Անուշ Նիկողոսյան (հուլիսի 7, 1989(1989-07-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դասական ջութակահարուհի։

Անուշ Նիկողոսյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1989(1989-07-07) (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունջութակահարուհի
Կայքanush-nikogosyan.com

Կենսագրություն խմբագրել

Անուշը ջութակի առաջին դասերը ստացել է հինգ տարեկանում։ Այնուհետև սովորել է հայ ականավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանի մոտ, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մի քանի տարի ուսանել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մոտ։ Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորել է պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի դասարանում։ 2013 թվականից Անուշ Նիկողոսյանը սովորում է պրոֆեսոր ջութակահար Ջուլիա Ֆիշերի դասարանում։ 2015 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան և նույն տարվա հոկտեմբերին հանձնում է կոնցերտ քննություն (Konzert-exam)։

2001-2005 թվականներին ստացել է Վլադիմիր Սպիվակովի միջազգային հիմնադրամի կրթաթոշակ։ 2012-2016 թվականներին ստացել է «Villa Musica» կամերային երաժշտական հիմնադրամի կրթաթոշակ[1]։

Որպես մենակատար՝ հանդես է եկել գերմանական Զաարբրյուքենի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի[2], Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի[3], Քարթների սիմֆոնիկ նվագախմբի, Մանհեյմի կամերային նվագախմբի, Մորավիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Քաունասի կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Ուրալի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լիտվայի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Քրիստոֆեր Վարեն-Գրինի, Դմիտրի Լիսի, Լեոս Սվարովսկու, Քրիստոֆ Պոպենի, Էդուարդ Թոփչյանի, Պավել Բերմանի, Ալեքսանդր Թրեգերի, Մարկուս Բոշի և այլ խմբավարների ղեկավարությամբ։

Մրցանակներ խմբագրել

Անուշ Նիկողոսյանն արժանացել է մրցանակների՝ ջութակի մի շարք միջազգային մրցույթներում․ 2010 թվականին դարձել է ավստրիական «International Kärntner Sparkasse Wörthersee» մրցույթի առաջին մրցանակակիր, որից հետո ստացել է բազմաթիվ հրավերներ։ Դրանց թվում՝ 2011 թվականի հուլիսին Անուշին հրավիրել են նվագելու ճապոնական «Pacific Music Festival Sapporo» նվագախմբում՝ որպես մենակատար։ 2014 թվականի օգոստոսին նրան հրավիրել են մասնակցելու «Rimini Meeting Festival», «The Festival della Nazioni», իտալական «Ravello Music Festival» փառատոններին, նույն տարվա հոկտեմբերին՝ ավստրիական «Brucknerfest» և «Երևանի միջազգային երաժշտական փառատոնին»։

Նա նվագել է Ֆրանկֆուրտի, Նիսի, Լինցի, Կլագենֆուրտի, Վարշավայի, Երևանի և այլ համերգասրահներում։ 2015 թվականի մայիսին նա առաջին անգամ հանդես է եկել Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյի համերգասրահում[4]։ Որպես մենակատար՝ Անուշ Նիկողոսյանը համերգներով հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Միացյալ Թագավորությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում, Չինաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Իսրայելում, Նիդերլանդներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Սլովակիայում, Լեհաստանում և Ավստրիայում։ Որպես կամերային երաժիշտ՝ նա պարբերաբար մասնակցում է տարբեր փառատոնների և ներկայացնում կամերային երաժշտացանկ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ջուլիա Ֆիշերը, Քիմ Քաշքաշյանը, Նիլս Մոնկեմեյերը, Սերգեյ Կրիլովը, Պավել Վերնիկովը, Ալեքսանդր Չաուշյանը, Մարիո Բրունելոն, Ֆրանկոիս Ֆրեդերիկ Գայը, Ռադովան Վլադկովիչը, Բենջամին Նիֆենեգերը։

Նա հաճախ է հանդես գալիս հայտնի երաժիշտների հետ, այդ թվում՝ Մանսուրյանի, Յերկանյանի, Շարաֆյանի, Զաքարյանի, Իսրայելյանի, Չաուշյանի։

2013 թվականից Անուշ Նիկողոսյանը նվագում է Գվադանինի ջութակով (Միլան, 1753)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Villa-Musica-Rheinland-Pfalz-Nikoghosyan-Anush». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  2. «www.mozarteum.at». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  3. «Armenian Soloists». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Review An eloquent remembrance by Armenian National Philharmonic». LA Times. 2015 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել