեց սպանել նրան և վերականգնել իր իշխանությունը Նիտրայի վրա։ Սակայն Սվյատոպոլկին հաջողվեց գերի վերցնել նրան և հանձնել Արևելյան ֆրանկներին՝ վերջինիս վաղեմի թշնամիներին։ Դատարանի որոշմամբ Ռոստիսլավին կուրացրին, որից հետո նա մահացավ բավարական մենաստաններից մեկում։
Ռոստիսլավի փոխարեն Արևելյան ֆրանկներն ուղարկեցին իրենց թեկնածուներին՝ կոմս Վիլհելմ II-ին և Էնգելշակ I-ին, որոնք պետք է կառավարեին Մեծ Մորավիայի արևմտյան մասը։ Իսկ Սվյատոպոլկը, որ իշխում էր արևելյան մասում, հույս ուներ իր իշխանությունը տարածել իշխանության ամբողջ տարածքի վրա և հրաժարվեց ընդունել Արևելյան ֆրանկների կատարած օկուպացիան, ինչի համար էլ վերջիններս նրան բանտարկեցին Մեթոդիուս Մորավացու հետ։ Սակայն մեկ տարի անց Մեծ Մորավիայի ժողսովուրդը, Սլավոմիրի գլխավորությամբ, ապստամբություն բարձրացրին Արևելյան ֆրանկների դեմ։ Ապստամբությունը ճնշելու նպատակով Լյուդովիկոս II Գերմանացու ուղարկած զորքերը պարտվեցին։ Լյուդովիկոսը գլխավորեց երկրորդ արշավանքն ապստամբների դեմ, որոնց այժմ ղեկավարում էր բանտից ազատված Սվյատոպոլկը։ Նա թեև խոստացել էր ճնշել ապստամբությունը, սակայն երբ ֆրանկյան զորքերը մտան Մեծ Մորավիա, Սվյատոպոլկն անցավ ապստամբների կողմը և ստանձնեց նրանց ղեկավարումը։ Այս երկրորդ արշավանքում ֆրանկյան զորքերը գլխովին ջախջախվեցին։
Իշխանությունը
խմբագրել871 և 872 թվականներին Սվյատոպոլկը ստիպված եղավ կրկին պաշտպանվել ֆրանկների հարձակումից։ 874 թվականին Սվյատոպոլկի և Լյուդովիկոս Գերմանացու դեսպանների միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որով Սվյատոպոլկը պարտավորվում էր հարկ վճարել Արևելյան Ֆրանկյան թագավորությանը և ձևականորեն ճանաչում էր վերջինիս գերիշխանությունը։ Փոխարենը նա ստացավ կարճատև դադար՝ իր ամենահզոր թշնամու դեմ պայքարում, ինչպես նաև նոր հողեր գրավելու և Մեծ Մորավիան զորեղ պետություն դարձնելու հնարավորություն։ Մեծ Մորավիայի ընդլայնումը նպաստեց նրա մշակութային գերազանցությանը հարևան պետությունների նկատմամբ։ Արդեն 874 թվականին Սվյատոպոլկն իր իշխանությունն էր հաստատել նաև Վիսլա գետի վերին հոսանքում։ Իսկ ավելի ուշ նա զբաղեցրեց նաև ժամանակակից Մորավիայի հյուսիսը՝ չեխական Օպավա քաղաքն՝ իր շրջակայքով։
Արդեն 880 թվականին Մեծ Մորավիային կցվեց Սիլեզիան և ժամանակակից Հունգարիայի արևելքը՝ Տիսա գետի միջին հոսանքում, որ այն ժամանակ պատկանում էր բուլղարներին։ 882 թվականին Սվյատոպոլկը, որպես Արևելյան Ֆրանկյան պետության թագավոր Կարլ III-ի դաշնակից, ներխուժեց իր վաղեմի թշնամիների՝ մարկիզներ Վիլհելմ II-ին և Էնգելշակ I-ին հանձնված տիրույթներ (այսինքն՝ Մեծ Մորավիայի արևմտյան հատվածը) և վտարեց նրանց։ Սրանք էլ իրենց հերթին Պանոնիայում դաշինք կնքեցին Առնուլֆ Կարինտացու հետ, որը բուլղարներին հանեց Սվյատոպոլկի դեմ։ Սվյատոպոլկը կոտորեց բուլղարներին և իր պետությանը կցեց նույնիսկ Պանոնիան, որ մտնում էր Առնուլֆի պետության կազմի մեջ։ 890 թվականից Սվյատոպոլկի պետության մաս կազմեցին Բոհեմիան և Լուժիցան։
Եկեղեցական քաղաքականությունը
խմբագրելՍվյատոպոլկն անցկացրեց սոցիալական և ռազմական խիստ կարևոր բարեփոխումներ՝ պահպանելով Մեծ Մորավիայի ազդեցիկ դիրքը Կենտրոնական Եվրոպայում։ այդ բարեփոխումները վերաբերում էին նաև 880 թվականին ստեղծված տեղի եկեղեցական իշխանությանը։ Նիտրայում հաստատվեց եպիսկոպոսական աթոռ, որը ենթարկվում էր արքեպիսկոպոս Մեթոդիուս Մորավացուն։ Նույն տարում Հռոմի Պապի նստավայրը տեղափոխվեց Մեծ Մորավիա, ինչը նշանակում էր հավասար դիրք՝ Արևմտյան Ֆրանկյան թագավորության հետ։ Սվյատոպոլկը դե-յուրե դարձավ թագավոր, չնայած որ մինչ այդ էլ հաճախ կոչվում էր Rex (թագավոր)։ Մեկ տարի անց Նիտրայում հիմնադրվեց առաջին վանքը (ներկայիս Սլովակիայի տարածքում)։ Սվյատոպոլկի իշխանության վերջին տարիներին, Մեթոդիուսի մահից հետո ելնելով ստեղծված բարդ հարաբերություններից, Հռոմի Պապն արգելեց Պատարագ մատուցել հին սլավոներենով, ապա Պապի հրահանգով վտարվեցին Մեթոդիուսի աշակերտները։
Մահը
խմբագրելՍվյատոպոլկը մահացավ 894 թվականին։ Մահից առաջ նա որդիներին կոչ արեց դիմադրել Արևմտյան ֆրանկներին և ամրապնդել Մեծ Մորավիայի պետությունը։ Սվյատոպոլկի մահից հետո Մեծ Մորավիայի իշխանը դարձավ նրա ավագ որդին՝ Մոյմիր II-ը։ Երկրորդ որդին՝ Սվյատոպոլկ II-ը ստացավ Նիտրայի իշխանությունը, իսկ կրտսեր որդին՝ Պրեդսլավը՝ տիրեց Բրատիսլավին։ Ավելի ուշ Մոյմիր II-ի և Սվյատոպոլկ II-ի միջև գժտություն ծագեց, որի արդյունքում էլ սկսվեց Մեծ Մորավիայի անկումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Havlík 2013, էջ. 362
- ↑ Kirschbaum 2007, pp. 5., 278.
- ↑ Bartl 2002, pp. 17., 336.
Աղբյուրներ
խմբագրել- Barford, P. M. (2001). The Early Slavs: Culture and Society in Early Medieval Eastern Europe. Cornell University Press. ISBN 0-8014-3977-9.
- Skvarna, Dusan; Bartl, Július; Cicaj, Viliam; Kohutova, Maria; Letz, Robert; Seges, Vladimir (2002). Slovak History: Chronology & Lexicon. Bolchazy-Carducci Publishers. ISBN 0-86516-444-4.
- Bowlus, Charles R. (1994). Franks, Moravians and Magyars: The Struggle for the Middle Danube, 788–907. University of Pennsylvania Press. ISBN 0-8122-3276-3.
- Reuter, Timothy (1992). The Annals of Fulda. Manchester University Press. ISBN 0-7190-3458-2.
- MacLean, Simon (2003). Kingship and Politics in the Late Ninth Century: Charles the Fat and the End of the Carolingian Empire. Cambridge University Press. ISBN 0-521-81945-8.