Ալեքսանդր Պովետկին
Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պովետկին (ռուս.՝ Алекса́ндр Влади́мирович Пове́ткин, սեպտեմբերի 2, 1979, Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ 91 կիլոգրամից բարձր քաշային կարգում 28-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն (2004)։ Մինչև 91 կիլոգրամ (2000) և 91 կիլոգրամից բարձր քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոն (2001, 2002)։ Բարի կամքի խաղերի չեմպիոն (2001)։ Աշխարհի չեմպիոն (2003)։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2002, 2004)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2002)։
Ալեքսանդր Պովետկին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 2, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի կանոնավոր չեմպիոն (2011-2013)։ Արժանացել է նաև նաև երկրորդական տիտղոսների՝ WBC Silver (2014), WBO International և WBA Inter-Continental (2017):
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Վլադիմիրովիչ Պովետկինը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Կուրսկում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1992 թվականին Կուրսկի «Սպարտակ» մարզահամալիրում՝ իր հոր՝ Վլադիմիր Իվանովիչ Պովետկինի գլխավորությամբ[1], ավելի ուշ՝ Ալեքսանդր Իվանովիչ Ռոգոզինի գլխավորությամբ։ Մինչև բռնցքամարտով լուրջ զբաղվելը, Ալեքսանդրը հաճախել է ուշուի, ձեռնամարտի, կարատեի մարզումների։ Մարզիկի խոսքերով, նա բռնցքամարտով լուրջ սկսել է հետաքրքրվել Ռոկկի ֆիլմը դիտելուց հետո[2]։
Կարիերա սիրողական բռնցքամարտում
խմբագրելԱռաջին հաջողություններին Պովետկինը հասել է 1995 թվականին՝ հաղթելով Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում։ Երկու տարի անց դարձել է ազգային երիտասարդական առաջնության հաղթող։
2000 թվականին Ալեքսանդրը պետք է մասնակցեր Սիդնեյում կայանալիք Ամառային Օլիմպիական խաղերին։ Սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել բաց թողնել այդ մրցաշարը։ Արդյունքում Սիդնեյի Օլիմպիական խաղերին Պովետկինի փոխարեն մասնակցել է Սուլթան Իբրահիմովը[3], որը մրցաշարում ստացել է արծաթե մեդալ։
2001 թվականին Ալեքսանդրը սկսել է հանդես գալ գերծանր քաշային կարգում։ Պովետկինը Բելֆաստում առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Քառորդ եզրափակչում միավորներով (30:36) զիջել է ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսեյ Մազիկինին։ Սեպտեմբերին Բրիսբենում կայացած Բարի կամքի խաղերի կիսաեզրափակչում Ալեքսանդրը ռևանշ է վերցրել Մազիկինից և հաղթել 15:6 հաշվով։
Մայրցամաքային «ոսկի» ստանալու ճանապարհին Պովետկինը հաղթանակ է տարել գերմանացի հայտնի բռնցքամարտիկ Սեբաստիան Կյոբերի դեմ (կիսաեզրափակչում), իսկ որոշիչ մարտում՝ իտալացի Ռոբերտո Կամարելեի դեմ (20:16)։ Տարվա վերջում հաղթել է Վարշավայի մրցաշարում՝ եզրափակիչ փուլում պարտության մատնելով Ալեքսեյ Լեզինին։
2003 թվականին Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում պարտություն կրելով հենց նույն Լեզինից։
2004 թվականի փետրվարին հաղթել է Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Խորվաթիայի Պուլա քաղաքում։ Որոշակի դժվարություններ են առաջացել միայն իտալացի գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Ռոբերտո Կամարելեի դեմ մարտում, որի հետ հանդիպել է առաջնության եզրափակիչ փուլում։
Բայց սիրողական բռնցքամարտում իր գլխավոր հաջողությանը հասել է 2004 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում։ Քառորդ եզրափակչում Պովետկինը հանդիպել է Ղազախստանի ներկայացուցիչ Մուխտարխան Դիլդաբեկովի հետ։ Կիսաեզրափակչում նա հաղթել է իտալացի Ռոբերտո Կամարելեին։ Եզրափակչում Ալեքսանդրը պետք է հանդիպեր եգիպտացի գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հետ։ Սակայն Օլիմպիադայի «ոսկին» Ալեքսանդրին հասել է առանց մարտի։ Նրա հակառակորդը ստացել էր աջ ձեռքի վնասվածք և չէր կարողացել դուրս գալ ռինգ։ Այդպես Ալեքսանդրը դարձել է առաջին ռուս օլիմպիական չեմպիոնը գերծանր քաշային կարգում։
2005 թվականին Պովետկինը որոշել է կարիերան սկսել պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Նա համաձայնագիր է ստորագրել գերմանական «Sauerland Event» կազմակերպության հետ․ պայմանով, որ պետք է մարզվի «Վիտյազյա» բազայում[4][5][6][7][8][9][10]։
Քիքբոքսինգ
խմբագրելՔիքբոքսինգում Ալեքսանդրը մասնակցել է 4 առաջնությունների, բոլորին էլ նվաճելով ոսկի։
Պրոֆոսիոնալ կարիերա
խմբագրել2005-2006: Պրոֆեսոինալ կարիերայի սկիզբ
խմբագրելՊովետկինը պրոֆեսիոնալ ռինգում առաջին անգամ ներկայացել է 2005 թվականին։ Առաջին մրցակիցը եղել է գերմանացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալի Դուրմազը։ Երկրորդ ռաունդի միջին հատվածում Ալեքսանդրը աջ ուղիղ հարված է հասցրել մրցակցի կզակին։ Վերջինս հայտնվել է ռինգի հատակին։ Ալին իր մեջ ուժ է գտել և բարձրացել է։ Սակայն մրցադատավոր Էռնստ Զալցգեբերը որոշում է ընդունել կանգնեցնել մարտը։
2005 թվականի սեպտեմբերին Ալեքսանդրը նոկաուտի է ենթարկել ամերիկացի Սերոն Ֆոքսին, իսկ հոկտեմբերին՝ ամերիկացի Ջոն Քաստլին։
2005 թվականի նոյեմբերի 12-ին Ալեքսանդր Պովետկինը միավորների առավելությամբ հաղթել է կանադացի բռնցքամարտիկ Ստեֆան Թեսյեին։
2006 թվականի մարտի 4-ին Պովետկինը նոկաուտի է ենթարկել նիգերացի բռնցքամարտիկ Ռիչարդ Բանգոյին։
2006 թվականի ապրիլի 22-ին Պովետկինը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել իր 7-րդ մարտը, որի ժամանակ հանդիպել է Ֆրայդեյ Ահունանիայի հետ։ Մարտի սկզբում Պովետկինը առաջ է անցել, բայց վերջում սկսել է հոգնել։ Սակայն մարտը տևել է ընդամենը 6 ռաունդ։ Նա կարողացել է պահպանել իր առավելությունը և հաղթել դատավորների միաձայն որոշմամբ։ Մարտից հետո չի հայտարարվել հաշիվը։ Միայն հայտարարվել է ռուս բռնցքամարտիկի հաղթանակը։
2006 թվականի հունիսին Ալեքսանդրը նոկաուտի է ենթարկել Էկվադորի ներկայացուցիչ Լիվին Կաստիլիոյին։
2006 թվականի սեպտեմբերի 23-ին Պովետկինը տեխնիկական նոկաուտով հաղթել է աշխարհի չեմպիոնի նախկին թեկնածու ամերիկացի Էդ Մեհոունին։
