«1408», ամերիկացի գրող Սթիվեն Քինգի սարսափ ժանրի պատմվածքը, որն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է հեղինակի՝ 1999 թվականի նոյեմբերին թողարկված «Արյուն և ծուխ» աուդիոգրքում։ Տպագրվել է 2002 թվականի մարտին «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում, որը լույս է տեսել Scribner հրատարակչությունում։ Ավելի ուշ ներառվել է «Սթիվեն Քինգը գնում է կինո» ժողովածուում։

1408
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանր
Ձևպատմվածք
ՀեղինակՍթիվեն Քինգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնագիր լեզուԱնգլերեն
Գրվել է1997
Հրատարակվել է2002
ՇարքԱմեն ինչ հնարավոր է
Նախորդ«Այդ զգացումը, որը կարող ես ասել միայն ֆրանսերենով»
Հաջորդ«Վարելով փամփուշտը»

Սյուժետային շղթան պատմում է գրող Մայք Էնսլինի (անգլ.՝ Mike Enslin) մասին, ով ցականում է հայտնվել 1408-րդ համարում, որպեսզի նոր գրքի համար նյութեր հավաքի։ Ցուցաբերելով համառություն՝ նա չի ենթարկվում «Դելֆին» հյուրանոցի ղեկավար պարոն Օլինին (անգլ.՝ Olin), ով ամեն կերպ փորձում է հետ պահել նրան այդ համար ներխուժելուց։ Հյուրանոցի այդ սենյակում հերոսի հետ տեղի են ունենում գերբնական երևույթներ։

Ստեղծագործության առաջին գրվածքները հայտնվեցին մի անձրևոտ օր Ֆլորիդայում գտնվող Սանիբել կղզում։ Պատմվածքի մի քանի էջանոց սկիզբը Քինգը ներառեց «Ինչպես գրել գրքեր» գրականագիտական հուշագրություններում որպես խմբագրության կենդանի օրինակ, թե ինչպես է գրվածքը փոխվում ամեն ուղղումից հետո։ Նախապես չնպատակադրվելով ավարտել ստեղծագործությունը՝ Քինգը տարվում է պատմվածքով և, այնուամենայնիվ, ավարտում այն։ Գրողը հասկացավ, որ «1408»-ը սյուժետային նոր վարիացիա է «ուրվականները հյուրանոցում» ֆաբուլայով։ Գրաքննադատները դրական ընդունեցին հեղինակի այս աշխատանքը՝ պատմվածքն անվանելով օրինակելի և սարսափելի։ «1408»-ն էկրանավորեց շվեդ ռեժիսոր Միկայել Հովսթրյոմը 2007 թվականին։ Գլխավոր դերերը մարմնավորեցին Ջոն Քյուսաքը և Սեմյուել Լ. Ջեքսոնը

