Առաջին օգնություն, դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցառումներ։ Կատարվում է մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկ հասցնելը։ Երբ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը), անվանվում է ինքնաօգնություն, օրինակ՝ վնասվածքների ժամանակ ինքնուրույն վիրակապ դնելը, ստամոքսի լվացումը փսխում առաջացնող շարժումների միջոցով։ Փոխօգնությունը ցուցաբերում են ուրիշ մարդիկ և, որպես կանոն, այն ավելի ծավալուն է։

Առաջին օգնության համընդհանուր նշանը

Անհապաղ առաջին օգնություն հատկապես անհրաժեշտ է սուր սկսվող, կյանքին վտանգ սպառնացող վիճակների (օրինակ՝ կոմա, արյունահոսություն, թունավորումներ, ջրահեղձություն, շոկ, էլեկտրավնասվածք և այլն) ժամանակ։

Հաճախ առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը։ Օրինակ՝ ոսկրերի բաց կոտրվածքների ժամանակ վիրակապի և բեկակալի արագ ու ճիշտ դնելը հաճախ կանխում է վտանգավոր բարդությունները (շոկ, վարակ և այլն), գիտակցությունը կորցրած հիվանդին գլուխը կողքի թեքած որովայնի վրա պառկեցնելը խանգարում է փսխման զանգվածներն ու արյունը շնչափող ու բրոնխներ ընկնելուն և կանխում շնչարգելությունից մահվան վտանգը։

Միջոցառումներ խմբագրել

 
Ամերիկացի զինվորն առաջին օգնություն է ցուցաբերում վիրավոր իրաքցուն

Առաջին օգնությունն ընդգրկում է միջոցառումների 3 խումբ՝

  • արտաքին վնասակար գործոնի ազդեցության անհապաղ ընդհատում (էլեկտրական հոսանք, ծանրությամբ ճնշում) կամ անբարենպաստ պայմաններից տուժածի հեռացում (ջրից, տաք շինությունից դուրս բերելը և այլն)։
  • Վնասվածքի բնույթից կախված՝ առաջին օգնության միջոցառումներ
  • Անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպման համար դիմել մոտակա հիվանդանոց, պոլիկլինիկա, բուժակամանկաբարձական կետ, դեղատուն, քանի որ առաջին օգնությունը կարող է ցույց տալ այդ հիմնարկների ցանկացած աշխատող։

Առաջին օգնության ընդհանուր քայլեր խմբագրել

Ցանկացած արտակարգ իրավիճակ ինքնին մեծ սթրես է։ Պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել և խուճապի չմատնվել։ Արտակարգ իրավիճակի հետևանքով շատ հաճախ մարդիկ կորցնում են ինքնակառավարումը և կարող են դառնալ ոչ ադեկվատ։ Սրա հետևանքով առաջին օգնություն ցուցաբերելիս կարող են լինել խանգարող հանգամանքներ, որոնք հաճախ լինում են գիտելիքների բացակայության, սխալ գործելու վախի, անվստահության, անորոշության, տուժածի վնասվածքի բնույթի և այլնի հետևանքով։ Խանգարող հանգամանքները կարելի է վերացնել, եթե մարդը պատրաստված է և ունի համապատասխան գիտելիքներ։ Ցանկացած արտակարգ իրավիճակներում պետք է ձեռնարկվեն որոշակի քայլեր, որոնք կնպաստեն տուժածի վիճակի բարելավմանը, կկանխեն հետագա վտանգները։ Անկախ նրանից թե ինչ դեպք է պատահել, պետք է անել հետևյալ քայլերը՝

  • Դեպքի վայրի զննում և անվտանգության ապահովում, որն ներառում է չորս հարցերի պատասխաններ՝ ի՞նչ է պատահել, ի՞նչ վտանգ կա, քանի՞ տուժած կա, ո՞վ կարող է օգնել։ Շատ կարևոր է, որ դեպքի վայրի զննությունը և անվտանգության ապահովումը լինի լիարժեք ու եթե հնարավոր չէ ապահովել անվտանգությունը, ապա դեպքի վայրում գտնվող մարդկանց չթողնել որ մտնեն դեպքի վայր և անմիջապես ահազանգել մասնագետներին։
  • Զննել տուժածին և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Յուրաքանչյուր վնասվածքի կամ հիվանդագին վիճակի համար պետք է գործել ստեղծված իրավիճակին համապատասխան։
  • Օգնել տուժածին, որ ընդունի հարմար դիրք։ Սա ևս կախված է վնասվածքի բնույթից կամ հիվանդագին վիճակից։
  • Հանգստացնել տուժածին։ Շատ հաճախ արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածին բացի բուն առաջին օգնությունից հարկավոր է ցուցաբերել նաև հոգեբանական օգնություն։ Ստացած վնասվածքից կամ հիվանդագին վիճակից ելնելով մարդը կորցնում է ինքնակառավարումը։ Որպեսզի արդյունավետ լինի օգնությունը, պետք է հաշվի առնել մի քանի կանոններ։ Նախ պետք է ընտրել հարմար դիրք տուժածի նկատմամբ՝ կանգնել կամ կքանստել նրա դիմաց՝ հետևելով նրա դեմքի արտահայտությանը, միմիկային, մաշկի գույնին։ Տուժածի հետ խոսել հարգալից և հանգիստ ձայնով՝ հնարավորություն տալով, որ նա արտահայտի իր մտքերը։ Լինում են դեպքեր, երբ ցավի բնույթից կախված տուժածը կարող է արտասվել։ Երբ տուժածն իր կամ այլ մարդկանց վիճակի մասին հետաքրքրվում է, պետք չի չափազանցացնել կամ թերագնահատել տվյալ իրավիճակը։ Քանի որ անվստահություն կարող է առաջանալ նրա մոտ։ Միշտ հաշվի առնել տուժածի տարիքը։ Եթե տուժածը երեխա է, ապա ավելի հեշտությամբ կարելի է նրան շեղել՝ տալով կոնֆետ կամ խաղալիք։ Բայց սա կիրառելլի չէ մեծահասակների դեպքում։ Պետք է լինել ավելի նրբանկատ և հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել ստեղծված իրավիճակը։
  • Պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում կարող է խանգարվել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ Անգամ ամռան շոգին, տուժածը իր ստացած վնասվածքի կամ հիվանդագին վիճակի հետևանքով կարող է մրսել, ցուրտ եղանակին կարող է քրտնել և ջերմաստիճանը բարձրանալ։ Շատ հաճախ կարիք է լինում, որ տուժածին պաշտպանենք արևի անմիջական ճառագայթներից։ Դրա համար պետք է հնարավորինս ապահովենք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  • Վերահսկել տուժածի վիճակը։ Պարբերաբար ստուգել տուժածի անոթազարկը, շնչառությունը և գիտակցությունը։ Ուշադրություն դարձրեք նրա մաշկի գույնին։ Սա կօգնի ձեզ, որ հասկանաք թե ինչ խնդիրներ են զարգանում տուժածի մոտ։ Եթե տուժածն ունի վնասվածք կամ ինչ-որ հիվանդագին վիճակ և անոթազարկը հանգիստ ժամանակ 140 զարկից ավել կամ 50 զարկից պակաս է, ապա պետք է ենթադրեքլ որ նրա մոտ զարգանում է ներքին արյունահոսություն։ Հաճախ տուժածի մոտ կարող են նկատվել գիտակցության խանգարումներ, ոչ ադեկվատ խոսք և վարք։
  • Ահազանգ։ Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում պետք է իմանալ թե որ հեռախոսահամարով պետք է ահազանգել։ Ահազանգ կատարելու որոշումը կարելի է ընդունել ցանկացած պահի։ Մի դեպքում դա պետք է արվի դեպքի վայրի զննումից անմիջապես հետո, երբ հնարավոր չէ ապահովել անվտանգությունը։ Մեկ այլ դեպքում երբ վերջացրել է առաջին օգնության ցուցաբերումը։

Արդյունաբերության այն ճյուղերում (անտառամթերում, ձկնարդյունագործություն), որտեղ մարդկանց մեծ խմբերը բժշկական հիմնարկներից բավականին հեռու են, բժշկական օգնություն է կազմակերպում աշխատողներից մեկը, որը առաջին օգնություն ցուցաբերելու համար պետք է անցած լինի հատուկ պատրաստություն և ունենա բոլոր անհրաժեշտ միջոցները։

Հանկարծահաս հիվանդությունների, դժբախտ պատահարների հետևանքով ծանր վնասվածքների դեպքում (օրինակ՝ տրանսպորտում, հրդեհների ժամանակ) անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Այդպիսի դեպքերում ոչ միայն դեպքի վայրում, այլև, բուժհիմնարկ տեղափոխելիս կարող են առաջանալ կյանքին վտանգ սպառնացող խանգարումներ։ Դրանք վերացնել կարող է միայն բժիշկը, որի տրամադրության տակ ավտոմեքենայում (կամ ինքնաթիռում) կա շտապ բժշկական օգնության հատուկ սարքավորում։

Տուժածի տեղափոխման փոխադրամիջոցներ խմբագրել

Երբեմն հիվանդներին և տուժածներին տեղափոխելու համար հարկ է լինում օգտագործել այդ նպատակի համար չնախատեսված փոխադրամիջոցներ։ Դրանք հարկավոր է հնարավորին չափ հարմարեցնել տեղափոխման համար (օրինակ՝ բեռնատարի թափքին փռել ցախ կամ խոտ, վրան դնել պատգարակ, ներքնակ և այլն)։

Տուժածին տեղափոխելու համար օգտագործում են պատգարակներ, դրանց բացակայության դեպքում՝ այլ միջոցներ։ Առաջին օգնությունն անսխալ կատարելու համար անհրաժեշտ է բժշկական գիտելիքների և հմտությունների մշտապես կատարելագործում։ Ձեռնարկություններում, ավտոմեքենաներում և տանը անպայման հարկավոր է ունենալ դեղարկղիկներ։ Ճիշտ և ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունն անհամեմատ նվազեցնում է դժբախտ պատահարների անբարենպաստ ելքի հավանականությունը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 530  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։