Սելևկոս I Նիկատոր (մ. թ. ա. 358, Europos, Հունաստան - մ. թ. ա. 281, Lysimachia), Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը։ Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար։ Ալեքսանդրի մահից հետո կառավարումն ստացել է Բաբելոն սատրապությունը, որտեղ ամրապնդվել է մ. թ. ա. 312 թվականին։ Իշխանության համար դիադոքսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը, Սուզիանեն, Պարսքը, ապա Բակտրիան։ Մ. թ. ա. 305 թվականին իրեն հռչակել է թագավոր։ Արշավել է Հնդկաստան։ Իպսոսի ճակատամարտից (մ. թ. ա. 301) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը։ Մ. թ. ա. 281 թվականին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին, զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը, բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում։