Ֆրանցիսկյան վանք (Դուբրովնիկ)

Ֆրանցիսկյան վանք (խորվ.՝ Franjevački samostan u Dubrovniku), կաթոլիկ ֆրանցիսկյան վանք Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում։ Գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում։ Ճարատարապետական հուշարձան է։ Հիմնադրվել է 1317 թվականին։

Ֆրանցիսկյան վանք
խորվ.՝ Franjevački samostan u Dubrovniku
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և վանք
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունԴուբրովնիկ
Դավանանքկաթոլիկություն
Հիմնական ամսաթվերը1317
Հիմնադրված1317
Քարտեզ
Քարտեզ
 Franciscan Church and Monastery in Dubrovnik Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ֆրանցիսկյանների առաջին վանքը Դուբրովնիկում կառուցվել է 1235 թվականին Հին քաղաքի պատերից դուրս[1]։ Նոր վանքը արդեն քաղաքային պատերից ներս հիմնադրվել է 1317 թվականին, սակայն համալիրի առանձին հատվածների շինարարությունը շարունակվել է հարյուրամյակներով։ Մոտ 1360 թվականին կառուցվել է կլուատրը՝ կամարաշարերով բաց սրահը, որը դիմացել է 1667 թվականի երկրաշարժին և ներկայումս համարվում է վանքի գլխավոր տեսարժանությունը։

Վանական եկեղեցին գրեթե ամբողջությամբ ոչնչացել է 1667 թվականի երկրաշարժից և ավելի ուշ վերականգնվել բարոկկո ոճով։

Զանգակատունը, կլուատրը և գրադարանի շենքը վնասվել են 1991-1992 թվականներին Դուբրովնիկի պաշարման ժամանակ[2]։ Պատերազմի ավարտից հետո այն վերականգնվել է։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Եկեղեցու պարտալը

Եկեղեցի

խմբագրել

Վանքի՝ 1667 թվականի երկրաշարջից փրկված միակ հատվածը գոթական պորտալն է, որը կառուցվել է 1498 թվականին։ Այն ելք ունի դեպի Ստրադուն և վանքի գլխավոր մուտքի կարևոր դերն է կատարում։ Պորտալը ստեղծվել են Լեոնարդ և Պետր Պետրովիչ եղբայրների արհեստանոցում (Դուբրովնիկ)։ Նրա կենտրոնական հատվածը լյունետ է՝ Պիետայի տեսարանով։ Պիետայի տեսարանի շուրջը սուրբ Հիերոնիմոսի և Հովհաննես Մկրտիչի կերպարներն են, լյունետի վերևում Հայր Աստծո կերպարն է[3]։ Երկրաշարժից հետո եկեղեցին վերականգնվել է բարոկկո ոճով։ Գլխավոր խորանը՝ հարություն առնող Քրիստոսի կերպարով և չորս մարմարե սյուներով, ստեղծել է Ցելիոս Անկոնացին 1713 թվականին, կողմնային հատվածների հինգ խորանները կառուցել է վենետիկցի Ջուզեպե Սարդին 1684-1696 թվականներին։ Խորանի զարդարանքները կատարել է խորվաթ նշանավոր նկարիչ Ցելեստին Մեդովիչը 1888 թվականին։ Վանքում է թաղված բանաստեղծ Իվան Գունդուլիչը[4]։

Կլուատր

խմբագրել
 
Կլուատր

Վանքն ունի երկու կլուատր՝ վերին (փակ է զբոսաշրջիկների համար) և ստորին (ռոմանական ոճով՝ համեմված գոթիկայի տարրերով)։ Ռոմանական կլուատրը՝ շքեղորեն զարդարված փայտե փորագիր սյուներով, ստեղծվել է մոտ 1360 թվականին Միհոյե Բրայկովի կողմից և համարվում է Խորվաթիայում ռոմանական ոճի լավագույն կառույցներից մեկը[3]։ Կլուատրի սյունաշարը զույգ ութանկյուն սյուներից է բաղկացած, ընդ որում յուրաքանչյուրի խոյակը տարբերվում է հարևան սյունի խոյակից։ Սյուներին պատկերված են մարդկային գլուխներ, կենդանական, ծաղկային թեմաներով նախշեր։ Կլուատրն ընդհանուր առմամբ ունի 120 սյուն և 12 զանգվածեղ քառանկուն հաստ որմնասյուններ։ 1860 թվականին կլուատրը զարդարվել է ֆրեսկոներով, որոնք ներկայացնում են սուրբ Ֆրանցիսկոսի կյանքի դրվագներ։ Կլուատրի կենտրոնում շատրվան է՝ սուրբ Ֆրանցիսկոսի քանդակով։

Դեղատուն

խմբագրել

Վանքի հիմնադրումից անմիջապես հետո եղբայրներն այնտեղ դեղատուն են հիմնել, որը սկզբնական շրջանում բավարարել է հիվանդ վանականների պահանջները, իսկ ավելի ուշ դարձել վանքի համար եկամտի աղբյուր։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Դուբրովնիկի Ֆրանցիսկյանների վանքի դեղատունն աշխարհում գործող ամենահին երրորդ դեղատունն է[3]։ 1938 թվականից դեղատունը զուգահեռաբար նաև որպես թանգարան է ծառայում։

Գրադարան

խմբագրել

Վանքին է պատկանում Խորվաթիայի ամենահարուստ ու ամենահին գրադարաններից մեկը։ Գրքերի հավաքածուն պարունակում է ավելի քան 70.000 միավոր գիրք, որոնցից 1.200-ն ունեն բացառիկ արժեք ու կարևորություն։ Ներկայումս այն վանքի թանգարանի մի մասն է կազմում, որտեղ բացի գրքերից ցուցադրված են եկեղեցական հին իրեր, ոսկերչական ինքնատիպ աշխատանքներ, արվեստի գործեր[3]։

Տեղակայություն և այցելություններ

խմբագրել

Ֆրանցիսկյան վանքը գտնվում է Դուբրովնիկ Հին քաղաքում՝ Պիլեի դարպասների և Օնոֆրիո շատրվանի մոտ։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցի՝ Ստրադունի հյուսիսային հատվածում. վանքի գլխավոր մուտքը Ստրադունի կողմից է։ Ֆրանցիսկյանների վանքը գործող կրոնական կառույց է, նրա մի մասը, որտեղ ապրում են հոգևորականները, փակ է այցելությունների համար։ Զբոսաշրջիկների համար բաց են կլուատրը, որի մուտքն անվճար է, և թանգարանային հատվածը (ֆրանցիսկյան թանգարան, դեղատուն, գրադարան), որի մուտքը վճարովի է[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկյան վանք (Դուբրովնիկ)» հոդվածին։