2006 թվականի դեկտեմբերի 10-ին Ալեքսանդրը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Իմամու Մեյֆիլդին։
2007-2008: Ճանապարհ դեպի IBF
խմբագրել2007 թվականի մարտին Պովետկինը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Դեյվիդ Բոստիսին, իսկ երկու ամիս անց՝ Պատրիս Լերոյին։
Մարտ Լարի Դոնալդի դեմ
խմբագրել2007 թվականի հունիսի 30-ին Ալեքսանդրը հանդիպել է Դոնալդ Լարիի հետ։ Սկզբում Պովետկինը պետք է հանդիպեր Մոնթե Բարետի հետ, բայց ամերիկացին մարտից առաջ վնասվածք էր ստացել։ Նրան փոխարինել է Դոնալդը։ Պովետկինը առջևից էր ընթանում ողջ մարտի ընթացքում և ճշգրիտ հարվածներ էր հասցնում իր հակառակորդին։ Պովետկինը չի կարողացել նոկաուտի ենթարկել իր հակառակորդին։ Սակայն հաղթող է ճանաչվել բոլոր ռաունդներում։ Այդ մարտից հետո Դոնալդը ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան[11]։
Մարտ Կրիս Բյորդի դեմ
խմբագրել2007 թվականի հոկտեմբերի 27-ին Ալեքսանդրը IBF վարկածով առաջնությունում հանդիպել է աշխարհի նախկին կրկնակի չեմպիոն Քրիս Բյորդի հետ։ Արդեն առաջին ռաունդներում ռուս բռնցքամարտիկին հաջողվել է գտնել իր մրցակցի պաշտպանության թույլ կողմերը։ Ամբողջ մարտի ընթացքում Ալեքսանդրը ուժեղ, աջ կողմից ճշգրիտ հարվածներ է հասցրել մրցակցին, իրականացրել է կրոս հարվածներ, հարձակվել տարբեր սերիական համակցություններով։ Այդ ամենի արդյունքում Պովետկինը հարվածների փոխանակման ընթացքում գերազանցել է է նրան։ 10-րդ ռաունդում Ալեքսանդրը կարողացել է ճնշել մրցակցին, և գործը ավարտել 11-րդ ռաունդում։ Ռուս բռնցքամարտիկը հաջորդաբար հարվածներ է հասցրել ամերիկացուն, որի արդյունքում Քրիս Բյորդի մարտավկան դադարեցրել է միակողմանի ընթացող մարտը[12]։
Մարտ Էդդի Չեմբերսի դեմ
խմբագրել2008 թվականի հունվարի 26-ին եզրափակիչ մարտում Պովետկինը հանդիպել է ամերիկացի անհաղթելի բռնցքամարտիկ Էդի Չեմբերսի հետ։ Ալեքսանդրի համար մարտը շատ ծանր է եղել։ Չեմբերսը կարողացել է հրաշալի պաշտպանվել և մի շարք հարվածներ հասցնել Պովետկինին։ Արդյունքում ռուս բռնցքամարտիկը սկզբնական ռաունդներում չի կարողացել աչքի ընկնել ընդգծված հարվածներով։ Մինչդեռ Չեմբերսը պրոֆեսիոնալ կերպով պաշտպանվել է և մի շարք ճշգրիտ հարվածներ է հասցրել հակառակորդին։ Մարտի ավարտին Ալեքսանդրը արդեն օգտագործել է իր սցենարը և ուժեղ հարվածներով հարձակվել է հակառակորդի վրա։ Հարվածների մեծամասնությունը նա հասցրել է Չեմբերսի գլխին։ Արդյունքում, երեք դատավորների որոշմամբ, հաղթող է ճանաչվել Ալեքսանդր Պովետկինը[13]։
2008-2010: Ճանապարհ դեպի WBA
խմբագրելՄարտ Տաուրուս Սայքսի դեմ
խմբագրելՉեմբերսի հետ տեղի ունեցած մենամարտից հետո ռուս բռնցքամարտիկը դարձել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ, որը այդ ժամանակ պատկանում էր ծանրքաշային կարգում ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին։ Սակայն Վլադիմիրը պետք է մասնակցեր այլ մարտի։ Չեմպիոնի հետ մարտից առաջ առանց գործելու չմնալու համար Պովետկինը մարտ է անց կացրել ամերիկացի քիչ հայտնի բռնցքամարտիկ Թաուրուս Սայքսի դեմ։
