Ֆրանց Մեյեր թանգարան (իսպ.՝ Museo Franz Mayer), 1986 թվականին Մեխիկոյում բացված Լատինական Ամերիկայի դեկորատիվ արվեստի ամենամեծ հավաքածուն ներառող թանգարան, որն ստեղծվել է բորսային միջնորդ, ֆինանսիստ, հավաքորդ Ֆրանց Մեյերի՝ ավելի քան հիսուն տարիների ընթացքում ձեռք բերած արվեստի աշխատանքների հիման վրա՝ դեկորատիվ արվեստի նմուշներ, գրքեր, կահույք, կերամիկա և այլն։ Հավաքածուն ներառում է 15-20-րդ դարերի նմուշներ Ասիայից, Եվրոպայից, իսկ հիմնական մասը՝ Մեքսիկայից։

Ֆրանց Մեյերի թանգարան
Տեսակպատկերասրահ և նախկին հիվանդանոց
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՏեղագրությունՄեխիկո, Կուաուտեմոկ և Մեխիկո քաղաքի պատմական կենտրոն
ՎայրՄեխիկո, Կուաուտեմոկ և Մեխիկո քաղաքի պատմական կենտրոն
Ղեկավարության նստավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՀասցեAv Hidalgo 45. Centro Histórico06300
Հիմնադրվել է1986
Կայքfranzmayer.org.mx
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը տեղակայված է Մեխիկոյի պատմական կենտրոնում՝ նախկին Սան Խուան դե Դիոս վանքի և հիվանդանոցի շենքում. այն 18-րդ դարի կառույց է, որը վերակառուցվել է թանգարանի համար։ Ի լրումն Մեյերի հավաքածուի, որի միայն մեկ քառորդն է ցուցադրվում, թանգարանն ունենում է նոր ձեռքբերումներ, կազմակերպվում են դասընթացներ, ցուցահանդեսներ։ Կենտրոնական այգում գործում է սրճարան։

Կառույց

խմբագրել
 
Կրոնական պարագաների փոքր սենյակ թանգարանում

Թանգարանը հիմնադրվել և շարունակում է գործել որպես մի վայր, որտեղ ցուցադրվում է Ֆրանց Մեյերի՝ ավելի քան 50 տարիների ընթացքում ձեռք բերած հավաքածուն։ 1975 թվականին՝ նախքան մահը, Մեյերը Մեխիկոյի բանկում ստեղծել է հիմնադրամ, որը կոչվել է Ֆրանց Մեյերի հոգաբարձուների մշակութային հիմնադրամ։ Թանգարանը բացվել է 1986 թվականին՝ նրա մահից 11 տարի հետո[2][3], նախկին վանական համալիրի և հիվանդանոցի շենքում, որը նվիրաբերվել էր թանգարանային հիմանդրամին[4]։

Մշտական ցուցադրությունն ընդգրկում է Մեյերի հավաքածուն, չնայած թանգարանը փորձում է ունենալ նաև նոր ձեռքբերումներ[5]։ Թանգարանի ամենամեծ ձեռքբերումներից է արծաթե գանգը Գվատեմալայից[6]։ Ցուցադրվում է ամբողջ հավաքածուի միայն մեկ քառորդը, իսկ հավաքածուի մնացած մասը հաճախ ուղարկվում է այլ թանգարաններում ցուցադրվելու։ Թանգարանը պլանավորում է ընդլայնել տարածքը[6]։

Թանգարանն ուսումնասիրում է անցած դարի դեկորատիվ արվեստի նմուշներ՝ ժամանակակից դիզայնի վրա դրա ազդեցությունը տեսնելու համար։ Թանգարանը համագործակցում է կերամիկայի վարպետների և արծաթագործների հետ, նրանց թույլատրում է ուսումնասիրել հավաքածուի ցուցանմուշները, ինչպես նաև թույլատրում է ցուցադրել նոր դիզայններ և նմուշներ[6]։ Թանգարանն իր անդամների համար կազմակերպում է շրջայցեր, դասընթացներ, համերգներ, մանկական դասընթացներ և այլն[7]։

Թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, ինչպիսիք են 20-րդ դարի շուրջ 70 լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինժեներ Սալվադոր Վելես Գարսիայի կողմից վերականգնված ձայն վերարտադրող սարքավորումների ցուցադրությունը[8], 2011 թվականին թանգարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված “Susurros” («Շշունջներ») ժամանակավոր ցուցադրությունը և այլն[6]։ Թանգարանի գլխավոր տնօրենն է Հեկտոր Ռիվերո Բոռելը[5]։

