Սուսերամարտ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սուսերամարտ, մենամարտային օլիմպիական մարզաձև։ Սառը զենքին տիրապետելու հնարքների համակարգ ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին դարերում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի արվեստը ծագել է 15-րդ դարի սկզբին, ռազմիկի սպառազինությունը հրազենի հայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։
Սուսերամարտ | |
---|---|
Տեսակ | մենամարտ և օլիմպիական մարզաձև |
Տարբերվում է | սպորտային սուսերամարտ և Կենդո |
Պորտալ | Պորտալ:Սուսերամարտ |
Fencing Վիքիպահեստում |
Ներկայացվում է որպես մարզաձև, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային-անհատական մրցաշարեր։ Ճկասուսերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ Ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը եռանկյուն է։
Թույլատրվում է խոցել մարմնի բոլոր մասերը, բացի ծոծրակից (նաև ժամանակակից հնագամարտի ձև)։ Սուսերամարտում հաղթում է մինչև 6 րոպեում 5 խոցում կատարող մարզիկը (օլիմպիական մրցակարգի դեպքում՝ 10 րոպեում 10 խոցում)։ Մարզիկները հագնում են սպիտակ, թեթև, ամուր կտորից պաշտպանական հագուստ, ցանցապատ սաղավարտ, ձեռնոց՝ սուսերակիր ձեռքին։ Մրցուղյակի երկարությունը 18 մ է։ 1896 թվականից Սուսերամարտի օլիմպիական խաղերի ծրագրում է (կանանցը 1924 թվականից)։ 1937 թվականից անցկացվում է աշխարհի ամենամյա առաջնություն, 1906-1936 թվականներին անցկացվել է Եվրոպայի առաջնություն, 1960 թվականից տեղի են ունենում Եվրոպայի գավաթի թիմային և անհատական մրցումներ (1964 թվականից՝ չեմպիոնատներ)։ Ռուսաստանում մարզական Սուսերամարտ հայտնի է XVII դարի վերջից։ Պաշտոնական մրցումներ կազմակերպվել են 1860 թվականից (սկզբում միայն սպաների համար)։
Հայաստանում առաջին խմբակները ստեղծվել են Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում և Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Հանրապետական առաջնություններ սկսվել են անցկացվել 1945 թվականից։ 1979-ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում ստեղծվել է Սուսերամարտի ամբիոն։ Հայաստանի մարզիկներից Վլադիմիր Չեռնիկովը (խոցասուսեր) դարձել է XVII Օլիմպիական խաղերի 3-րդ, աշխարհի և ԽՍՀՄ առաջնությունների 2-րդ և 3-րդ մրցանակակիր, հաղթել ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում (1958)։ Աշոտ Կարագյանը (խոցասուսեր) Մոսկովյան օլիմպիադայի արծաթե (ճկասուսեր, թիմային) և բրոնզե (թիմային) մեդալակիր է, հաղթել է աշխարհի (թիմային) առաջնություններում (1979, 1981), Եվրոպայի գավաթի խաղարկությունում (1978, թիմային), իտալական «Մպրիտֆիկո» միջազգային խոշորագույն մրցաշարերում (1974, 1977), բազմիցս նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսերամարտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 198)։ |