2008 թվականին տեղի է ունեցել Պովետկինի և Սայքսի միջև մարտը։ Հենց առաջին րոպեներից Ալեքսանդրի հակառակորդը սկսել է խուսափողական մարտ վարել։ Չորրորդ ռաունդում ռուս բռնցքամարտիկը հերթական գրոհից հետո կարողացել է աջ կողմից երկու ճշգրիտ հարված հասցնել իր հակառակորդին։ Սայքսը հայտնվել է ռինգի հատակին և չի փորձել բարձրանալ նույնիսկ մրցադատավորի հաշվելուց հետո։ Այդ եղանակով Ալեքսանդրը տեխնիկական նոկաուտով դարձել է մարտի հաղթողը[14]։
Պովետկինը Կլիչկոյի դեմ մարտում պետք է ստանար 3,3 միլիոն դոլար։ Նրանք պետք է հանդիպեին դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Ավելի ուշ Պովետկինի թիմը հայտարարել է, որ նա վնասվածք է ստացել։ Սակայն IBF-ի որոշմամբ Պովետկինը շարունակել է կրել աշխարհի չեմպիոնի հավակնորդի տիտղոսը։ Այդ պատճառով Կլիչկոյի և Պովետկինի միջև կայանալիք մարտը հետաձգվել է մինչև 2009 թվականի սեպտեմբերի 13-ը[15]։
Մարտ Ջեյսոն Էստրադայի դեմ
խմբագրելՏարվա սկզբին Պովետկինի թիմը սկսում է կազմակերպել Ալեքսանդրի հերթական մարտը։ Վնասվածքներից բուժված Ալեքսանդրի համար հակառակորդ է ընտրվում ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյսոն Էստրադան։ Վերջինս եղել է սիրողական բռնցքամարտի աստղերից մեկը, ԱՄՆ-ի բազմակի և Պանամերիկյան խաղերի չոմպիոն։ Հենց առաջին ռաունդներում Էստրադան կարողանում է ապացուցել, որ հմուտ բռնցքամարտիկ է։ Ջեյսոնը կարողանում է արագ շարժվել և ձախ ջեբ հարվածներով անընդհատ խանգարել Պովետկինին։ Ալեքսանդրի հարվածներից նա խուսափում էր միայն մարմնի հմուտ աշխատանքի շնորհիվ։ Ռուս ծանրքաշային բռնցքամարտիկի առավելությունը սկսում է երևալ միայն մարտի միջին հատվածում։ Ալեքսանդրի մի քանի հաջող հարվածներից հետո Էստրադան կորցնում է իր արագությունը։ Պովետկինի հարվածներից նա կարողանում է որոշ չափով խուսափել 7-րդ ռաունդում։ Սակայն մնացած երեք եզրափակիչ ռաունդներում Ալեքսանդրը կրկին առաջ է անցնում իր հակառակորդից։ Հարվածների տարափի տակ Էստրադան կարողանում է պայքարել մինչև մարտի ավարտը։ Արդյունքում, միավորների առավելությամբ, երեք դատավորները արձանագրում են Պովետկինի հաղթանակը[16][17]։
Մարտ Լեոն Նոլանի դեմ
խմբագրելՀաջորդ միջանկյալ մարտը Պովետկինը անց է կացնում ամերիկացի քիչ հայտնի բռնցքամարտիկ Լեոն Նոլանի դեմ։ Ալեքսանդրը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկում հակառակորդին։
Մարտ Խավյեր Մորայի դեմ
խմբագրելՀունվարի վերջին արդեն հայտնի է դառնում, որ Պովետկինի հաջորդ մարտը նշանակվել է 2010 թվականի մարտի 13-ին։ Նրա մրցակիցը դառնում է մեքսիկացի ծանրքաշային բռնցքամարտիկ Խավյեր Մորան։ Պովետկինը նրան նոկաուտի է ենթարկում 5-րդ ռաունդում։
Մարտ Տեկե Օրուխայի դեմ
խմբագրել2010 թվականի հոկտեմբերի 16-ին Ալեքսանդր Պովետկինը նոկաուտի է ենթարկում նիգերիացի բռնցքամարտիկ Տեկե Օրուխային։
Մարտ Նիկոլայ Ֆիրտայի դեմ
