Ալան Ռամսեյ (անգլ.՝ Allan Ramsay, հոկտեմբերի 13, 1713(1713-10-13)[1][2] կամ 1713[3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2] - օգոստոսի 10, 1784(1784-08-10)[5][6][7][…] կամ 1784[3], Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2]), շոտլանդացի նշանավոր նկարիչ, դիմանկարի վարպետ։

Ալան Ռամսեյ
անգլ.՝ Allan Ramsay
Ծնվել էհոկտեմբերի 13, 1713(1713-10-13)[1][2] կամ 1713[3]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2]
Վախճանվել էօգոստոսի 10, 1784(1784-08-10)[5][6][7][…] կամ 1784[3]
Մահվան վայրԴուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ և գծագրող
Ոճկլասիցիզմ
Ժանրդիմապատկեր[8]
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչHans Hysing?
ԱշակերտներAlexander Nasmyth?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունThe Select Society?
ՀայրԱլլան Ռամսեյ
ԱմուսինMargaret Lindsay Ramsay? և Anne Bayne?
 Allan Ramsay (artist) Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

Ալան Ռամսեյը ծնվել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Նա բանաստեղծ Ալան Ռամսեյի (1686-1758) ավագ որդին էր։ Քսան տարեկանից նա սովորում է Լոնդոնում՝ շվեդ նկարիչ Հանս Հայսինգի մոտ և Սուրբ Մարտինի ակադեմիայում։ 1736 թվականին մեկնում է Հռոմ և Նեապոլ, որտեղ երեք տարի աշխատում է Ֆրանչեսկո Սոլիմենայի և Ֆրանչեսկո Ֆերնանդիի (Իմփերիալի) արվեստանոցներում։ 1738 թվականին վերադառնալով Բրիտանիա, նա բնակություն է հաստատում Էդինբուրգում, որտեղ ճանաչման է արժանանում իր վրձնած Դունկան Ֆորբես Կալոդենցու դիմանկարով, ապա Արգայլի III դքսի՝ Արչիբալդ Քեմփբելի նկարով, որը հետագայում դրոշմվեց Շոտլանդիայի արքայական դրամատան թողարկած թղթադրամների վրա։ Այնուհետև նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ աշխատանքի է անցնում Ֆրանսիս Էգերտոնի՝ Բրիջուոթրի III դքսի մոտ։ Նրա հաճելի շարժուձևը և բազմակողմանի կրթությունը, ոչ պակաս չափով, քան նրա նկարչական տաղանդը գրավում էին մարդկանց։ Նրա միակ լուրջ մրցակիցը Թոմաս Հադսոնն էր։ 1739 թվականին նա ամուսնանում է Աննա Բեյնի հետ։ Աննան մահանում է 1743 թվականի փետրվարի 4-ին՝ իրենց երրորդ երեխայի ծննդից հետո։ Նրանց երեխաներից ոչ-ոք չի հասնում չափահասության տարիքի։ Ռամսեյի աշակերտուհիներից մեկն էր Մարգարետ Լինդսեյը՝ Սըր Ալեքսանդր Լինդսեյի (1683-1762) և Ամելիա Մյուրեյի (Սթորմոնտի 5-րդ վիկոնտ Դևիդ Մյուրեյի թոռնուհու) ավագ դուստրը և նավատորմի սպա Ջոն Լինդսեյի քույրը։ Ռամսեյը և Մարգարետը ծածուկ հանդիպում էին, իսկ 1752 թվականի մարտի 1-ին ամուսնանում են Էդինբուրգի Կանոնգեյթ եկեղեցում։ Մարգարետի հայրը երբեք չի ներում աղջկան՝ նկարչի հետ ամուսնանալու համար։ Ռամսեյն արդեն իսկ ստիպված էր հոգ տանել առաջին ամուսնությունից մնացած միակ դստեր և իր երկու քույրերի մասին, սակայն հայտնում է Սըր Ալեքսանդրին, որ ինքը պատրաստ է Մարգարետին տարեկան հարյուր ֆունտ տրամադրել։ Նաև հայտնում է, որ գումարի չափը կավելանա, «քանի որ, փառք Աստծո, իմ եկամուտը նույնպես ավելանալու ճանապարհին է» և որ իր ամուսնության միակ շարժառիթն «իմ անսահման սերն է Ձեր դստեր նկատմամբ, որը ավելի շատ գումար ստանալու իրավունք ունի, քան ես նրան երբևէ կարող եմ տալ»[9]։ Նրանց երկար և երջանիկ ամուսնության ընթացքում ծնվեցին երեք երեխաներ՝ Ամելիա (1755–1813), Շառլոտ (1758–1818) և Ջոն (1768–1845): Ռամսեյն ու կինը 1754 թվականից 1757 թվականներն անցկացրեցին Իտալիայում՝ Հռոմում, Ֆլորենցիայում, Նեապոլում և Տիվոլիում, որտեղ նրանք որոնում, նկարում և գծագրում էին ծեր պարոնների, հնություններ և հնագիտական վայրեր։ Նա բավականաչափ գումար է վաստակում վրձնելով Գրան տուրի ճանապարհորդների դիմանկարները։ Այս և հետագա ճանապարհորդությունները դեպի Իտալիա, սակայն, ավելի շատ գրական և հնագիտական պրպտումներով էին հագեցած, քան նկարչությամբ։ 1761 թվականին Բրիտանիա վերադառնալով, Ռամսեյը Ջորջ III-ի արքունական նկարիչը դառնալու առաջարկ է ստանում՝ Հադսոնից վերցնելով վերջինիս պաշտոնը։ Ջորջ III արքան այնքան շատ դիմանկարներ էր պատվիրում Ռամսեյի մոտ՝ դեսպաններին և գաղութների կառավարիչ-նահանգապետերին նվիրելու համար, որ Ռամսեյը ստիպված էր բազմաթիվ օգնականներ վարձել, որոնց թվում նաև Դևիդ Մարտինին և Ֆիլիպ Ռինեգլին։ 1770- ական թվականներին Ռամսեյը թողնում է նկարելը, որպեսզի կենտրոնանա գրական գործունեության վրա։ 1782 թվականին մահանում է Ռամսեյի երկրորդ կինը՝ Մարգարետը։ Այս ծանր հարվածը, ինչպես նաև աջ թևի պատահական հոդախախտումը, քայքայում են նրա առողջությունը։ Նա պայքարում է անխուսափելի անորոշության դեմ այնքան ժամանակ, մինչև կկատարեր թագավորի բոլոր պատվերները, ապա ճանապարհ ընկնում դեպի իր այնքան սիրելի Իտալիա։ Մեկնելուց առաջ նա իր օգնական Ռինեգլին է թողնում 50-ից ավել արքայական դիմանկարների անավարտ էսքիզներ, որոնք օգնականը պիտի ավարտին հասցներ։ Ռամսեյը հարավում մի քանի տարի է անցկացնում՝ վերջնականապես քայքայված առողջությամբ։ Ռամսեյը մահանում է Դովերում, 1784 թվականի օգոստոսի 10-ին։ Ռամսեյը Սեմյուել Ջոնսոնի մտերիմ ընկերն է եղել, որը նրա մասին գրել է. «Ես շատ եմ սիրում Ռամսեյին, ուրիշ մեկին գտեք, որի խոսքի մեջ նույնքան իմաստ, տեղեկություն և նրբագեղություն կա, որքան Ռամսեյի»[10]։

Արվեստ խմբագրել

 
Ջորջ III-ի դիմանկարը, 1762 թվական

Ռամսեյի լավագույն նկարները նրա վաղ շրջանի աշխատանքների թվում են, ներառյալ Արգայլի դքսի ամբողջ հասակով մեկ նկարված նկարը, ինչպես նաև շոտլանդացի բազմաթիվ ազնվականների և նրանց կանանց դիմանկարները, որոնք նա ստեղծել է նախքան Լոնդոնում հաստատվելը։ Այս նկարները լի են թե՛ նրբագեղությամբ և թե՛ անհատականությամբ՝ հագեցած գերազանց գծագրական աշխատանքով և մարմնամասերի հնարամիտ հաստատունությամբ՝ չնայած գույները երբեմն նաև մի փոքր կոպիտ են և մթամած։ Նրա «Լեդի Մերի Քոքի դիմանկարը» սպիտակ սատինի վրա, նշանավոր է իր հմուտ և նուրբ աշխատանքով։ Իր երկրորդ կնոջ՝ դարչնագույն աչքերով Մարգարետի դիմանկարը, այժմ՝ Շոտլանդիայի ազգային պատկերասրահում, գրավում է իր քաղցրությամբ և քնքշությամբ։ Ռամսեյի կնոջ դիմանկարը նաև արտահայտում է ֆրանսիական արվեստի ազդեցությունը, որը նա համադրել է իր աշխատանքի մեջ։ Էդինբուրգի «Շոտլանդիայի արքայական ակադեմիայում» պահվող նրա մեծ հավաքածուն ևս ցուցադրում է ֆրանսիական փափուկ գույներն ու նրբագեղությունը։ 2014 թվականի փետրվարին ԲիԲիՍի-ի թողարկած մի փաստավավերագրական ֆիլմում Ռամսեյը ներկայացվում է որպես մի նկարիչ, որը նկարել է Չարլզ Էդուարդ Ստյուարտին՝ 1745 թվականին, նրա՝ Անգլիա ներխուժելուց առաջ[11]։

Նկարներ խմբագրել

Ռամսեյի նկարները պահպանվում են բրիտանական մի քանի հաստատությունների հավաքածուներում, ներառյալ՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում, Դերբիի պատկերասրահում, Գլազգոյի թանգարանում և Նյուսթեդի աբբայությունում[12]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb136026493
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Allan Ramsay (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  8. Union List of Artist Names
  9. Ramsay to Lindsay, 31 March 1752, A. Smart, Allan Ramsay: Painter, Essayist, and Man of the Enlightenment (1992), 96 n. 10
  10. James Boswell (1778 թ․ ապրիլի 30). The Life of Samuel Johnson.
  11. «Lost Bonnie Prince Charlie portrait found in Scotland». BBC News. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  12. Allan Ramsay Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, BBC; accessed August 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Ռամսեյ (նկարիչ)» հոդվածին։