Աննա Զեգերս
Աննա Զեգերս (գերմ.՝ Anna Seghers, իսկական անուն-ազգանունը՝ Նեթի Ռադվանի (Netty Radványi), ի ծնե ազգանունը՝ Ռեյլինգ (գերմ.՝ Reiling), նոյեմբերի 19, 1900[1][2][3][…], Մայնց, Գերմանական կայսրություն[1][4] - հունիսի 1, 1983[2][3][5][…], Արևելյան Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[6]), գերմանացի գրող (ԳԴՀ)։ 1928 թվականից Գերմանիայի կոմկուսի, 1947 թվականից՝ ԳՄՍԿ անդամ։
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Քյոլնի և Հայդելբերգի համալսարաններում։ 1933-1947 թվականներին եղել է տարագրության մեջ (Ֆրանսիա, Մեքսիկա)։ Աննա Զեգերսի անդրանիկ ստեղծագործությունները՝ «Կնորսների ապստամբությունը» (1928), «Ուղեկիցները» (1932), նվիրված են տարբեր երկրների կոմունիստների հեղափոխական պայքարին։ «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատագրում» (1937) վեպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անցնելու նախօրեին, «Յոթերորդ խաչը» (1942, անգլ․, 1946, գերմ․) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակենտրոնացման ճամբարից, արտացոլված է Գերմանիայի հայրենասերների անկոտրում հավատը գերմանական ժողովրդի ապագայի նկատմամբ։ «Մեռածները երիտասարդ են մնում» (1949, հայ․ հրտ․ 1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակատագիրը։ «Որոշում» (1959) և «Վստահություն» (1968) վեպ-հերոսապատումներում հեղինակը դնում է սուր հարցեր, որոնց ծնունդ է տվել Գերմանիայի բաժանումը երկու մասի։ Զեգերսը սոցիալիստական ռեալիզմի վարպետներից է։ Նրա արձակին հատուկ է հոգեբանական վերլուծության արվեստը, բարոյական հարցադրումների խորությունը։ Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան միջազգային մրցանակների կոմիտեի, արվեստների գերմանական ակադեմիայի անդամ է։ Բազմիցս ընտրվել է Գերմանական գրողների միության նախագահ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՀ-ի ազգային մրցանակի (1951, 1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՀՄ) և ԳԴՀ-ի «Ժողովուրդների բարեկամության մեծ աստղ» շքանշաններով։
1967 թվականին եղել է Հայաստանում, Դիլիջանում գրել է «Իսկական կապույտը» պատմվածքը[7]։
Աննա Զեգերսը հայերենԽմբագրել
- Մեռածները երիտասարդ են մնում (վեպ), Ե., Հայպետհրատ, 1954, 596 էջ։ Թարգմ.՝ Ս. Սաղյան, Գ. Մարտիրոսյան։
ՍտեղծագործություններԽմբագրել
- 1933 — Գնահատված գլուխը (գերմ.՝ Der Kopflohn)
- 1935 — Ճանապարհ փետրվարին (գերմ.՝ Der Weg durch den Februar)
- 1942 — Յոթերորդ խաչը (գերմ.՝ Das siebte Kreuz)
- 1944 — Տրանզիտ (անգլ.՝ Transit Visa — 1944, գերմ.՝ Transit — 1947)
- 1946 — Մեռած աղջիկների զբոսանքը (գերմ.՝ Der Ausflug der toten Mädchen)
- 1949 — Մեռածները երիտասարդ են մնում (գերմ.՝ Die Toten bleiben jung)
- 1949 — Հարսանիք Հայիթիում (գերմ.՝ Die Hochzeit von Haiti)
- 1959 — Որոշում (գերմ.՝ Die Entscheidung)
- 1961 — Լույս կառափնարանում (գերմ.՝ Das Licht auf dem Galgen)
- 1962 — Կարիբյան էսքիզներ (գերմ.՝ Karibische Geschichten)
- 1968 — Վստահություն (գերմ.՝ Das Vertrauen)
- 1980 — Երեք կին Հայիթիից (գերմ.՝ Drei Frauen aus Haiti)
ԳրականությունԽմբագրել
- Գ. Մարտիրոսյան, Հանդիպում Աննա Զեգերսի հետ։ «Գրական թերթ», 1969, № 6:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 174—178. — ISBN 978-3-7609-1310-0
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118612743 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Գրական թերթ», 1969, № 6:
Արտաքին հղումներԽմբագրել
- Գերմանական մամուլը Աննա Զագերսի գրքերի մասին (գերմ.)
- Зегерс Анна // Большая Советская Энциклопедия, 3-е издание
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 680)։ |