խմբագրել2010 թվականի դեկտեմբերի 18-ին Պովետկինը ռինգ է դուրս գալիս ամերիկացի բռնցքամարտիկ Նիկոլայ Ֆիրտայի դեմ։ Առաջին երկու ռաունդներում Ալեքսանդրը ստանում է աջ ձեռքի վնասվածք. կտրվում է ձեռքի ջիլը[18]։ Ուշադրություն չդարձնելով վնասվածքին՝ շարունակում է մարտը։ Նույնիսկ 8-րդ ռաունդում վնասում է հակառակորդի աջ հոնքը։ Կարելի է ասել, որ մարտի 80 %-ը նա անց է կացնում մեկ ձեռքով։ Պովետկինը հաղթում է միավորների առավելությամբ։
2011-2013: WBA վարկածով աշխարհի կանոնավոր չեմպիոն
խմբագրելՆիկոլայ Ֆիրտայի դեմ մարտից հետո Ալեքսանդրը հայտնվել է WBA վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Ծանր վնասվածքից հետո թույլատրված վերականգնման շրջանը ավարտվել է մինչև մարտ ամիսը ընկած ժամանակաշրջանում։ Առաջին հավաքը տեղի է ունեցել մարտին, որը Ալեքսանդրը անց է կացրել հարազատ քաղաք Կուրսկում, որտեղ այցելել է բռնցքամարտի համար մասնագիտացված սրահ։
Ռուսական Դյուցազն թիմը հաջորդ մարտը պլանավորել էր օգոստոս ամսից ոչ շուտ։ Պովետկինի համար, որպես հակառակորդ, առաջադրվել էր Ժան Մարկ Մորմեկը, և նույնիսկ Խասիմ Ռահմանը ռուս բռնցքամարտիկի հետ ռինգ դուրս գալու իր ցանկությունն էր հայտնել։ Մարտը տեղի է ունեցել Համբուրգի «Ֆոլքսպարքշտադիոն» ֆուտբոլային մարզադաշտում, որտեղ Վլադիմիր Կլիչկոն հաղթել է Դևիդ Հեյին (WBA վարկածով չեմպիոն)։ Վլադիմիրը գերծանր քաշային կարգում եղել է IBF և WBO վարկածով չեմպիոն։ Այդ պատճառով Բռնցքամարտի Համաշխարհային Ասոցիացիան նրան հայտարարել է գերչեմպիոն, իսկ աշխարհի կանոնավոր չեմպիոնի տիտղոսը թափուր է մնացել։ Սա նշանակում էր, որ տիտղոսին կարող էին արժանանալ WBA-ի վարկանշային աղյուսակի առաջին և երկրորդ համարները՝ Ռուսլան Չագաևը և Ալեքսանդր Պովետկինը։
2011 թվականի հուլիսի 19-ին Պովետկինի և Չագաևի միջև պայմանագիր է ստորագրվել WBA վարկածով չեմպիոնի կանոնավոր տիտղոսի համար։ Մարտը պետք է տեղի ունենար նույն թվականի օգոստոսի 27-ին՝ գերմանական Էրֆուրտ քաղաքում։
Չեմպիոնական մարտ Ռուսլան Չագաևի դեմ
խմբագրել2011 թվականի օգոստոսի 27-ին Ալեքսանդրը ռինգ է դուրս եկել աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Չագաևի դեմ։ Մարտի սկզբից Ալեքսանդրը միանգամից հարձակման է անցել, որովհետև այդպես էր պլանավորել նրա մարզիչը՝ Թեդի Ատլասը։ 5-րդ ռաունդի ավարտին և 6-րդ ռաունդի սկզբին Պովետկինի առավելությունը նշանակալի է եղել և նա հակառակորդին գերազանցել է միավորների տարբերությամբ։ Այնուհետև Չագաևը սկսել է ավելի ագրեսիվ մարտ վարել։ Նրա գրոհները ավելի հաճախ են հասել իրենց նպատակին։ Սակայն Չագաևը արագ սկսել է հոգնել և 11-րդ ռաունդից հետո առավելությունը կրկին անցել է Պովետկինին։ Վերջում դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Պովետկինը՝ 116-112, 117-113, 117-113 հաշվով[19]։
Մարտ Սեդրիկ Բոսվելի դեմ
խմբագրել2011 թվականի դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրը տիտղոսի առաջին պաշտպանության ժամանակ հանդիպել է ամերիկացի տարեց բնռցքամարտիկ Սեդրիկ Բոսվելի հետ։ Մարտը տեղի է ունեցել միջին տեմպով։ Ալեքսանդրը ունեցել է փոքր առավելություն և անընդհատ հետապնդել է իր 43-ամյա հակառակորդին։ Վերջինս անընդհատ պաշտպանվել է և իրականացրել ջեբ հարվածներ։ Մարտի միջին հատվածում Ալեքսանդրը սկսել է ավելի որոշիչ գործել։ Բոսվելի մոտ խնդիրներ էին առաջացել։ Նրան հաջողվել է հեռանալ հակառակորդի ուժեղ հարվածներից, բայց չեմպիոնի մի քանի ծանր հարվածները հասել են իրենց նպատակին։ Վերջապես 8-րդ ռաունդում Պովետկինը Սեդրիկին հասցրել է ռինգի պարանների մոտ և իրականացրել որոշիչ աջ հարված։ Բոսվելը ծանր նոկաուտի է ենթարկվել։
Մարտ Մարկո Հուկի դեմ
խմբագրել2012 թվականի փետրվարի 25-ին Ալեքսանդր Պովետկինը ռինգ է դուրս եկել առաջին ծանր քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մարկո Հուկի դեմ։ Մարտը միանգամից ակտիվ չի սկսվել։ Սակայն 2-րդ ռաունդում Ալեքսանդրը սկսել է ավելի համարձակ գործել։ 4-րդ ռաունդում մարտի ընթացքը փոխվել է։ Հուկը իրականացրել է մի քանի ճշգրիտ հարվածներ, որոնք ցնցել են չեմպիոնին։ Նույնը կրկնվել է 7-րդ ռաունդում։ Վերջին ռաունդներում Պովետկինը սկսել է ավելի ճիշտ գործել։ Սակայն հոգնածությունը, որը առաջացել էր մարտի ընթացքում, խանգարում էր նրան։ Պովետկինը հիմնականում հարվածներ է հասցրել մրցակցի գոտկատեղից ներքև ընկած հատվածին՝ խախտելով կանոնները։ Այդ պատճառով էլ նա ծոծրակի հատվածում հարվածներ է ստացել իր հակառակորդից։ Չեմպիոնական ռաունդի ժամանակ Հուկի աջ աչքը վնասվել է, բայց դա չի խոչընդոտել մարտի ընթացքին։ Պովետկինը բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հակառակորդին, բայց գեղեցիկ հարձակումները և ճշգրիտ հարվածները իրականացրել է գերմանացին։ 12-րդ ռաունդում Հուկը մի քանի հարվածներ է հասցրել հակառակորդի գլխին։ 12-րդ ռաուդնի արդյունքում դատավորների մեծամասնության որոշմամբ հաղթող է ճանաչվել ռուս բռնցքամարտիկը։ Երկու բռնցքամարտիկներն էլ ցանկություն են հայտնել կրկին մենամարտել միմյանց դեմ[20]։ Սակայն մարտը այդպես էլ տեղի չի ունեցել։
Մարտ Հասիմ Ռահմանի դեմ
խմբագրել2012 թվականի հուլիսի 14-ին պետք է մարտ տեղի ունենար Ալեքսանդր Պովետկինի և ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի միջև։ Որոշվել էր, որ մարտը պետք է տեղի ունենար Համբուրգի «Սպորտհոլ» գերմանական մարզադաշտում[21]։ Նախապես մարտը պլանավորված էր իրականացրել Լոնդոնում «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում[22]։ Սակայն տուգանքների և հեռարձակման հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով հետաձգվել է[23]։ Մարտից 3 շաբաթ առաջ Ռահմանը վնասվածք է ստացել և մարտը հետաձգվել է[24]։
Սեպտեմբերի 19-ին մարտ է տեղի ունեցել Ալեքսանդր Պովետկինի և ամերիկացի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի միջև։ Վերջինս ռինգ դուրս չէր եկել 2011 թվականի հունիսից։ Ռահմանը պակասեցրել էր իր քաշը և ռինգ էր դուրս եկել լավ մարզավիճակում։ Սակայն նա շատ հոգնած և հյուծված տեսք է ունեցել։ Առաջին ռաունդը անցել է Ալեքսանդրի առավելությամբ։ Սակայն նա շարունակել է գործել երկրորդ համարի տակ։ Ալեքսանդրին հաջողվել է մի քանի անգամ հարվածներ հասցնել իր հակառակորդին, բայց Հասիմի գրեթե բոլոր ջեբ հարվածները հասել են իրենց նպատակակետին։ 2-րդ ռաունդի կեսին Պովետկինը ավելի շատ է սկսել հարձակվել Ռահմանի վրա։ Հասիմը բռնվել է պարաններից և միայն դրա շնորհիվ է կարողացել փրկվել ընկնելուց։ Մրցադատավորը, տեսնելով այդ ամենը, բաժանել է բռնցքամարտիկներին, բայց չի դադարեցրել մարտը։ Սակայն դրանից հետո Պովետկինը կրկին հարձակվել է Ռահմանի վրա և երկու ճշգրիտ հարվածներ հասցրել նրան, որոնք ցնցել են ամերիկացուն։ Ռահմանը գլուխը հետ է տարել և աջ ձեռքով բռնել է պարանը, որպեսզի խուսափի ընկնելուց։ Մրցադատավորը միանգամից միջամտել է և դադարեցրել մարտը։ Ալեքսանդր Պովետկինը աներկբա հաղթել է և պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կանոնավոր տիտղոսը[25][26]։
Ամերիկացի բռնցքմարտիկի դեմ մարտին Պովետկինին պատրաստել է նրա նոր մարզիչը՝ Կոստյա Ցզյուն[27]։
2014-2015: Ճանապարհ դեպի WBC
խմբագրել2014 թվականին Ալեքսանդրը պայմանագիր է ստորագրել նորաստեղծ «Բռնցքամարտի աշխարհ» կազմակերպության հետ՝ 3 տարի ժամկետով։ Դրանից հետո սկսել է մարզվել նոր գլխավոր մարզիչ Իվան Կիրպայի ղեկավարությամբ[28]։
Մարզիչներ
խմբագրել- Անդրեյ Վիկտորովիչ Ստեպուրկո՝ քիքբոքսինգում Պովետկինի առաջին մարզիչը։ Ռուսաստանում հայտնի է նրանով, որ 7 տարի անընդմեջ նրա հավաքականը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որտեղ եղել է նաև Ալեքսանդրը։
Տարբեր ժամանակներում Ալեքսանդր Պովետկինի բռնցքամարտի մարզիչները եղել են՝
- Վլադիմիր Իվանովիչ Պովետկին,
- Ալեքսանդր Իվանովիչ Ռագոզին,
- Նիկոլայ Դմիտրիևիչ Խրոմով (2002 թվականի Եվրոպայի առաջնություն),
- Ալեքսանդր Բորիսովիչ Լեբզյակ (2004 թվականի Եվրոպայի առաջնություն),
- Վալերի Իվանովիչ Բելով (2005-2009),
- Թեդի Ատլաս (2009-2011),
- Կոնստանտին Բորիսովիչ Ցզյու (2012-2013),
- Ալեքսանդր Վասիլևիչ Զիմին (2012, 2013),
- Սթեյսի Մաք Քինլի (2013),
- Իվան Վլադիմիրովիչ Կիրպա (2014-ից մինչև այսօր)։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ունի աղջիկ՝ Արինան։ 2013 թվականի հուլիսին ամուսնացել է Եվգենիա Մերկուլովայի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Չեխիայում։ Դրանից 5 տարի առաջ Եվգենիան մասնակցել է «Միսս Կուրսկ 2008» մրցանակաբաշխությանը։ Ստացել է 2 բարձրագույն կրթություն։ Եվգենիայի հայրը՝ Յուրի Մերկուլովը, ձյուդոյի վաստակավոր վարպետ է։
Ալեքսանդր Պովետկինի կրտսեր եղբայր Վլադիմիրը նույնպես ելույթ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգում։ 2007-2008 թվականներին նա կիսածանր քաշային կարգում ունեցել է վեց հաջող մարտեր[29]։
Ալեքսանդր Պովետկինը երբեք չի ծխել[30], չի խմել[31] և վարել է առողջ ապրելակերպ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Умер Владимир Иванович Поветкин, отец Александра и Владимира Поветкиных». sports.ru. 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Территория Бокса - Александр Поветкин
- ↑ «Александр Поветкин - Русский Витязь». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Чемпионат мира-2003, финал, победа над Каррионом». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Чемпионат Европы-2004, финал, победа над Камарелле(չաշխատող հղում)
- ↑ «Олимпиада-2004, первый круг, победа над Рожновым». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Олимпиада-2004, четвертьфинал, победа над Дильдабековым». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Олимпиада-2004, полуфинал, победа над Камарелле». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Олимпиада-2004, финал, победа над Мухаммедом Али без боя
- ↑ «Поветкин переходит в профессионалы». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Ларри Дональд: «Ես պարտվել եմ ուժեղ մրցակցի» - Ռուսական թերթ - Ռուս գերծանրքաշային կարգի բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը հաղթել է վարկանշային մարտում…
- ↑ «Поветкин - Бёрд». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Поветкин - Чемберс». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Поветкин - Сайкс». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Решение IBF по отмене боя Вл. Кличко - Поветкин
- ↑ Переговоры с Эстрадой
- ↑ Поветкин - Эстрада
- ↑ Боксёр Поветкин вылечит травмированную руку и выйдет на ринг в апреле(անգլերեն)
- ↑ Такого красивого боя Холифилд не видел уже много лет
- ↑ «Подробный репортаж о бое Александра Поветкина и Марко Хука». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Бой Поветкин - Рахман состоится в Гамбурге». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Зауэрланд: бой Поветкин - Рахман состоится в Лондоне, это вопрос решёный - Бокс/MMA - Чемпионат.com
- ↑ Поединок Поветкин - Рахман будет перенесён в Гамбург - Бокс/MMA - Чемпионат.com
- ↑ Бой Поветкин - Рахман отменён / Хасим получил травму / Бокс / www.sport.ua
- ↑ Александр Поветкин нокаутировал Хасима Рахмана
- ↑ Поветкин победил Рахмана техническим нокаутом во втором раунде
- ↑ «Поветкин сменил тренера». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «15:32 / 14.02.201414370 КОММЕНТАРИЕВ Поветкин заключил контракт с российской промоутерской компанией». Life News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Профессиональные бои Владимира Поветкина(անգլերեն)
- ↑ Александр Поветкин биография, фото - узнай все!
- ↑ «Поветкин: Уайлдер - сильный соперник». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալեքսանդր Պովետկին(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Александр Поветкин в Лентапедии
- Страница Поветкина на сайте sports.ru
- Интервью Поветкина обозревателю газеты «Спорт-Экспресс» Е. Вайцеховской (июль 2004 г.)
- Рейтинги ведущих организаций профессионального бокса(անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պովետկին» հոդվածին։ |