Անտիգոնոս I Միակնանի

մակեդոնացի, թագավոր, զորավար, ռամական գործիչ, ստրատեգոս

Անտիգոնոս I Միակնանի (հին հունարեն՝ Ἀντίγονος ὁ Μονόφθαλμος, մ. թ. ա. 382, Էլիմիոտիս, Հունաստան - մ. թ. ա. 301, Իփսոս), մակեդոնացի ազնվական, զորավար, ապա սատրապ և թագավոր։ Ծառայել է Փիլիպոս II Մակեդոնացու բանակում։ Մ. թ. ա. 336 թվականին Փիլիպոս II-ի մահից հետո ծառայել է նրա որդի Ալեքսանդրին և վերջինիս մահից հետո ծավալված Դիադոքոսների պատերազմներում գլխավոր մասնակիցներից էր։ Մ.թ.ա. 306 թվականին իրեն թագավոր հռչակելով՝ հաստատում է Անտիգոնյան դինաստիան։

Անտիգոնոս I Միակնանի
Ἀντίγονος ὁ Μονόφθαλμος
Անտիգոնոս I-ի մետաղադրամը` «ΒΑΣΙΛΕΩΣ ΑΝΤΙΓΟΝΟΥ»` «Անտիգոնոս թագավոր» հունարեն մակագրությամբ
Անտիգոնոս I-ի մետաղադրամը` «ΒΑΣΙΛΕΩΣ ΑΝΤΙΓΟΝΟΥ»` «Անտիգոնոս թագավոր» հունարեն մակագրությամբ
Անտիգոնոս I-ի մետաղադրամը` «ΒΑΣΙΛΕΩΣ ΑΝΤΙΓΟΝΟΥ»` «Անտիգոնոս թագավոր» հունարեն մակագրությամբ
Մակեդոնիայի թագավոր
մ.թ.ա. 306–301 թթ.
Նախորդող Ալեքսանդր IV Մակեդոնացի
Հաջորդող Դեմետրիոս I Մակեդոնացի
 
Մասնագիտություն՝ զորավար և ռազմական գործիչ
Ծննդյան օր մ. թ. ա. 382
Ծննդավայր Էլիմիոտիս, Հունաստան
Վախճանի օր մ. թ. ա. 301
Վախճանի վայր Իփսոս
Դինաստիա Անտիգոնյան դինաստիա
Քաղաքացիություն  Հին Մակեդոնիա
Հայր Philippus?
Մայր mother of Antigonus Monophtalmus?
Ամուսին Ստրատոնիկե
Զավակներ Դեմետրիոս I Մակեդոնացի[1][2] և Փիլիպոս

Վաղ գործունեություն խմբագրել

Անտիգոնոսի կյանքի և գործունեության վաղ շրջանի մասին շատ բան հայտնի չէ։ Հավանաբար կարևոր պաշտոն է զբաղեցրել մակեդոնական բանակում, քանի որ պատմական աղբյուրներում Անտիգոնոսի մասին առաջին հիշատակություններում նշվում է, որ նա ղեկավարում էր Ալեքսանդրի բանակի մի մեծ հատված՝ դաշնակից հույներից կազմված 7000-անոց աշխարհազորը[3]։ Պլուտարքոսը հիշատակում է ոմն Անտիգոնոսի մասին, որը Պերինթոսի պաշարման ժամանակ (մ.թ.ա. 340) բաբանի հարվածի հետևանքով կորցրել էր աչքը[4]։ Քանի որ Անտիգոնոսը Փիլիպոսի հասակակիցն էր և ազնվական, նա ամենայն հավանականությամբ մասնակցել է Փիլիպոսի արշավանքներին, գուցե և ծառայել Փիլիպոսի եղբայրների՝ Ալեքսանդր II-ի և Պերդիկաս III-ի օրոք։

Ծառայությունն Ալեքսանդրի բանակում խմբագրել

Մ.թ.ա. 334 թվականին Անտիգոնոսը հավանաբար մասնակցել է Գրանիկոսի ճակատամարտին, քանի որ բանակի ստորաբաժանման հրամանատար էր, իսկ Ալեքսանդրի ամբողջ զորքը գտնվում էր Գրանիկոսում։ Երբ Ալեքսանդրն արշավում է դեպի արևելք, նա Փռյուգիայի սատրապ է նշանակում Անտիգոնոսին։ Իսոսի ճակատամարտից հետո նա հաջորդում է Մեծ Փռյուգիայի աքեմենյան սատրապ Աթիզյեսին, որը սպանվել էր ճակատամարտում։ Անտիգոնոսը հաջողությամբ կատարում է իր հիմնական պարտականությունը, այն է՝ պաշտպանել Ալեքսանդրի բանակի կապի և մատակարարման ուղիները Աքեմենյան կայսրության դեմ նրա մեծածավալ արշավանքի ընթացքում։ Իսոսի ճակատամարտում Ալեքսանդրի հաղթանակից հետո պարսկական բանակի մի մասը վերախմբավորվում է Կապադովկիայում և փորձում խաթարել մակեդոնացիների կապի և մատակարարման ուղիները, որոնք անցնում էին Փոքր Ասիայի կենտրոնական հատվածով, սակայն Անտիգոնոսը երեք ճակատամարտերում ջախջախում է պարսկական զորքին։

Ալեքսանդրի մահից հետո խմբագրել

Մ.թ.ա. 323 թվականին Ալեքսանդրի մահից հետո Ալեքսանդրի նվաճած տարածքների այսպես կոչված Բաբելոնյան բաժանման արդյունքում Անտիգոնոսի իշխանությունը տարածվում է Փռյուգիայի, Լիկաոնիայի, Պամփիլիայի, Լիկիայի և արևմտյան Պիսիդիայի վրա։ Նրա իշխանությանը սատարում է կայսրության ռեգենտ Պերդիկասը։ Սակայն, հրաժարվելով աջակցել Եվմենեսին նրան հատկացված նահանգներին՝ Պափլագոնիային և Կապադովկիային տիրելու հարցում՝ Անտիգոնոսը շուտով հարուցում է Պերդիկասի թշնամությունը։ Մակեդոնական բանակի զորավար Լեոնատոսն իր զորքի հետ մեկնել էր Հունաստան, և Անտիգոնոսը ստիպված էր միայնակ գործ ունենալ Կապադովկիայի հետ, ինչը նա, ըստ երևույթին, չէր կարող կամ չէր ցանկանում անել առանց օգնության։ Պերդիկասը հավանաբար սա համարում է ուղղակի արհամարհանք իր հեղինակության նկատմամբ, և արքայական զորքով արշավում Կապադովկիա՝ այն նվաճելու նպատակով։ Այստեղից Պերդիկասը շարժվում է դեպի արևմուտք՝ Փռյուգիա, որպեսզի սաստի Անտիգոնոսին։ Վերջինս որդու՝ Դեմետրիոսի հետ փախչում է Հունաստան, որտեղ կարողանում է արժանանալ Մակեդոնիայի փոխարքա (մ.թ.ա. 321) Անտիպատրոսի և Ալեքսանդրի գլխավոր գեներալներից մեկի՝ Կրատերոսի բարեհաճությանը։ Դիադոքոսների առաջին պատերազմում նա դաշինք է կազմում Անտիպատրոսի, Կրատերոսի և Պտղոմեոսի հետ։ Մ.թ.ա. 320 թվականին Անտիգոնոսը նավարկում է Կիպրոս և այստեղ հաստատում իր իշխանությունը[5]։ Պատերազմն ավարտվում է մ.թ.ա. 320 թվականին, երբ Պերդիկասը Պտղոմեոսի սատրապություն՝ Եգիպտոս, ներխուժելու անհաջող փորձի ժամանակ սպանվում է դժգոհ զորավարների՝ Սելևկոսի և Անտիգենեսի կողմից[6]։

Պերդիկասի մահից հետո խմբագրել

Մ.թ.ա. 321 թվականին Պերդիկասի մահվանից հետո կայսրությունը բաժանելու նոր փորձ է կատարվում Տրիպարադիսոսի պայմանագրով։ Անտիպատրոսը դառնում է կայսրության նոր ռեգենտ, իսկ Անտիգոնոսը՝ Ասիայի ստրատեգոս։ Անտիգոնոսին է վստահվում պատերազմը Պերդիկասի նախկին աջակիցների դեմ։ Նա ստանձնում է արքայական բանակի մի հատվածի հրամանատարությունը և որպես օգնություն ստանալով Անտիպատրոսի եվրոպական զորքերի մի մասը՝ արշավում Փոքր Ասիայում Պերդիկասի նախկին աջակիցների դեմ։ Չնայած թշնամու ավելի մեծաքանակ զորքին՝ Անտիգոնոսը Օրկինիայի ճակատամարտում նախ պարտության է մատնում Եվմենեսին՝ նրան ստիպելով նահանջել դեպի Նորա (հուն․՝ Νῶρα) ամրոց, որտեղ պաշարման մեջ թողնելով վերջինիս՝ շարժվում է դեպի Պիսիդիա Ալկետասի, Դոկիմոսի, Ատալոսի և Պոլեմոնի դեմ և Կրետոպոլիսի ճակատամարտում անսպասելի հարձակմամբ հաղթում իր ախոյաններին։ Այսպիսով, Անտիգոնոսն իրար հաջորդող երկու փայլուն արշավանքների ընթացքում ամբողջությամբ ոչնչացնում է Պերդիկասին սատարողներին՝ բացի Եվմենեսից, որն ապաստանել էր Նորայում[7]։

Դիադոքոսների երկրորդ պատերազմ խմբագրել

Անտիպատրոսը մ.թ.ա. 319 թվականին մահից առաջ ռեգենտությունը թողնում է ոչ թե իր որդի Կասանդրոսին, այլ Պոլիպերքոնին։ Անտիգոնոսը և մյուս տիրակալները հրաժարվում են ճանաչել Պոլիպերքոնին որպես ռեգենտ, քանի որ դա կխանգարեր իրենց հավակնություններին։ Անտիգոնոսը բանակցություններ է սկսում Եվմենեսի հետ, սակայն վերջինս արդեն անցել էր Պոլիպերքոնի կողմը, որը նրան գերիշխանություն էր տվել կայսրության բոլոր մյուս զորավարների նկատմամբ։ Խաբեությամբ դուրս պրծնելով պաշարումից՝ Եվմենեսը փոքրաքանակ զորքով փախչում է հարավ՝ Կիլիկիա։ Անտիգոնոսն այդ ընթացքում պատերազմում էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ Կլեիտոսի դեմ, որը մեծ նավատորմ ուներ Հելլեսպոնտոսում[8]։ Անտիգոնոսը և նրա ծովակալ Նիկանորը ցամաքով և ծովով կրկնակի հարձակում են ձեռնարկում Կլեիտոսի ճամբարի վրա, և անակնկալի գալով՝ վերջինիս ամբողջ զորքը գերի է ընկնում կամ սպանվում[9]։ Փոքր Ասիան հպատակեցնելուց հետո Անտիգոնոսը շարժվում է դեպի արևելք՝ Եվմենեսի դեմ պատերազմելու նպատակով։ Մինչ այդ Եվմենեսը վերահսկողություն էր հաստատել Կիլիկիայում, Սիրիայում և Փյունիկիայում, դաշինք կազմել մակեդոնական բանակի ստորաբաժանումներից Արծաթե վահանների և հիպասպիստների հրամանատար Անտիգենեսի և Տեուտամոսի հետ և սկսել նավատորմ հավաքել Պոլիպերքոնի համար[10]։ Խուսափելով Անտիգոնոսի հետ ընդհարումից՝ նա հեռանում է Փյունիկիայից և շարժվում դեպի Սիրիա և Միջագետք՝ ստանալու մյուս սատրապությունների աջակցությունը[11]։

