Անդրկովկասյան կոմիսարիատ
Անդրկովկասյան կոմիսարիատ, պետական իշխանության մարմին Անդրկովկասում։ Կազմավորվել Է 1917 թվականի նոյեմբերի 15-ին Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (Օզակոմ) փոխարեն, Անդրկովկասի առաջատար դիրք զբաղեցնող ազգային կուսակցությունների՝ վրացի մենշևիկների, մուսավաթականների, դաշնակցականների, նաև էսէռների, սոցիալ-ֆեդերալիստների և նրանց պաշտպանող խորհուրդների ու արհմիությունների ներկայացուցիչների Թիֆլիսում կայացած խորհրդակցությունում։
| ||||
Քարտեզ | ||||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Կոմիսարիատ | |||
Պատմություն |
Անդրկովկասյան կոմիսարիատի մեջ մտան վրացի մենշևիկներ Ալեքսեյ Գեգեչկորին (նախագահ), Ակակի Չխենկելին (ներքին գործերի կոմիսար), մուսավաթական Մամեդ Ջաֆարովը (առևտրի և արդյունաբերության կոմիսար), դաշնակցական Խաչատուր Կարճիկյանը (ֆինանսների կոմիսար), Համո Օհանջանյանը (հանրային խնամատարության կոմիսար), էսէռ Բորիս Դոնսկոյը (ռազմական և ռազմածովային կոմիսար) Անատոլի Ներուչևը (հողագործության կոմիսար), հայազգի Տեր-Ղազարյանը և ուրիշներ։
Անդրկովկասյան կոմիսարիատում ազդեցիկ էին վրացի մենշևիկները։ ժողովրդին ուղղված իր կոչում Անդրկովկասյան կոմիսարիատը հայտարարել է, որ կոչված է պայքարելու Անդրկովկասում անիշխանության և բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Անդրկովկասյան կոմիսարիատի մեջ մտնող հիմնական ազգային կուսակցությունների միջև կային լուրջ տարաձայնություններ, ինչպես ներքին, առավել ևս արտաքին քաղաքականության հարցերում։ Վրացի մենշևիկները ձգտում էին ստեղծել անկախ վրացական պետություն և այդ նպատակին հասնելու առաջին քայլը համարում էին խորհրդային Ռուսաստանից Անդրկովկասի անջատումը։ Մուսավաթականները հակված էին դեպի Թուրքիան և պատրաստ էին աջակցելու Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը։ Դաշնակցականները ցանկանում էին պատերազմում Անտանտի երկրների հաղթանակը՝ հուսալով, որ այն կնպաստի Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելուն։ Անդրկովկասյան կոմիսարիատը կապ հաստատեց Հյուսիսային Կովկասի սպիտակգվարդիական ուժերի հետ, մերձեցավ Անտանտին։ Անդրկոմիսարիատի և Թուրքիայի միջև 1917 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվեց Երզնկայի զինադադարը։ Ռուսական զորքը սկսեց լքել Կովկասյան ռազմաճակատը և Անդրկովկասյան կոմիսարիատը չխանգարեց դրան։ Կովկասյան ռազմաճակատի մերկացումից, ինչպես նաև Անդրկովկասյան կոմիսարիատի ներսում եղած տարաձայնություններից օգտվելով՝ թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 1918 թվականի հունվարի 28-ին արշավեց Անդրկովկաս։ Անդրկովկասյան կոմիսարիատը չկազմակերպեց դիմադրությունը և հրաման տվեց թշնամու գերակշիռ ուժերի դիմաց նահանջել։ Թուրքական զորքերը գրավեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը։ Ռազմաճակատը պահում էին և թուրքական զինվորներին դիմադրում միայն հայկական 17000-անոց զորքերը։ Վրացական զորքերը հեռու էին ծավալվող ռազմական գործողությունների թատերաբեմից։ Այս պայմաններում Անդրկովկասի վիճակը ծանրացավ։
1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում ստեղծվեց իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան սեյմը, որը շուտով վերացրեց Անդրկովկասյան կոմիսարիատը և հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը.
ԳրականությունԽմբագրել
- Борян Б. А., Армения, международная дипломатия и СССР, т. 1, М.-Л., 1928. Կ. Խուդավերդյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 399)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |