Անա դե Մենդոսա

իսպանացի արիսոկրատուհի

Անա դե Մենդոսա, Էբոլիի արքայադուստր (իսպ.՝ Ana de Mendoza de la Cerda, princesa de Éboli, հունիսի 29, 1540, Սիֆուենտես, Գվադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա - փետրվարի 2, 1592(1592-02-02)[1][2][3][…], Պաստրանա, Գվադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), 16-րդ դարի իսպանացի արիսոկրատուհի, որը, չնայած մեկ աչքի բացակայությանը, հայտնի է եղել իր գեղեցկությամբ։ Նրա ճակատագիրը Յոհան Ֆրիդրիխ Շիլլերին ոգեշնչել է «Դոն Կառլոս» դրամայում ստեղծելու նենգ գեղեցկուհու կերպարը, որը պատմական նախատիպի հետ շատ քիչ ընդհանրություններ ունի։

Անա դե Մենդոսա
իսպ.՝ Ana de Mendoza de la Cerda, princesa de Éboli, condesa de Mélito y duquesa de Pastrana
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 29, 1540
Ծննդավայր Սիֆուենտես, Գվադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Վախճանի օր փետրվարի 2, 1592(1592-02-02)[1][2][3][…] (51 տարեկան)
Վախճանի վայր Պաստրանա, Գվադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Դինաստիա House of Mendoza?
Քաղաքացիություն Իսպանիա
Հայր Diego Hurtado de Mendoza y de la Cerda?
Մայր Doña Catalina de Silva y Andrade, Condesa de Cifuentes?[4]
Ամուսին Ruy Gómez de Silva?
Զավակներ Ana Gómez de Silva y de Mendoza? և Diego de Silva y Mendoza?[4]

13 տարեկան հասակում նրա ծնողները համաձայնագիր են կնքել, ըստ որի նա պետք է ամուսնանար Իսպանիայի ապագա թագավոր Ֆիլիպ II-ի հովանավորյալ Գոմեշ դե Սիլվայի հետ։ Այդ ամուսնությունից Անա դե Մենդոսան ունեցավ 10 երեխա, որոնցից չորսը մահացան մանուկ հասակում։ 1573 թվականին՝ ամուսնու մահից հետո, նա շարունակեց ակտիվ աշխարհիկ կյանքը պալատում, որտեղ նրա հետաքրքրությունները (ավելի շուտ քաղաքական, քան սիրային) կապված էին թագավորի մտերիմ օգնականներից մեկի՝ Անտոնիո Պերեսի հետ։ Պերեսի հետ մեղադրվելով սպանության մասնակցության մեջ՝ 1579 թվականին ձերբակալվել է։ Սանտորկասի բանտում սկզբնական բանտարկությունից հետո տեղափոխվել է տնային կալանքի Պաստրանայի իր պալատում, որտեղ էլ հիվանդությունից մահացել է։

Լինելով կրոնասեր կին՝ Էբոլիի արքայադուստրը Պաստրանայում կառուցել է մի շարք վանքեր, որոնցից մեկը հետագայում հրավիրել է կանոնականացված Թերեզա Ավիլացուն։

Ծագում

խմբագրել

Անա դե Մենդոսա-ի-դե լա Սերդան սերում է Իսպանիայի հռչակավոր ընտանիքներից մեկից՝ դե Մենդոսա տան մի փոքր գծի հետնորդ կոմս դե Մելիտոյի ընտանիքից, որը խոշոր հողատեր էր Կալաբրիայում։ Հայրական գծով նրա նախապապը Կաստիլիայի ժառանգության պատերազմի (1475-1479) զորապետ և հետագայում Իսպանիայի կաթոլիկ թագավորների մոտ որպես գահերեց եպիսկոպոս ծառայած նշանավոր կարդինալ Մենդոսան էր։ Որպես հոգևորական՝ նա երեխաներ ունենալու իրավունք չուներ, բայց Պեդրո Գոնսալեսը երկու կնոջից 3 որդի է ունեցել։ Նրանք բոլորը 1489 թվականին օրինականացվել էին Հռոմի պապի և Ֆերդինանդ II-ի կողմից[5]։

Կարդինալի երկրորդ որդին՝ Դիեգո Ուրտադոն, երիտասարդ ժամանակ մասնակցել է Գրանադայի պատերազմին (1482-1492), իսկ այնուհետև աչքի է ընկել Իտալական երկրորդ պատերազմի ժամանակ, ինչի համար էլ ստացել է Մելիտո կոմսությունը։ Հետագայում նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ և մասնակցել Եղբայրական ապստամբության ճնշմանը (1519-1523)։ Կոմս Մելիտոն ամուսնացել է իր ազգականուհի Անե դե լա Սերդա-ի-Կաստրոյի հետ, որը մարքիզուհի Սանտիլյանայի ծոռնուհին էր և Միեդես դե Ատիենսայի ու Մանդայոնայի ժառանգորդուհին։ Այդ ամուսնությունից նա ունեցել է 8 երեխա, որոնցից երեքը չեն ապրել մինչև պատանեկություն։ 1529 թվականին ամուսիններն իրենց համատեղ սեփականությունը ձևակերպեցին մայորատ (իսպ.՝ mayorazgo)՝ ներառելով իտալական Դիեգո տիրակալությունը, ինչպես նաև Անեի օժիտը։ 1553 թվականի տվյալներով մայորատը տվեց 22000 դուկատ եկամուտ[6]։

Առաջին դուքս Մելիտոն մահացել է 1536 թվականին և նրա տիտղոսները փոխանցվել են ավագ որդուն՝ Դիեգո Ուրտադո դե Մենդոսա-ի-դե լա Սերդային։ 1538 թվականին նա ամուսնացել է դուքս դե Սիֆուենտեսի դստեր՝ Կատալինա դե Սիլվա-ի-Անդրադայի հետ, վերջինս հոր ունեցվածքի մեծ մասի ժառանգորդն էր։ Չնայած կառավարելու տաղանդի բացակայությանը՝ Դիեգո Ուրտադոն փայլուն կարիերա ունեցավ՝ զբաղեցնելով Արագոնայի փոխարքայի, Իտալական խորհրդի (իսպ.՝ Consejo de Italia), իսկ այնուհետև Կատալոնիայի փոխարքայի (իսպ.՝ Virrey de Cataluña) պաշտոնները։ 1555 թվականին Կառլոս V կայսրը նրա տիտղոսները բարձրացրեց Ֆրանկավիլիայի հերցոգի, Ալգեսիլիայի դքսի և Իսպանիայի կոմսի[7]։ Նրա կինը՝ Կատալինա դե Սիլվան, հայտնի էր իր կրթվածությամբ, նրա գրադարանում հաշվում էին 3000-ից ավելի գիրք, բանաստեղծ և մարդասեր Ալվար Գոմես դե Կաստրոն նրան անմահացրել է «Պայծառ մտածմունք» (իսպ.՝ La Clárida) անունով[8]։

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն

խմբագրել

Իր ծնողների միակ աղջիկն այդ ամուսնությունից[Ն. 1]՝ ապագա Էբոլիի արքայադուստրը, ծնվել է 1540 թվականի հունիսին Սիֆուենտեսի քաղաքային ամրոցում և կնքվել է հունիսի 29-ին[10], որի մասին գրություն է պահպանվել սուրբ Սալվատորի եկեղեցու ծխական գրքում[11]։ Անայի ծնողներն ամուսնության մեջ երջանիկ չէին։ Կատալինան այն ներկայացրել է որպես «նահատակության 18 տարիներ», իսկ Դիեգոն դավաճանում էր կնոջը։ 1557-1564 թվականներին ամուսիններն ապրում էին առանձին, իսկ Անան ապրում էր մոր հետ[8]։ Անայի հարաբերությունները հոր հետ, որ սկզբում սիրո և ատելության խառնուրդ էր, ժամանակի ընթացքում վերածվեց հոր նկատմամբ լիակատար արհամարհանքի[12]։

Էբոլիի արքայադստեր մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, քանի որ այդ շրջանին վերաբերող ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել[13]։ Աղբյուրները հայտնում են, որ նրա մանկությունն անցել է մայրական գծով պապի մոտ՝ Սուֆուենտեսում և Ալկալա-դե-Էնարեսում։ Այս հաղորդագրությունը բավականին կասկածելի է, քանի որ Անայի ծննդյան պահին Սուֆենտեսի 4-րդ կոմսի կինն արդեն մահացած էր, և կոմսը կատարում էր Կառլ I-ի դուստրերի դաստիարակության պարտականությունները, նա մահացել է, երբ թոռնուհին 5 տարեկան էր։ Համաձայն բոլոր աղբյուրների՝ Անան քմահաճ երեխա էր, սակայն կոնկրետ օրինակներով այդ պնդումները չեն հաստատվում, բացառությամբ խելահաս տարիքում նրա կամակոր վարքի մասին հղումների[14]։

Բացի այդ, ոչ մի աղբյուրում չի ասվում, թե նա ինչ պատճառով է կորցրել աչքը[8]։ Փաստաթղթային ապացույց չունեցող, բայց լայնորեն տարածված տարբերակն այն է, որ դա եղել է սուսերամարտի դասի ժամանակ սուսերի հարվածից[15]։

Ամուսնություն

խմբագրել
 
Անա դե Մենդոսայի ամուսնությունը նախաձեռնող արքայազն Ֆիլիպ։ Լեոնե Լեոնի

Անային վերաբերող առաջին հայտնի փաստաթուղթը 1553 թվականի ապրիլի 18-ի ամուսնական պայմանագիրն է, ըստ որի՝ Անան այն ստորագրելուց երկու տարի անց պետք է ամուսնանար 36-ամյա Ռույ Գոմես դե Սիլվայի հետ (1516-1573)։ Ռույ Գոմեսը սերում էր պորտուգալական աննշան տոհմից, 1526 թվականին նա՝ որպես Իզաբելլա Պորտուգալացի կայսրուհու դրանիկ, տեղափոխվել է Իսպանիա և շուտով դարձել Ֆիլիպ II-ի մտերիմ ընկերը[15], միակ մարդը, որն ապագա թագավորի հետ ամեն օր խոսելու հնարավորություն ուներ։ Պայմանագրի առաջին տողերը հստակ ցույց են տալիս, որ հենց արքայազն է եղել այդ ամուսնության նախաձեռնողը[16]։

Ինչը մեր պարոն արքայազն ու կոմս և Մելիտոյի կոմսուհին հաստատում և վճռում են նորին պալատական մեծություն Ռույ Գոմես դե Սիլվայի և կոմսի դուստր օրիորդ Անա դե Մենդոսայի ամուսնության վերաբերյալ։

Համաձայն Ֆիլիպի և հարսնացուի ծնողների միջև կնքված պայմանագրի՝ արքայազնը նորապսակներին խոստացել էր տարեկան վճարել 6000 դուկատ։ Այդ գումարը նրանց պետք է վճարվեր ցմահ՝ սկսած ամուսնության պահից։ Ենթադրվում էր, որ Անան ժառանգելու է Մելիտո կոմսությունը, իսկ երբ դա տեղի կունենար, թագավորն ամուսիններին նվեր կաներ, ինչը կմիացվեր մայորատին։ Պայմանագրում նշվում էր, որ եթե ամուսինները երեխա չունենան, և Ռույը մահանա առաջինը, Անան կշարունակի ստանալ նշված գումարն ու կկարողանա այն կտակել հաջորդ ամուսնությունից ծնված երեխաներին, և միայն այն դեպքում վճարումը կդադարեցվի, երբ նա մահանա առանց երեխաներ ունենալու։ Ռույ Գոմեսի ամուսնալուծության դեպքում պետք է վճարվեր 6000 դուկատը։ Հաշվի էր առնված նաև այն հանգամանքը, որ նրա ծնողների համար կարող էր հայտնվել արու ժառանգ, ինչն անհնարին կդարձներ Անայի կողմից մայորատի ժառանգումը։ Այդ դեպքում նրա հայրը պարտավոր էր նրան վճարել 100000 դուկատ, որն ամենամյա վճարման հետ կարող էր դառնալ նոր մայորատի ձևավորման հիմք։ Ռույն էլ իր կողմից պարտավորվում էր հարսնացուին արրաս վճարել 10000 դուկատ գումար[17]։

Բացի այն, որ իշխանը հանդես է եկել որպես այդ պայմանագրի մի կողմ և խոստացել կատարել ամենամյա վճարումներ, նա կատարել է աննախադեպ քայլ՝ Էլ-Պարդոյի իր որսորդական ոստանից գալով Ալկալա-դե-Էնարեսե, որպեսզի որպես փեսայի վկա մասնակցի նշանադրության արարողությանը։ Դրա ոչ սովորական լինելը հաստատում է Կառլ I-ի քարտողար Խուան դե Սամանոյի գրությունը՝ հասցեագրված Ֆրանցիսկո դե Էրազոյին։ Այդ գրության մեջ հաղորդվում է արքայազնի գործողությունների և ցուցաբերած ողորմության մասին, որոնք այնպիսին են, «որ Նորին մեծությունը այդպիսի բան չի արել ոչ մի հովանավորյալի համար»[17]։ Այդ նամակագրության մեջ առաջին անգամ հանդիպում է Անայի արտաքինի նկարագրությունը․ «շատ սիրունիկն է, չնայած փոքր է»[18]։

Չնայած այն հանգամանքին, որ Ռույ Գոմեսի երկարաժամկետ հեռանկարային դիրքը հաստատուն չէր և պալատում նա պաշտոնական ոչ մի դիրք չէր զբաղեցնում, իսկ Մենդոսա ընտանիքի կարծիքով ամուսնությունը մեզալյանս էր, այդ պայմանագրի կնքումը կոմս Մելիտոյի համար ձեռնտու էր։ 1550-ական թվականների սկզբին դատական գործընթացները, որոնք 1536 թվականին Մելիտոյի 2-րդ կոմսը 1-ին կոմսի մահից հետո վարում էր իր մոր և եղբոր հետ, նրա համար անհաջող եղան։ Սակայն 1553 թվականի հոկտեմբերի 8-ին դատարանը որոշում ընդունեց նրա օգտին, վերջնականապես հեռացրեց Դիեգո Ուրտադոյի սեփականությանը սպառնացող վտանգը, իսկ 1554 թվականի ապրիլին նա Ֆիլիպի կողմից նշանակվեց Արագոնի փոխարքա[19]։ Չնայած համաձայնագրով սահմանափակվում էին Ռույ դե Սիլվայի իրավունքները, և նույնիսկ նրա երեխաների ազգանունը պետք է «Մենդոսա-ի-Սիլվա» լիներ, բայց ամուսնության շնորհիվ նա դարձավ «Մենդոսա ընտանիքի քաղաքական ղեկավար»։ Ֆիլիպին այդ իրադարձությունը, բացի իր հովանավորյալին ցուցաբերած բարերությունից, հազիվ այլ օգուտ բերեր[18]։

Ամուսնությունը կայացավ 1555 թվականին Սարագոսայում, փեսան բացակայում էր, քանի որ Ֆիլիպ II-ին ուղեկցում էր Անգլիա կատարած ուղևորության ժամանակ, որտեղ թագավորն ամուսնացավ Մարիա I-ի հետ[20]։ Դրանից հետո Ռույ Գոմեսը Ֆլանդրիայում թագավորին ուղեկցում էր ևս 4 տարի։ Ամուսնությունը վերջնականապես հաստատվեց 1557 թվականին՝ Անայի՝ ամուսնու մոտ եղած ժամանակ[21]։

Թերեզա Ավիլացու հետ կոնֆլիկտ

խմբագրել
 
Դքսի պալատ Պաստրանայում

Էբոլի ամուսինները, ոգեշնչվելով Ելիզավետա Վալուգայի և Խուանա Ավստրիացու օրինակով, հատկապես նրանց՝ կանացի վանքեր կառուցելու և աջակցելու խանդավառությամբ, աշխուժացրին քաղաքի կրոնական կյանքը։ Երկուսն էլ խորապես տոգորված էին հակառեֆորմացիոն գաղափարներով՝ Պաստրանայում և Գվադալախարայի այլ քաղաքներում հիմնելով վանքեր ու քոլեջներ։ Նրանց կողմից ընդլայնված ծխական եկեղեցին տվեց 48 պերեբենդա եկամուտ, ինչը կբավականացներ մայր տաճարին։ Նրանց կողմից Պաստրանայում նաև կառուցվեց ֆրանցիսկյան միաբանության և երկու եկեղեցի Բոբիկ կարմելիտների միաբանության համար[22]։

Անան հրավիրեց Թերեզա Ավիլացուն, պատգամաբեր ուղարկեց Տոլեդոյի պալատ՝ իր ազգականուհի Լուիզա դե լա Սերդային, որպեսզի նա նշանավոր միաձնուհուն համոզի մեկնել Պաստրանա։ Անան իր պալատում կառուցեց ոչ մեծ վանք, որը Թերեզայի համար չափազանց փոքր էր ու նեղ, վերջինս ավելի հարմար բնակատեղի ստացավ Ռույ Գոմեսից։ Բոլոր այդ նախաձեռնություններն ուղեկցվում էին երգով ու պարային շքերթներով, որին ակտիվորեն մասնակցում էր դքսական ընտանիքը։ Մի քանի տարվա ընթացքում ճգնավորությունը, ապագա սրբերը, որոնց թվում էին Կատալինա դե Կարդոնան և Յոհան Կրուսը, մեղք գործածները հավաքվեցին Պաստրանայում[23]։

Ամուսնու մահից հետո հղի Անան մոր հետ գնաց կարմելիտների վանք՝ այն ուղեկցելով իր կրոնական պոռթկումների ցուցադրությամբ։ Լսելով այդ պլանների մասին՝ մայրապետը բացականչեց․ «Արքայադուստր-միանձնուհի՜։ Վերջ այս տանը»։ Բացի վիշտն ու հուսահատությունը, վանք հեռանալը կարող էր և պարտատերերի ճնշումներից խուսափելու միջոց լինել․ նրա հանգուցյալ ամուսնու տարածքային ձեռքբերումները հիմնականում կատարվում էին պարտավորագրերի միջոցով։ Արքայադստեր կյանքի ոճը, որը նա որոշել էր շարունակել վանքում, անհամատեղելի էր կարմելիտների սովորությունների հետ, ինչը չէր կարող կոնֆլիկտ չառաջացնել մայրապետի հետ։ Իր հետ տանելով իր աղախիններին՝ արքայադուստրը միանգամից հայտարարեց, որ այս աշխարհում ինքը հնազանդվել է միայն մեկ մարդու՝ իր հանգուցյալ ամուսնուն, և մայրապետը խելագարվել է, եթե մտածում է, որ ինքը կլսի նրան։ Մի անգամ նա որոշեց իր աղախիններից մեկի հետ ապրել այգու տնակում, բայց շուտով վերադարձավ պալատ[24]։ Վանական կենսաձևը, որի հիմնական սկզբունքը համարվում էր լռության մեջ աղոթելը, շատ էր խանգարում արքայադստեր այցելուներին, նրա աղախիններն սովորություն ունեին ճաշել միանձնուհիների հետ և խոսել բոլոր նրանց հետ, ում հետ ցանկանում էին։ Պաստրանայի քաղաքային խորհուրդը երկու անգամ դիմեց թագավորին՝ խնդրելով արքայադստերը վերադարձնել քաղաքի կառավարման գործին։ 1573 թվականի սեպտեմբերի 25-ին Ֆիլիպ II-ը Անային կարգադրեց լքել վանքը և ստանձնել վարչական պարտականություններն ու զբաղվել երեխաների դաստիարակությամբ[25]։ Ի պատասխան՝ նա հայտարարեց, որ մտադրություն ունի վանքում մնալ մինչև իր կյանքի վերջը, պատասխանը ստորագրել էր համաձայն կարմելիտների սովորության՝ «Անա Մայր Աստվածածին» (իսպ.՝ Ana de Madre de Dios)։ Արդյունքում Անան վանքում մնաց մինչև 1574 թվականի ապրիլը, երբ Թերեզա Ավիլացին իր համայնքին տեղափոխեց Սեգովիա՝ հրաժարվելով պայքարել իր հովանավորուհու դեմ[26]։

Դրանից սաստիկ զայրացած արքայադուստրը որոշեց վրեժխնդիր լինել Թերեզայից՝ ինկվիզիցիայի ուղարկելով Թերեզայի ձեռագիր ինքնակենսագրությունը (իսպ.՝ Vida de Santa Teresa de Jesús), պնդելով, որ գիրքը պարունակում է տեսիլքների, վտանգավոր գիտնականների, բացահայտումների նկարագրություններ։ Գիրքն ուղարկվեց դոմինիկյան 2 վանականների կողմից ուսումնասիրության, որոնցից մեկը, ապագա սրբի կողմնակիցը դուրս եկավ, և միջադեպը հետևանքներ չունեցավ[27]։

Հարաբերություններն Անտոնիո Պերեսի հետ

խմբագրել
 
Antonio Pérez, 1570

1577 թվականին Ֆիլիպ II-ը պահանաջեց Անայի ներկայությունը պալատում, ինչն արքայադստերը հնարավորություն տվեց ավելի շատ ուշադրություն դարձնել իր երեխաների կրթությանն ու գործերի կառավարմանը։ Մադրիդում նա ծանոթացավ թագավորի քարտողար Անտոնիո Պերեսի՝ իր հանգուցյալ ամուսնու հովանավորյալ, զինակից, հնարավոր է նաև ապօրինի որդու հետ։ Անտոնիոն մանկուց դաստիարակվել է Ռույ Գոմեսի տանը՝ որպես նրա հնարավոր ժառանգորդ[28]։ Էբոլիի արքայազնի մահից հետո Պերեսն զբաղեցրեց արքայական հովանավորյալի տեղը և մարքիզ դե լոս Վելեսի հետ դարձավ պալատի կռիվներին չմասնակցող կուսակցությունների լիդերներից[29]։

Ֆիլիպ II-ն իր հովանավորյալների հետ հարաբերություններում այնպիսի քաղաքականություն էր վարում, որ խուսափեր նրանցից մեկի հետ այդ կապի չափից դուրս ամրապնդումից։ 1573 թվականին նա իր քարտողար նշանակեց Մատեո Վասկեսին, որի հետ Պերեսը հենց սկզբից հարաբերություններ չուներ։ Վերադառնալով պալատ և աջակցության կարիք ունենալով՝ Անան, ի դեմս Անտոնիոյի, գտավ իր միակ դաշնակցին։ Անան նրան նվիրում էր թանկագին նվերներ, իսկ Անտոնիոյի մեջ ի հայտ եկավ շքեղության նկատմամբ հակում, որը բավարարելու համար հարկ էր լինում կաշառք վերցնել[30]։ 1578 թվականին Ֆիլիպ II-ը քաղաքական պատճառներով փորձում էր վերացնել Խուան դե Էսկոբեդոյին՝ իր խորթ եղբայր Խուան Ավստրիացու քարտողարին։ Այդ նուրբ հանձնարարության կատարումը վստահվեց Պերեսին։ Մարտի սկզբին Պերեսը Խուանին թունավորելու երկու անհաջող փորձ կատարեց, որից հետո փորձում էր Ֆիլիպից ստանալ ապագա հանցագործությանը մասնակցելու ավելի ծանրակշիռ վավերացում։ Մի քանի առարկություններից հետո թագավորը ներգրավվեց մարքիզ Վելեսի օպերացիայի մեջ։ 1578 թվականի մարտի 31-ին Էսկոբեդոյին սպանեց վարձու մարդասպանը, և հասարակական կարծիքը այդ դեպքը կապեց այն բանի հետ, որ սպանվածը Պերեսի և Էբոլիի արքայադստեր կապի անհաշտ հակառակորդն էր[31]։ Դա հաստատում են նաև Պերեսի հուշագրությունները, որոնցից հայտնի է դառնում, որ 1578 թվականի հունվարին Էսկոբեդոն կշտամբել է Էբոլիի արքայադստերը[32]։

Չնայած ալիբիի առկայությանը (Պերեսը մինչև ապրիլի 2-ը գտնվում էր Ալակալայում)՝ տարածվեցին սպանության մեջ նրա մասնակցության մասին լուրերը։ Մարքիզ Վելեսի սպանությունը թագավորի հովանավորյալին զրկեց ուժեղ պաշտպանից։ Զգալով իր դրությանն սպառնացող վտանգը՝ Անտոնիոն փորձում էր հրաժարական տալ, սակայն թագավորը կանգնեցրեց նրան։ Թագավորը նաև խանգարեց Պերեսի՝ պալատում Էբոլիի արքայադստեր անունը պաշտպանելու փորձերը, դրա փոխարեն նրան ուղարկեց Կաստիլիայի խորհրդի ղեկավար Անտոնիո Պասոսի մոտ։ Վերջինս, հրավիրելով սպանվածի որդուն՝ Պեդրո Էսկոբեդոյին, համոզիչ ճառ արտասանեց նրա հոր սպանության գործում Պերեսի և Էբոլիի արքայադստեր անմեղության մասին։ Էսկոբեդոն այդ բացատրությունն ընդունեց որպես մեղադրանք, սակայն Մատեո Վասկեսը, օգտվելով հանգուցյալի հետ ունեցած հեռավոր ազգակցականությունից, վերսկսեց գրոհը։ Լրտեսների բանակի օգնությամբ նա թագավորի մոտ անվստահություն առաջացրեց իր հովանավորյալի նկատմամբ։ Պահպանվել են արքայադստեր անընթեռնելի, քերականական սխալներով գրությունները թագավորին, որոնցով նա թագավորին խնդրում էր պատժել Վասկեսին, որին նա անվանում էր «մավրական շուն»[33]։ Փորձելով ժամանակ շահել՝ թագավորը քահանա Դիեգո դե Չավեսին խնդրեց դառնալ միջնորդ 2 կուսակցությունների միջև[34]։

Այս անգամ թագավորն ընտրություն կատարեց հօգուտ Վասկեսի՝ գնահատելով նրա կենսունակությունը։ 1579 թվականի հուլիսի 28-ի գիշերը հարևան տան ստվերում թաքնված Անան և Պերեսը ձերբակալվեցին, Ֆիլիպն անձամբ էր հսկում արքայադստեր ձերբակալությունը[35]։

Ձերբակալություն և մահ

խմբագրել

Ձերբակալությունից անմիջապես հետո Էբոլիի արքայադուստրը գտնվում էր Պինտո բերդում, իսկ 1580 թվականի փետրվարից պատիժը կրում էր Սանտորկասայի բերդում, որից հետո՝ 1581 թվականի փետրվարին, տեղափոխվել է Պաստրանայի իր պալատ[36]։ Այնտեղ նա վերսկսեց իր հարաբերությունները Պերեսի հետ, որը ապաստան էր գտել Արագոնում և իր գործն այնքան անպատասխանատվությամբ էր վարում, որ թագավորն ստիպված եղավ հատուկ խորհուրդ նշանակել նրա սեփականության մասին հոգ տանելու համար։ Բազմիցս նրան այցելեց Թերեզայի պատվիրակը՝ նրան մխիթարելու համար։ Նրան պահում էին այնքան խստականոն, որ նույնիսկ ալկալդ պարոն Ալոնզո դել Կաստիլոն, որին հանձնարարված էր հսկել Անային, նրան վերաբերվում էր այնպես, ինչպես հատուկ աստիճանավորի հետ, որը հանգամանորեն վարում էր այդ զրույցի արձանագրությունները։ Այդ արձանագրությունները պահպանվել են (իսպ.՝ Autos del escribano Torrontero)[15]։

Անա դե Մենդոսան մահացավ 51 տարեկան հասակում հիվանդությունից՝ հրաժարվելով ընդունել իրեն բուժզննելու համար պալատ եկած բժշկին[24]։

Կերպարն արվեստում

խմբագրել

Գրականության մեջ

խմբագրել
 
Կոստյումի էսքիզ «Դոն Կարլոս» օպերայի համար։ Ալֆրեդո Էդել (1884)

Իսպանական արքունիքի բարքերի նկարագրությանը նվիրված գեղարվեստական առաջին ստեղծագործություններից մեկը՝ Մադամ դ'Օնուայի «Գրառումներ Իսպանիա կատարած ճանապարհորդության մասին» երկը, հաստատում է, որ ընդհանուր ճանաչում գտած փաստ էր համարվում Անայի և Ֆիլիպ II-ի միջև սիրային կապի առկայության մասին կարծիքը, ինչը և դարձել է վերջինիս զայրույթի պատճառը, երբ Պերեսի հետ կապը հայտնի է դարձել։ Երևակայության, լեգենդի և փաստերի խառնուրդը հիմք է ծառայել Ֆրիդրիխ Շիլլերի «Դոն Կարլոս» դրամայի և դրա հիման վրա Վերդիի կողմից ստեղծված օպերայի համար։ Էդուարդո Մարկինայի «La alcaldesa de Pastrana» վեպում (1911) արքայադուստրը ներկայացնում է անսկզբունքային կնոջ։ Ավելի բարդ և ընդհանուր առմամբ դրական կերպար է առաջարկված Քեյթ Օ'Բրայենի «That Lady» վեպում (1946), որի հիման վրա գրված համանուն պիեսը հաջողություններ է ունեցել Բրոդվեյում, և որն ընկած է Տերենսա Յանգի համանուն ֆիլմի (1955, գլխավոր դերում՝ Օլիվիա դե Հևիլլենդ) հիմքում։

Կինոյում

խմբագրել

«Դավադրություն Էսկորիալում» ( իսպ.՝ La conjura de El Escorial, 2008) ֆիլմում Անա դե Մենդոսայի դերը կատարում է Ջուլիա Օրմոնդը։

Օպերայում

խմբագրել

Վերդիի օպերայում Էբոլիի արքայադստեր դերերգը կատարում են Հելենա Մոջեսկան (1870-1876)[37], Գերտրուդա Ռյունգերը[38], Զառա Դոլուխանովան[39], Օլգա Բորոդինան[40]։

Բացի այդ, արքայադստեր դերը տարբեր տարիներին կատարել են Էդանա Ռոմնին (1954), Ռոզել Շեֆերը (1957), Դենիզ դե Վեերդտը (1960), Յուդիտ Հոլցմայստերը[41] (1961), Ռութ-Մարիա Կուբիչեկը (1963), Կիթթի Կուրբուան (1973), Պատրիսիա Ադրիանին (1984), Մարլիս Դիշը (1984), Ռենան Դեմիրկան (1984), Քրիստիանա ֆոն Պյոլնիցը (2005), Ջուլիա Օրմոնդը (իսպ.՝ La Conjura de El Escorial, 2008), Բելեն Ռուեդան (2010)[42]։

Նշումներ

խմբագրել
  1. Դիեգո Ուրտադոն ուներ ապօրինածին աղջիկ, որի հետ Անան լավ հարաբերությունների մեջ էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Boyden, 1995, էջ 24
  6. Boyden, 1995, էջեր 24-26
  7. Boyden, 1995, էջեր 33-34
  8. 8,0 8,1 8,2 Reed, 2004, էջ 154
  9. «Сonde de Cifuentes» (իսպաներեն). 15.3.2008. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. Dadson, 2011, էջ 79
  11. Muro, 1877, էջ 19
  12. Dadson, 2011, էջ 94
  13. Ares, 2005, էջ 42
  14. Boyden, 1995, էջ 26
  15. 15,0 15,1 15,2 Бутенко В. А.]], (1890–1907). «Эболи, Ана де Мендоса и Ла Серда». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  16. Dadson, 2011, էջեր 79-80
  17. 17,0 17,1 Boyden, 1995, էջ 28
  18. 18,0 18,1 Dadson, 2011, էջ 80
  19. Boyden, 1995, էջեր 29-34
  20. Reed, 2004, էջ 155
  21. Boyden, 1995, էջ 87
  22. Reed, 2004, էջեր 157-158
  23. Reed, 2004, էջ 158
  24. 24,0 24,1 Kavanaugh, Rodriguez, 2011, Biog. Sketches: E
  25. Coolidge, 2011, էջ 48
  26. Reed, 2004, էջ 159
  27. Lewis, 2006, էջ 30
  28. Fitzmaurice-Kelly, 1922, էջ 2
  29. Fitzmaurice-Kelly, 1922, էջ 4
  30. Fitzmaurice-Kelly, 1922, էջեր 6-7
  31. Caufield, 2002
  32. Fitzmaurice-Kelly, 1922, էջ 10
  33. Mignet, 1846, էջ 66
  34. Fitzmaurice-Kelly, 1922, էջեր 12-15
  35. Fitzmaurice-Kelly, 1922, էջեր 12-17
  36. Fritscher, 1996, էջ 126
  37. Mieczkowski, Jan (1830-1889). «[Helena Modrzejewska jako księżna Eboli w "Don Carlosie" Friedricha Schillera] [Dokument ikonograficzny]». Europeana. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  38. Atelier Setzer, Wien. «Gertrude Rünger». Europeana. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  39. «Eboli´s Aria (Don Carlos)». Europeana. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  40. Salzburg, Schaffler & Friese. «Olga Borodina». Europeana. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  41. Franz Hausmann, Wien. «Judith Holzmeister». Europeana. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  42. «Prinzessin von Eboli». IMDB. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.

Գրականություն

խմբագրել
անգլերեն
իսպաներեն
գերմաներեն

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «La princesa de Éboli» (իսպաներեն) — Էբոլիի արքայադստերը նվիրված կայք. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա դե Մենդոսա» հոդվածին։