Աղդաբան

բնակավայր Արցախում

Աղդաբան, նախկին բնակավայր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Մարտակերտի շրջանի տարածք, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր։

Նախկին գյուղ
Աղդաբան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի շրջան
ՀամայնքՔելբաջարի շրջան
Ժամային գոտիUTC+4
Աղդաբան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աղդաբան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը գտնվում է Մռավի լեռնաշղթայի Հակառակաբերդի լեռների արևմտյան լանջերին՝ Թարթառ գետի աջակողմյան Աղդաբան վտակի ձախ ափին, ծովի մակարդակից 1540 մ բարձրության վրա։

Նախկին բնակավայրի 7 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է Դադիվանք գյուղ։ Մոտավորապես նույնքան հեռու՝ հարավում են գտնվում Նոր Էրքեջ և Չարեքտար գյուղերը։

Պատմություն

խմբագրել

Դեռեւս 1894 թվականին Էջմիածնի վանքի վանահայր, հնագետ, բանահավաք, բանասեր Խաչիկ վարդապետ Դադյանը Աղդաբան գյուղի շրջակայքում ուսումնասիրություններ կատարելիս համանուն գետի մոտ և Աղդաբան գյուղի մոտակայքում գտնվող բլրի վրա հայտնաբերել է պատմական մեծ արժեք ներկայացնող երկու հայերեն լեզվով արձանագիր խաչքարեր։ Խաչքարերից առաջինի վրա արձանագրված է. «ՈԾԲ (1203 թ.) էր թուականն ես Գերգա Հասան որդիք նա Եաւրովին կանգնեցեաք զխաչս մեր աղբայր Աղբասրա, յաղաւթս յիշեցեք»[2][3][4]։

Աղդաբան նախկին բնակավայրը ձևավորվել է 19-րդ դարի վերջերին մոտակայքում ձևավորված Չայղովուշան գյուղի թուրք հովիվների կողմից։ Խորհրդային տարիներին թուրքաբնակ գյուղի տարածքը առանձնացվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանից և անկլավի կարգավիճակով միացվել Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանին[2]։

Արցախյան ազատամարտ

խմբագրել

1991 թվականի սեպտեմբերի 22-ի ականանետներով, կարաբիններով, ավտոմատներով, գնդացիրներով, նռնականետներով զինված ադրբեջանականցիները հարձակվել են Մարտակերտի շրջանի Չափար գյուղի վրա։ Հարձակումն սկսվել է մոտավորապես ժամը 21։00-ին Մարտակերտի շրջանի Խմերեթ-Քերավենդ գյուղի կողմից, այնուհետև նրանց միացել են նաև Աղդաբան գյուղից ուղղաթիռներով տեղափոխված Ադրբեջանի օմօնականները[5]։

1991 թվականի սեպտեմբերի 23-ի կեսօրից հետո Աղդաբանի կողմից ադրբեջանական զինված կազմավորումները ընդհուպ մոտեցել են Չափար գյուղին։ Ադրբեջանցիները սպանել են Սերգեյ Մարտիրոսյանին, Վալերի Սարգսյանին, Մհեր Էմիրյանին, Լեոնիդ Գրիգորյանին և 13-ամյա դպրոցական Վախթանգ Սարգսյանին, խոշտանգել նրանց դիակներր։ Դրանից հետո Չափար գյուղի ինքնապաշտպանական ջոկատի և ադրբեջանական հարձակվող զինված կազմավորումների միջև տեղի է ունեցել մարտ։ Հայկական կողմից թեթև վիրավորվել են չորս գյուղացիներ, իսկ ադրբեջանցիները նահանջել են՝ ունենալով սպանվածներ և վիրավորներ[5]։

1992 թվականի ապրիլի 8-ին Արցախի պաշտպանության բանակի կողմից վնասազերծվում են Աղդաբան և հարակից Չայղովշան գյուղերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, որտեղից հրետակոծվում էին Հաթերքի ենթաշրջանի գյուղերը[5]։

1992 թվականի հուլիսի 31-ին Աղդաբան գյուղի մոտ Մարտակերտի հայկական ջոկատների և ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների միջև տեղի են ունեցել մարտեր, որի ընթացքում հայկական կողմն ադրբեջանցիներից առգրավել է չորս զրահատեխնիկա և չորս թնդանոթ[5]։

1993 թվականի մարտի 29-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Չարեքտար, Աղդաբան, Չայղովշան, Ենիքենղ, Աղջաքենդ գյուղերում վնասազերծվել և ոչնչացվել են Ադրբեջանի զինված ուժերի կրակակետերը[5]։

1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի կողմից ազատագրվել է Աղդաբան բնակավայրի տարածքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999 թվական, (թվային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine
  3. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 478.
  4. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 319, ց. 1, գ. 155, թ. 1:
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Արցախյան շարժման և զինված պայքարի ժամանակագրություն (1988 - 1994), Արիս Արսենի, (թվային տարբերակ)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղդաբան» հոդվածին։