Սյուժե խմբագրել

Մայք Էնսլինը ուրվականների մասին այնպիսի սարսափ վեպերի հեղինակ է, ինչպիսիք են «Տասը գիշեր ուրվականներով լի տասը տներում», Տասը գիշեր ուրվականներով լի տասը ամրոցներում», «Տասը գիշեր ուրվականներով գերեզմանոցներում», որոնք դարձել են բեսթսելլերներ։ Նա ուղևորվում է Նյու Յորքում գտնվող «Դելֆին» հյուրանոց՝ մեկ գիշեր անցկացնելու 1408 համարում, որպեսզի գրի իր նոր գիրքը։ Իր բնավորության համաձայն` Մայքը ռացիոնալ կերպով նկարագրում է իրադարձությունները և չի հավատում գերբնական երևույթներին և ճանապարհորդելով բազմաթիվ երկրներում ու լինելով սպանության վայրերում՝ նա իր գրչի շնորհիվ գումար է վաստակել։ Մայքը հանդիպում է հյուրանոցի ղեկավար Օլինին, ով ամեն կերպ փորձում է վերջինիս հետ պահել 1408 սենյակ մտնելուց։ Նա հայտնում է, որ 68 տարվա ընթացքում այդ սենյակում տեղի է ունեցել 42 մահ, որոնցից 12-ն ինքնասպանություններ էին, իսկ մնացած 30 մարդիկ մահացել են այսպես կոչված «բնական պատճառներով»։ Այդպես, օրինակ, բնակիչներից մեկը խեղդվել է ապուրի ափսեի մեջ։ Բացի այդ, մենեջերն անձամբ է հետևել սենյակի մաքրությանը, իսկ հավաքարարներն աշխատում էին որքան հնարավոր է կարճ ժամանակ անցկացնել այնտեղ։ Օլինը նախազգուշացնում է, որ էլեկտրականությունը սենյակում վատ է աշխատում և ավելացնում, որ համար 1408-ը 13-րդ հարկում է, սակայն համարվում է 14-ում։ Հասկանալով, որ անկոչ հյուրին հակառակը համոզել, միևնույնն է, չի ստացվի, պարոն Օլինը տալիս է բանալին, Էնսլինի հետ բարձրանում է վերելակով, սակայն հրաժարվում է առաջ գնալ, քանի որ առանց խիստ անհրաժեշտության այդ սենյակին չի մոտենում։

Սկզբում Էնսլինը սկսում է կասկածել, թե այդ սենյակում ուրվականներ կան, երբ մոտենում է թեք տեսք ունեցող դռանը։ Մտնելով սենյակ՝ Մայքն սկսում է այն ուսումնասիրել և միանգամից հանում է իր դիկտոֆոնը։ Նա զգում է ծովային հիվանդություն, սակայն չի իմանում դրա բնույթի մասին։ Նա նկարագրում է սենյակը և որպեսզի ազատվի վատ զգացողությունից, բացում է պատուհանը։ Սեղանի վրա Էնսլինը նկատում է հյուրանոցի նկարով պիտակված լուցկու տուփ։ Մայքը պատերի վրա նկատում է նկարներ։ Մեկի վրա պատկերված է 20-ական թվականների երեկոյան հագուստով մի կին, մյուսին՝ մրգերով նատյումորտ, իսկ երրորդին՝ ալիքների վրայով լողացող առագաստանավ։ Նրա մոտ միտք է առաջանում, թե նկարների ետևում ապրում են մրջյուններ։ Էնսլինն սկսում է մտածել, որ այս ամենի մեղավորը միայն Օլինն է, ով զվարճանում է՝ հետևելով իրեն։ Հավանաբար նա սենյակ է բաց թողել թունավոր գազ, որն ազդում է իր ընկալման վրա։

Հյուրանոցի ճաշացանկում Մայքն սկզբում տեսնում է ուտեստների տարօրինակ անվանումներ, սակայն հանկարծ տառերը փոխվում են, դառնում ֆրանսերեն, հետո ռուսերեն իսկ վերջում՝ իտալերեն։ Պատի պաստառները հերոսին սկսում են թվալ կաշենման։ Նկարներն սկսում են շարժվել․ կինը մերկացրել է կուրծքը, ում պտուկներից արյուն է հոսում, ափսեի միջից որոշ մրգեր անհետացել են, իսկ մնացածները սկսում են արտացոլել անհանգստացնող դեղնանարնջագույն լույս։ Նայելով առագաստանավի վրայի մարդկանց՝ Մայքն իմանում է, որ դրա վրա կա նաև Քևին Օ'Մոյլին՝ այս համարի առաջին զոհը։ Սենյակում` գիշերասեղանի վրա, կա ժամ, որով ցույց է տրվում, թե դեռ ինչքան պետք է այնտեղ մնա Մայքը։ Երբ նա փորձում է հեռախոսով զանգահարել, Էնսլինը լսում է հենց սենյակի սարսափելի ձայնը, որն արտահայտում է խելագար նախադասություններ․ «Ի՜նն է, ի՜նը, տա՜սն է, տա՜սը։ Մենք սպանե՜լ ենք քո բոլոր ընկերներին։ Քո յուրաքանչյուր ընկերը մեռա՜ծ է։ Վե՜ցն է։ Վե՜ցը»։

Մայքը վերցնում է նախկինում նկատված լուցկու տուփը և վառում իր հավայան վերնաշապիկը։ Վազում է դեպի դուռը, բացում այն և դուրս գալիս միջանցք։ Այդ պահին անցնում է կոմիվոյաժոր Ռուֆուս Դիաբորնը, ով զբաղեցնում է կողքի համարը։ Նա բերում է սառույցով լի դույլ և լցնում այն վառվող Մայքի վրա։ Դրանից հետո Ռուֆուսը մտածում է, որ սենյակը, որից դուրս է փախել գրողը, արտացոլում է ավստրալիական մայրամուտի լույսը` վառվող և ոչ երկրային։ Մայքը քաշում է նրա տաբատից և կանխարգելում նրա մուտքը սենյակ։

Մայքը տանում է կաշվի փոխման մի քանի վիրահատությունները։ Ձայնագրություններով դիկտոֆոնը՝ տեղ-տեղ մոխրացած, սակայն դեռ աշխատող, պահվում է գրողի գործակալ Սեմ Ֆարելի մոտ։ Մի անգամ Սեմի մոտ է գալիս Օլինը և խնդրում թույլ տալ լսելու ձայնագրությունը, սակայն մերժում է ստանում։ Հերոսը երազում տեսնում է մղձավանջներ, բայց հազվադեպ է դրանք հիշում։ Մայքը դադարում է գրքեր գրել, իսկ երբ ցերեկվան գալիս է փոխարինելու գիշերը, չի կարողանում նայել մայրամուտի լույսին[1]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Միտք և մշակում խմբագրել

 
Ֆլորիդայի Սանիբել կղզին, որտեղ Սթիվեն Քինգը սկսել է պատմվածքը գրառումները

Առաջին հազար բառը ձեռքով գրվել է գրողի կողմից Ֆլորիդայի Սանիբել կղզում վարձած հյուրասրահում, որտեղ ամպրոպը թույլ չէր տալիս գրողին և իր ընտանիքին գնալ ծովափ։ Սթիվենը պատմվածքը համեմատեց «Փայլատակում» վեպի հետ և կարծիք հայտնեց, որ իրեն սովորաբար բնորոշ չէ օգտագործել «ուրվականներով հյուրանոց» ֆաբուլան երկու անգամ։ Չնայած դրան, գլխավոր հերոսը՝ վարձկան ցինիկ թուղթ մրոտողը, ով կենտրոնացել էր մերկացնող գրքերի վրա, հետաքրքրեց հեղինակին։ «Ես ինքս ինձ հարց տվեցի, թե ինչ կլինի, եթե նման տղան դեմ առ դեմ հանդիպի իրական չարի հետ»[2]։ «Պատահար հյուրանոցում» աշխատանքային վերնագրով երեքից չորս էջանոց պատմվածքը[3] Քինգը որպես օրինակ բերել էր իր գրականագիտական հուշագրություններում՝ «Ինչպես գրել գրքեր» գքում[4]։ Նա նշեց, որ սարսափ ժանրի յուրաքանչյուր գրող պետք է առնվազն մեկ պատմվածք գրի հյուրանոցում ուրվականներով սենյակի մասին, և դրանց կատեգորիային դասեց «1408»-ը։ Քինգը չէր պատրաստվում ավարտել պատմվածքը։ Սակայն, արդյունքում պատմվածքը գերեց գրողին, և նա վերջապես ավարտեց այն[3]։ Հեղինակն արձակ ստեղծագործության[4] միջոցով ցանկանում էր ընթերցողին ցույց տալ, թե ինչպես է պատմվածքը խմբագրման ընթացքում փոխվում՝ առաջին գրվածներից մինչև երկրորդ ստուգում։ Քինգը մեջբերեց հստակ սկզբունքներ, որոնցով ինքն առաջնորդվում էր իր գրքերը ստեղծելիս[3]։ Առաջին տարբերակը, իր կարծիքով, շատ հում էր․ «Պատմվածքը չի քայլում և կարճ շալվարով ու գուլպաներով կանգնած է սենյակի կենտրոնում»։ Փոփոխությունների մեծ մասը ավելորդ նյութի ջնջումն էր, որը պատմվածքին թույլ էր տալիս ավելի արագ ընթանալ ըստ Սթրանքի բանաձևի․ «Երկրորդ տարբերակ = առաջին տարբերակ - 10%»[4]։

Հեղինակը կարծում էր, որ «Պատահար հյուրանոցում» վերնագիրը չէր կարող համեմատվել «Մարդասպան բուլդոզերը» կամ «Նորմա Ջինը՝ տերմիտների թագուհին» խորագրերի հետ, սակայն այն լավագույն տարբերակը չէր։ Ավելի ուշ հորինվեց «1408» անվանումը, որը դուր եկավ Քինգին, քանի որ հենց ստեղծագործության պատմությունը տեղի է ունենում տասներեքերորդ հարկում, իսկ թվերի գումարը հավասար է տասներեքի։ Երկրորդ խմբագրման ժամանակ «Դելֆին» հյուրանոցի մենեջերի ազգանունը Օսթմեյերից փոխեց Օլինի, ինչը պատմվածքը կրճատեց տասնհինգ տողով։ Արդեն ավարտին հասնելիս Քինգը նախատեսում էր «1408»-ը ներառել աուդիոգրքում, որը ցանկանում էր կարդալ հենց ինքը։ Այն, որ ինքը պիտի բազմիցս կրկներ «Օսթեմեյեր» ազգանունը, հեղինակին համոզեց, որ ինքը ճիշտ է վարվել՝ փոխելով այն։ Քինգը նաև ազատվեց մի քանի գրական նշումներից, ակնհայտ և անհարմար նախապատմություններից, բարբառներից ու կրկնողություններից[4]։

Երջանիկ հավայան վերնաշապիկը, որն առաջին տարբերակում հայտնվում է միայն տասներեքերորդ տողում, ըստ հին թատերական կանոնի՝ ներկայացվեց սկզբում․ «Եթե առաջին ակտում բեմի վրա կա զենք, երրորդ ակտում այն պետք է կրակի»։ Քինգը մտածեց, որ եթե գլխավոր հերոսի համար այն դեր պիտի խաղա պատմվածքի վերջում, ապա պետք է այն ավելի շուտ ներկայացնել։ Նա կարծեց, որ հակառակ դեպքում ընթերցողն այն կհամարի deus ex machina։ Կուբայական սիգարների հիշատակումը, որը մենեջերն առաջարկում է Մայք Էնսլինին, հեղինակին թվաց վատ ֆիլմերի չափից դուրս ձանձրալի կնիք։ Մայքի ոգևորությունը, որն արտահայտվեց համարում ծխելու հնարավորությունը ստանալուց, հեղինակը որոշեց թողնել, որպեսզի ընթերցողին թույլ տա հասկանալ՝ գլխավոր հերոսը մի փոքր ծաղրում է Օլինին[4]։ «Դելֆին» հյուրանոցը հավանաբար հղում է Հարուկի Մուրակամիի «Ոչխարների որս» ստեղծագործությանը և դրա շարունակունակությանը՝ «Դենս, Դենս, Դենս»-ին, որտեղ հիշատակվում է նույնանուն հյուրանոցը[5]։

Քինգը հասկացավ, որ պատմվածքը վախեցնում է իրեն, իսկ ավելի ուշ հայտնված աուդիոգիրքն ավելացրեց սարսափը, որը չկար ձեռագրում․

  Բայց հյուրանոցի համարներն իրենք են վախ առաջացնում, այդպես չէ՞։ Մտնելով համար՝ միանգամից հարց է առաջանում․ քանի՞ մարդ է մինչ այժմ քնել այս նույն անկողնու վրա։ Դրանց շարքում քանի՞սն են հիվանդ եղել։ Քանի՞ խելագարներ։ Քանի՞սն են մտածել քնելուց առաջ կարդալ մի քանի տող Աստվածաշնչից, որը դրված է կողքի գիշերասեղանին կամ կախված է հեռուստացույցի կողքի պատի պահարանում։ Բռռռռ։ Ամեն դեպքում, եկեք ստուգենք, լա՞վ։ Ահա ձեր բանալին․․․ Եվ դուք միանգամից չեք էլ կարողանում պատկերացնել, թե ինչ գումար կտան այդ չորս անմեղ թվերը։ Համարը, ահա այն, միջանցքով մի քիչ գնացեք[1][3]։
 

Հրատարակում խմբագրել

Սկզբում Քինգը պատմվածքի ամբողջ տարբերակը ցականում էր որպես հավելված կցել իր գրականագիտական հիշողություններին, սակայն ավելի ուշ որոշեց չանել այդպես։ Նախ, դա հակառակ էր իր պլաններին՝ «կյանքում գոնե մեկ անգամ լինել կարճ»։ Երկրորդ՝ հեղինակը եկավ այն եզրահանգման, որ գիրք գրելու ձևը ցույց տալիս հատվածը բավական է, քանի որ «խոսքը շարժիչի ծառայության մասին է, այլ ոչ թե հաճելի ճանապարհորդության»[4]։ Առաջին անգամ պատմվածքը թողարկվեց 1999 թվականին «Արյուն և ծուխ» աուդիոժողովածուում (անգլ.՝ Blood & Smoke)[6] «Simon & Schuster» հրատարակչության կողմից[4]։ Տեքստը կարդում էր ինքը՝ Քինգը։ Հավաքածուում ներառվեցին նաև «Նախաճաշ «Գոթեմ» սրճարանում» և «Մահվան սենյակում» պատմվածքները[7][8]։ Հետագայում «1408»-ը ներառվեց «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում, որը հրատարակվեց 2002 թվականի մարտին[9]։ Պատմվածքն ունեցավ 37 էջ[10][11][12]։ 2009 թվականին պատմվածքը տեղ գտավ նաև հեղինակի «Սթիվեն Քինգը գնում է կինո» ժողովածուում[13]։

Քննադատություններ խմբագրել

Լրագրող Վադիմ Էռլիժմանը ստեղծագործությունն անվանեց «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուի ամենահայտնի պատմվածքը։ Նա սատարեց Քինգի մտահղացումը՝ ավարտել գրքի սևագիրը և վերջնական արդյունքն անվանեց «համարյա օրինակելի»։ Մայք Էնսլինի հետ տեղի ունեցողը գրաքննադատը համեմատեց լավքրաֆտյան «դժոխային երկրաչափության» հետ[1]։ «Նյու Յորք Թայմսի» տեսաբան Ջենեթ Մեսլինը ստեղծագործությունը դասակարգեց որպես «համարյա տոհմական սարսափ» և ընդհանուր գծեր գտավ «Դիահերձման սենյակ համար չորս» ստեղծագործության հետ[14]։ Publishers Weekly-ի քննադատը գրեց, որ պատմվածքն առաջացնում է անհանգստության զգացում այնպես պերճաշուք կերպով, ինչպես արել են Ալջերնոն Բլեքվուդը, Արթուր Մեյչենը, Շառլ Բոդլերը և Ժան Պոլ Սարտրը[15]։ Entertainment Weekly-ի աշխատակից Մարկ Հարրիսը թեպետ պատմվածքն անվանեց ժողովածուի լավագույններից մեկը, բայց գանգատվեց, որ հյուրանոցային համարում գտնվող ուրվականների թեման հին է[16]։ Թոնի Մեջիսթրեյլը նմանություններ ընդգծեց «Փայլատակում» վեպի հետ, սակայն գտավ նաև բազմաթիվ տարբերություններ։ Այդպես, օրինակ, եթե մեծ պլանով չարը հսկայական է և տարածվել է ողջ շինությամբ, ապա «1408»-ում այն տեղ է գտել միայն մեկ համարում։ Պատմվածքն առաջարկում է գնահատել հերոսին հետապնդող հոգիների միջև եղած ավելի անձնական հարաբերությունները[17]։