Հավաքածու

խմբագրել
 
Թանգարանի ցուցասրահներից
 
Արծաթե իրերի ցուցասրահ

Թանգարանի հիմնական հավաքածուն հիմնականում հավաքվել է Ֆրանց Մեյերի կողմից և համարվում է Լատինական Ամերիկայի դեկորատիվ արվեստի ամենամեծ հավաքածուն[2][5][6]՝ 9,500 արվեստի նմուշներ, 1,400 կերամիկական նմուշներ, 10,000 գրքեր, որոնց միայն 28% է ցուցադրվում թանգարանում[6]։ Հավաքածուն ներառում է նաև արծաթե, կերամիկական աշխատանքներ, կահույք, մանածագործվածքներ, գեղարվեստական նմուշներ, նախաիսպանական շրջանի դեկորատիվ փետուրե աշխատանքներ, լաքապատ իրեր, փղոսկրյա իրեր, խեցեղեն, ապակե, ջնարակե իրեր, որոնք թվագրվում են 16-19-րդ դարեր[7]։ Նմուշների մեծ մասն առօրյա կյանքում կիրառվող իրեր են[6]։ Հավաքածուի նմուշները Մեյերը ձեռք է բերել Եվրոպայից, Ասիայից, Մեխիկոյից, Պուեբլայից, Գուանախուատոյից։ Մանածագործվածքների հավաքածուն համարվում է երկրի կարևորագույն հավաքածուներից և ներառում է 15-20-րդ դարերի շուրջ 260 նմուշ։ Նմուշներից շատերը ենթակա էին արագ անհետացման, քանի որ առօրյա կեցաղային իրեր են[2]։

Իր բազմազանությամբ կահույքի հավաքածուն համարվում է Մեքսիկայի ամենահարուստ հավաքածուն, որը ներառում է 16-20-րդ դարերի 710 նմուշ, որոնք Մեքսիկայի գաղութային շրջանի, ինչպես նաև Եվրոպայից և Ասիայից բերված նմուշներ են[9]։

Արծաթեղենի հավաքածուն ներառում է 15-19-րդ դարերի 1,300 գրաֆֆիտո, ֆիլիգրան, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերից, էմալից ու ոսկուց նմուշներ, կրոնական արարողակարգի իրեր՝ բուրվառներ, գինու գավաթներ, լամպեր, մոմակալներ, խաչեր, մասնատուփեր, ինչպես նաև ծխախոտի ոսկե տուփեր, դանակ-պատառաքաղներ, սկուտեղներ[10]։

Մանածագործվածքների հավաքածուն խիստ բազմազան է, աչքի է ընկնում եզակի նմուշներով։ Ներկայիս հավաքածուն, բացի Մեյերի «ռեբոսոների», Սալտիլյոյից բերված ծածկոցների, ֆլամանդական գոբելենների, Մանիլայից բերված շալերի, հագուստների, կրոնական զգեստների հավաքածուն, ներառում է նաև նոր ձեռքբերումներ[11]։

Թանգարանն այն հազվագյուտ վայրերից է, որտեղ եվրոպական և մեքսիկական կտավները միասին են ցուցադրվում։ Եվրոպական կտավները թվագրվում են 14-րդ դարով, Իսպանիայից բերված գործերը՝ 14-20-րդ դարերով և ներկայացնում են Խոսե դե Ռիբերայի, Ֆրանսիսկո Սուրբարանի և Իգնասիո Սուլոագայի, ինչպես նաև իտալացի նկարիչներ Լորենցո Լոտտոյի և Ալեսանդրո Ալորիի աշխատանքները։

Հյուսիսային Եվրոպայի նկարիչներից ներառված են Յակոբ Գրիմերի, Բարդուղիմեոս Բրեյնի աշխատանքներից, մեքսիկական գործերը հիմնականում գաղութային շրջանի են և ներառում են նկարիչներ Խուան Կոռեայի, Միգել Կաբրերայի, Խուան և Նիկոլաս Ռոդրիգեսների և այլոց գործեր, որոնք հիմնականում կրոնական բնույթի են, մի քանիսը 18-րդ դարի դիմանկարներ են։ Հետգաղութային շրջանի գործերը ներառում են Խոսե Մարիա Վելասկո Գոմեսի բնանկարներից և Դիեգո Ռիվերայի վաղ շրջանի գործերից[12]։

1920-ական թվականներին Մեյերը սկսել է հավաքել տալավերա խեցեղեն Պուեբլայից։ Տեղացիների համար խորթ էր Մեյերի կողմից այդ հնաոճ իրերի գնումը։ Թանգարանն ունի Պուեբլայի տալավերա խեցեղենի ամենամեծ հավաքածուն 726 նմուշներով, որոնք թվագրվում են 17-19-րդ դարերով, իսկ որոշ նմուշներ 20-րդ դարի են[13][13]։

Թանգարանի կարևոր մաս է կազմում Rogerio Casas-Alatriste H. գրադարանը, որն անվանվել է ի պատիվ առաջին տնօրենի։ Այստեղ է գտնվում Մեյերի գրքերի հավաքածուն[5]։ Գրադարանը տեղավորված է կամարակապ սրահում, ունի 14,000 կտոր գրականություն, այդ թվում Դոն Կիխոտի 800 տարբեր հրատարակություններ, 1493 թվականին հրատարակված Նյուրնբերգի քրոնիկները[6][7]։ Գրադարանի ներքին հարդարանքներն արված են դասական ոճով՝ մայրու փայտից՝ գրքերի պահպանության համար։ Հատակը, տերարիումը, մոմակալները Մեյերի տան բնօրինակներն են[5]։