Եվմենեսը ստանում է Միջագետքի, Բաբելոնիայի և Մեդիայի սատրապների օգնությունը և բանակցում այլ սատրապությունների հետ։ Եվմենեսն այնուհետև շարժվում է դեպի հարավ-արևելք՝ Պարսկաստան, որտեղ նրան են միանում լրացուցիչ ուժեր[12]։ Այդ ընթացքում Անտիգոնոսը հասնում է Շոշ և շարժվում Եվմենեսի ետևից։ Կոպրատաս գետի մոտ Եվմենեսն անակնալի է բերում Անտիգոնոսին և սպանում կամ գերեվարում մոտ 4000 զինվորի[13]։ Վերջնական պարտությունից խուսափելու համար Անտիգոնոսը որոշում է հետ շրջվել դեպի հյուսիս՝ շարժվելով դեպի Մեդիա։ Մ.թ.ա. 316 թվականի ամռան վերջին Անտիգոնոսը վերադառնում է հարավ՝ հույս ունենալով Եվմենեսին ճակտամարտի մեջ ներքաշել և պատերազմն արագ ավարտել։ Ի վերջո երկու բանակները բախվում են հարավային Մեդիայում, սակայն կողմերից և ոչ մեկը վճռական հաղթանակ չի տանում Պարայտակենեի ճակատամարտում[14]։ Անտիգոնոսը, որի զոհերն ավելի մեծաքանակ էին հետ է քաշվում՝ իր զորքերը տեղափոխելով անվտանգ վայր։ Մ.թ.ա. 316–315 թվականների ձմռանը Անտիգոնոսը փորձում է զորքն անապատով տանելով նորից անակնկալի բերել Պարսկաստանում գտնվող Եվմենեսին։ Գաբիենեի ճակատամարտում կողմերից որևէ մեկը կրկին չի կարողանում վճռական հաղթանակ տանել[15]։ Ըստ Պլուտարքոսի և Դիոդորոսի՝ Եվմենեսը հաղթել էր ճակատամարտում, սակայն կորցրել էր վերահսկողությունը բանակի ուղեբեռի նկատմամբ։ Ուղեբեռի շարասյունը ներառում էր ոչ միայն 30 տարվա հաջող պատերազմի ընթացքում Արծաթե վահանների ստորաբաժանման կուտակած թալանը՝ ոսկի, արծաթ, թարկարժեք քարեր և այլ ավար, այլև զինվորների կանանց և երեխաներին։ Ի պատասխան հրամանատար Տեուտամուսի՝ ուղեբեռի շարասյունը վերադարձնելու խնդրանքին՝ Անտիգոնոսը պահանջում է իրեն հանձնել Եվմենեսին։ Արծաթե վահանները ձերբակալում են Եվմենեսին ու նրա սպաներին և հանձնում Անտիգոնոսին[16]։ Թեև Անտիգոնոսը դեմ էր, խորհրդի մեծ մասը որոշում է մահապատժի ենթարկել Եվմենեսին, որով և ավարտվում է երկարամյա պատերազմը[17]։ Արդյունքում Անտիգոնոսն իր տիրապետությունն է հաստատում կայսրության ասիական տարածքներում։ Նրա իշխանությունը տարածվում է արևելյան սատրապություններից մինչև Սիրիա և Փոքր Ասիա։ Շոշում նա գրավում է գանձարանը և մտնում Բաբելոն։ Բաբելոնի նահանգապետ Սելևկոսը փախչում է Պտղոմեոսի մոտ և դաշինք կազմում վերջինիս, Լիսիմաքոսի և Կասանդրոսի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Димитрий Полиоркет (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 9. — С. 100—101.
  2. Любкер Ф. Antigonus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 96—97.
  3. Diodorus, Bibliotheca Historica, XVII, 17, 3–4.
  4. Richard A. Billows, Antigonos the One-Eyed and the creation of the Hellenistic State, pp. 28-29.
  5. Arrian, Ta Met’ Alex. 1,30; Richard A. Billows, Antigonos the One-Eyed and the Creation of the Hellenistic State, p. 66.
  6. Arrian, History of the Diadochi, 1,28; Diodorus Siculus, Bibliotheca Historica, XVIII 33,1-36,5; Cornelius Nepos, Parallel Lives, Eumenes 5,1.
  7. Richard A. Billows, Antigonos the one-eyed and the creation of the Hellenistic State, p. 79.
  8. Diodorus, Bibliotheca Historica, XVIII 72, 2–3.
  9. Diodorus, Bibliotheca Historica, XVIII 72, 3–4.
  10. Diodorus Sicilus, Bibliotheca Historica, XVIII 63,6.
  11. Diodorus Sicilus, Bibliotheca Historica, XVIII 73,1-2.
  12. Diodorus Sicilus, Bibliotheca Historica, XIX 17, 3–7.
  13. Diodorus Sicilus, Bibliotheca Historica, XIX 18, 3–7; Plutarch, Life of Eumenes, 14, 1–2.
  14. Diodorus Sicilus, Bibliotheca Historica, XIX 26–32,2; Richard A. Billows, Antigonos the One-Eyed and the Creation of the Hellenistic State pp. 95–98.
  15. Diodorus Sicilus, Bibliotheca Historica, XIX 42,1–3; Plutarch, Life of Eumenes, 16,5-6; Polyainos, Strategemata IV 6,13; Richard A. Billows, Antigonos the One-Eyed and the Creation of the Hellenistic State pp. 100–102.
  16. Diodorus Sicilus, Bibliotheca Historica, XIX 42, 4–43,8; Plutarch, Life of Eumenes, 16,4-17,1; Polyainos, Strategemata IV 6,13; Richard A. Billows, Antigonos the One-Eyed and the Creation of the Hellenistic State pp. 102–103.
  17. Diodorus Sicilus, Bibliotheca Historica, XIX 43, 8–44, 3; Plutarch, Life of Eumenes, 17, 1–19, 1; Richard A. Billows, Antigonos the One-Eyed and the Creation of the Hellenistic State p. 104.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիգոնոս I Միակնանի» հոդվածին։