Գնահատելով «Արյուն և ծուխ» ժողովածուն՝ About.com պորտալի տեսաբան Ստեյսի Ուիլսոնը նշեց, որ նյութի քթային, սարկաստիկ փոխանցումը և կեղծ բարբառները թույլ չէին տալիս ընկալել պատմվածքը։ Սակայն տեքստը մարդուն ոտքից գլուխ գցում է արյան ու ծխի մեջ իր սարսափելի պրոտագոնիստներով, հիվանդագին պարանոյայով, հուսահատությամբ և վախով[18]։ Պատմվածքն անվանվեց «զարհուրելի»[19]։ Bookreporter-ի քննադատ Ջո Հարլաբը կարծիք հայտնեց, որ «1408»-ը հրաշալի պատմություն է օտար քաղաքում, մի տարօրինակ շինությունում և անծանոթ սենյակում քնելուց առաջ կարդալու համար[20]։ Ստեֆանի Զահարեկը՝ Salon վեբկայքի աշխատակիցը, պատմվածքն անվանեց «կոմպակտ և էլիպտիկ նովել»[21]։

«Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուն, որտեղ տպագրվել է պատմվածքը, արժանացել է Բրեմ Սթոքերի, Բրիտանական ֆենտեզի և Սարսափի միջազգային գիլդիայի մրցանակների[22]։

Էկրանավորում խմբագրել

Պատմվածքն էկրանավորվել է Միկայել Հովսթրյոմի կողմից 2007 թվականին[5][23]։ Ռեիսորը Քինգի արվեստի երկրպագուն էր Բրայան դե Պալմայի նկարահանած «Քերրի» ֆիլմը դիտելուց հետո[24]։ Ֆիլմի պրոդյուսերն է Լորենցո դի Բոնավենտուրան, ով նախկինում Հովստրյոմի հետ աշխատել է «Դավաճանության գինը» կինոնկարի վրա[25]։ Ֆիլմի թողարկմամբ զբաղվել են Metro-Goldwyn-Mayer-ը և Dimension Films[26]։ Մայքի դերը մարմնավորել է Ջոն Քյուսաքը, իսկ Օլինինը՝ Սեմյուել Լ. Ջեքսոնը[27]։ Սցենարի վրա աշխատել է Մեթ Գրինբերգը, իսկ ավելի ուշ նրան միացել են Սքոթ Ալեքսանդրը և Լարի Կարասևսկին։ Ֆիլմում Մայք Էնսլինը գրական կարիերայով գրավված մարդ է, ով այլևս ոչ մի բանի չի հավատում։ Էնսլինի ինտելեկտուալ թերահավատությունն առաջացնում է վստահություն և կինոշղթային հաղորդում դրամատիկություն։ Այստեղ պատմվում է նաև Մայքի կնոջ՝ Լիլիի և նրա մահացած դստեր՝ Քեթիի մասին[28], որն արդարացնում է նրա թերահավատությունը մեռյալ կյանքի նկատմամբ[10]։ Ֆիլմի նախնական վերջաբանը, որում գլխավոր հերոսը մահանում է, վերանկարահանվեց, քանի որ հանդիսատեսն այն համարել էր դեպրեսիվ[8]։ Կինոնկարում կան շատ հիշատակումներ Քինգի մյուս աշխատանքներից, դրանց ադապտացիաներից և այլ հեղինակների ստեղծագործություններից՝ «Փայլատակում», «Ռոզմարիի երեխան», «Փախուստ Շոուշենկից», «Փսիխո», «Միզերի» և այլն[28][29]։