Ֆրանց Մեյեր

խմբագրել

Ֆրանց Մեյերը ծնվել է 1882 թվականին Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Մեքսիկայում է հաստատվել 1905 թվականից։ Մեքսիկական հեղափոխության ժամանակ հեռացել է երկրից, սակայն 1913 թվականին կրկին վերադարձել է Մեքսիկա։ Ամուսնացել է Մարիա Անտոնիետա դե լա Մակոռայի հետ, ով մի քանի տարի անց մահացել է[2][14]։ Մեյերն այլևս չի ամուսնացել և ժառագներ չի ունեցել[2][14]։ Հաջողակ բիզնեսմեն է դարձել՝ աշխատելով ֆինանսական բորսաներում և այլ ֆինանսական կազմակերպություններում։ Մեքսիկայի քաղաքացիություն է ստացել 1933 թվականին[3][5][14]։

Մեյերը ունեցել է տարբեր նախասիրություններ, այդ թվում լուսանկարչություն, ճամփորդել է Մեքսիկայում և արտերկրում[14]։ Հիացել է Հյուգո Բրեհմեի գործերով, հավաքել է լուսանկարներ, որոնք համալրել են նրա հավաքածուն[2][15]։

Մեյերն ավելի հայտնի է դեկորատիվ արվեստի իր հավաքածուով, որը զարդարել է նրա` Լոմաս դե Չապուլտեպեկ շրջանի տունը։ Հավաքածուն առաջին անգամ գրանցվել է 1953 թվականին հնաոճ իրերի դիլեր Գոնսալո Օբրեգոնի կողմից[14]։ 1905 թվականից Մեյերն սկսել է հավաքել մանածագործվածքներ, որոնք ձեռք է բերել ընտանիքին կամ եվրոպացի ընկերներ որպես նվերներ ուղարկելու համար[3]։ Որպես հավաքորդ ունեցել է շուրջ 10,000 արվեստի նմուշներ, գրքեր։ 1933 թվականից սկսած Մեյերն արվեստի գործեր ձեռք է բերել աճուրդներից։ Թանգարանը ներառում է նաև Մեյերի՝ մասնագետներին արվեստի նմուշերի վերաբերյալ գրված նամակները[15]։ Մեյերը ունեցել է նաև խոլորձների, լեռնավարդերի, կակտուսների հավաքածու, որոնք խնամել է այգեպանը՝ Ֆելիպ Խուարեսը[2]։

1963 թվականին Մեյերն ստեղծել է հավատարմագրային հիմնադրամ՝ իր հավաքածուն նվիրաբերելու նպատակով։ Որպես հոգաբարձու է ընտրվել Մեքսիկայի բանկը։ Նվիրատվությունը կատարվել է Մեյերի մահից հետո 1975 թվականին։ Թանգարանը բացվել է 1986 թվականին[14]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Roberto Bolado. «Franz Mayer, el colleccionista» [Franz Mayer, the collector] (Spanish). Mexico City: Mexico Desconocido magazine. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «'Susurros' narra la historia del acervo Franz Mayer» ["Whispers" narrates the history of the Franz archive]. Azteca Noticias (Spanish). Mexico City. Notimex. 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «museum - the building». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Alejandra Leglisse (2009 թ․ նոյեմբերի 30). «El arcano que habita en el Franz Mayer» [The arcane that inhabits the Franz Mayer Museum]. CNN Expansión (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «25 años de Museo Franz Mayer» [25 years of the Franz Mayer Museum]. El Observador (Spanish). Mexico City. 2011 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 «museum - presentation». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  8. Ana Mónica Rodríguez (2011 թ․ հուլիսի 14). «Documentan en el Museo Franz Mayer cómo se democratizó la música en México» [Franz Mayer Museum documents how music was democratized in Mexico]. La Jornada (Spanish). Mexico City. էջ 4. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «museum - furniture». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  10. «museum - silverware». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  11. «museum - textiles». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  12. «The collection - painting and drawing». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  13. 13,0 13,1 Pomade, Rita (2006 թ․ հունվարի 1). «Talavera - Mexico's earthly legacy from the City Of Angels». MexConnect newsletter. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «museum - franz mayer». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  15. 15,0 15,1 «museum - the collector». Mexico City: Franz Mayer Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.

Գրականություն

խմբագրել
  • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, ISBN 0-89090-107-4.
    • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 224.
    • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 344.
    • Héctor Rivero Borrell M., Gustavo Curiel, Antonio Rubial García, Juana Gutiérrez Haces, David B. Warren: The Grandeur of Viceregal Mexico: Treasures from the Museo Franz Mayer. University of Texas Press, Austin, Texas 2002, S. 152.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Մեյերի թանգարան» հոդվածին։