Քինգն ինքը նշել է, որ լուրջ դերասանները հազվադեպ են մասնակցում փոքր բյուջեով ֆիլմերի նկարահանումներին, և չնայած նա հաստատ չգիտի, բայց իր կարծիքով, Քյուսաքը համաձայնել էր ստանձնել դերը, քանի որ «ըմբռնել էր կերպարի երևակայությունը»։ Քինգին դուր էկավ էկրանավորումն արդեն թրեյլերը դիտելուց հետո, որն իրեն էր ուղարկել պրոդյուսեր Բոբ Վաշինգտոնը։ «Դա կատարելության կլաուստրաֆոբիա էր, որը վառ արտահայտում էր պատմության երանգը։ Ես պատկերացնում էի աներես, բառի բուն իմաստով ղեկավարվող 1408 սենյակի բնակիչներին, որ խելագարվում են, ենթարկում էի նրանց օտար զգացողությունների, հոգեբանական փորձերի, կարծես գտնվում էին ԼՍԴ-ի կամ մեսկալինի ազդեցության տակ»։ Արդյունքում գրողը ֆիլմն անվանեց իրոք սարսափելի։ Քինգը պնդում էր, որ սահմանվի PG-13 վարկանիշ, քանի որ կադրում լիովին բացակայում էր արյունը։ Նա կինոնկարը համեմատեց Վել Լյութոնի աշխատանքների հետ՝ ասելով, որ նա աշխատում է հանդիսատեսի նյարդերի վրա, այլ ոչ թե սրտխառնոցի ռեֆլեքսի[2]։ Այդպիսով նա մոտ է ճապոնական կինեմատոգրաֆիային[30]։ Սթիվեն Քինգը հաջողված համարեց նաև նախապատմության հավելումը, չնայած հենց դրա պատճառով ստիպված եղան վերանկարահանել ֆիլմը[2]։

Կինոնկարն ունեցավ կոմերցիոն հաջողություն՝ 25 միլիոն բյուջեի դեպքում նրա շահույթը գերազանցեց 130 միլիոն դոլարը[31][32]։ Ագրեգատոր Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 100-ից կազմեց 78%։ Կայքի հեղինակները նշել են, որ հիմնվելով հոգեբանական ծանրաբեռնվածության վրա, «1408»-ն իսկապես սարսափելի թրիլեր է Ջոն Քյուսաքի աչքի ընկնող դերասանական խաղով[33]։ Ջեյմս Բերարդինելլին էկրանավորումն անվանեց տարվա ամենահասուն սարսափ ֆիլմը[27]։ Այլ հեղինակները նույնպես գովաբանում էին ֆիլմի մռայլ երանգավորումը, որը քայլ առ քայլ տանում է խելագարության[34]՝ նշելով, որ նկարում կան ընդամենը երկու կերպարներ՝ Քյուսաքը և սենյակը[35]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Эрлихман Вадим. Король тёмной стороны. Стивен Кинг в Америке и России. — Санкт-Петербург: Амфора, 2006. — С. 332-333. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  2. 2,0 2,1 2,2 Стивен Кинг. 1408 // Стивен Кинг идёт в кино = Stephen King Goes to the Movies. — New York: Simon and Schuste, 2009. — С. 1-2. — 626 с. — ISBN 1-4165-9236-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 Стивен Кинг. 1408 // Все предельно = Everything's Eventual. — Москва: АСТ, 2005. — С. 535-536. — 668 с. — (Мировая классика). — 2000 экз.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Стивен Кинг. Постскриптум: О жизни. Глава 7 // Как писать книги: Мемуары о ремесле = On Writing. — Москва: АСТ, 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  5. 5,0 5,1 Михаил Попов. (2007 թ․ նոյեմբերի 12). «1408» (ռուսերեն). Мир фантастики. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Blood and Smoke» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Blood & Smoke» (անգլերեն). Stephenking.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  8. 8,0 8,1 Paul Simpson. 15. A new horizon: twenty-first century tales // A Brief Guide to Stephen King. — Philadelphia: Constable & Robinson, 20 марта 2014. — 300 с.
  9. «Everything's Eventual» (անգլերեն). Stephenking.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  10. 10,0 10,1 Anthony Breznican. (2007 թ․ հունիսի 21). «Stephen King adapts to Hollywood» (անգլերեն). USA Today. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Все предельно» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  12. «1408» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  13. «Стивен Кинг идёт в кино» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  14. Janet Maslin. (2002 թ․ մարտի 18). «Books of the times; Storytelling Mogul Decides to Sweep Out Odds and Ends» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  15. «Everything's Eventual: 14 Dark Tales» (անգլերեն). Publishers Weekly. 2002 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  16. Mark Harris. (2002 թ․ մարտի 27). «Everything's Eventual» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  17. Tony Magistrale. Chapter 5. 1408: The Shining revisited... with modifications // Stephen King: America's Storyteller. — Santa Barbara: ABC-CLIO, 2010. — С. 116-121. — 181 с. — ISBN 978-0-313-35228-7
  18. Staci Layne Wilson. «Blood and Smoke by Stephen King - Audio Book Review» (անգլերեն). Bestsellers.about.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  19. Rebecca Murray. «'1408' Movie Review» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  20. Joe Hartlaub. (2002 թ․ մարտի 22). «Everything's Eventual: 14 Dark Tales» (անգլերեն). Bookreporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  21. Stephanie Zacharek. «"1408"» (անգլերեն). Կաղապար:Не переведено 5. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  22. «Все предельно» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  23. Александр Чекулаев. (2006 թ․ հունվարի 24). «Новости киноиндустрии» (ռուսերեն). Мир фантастики. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  24. Rebecca Murray. «Samuel L Jackson Discusses the Scary Movie 1408» (անգլերեն). About. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  25. Михаил Судаков. (2007 թ․ օգոստոսի 28). «Видеодром. Съёмочная площадка» (ռուսերեն). Мир фантастики. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  26. Jeannette Catsoulis. (2007 թ․ հուլիսի 21). «1408 (2007). An Unlucky Number» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  27. 27,0 27,1 Ջեյմս Բերարդնելլի. «1408» (անգլերեն). Reelviews. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  28. 28,0 28,1 Mark Browning. 1408 (Mikael Håfström, 2007) // Stephen King on the Big Screen. — Beverly: Intellect Books, 2009. — С. 218-222. — 251 с.
  29. Todd A. Comer, Lloyd Isaac Vayo. Terror and the Cinematic Sublime: Essays on Violence and the Unpresentable in Post-9/11 Films. — Jefferson: McFarland, 2013. — С. 106. — 216 с. — ISBN 978-0-7864-7207-9
  30. Marshall Fine. (2007 թ․ հուլիսի 18). «How the dark half lives» (անգլերեն). Daily News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  31. «1408» (անգլերեն). Powergrid. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  32. «1408» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  33. «1408 (2007)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  34. Ted Fry. «"1408" is a creepy hotel flick worth checking into» (անգլերեն). The Seattle Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  35. Scott Bowles. (2007 թ․ հունիսի 22). «'1408': This scary little number stays faithful to King's vision» (անգլերեն). USA Today. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.

Աղբյուներ խմբագրել

  • StephenKing.com. — Պատմվածքի էջի Սթիվեն Քինգի պաշտոնական վեբկայքում«1408» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014-08-ժ15-ին.
  • Стивен Кинг.ру. — Պատմվածքի էջի Սթիվեն Քինգիերկրպագուների կայքում«1408» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  • 1408(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում