Ֆրանցիսկ Ասսիզեցի
Ֆրանցիսկ Ասսիզեցի (լատին․՝ Franciscus Assisiensis, իտալ.՝ Francesco d'Assisi, Ջիովաննի դի Պիետրո Բերնարդոնե, իտալ.՝ Giovanni di Pietro Bernardone; ենթդ․ հունիսի 24, 1182[1], Ասսիզի, Duchy of Spoleto, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] - հոկտեմբերի 3, 1226[1][3], Պորցյուկուլա, Ասսիզի, Պապական մարզ), կաթոլիկ աշխարհի մեծագույն սրբերից, իր անվամբ կոչված Ֆրանցիսկյան ուխտի կամ միաբանության հիմնադիրը։ Ֆրանկո Ձեֆիրելիի նկարահանած «Եղբայր Արև, քույր Լուսին» ֆիլմը Ֆրանցիսկի կենսագրության մասին է։
Ֆրանցիսկ Ասսիզեցի իտալ.՝ Francesco և իտալ.՝ Francesco d'Assisi | |
---|---|
Ծնվել է | ենթդ․ հունիսի 24, 1182[1] |
Ծննդավայր | Ասսիզի, Duchy of Spoleto, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1226[1][3] (44 տարեկան) |
Մահվան վայր | Պորցյուկուլա, Ասսիզի, Պապական մարզ |
Գերեզման | Սան Ֆրանչեսկոյի բազիլիկա |
Ազգություն | իտալացի |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] և կաթոլիկություն[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, կաթոլիկ սարկավագ, religious writer, գրող, քարոզիչ, միսիոներ, regular cleric, Roman Catholic cleric, կազմակերպության հիմնադիր, pilgrim, աստվածաբան, Միստիկա և founder of Catholic religious community |
Ծնողներ | հայր՝ Pietro di Bernardone dei Moriconi?, մայր՝ Pica de Bourlemont? |
Զբաղեցրած պաշտոններ | Custos of the Holy Land?, Minister General of the Order of Franciscans? և founder of Catholic religious community? |
Francis of Assisi Վիքիպահեստում |
Պատմական ենթատեքստը
խմբագրելՀին վանականությունը աշխարհից իր հրաժարմամբ առանձին վանականից աղքատության ուխտ էր պահանջում, բայց դա չէր խանգարում, որ մենաստաններն ու վանքերը խոշոր հողատերեր դառնային, իսկ վանահայրերը շքեղությամբ և հարստությամբ մրցեին եպիսկոպոսների և իշխանների հետ։ Ֆրանցիսկը շեշտը դրեց ավետարանական աղքատության գաղափարի վրա. աշխարհից հրաժարիմքի բացասական ընկալումը նա դարձրեց դրական, կենսական տեսլական, ինչը բխում էր աղքատ Քրիստոսի օրինակին հետևելու գաղափարից։ Ֆրանցիսկը միաժամանակ վերափոխեց վանականության բուն նշանակությունը՝ վանական-ճգնավորին փոխելով առաքյալ-քարոզիչով, ով, հրաժարվելով այս աշխարհից, մնում է աշխարհում, որպեսզի այնտեղ մարդկանց խաղաղություն և խոնարհություն քարոզի։
Ֆրանցիսկ Ասսիզեցու կենսագրություն
խմբագրելՖրանցիսկի առաջին վարքերը գրվել են նրա մահվանից անմիջապես հետո, երբ դեռ կենդանի էին նրա գործունեության բազմաթիվ ականատեսները, սակայն նա արդեն կենդանության օրոք լեգենդ էր, որտեղ համընդհանուր սիրո և հիացման արժանացած պատմություններն ավելին էին, քան կենսագրական փաստերը։ Զարմանալի է այն համընդհանուր սերը, որին արժանացել է այս զարմանահրաշ սուրբը։ Նրա մասին պատմությունների կենտրոնում առաջին հերթին կարեկցանքի համընդգրկուն զգացումն է, ըստ ուրում այդ զգացումը նրան ոչ թե համաշխարհային ողբի է հանգեցնում, այլ ամենայն ապրողի հանդեպ սիրով լեցուն մի վերաբերմունքի, որը ամեն ինչ – անգամ մահը – ներառում է Աստվածային Սիրո ծիր՝ ողջ շնչավորը և անշունչը վերածելով, իր հանրահայտ հիմնի տողերով ասած, «եղբայրների և քույրերի»։ Աղքատ և տառապող Քրիստոսի կերպարը, որը նմանության է կոչում, Ֆրանցիսկի համար հայտնության աղբյուր է դառնում,- դա է, որ կազմում է նրա անձնական կյանքի բովանդակությունը, դառնում է նրա նպատակն ու խնդիրը և ուղղորդում է նրա գործունեությունը։ Հիսուս Քրիստոս. ահա այն Արեգակը, որի շուրջը պտտվում է ամեն ինչ, և առանց որի ամեն ինչ թաղված է խավարի մեջ։
Կենսագրություն
խմբագրելՊատանեկությունը
խմբագրելԾնվել է բարեկեցիկ ընտանիքում։ Հայրը՝ Բեռնարդոնեն, մետաքսի վաճառական էր, ով առևտրական նպատակներով հաճախ էր լինում Ֆրանսիայում։ Ըստ մի վարկածի՝ հայրը որդուն անվանակոչել է այդ երկրի պատվին։ Համենայն դեպս՝ Ֆրանցիսկը գիտեր ֆրանսիացի տրուբադուրներին և նրանց երգերը երգում էր ֆրանսերեն։ Նա ծնողների միակ որդին էր, ում համար ոչինչ չէին խնայում։ Պատանի տարիքում ցոփ և շվայտ կյանք էր վարում, հայրենի Ասսիզի քաղաքի երիտասարդությունը նրան հաճախ ընտրում էր խնջույքների արքա։ Ըստ կենսագիրների՝ այդ ժամանակահատվածում զերծ չէր փառասիրությունից։ Մասնակցել է Ասսիզիի և Պերուջայի միջև պատերազմին, գերի է ընկել։ Ծանր հիվանդությունը անգամ չի կոտրել նրա հավատը իր ուժերի և ապագայի հանդեպ։ Երիտասարդ ասպետների հետ մասնակցել է Հարավային Իտալիա արշավանքներին՝ ի նպաստ պապի։
Այսուհանդերձ, Ֆրանցիսկի սիրտը արտաքին շուքուփայլով չի գոհանում, նա ասես ձգտում է սխրանքների։ Շուտով մի երազ է տեսնում, որը նրան այլ ուղի է մատնանշում։ Մի անգամ, ինչ-որ գործով տարված, նա մերժում է «Տիրոջ» անունով ողորմություն խնդրող մի մուրացկանի, բայց իսկույն, հասկանալով, որ ինքը նրան չէր մերժի, եթե նա խնդրեր ոմն երկրային «սենյորի» անունից, հասնում է մուրացկանի հետևից և ուղղում է իր սխալը։ Ողորմությունը նրա համար ուրիշ՝ ավելի բարձր իմաստ է ձեռք բերում։ Մեկնելով Հռոմ՝ սբ. Պետրոսի գերեզմանին, նա հանկարծ հասկանում է, որ Քրիստոսի և նրա առաքյալների համար ողորմություն տալը առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունի։ Այնտեղ հագնելով մուրացկաններից մեկի շորերը՝ նա մինչև իրիկուն կանգնում է նրանց հետ և մուրում է։
Մի անգամ ինչ-որ ճոխ խնջույքից վերադառնալով՝ Ֆրանցիսկը կանգ է առնում և ընկնում է խորին մտածմունքի մեջ։ Նրա սիրտը լցվում է ջերմեռանդությամբ, և նա մեխվում է տեղում։ Ընկերները զարմացած հարցնում են. չլինի՞ թե նա մտածում է ամուսնանալու մասին։ «Դուք ճիշտ կռահեցիք,- պատասխանում է նա,- ես մտածում եմ առավել ազնիվ, հարուստ և գեղեցիկ մի հարսնացու ընտրել, քան երբևէ եղել է»։ Մեծ նկարիչ Ջոտտոն Ասսիզիի տաճարի որմին պատկերել է նրա այդ նշանադրությունը պատառոտված շորերով այդ գեղեցիկ հարսնացուի հետ։ Շները հաչում են նրա վրա, երեխաները քար են նետում, բայց Քրիստոս երկնքից օրհնում է նրան։ Նրա անունն է – Աղքատություն։
Ֆրանցիսկը հատուկ կարեկցությամբ է վերաբերվում բորոտներին։ Հռոմի ճանապարհին, հանդիպելով մի բորոտի, իջնում է ձիուց, համբուրում է նրա ձեռքը և արժանանում նրա «հանգստության համբույրին»։ Նա սկսում է խորասուզվել ինքն իր մեջ։ Սուրբ Դամիան եկեղեցում մի անգամ երկար աղոթում է խաչելության առջև, և այդ պահից, ինչպես պատմում են նրա ընկերները, «նրա սիրտը վերքերով է պատվում և սկսում է արնածորել` ի հիշատակ Տիրոջ չարչարանքների»։
Ծառայության սկիզբը
խմբագրելՖրանցիսկի կյանքում բեկում է մտցնում հոր հետ բախումը։ Նա հոր բացակայությամբ քաղաք է տանում տանը եղած մետաքսը և իրենց ձին՝ վաճառելու և եկեղեցուն նվիրելու համար։ Երբ քահանան, վախենալով նրա հոր բարկությունից, հրաժարվում է ընդունել նվիրատվությունը, Ֆրանցիսկը քսակը նետում է պատուհանագոգին և մնում է այնտեղ։ Հոր զայրույթից խուսափելու համար թաքնվում է շրջակայքի քարայրներում։ Հայրը նրան փակում է տանը, սակայն մայրը բաց է թողնում, և նա մեկընդմիշտ հեռանում է հայրական տնից։ Հայրը դիմում է իշխանություններին, սակայն Ֆրանցիսկը հայտարարում է, որ դարձել է Տիրոջ ծառան և այլևս աշխարհիկ դատիրավասության ենթակա չէ։ Բեռնարդոնեն դիմում է եպիսկոպոսին, որի դատավարության ժամանակ Ֆրանցիսկը իր վրայից հանում է հոր գնած հագուստը, դնում է հատակին և հայտարարում, որ այսուհետև ճանաչում է միայն Երկնային Հորը։ «Մինչև օրս ես քեզ եմ իմ հայրը համարել, այս պահից ես ասում եմ. «Հայր մեր, որ յերկինս ես»»։
Այս հրաժարիմքը նրա սիրտը գորովանքով է լցնում։ Եպիսկոպոսի ծառան մերկությունը ծածկելու համար նրան հասարակ շորեր է բերում, որոնցով Ֆրանցիսկը ուղևորվում է անտառ` բարձր երգելով։ Իրեն հանդիպած ավազակներին պատասխանում է, որ ինքը Տիրոջ բանբերն է։ Այս ամենը տեղի է ունենում 1207 թ.։
Երկու տարի անցկացնում է Ասսիզի քաղաքի մատույցներում, եկեղեցիներ է նորոգում, իր սիրած Սբ. Կույս եկեղեցու մոտ իր համար մի հյուղ է կառուցում։ Սնվում է իր հավաքած թերմացքներով։ Շատերը նրան համարում են ցնորված, բայց շուտով նրան է միանում հարուստ քաղաքացի Բեռնարդ դե Քվինտաբալլեն, ով, Ավետարանի համաձայն, ծախում է իր ունեցվածքը և բաժանում է աղքատներին։ Հետզհետե նրանց են միանում նաև ուրիշներ։ Իրենց կոչում են «զղջացող մեղավորներ», օրավարձու աշխատանքներ են կատարում՝ բավարարվելով միայն համեստ ընթրիքներով։
1209 թ. համարվում է Ֆրանցիսկի կյանքի կարևորագույն տարեթիվը։ Փոքրիկ մատուռում պատարագի ժամանակ լսելով այն խոսքերը, որոնցով Քրիստոս իր աշակերտներին ուղարկում է քարոզելու Երկնային արքայության սկսվելու մասին («Եվ երբ գնաք, քարոզեցեք և ասացեք. «Երկնքի արքայությունը մոտեցել է»։ Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերին հանեցեք, ձրի առեք, ձրի էլ տվեք։ Մի ունեցեք ոչ ոսկի, ոչ արծաթ և ոչ էլ պղինձ դրամ՝ ձեր գոտիների մեջ, ոչ պարկ ճանապարհի համար, ոչ երկու զգեստ, ոչ կոշիկներ և ոչ էլ ցուպ. որովհետև մշակն արժանի է իր կերակրին»։ Մատթ, 10, 7-11)` նա քահանային խնդրում է կրկնել և մեկնել իր համար լատիներեն տեքստը և խորամուխ լինելով նրա իմաստի մեջ` խանդավառ բացականչում է. «Ահա իմ ուզածը»։ Նա հանում է հագից կոշիկները, նետում է գավազանը, մի պարան է կապում մեջքին և սկսում է քարոզել։
Ֆրանցիսկյան միաբանության հիմնումը
խմբագրելԱշակերտների թիվը գնալով մեծանում է, և նա մեկնում է Հռոմ՝ Իննոկենտի 3-րդ պապից խնդրելու, որ նա հաստատի իր եղբայրության՝ իր կազմած կանոնադրությունը։ Նույն արմատից աճած երկու տարբեր աշխարհընկալումների տեր այս երկու անձանց հանդիպումը պատմական նշանակալից իրադարձություն է. մի կողմից՝ հեղինակության և իշխանության մարմնավորումն է, Քրիստոսի տեղապահը, ով տիրում է աշխարհին և թագեր է բաժանում, մյուս կողմից՝ հովվի քրջերով բոկոտն աղքատը, որ սեր և խոնարհություն է քարոզում։ Ըստ ավանդության՝ պապը խոնարհվում է նրա առջև և կատարում է նրա խնդրանքը։
Ֆրանցիսկյանների տարածումը Եվրոպայում
խմբագրելԱյդ պահից ֆրանցիսկյանների թիվը արագ մեծանում է, ստեղծվում են փոքրիկ առաքելություններ, որոնք դրվում եմ «մինիստր» (ասել է թե՝ փոքր եղբայր) կոչվող եղբայրներից մեկի հսկողության տակ. Ֆրանցիսկը իր հետևորդներին կոչում է մինորիտներ՝ փոքրեր։ Ենթարկվում են հալածանքների։ Սակայն ուր էլ հասնեն՝ բոլոր եղբայրներին ձգում է ինքը՝ Ֆրանցիսկը, որի գյուղի մոտ էլ ամեն տարի Երրորդության օրը հավաքվում են նրանք։ Ուխտին հարում են նաև բազմաթիվ աշխարհիկներ։ Տարիների ընթացքում ուխտը և նրա կանոնադրությունը բազմաթիվ փոփոխություններ են կրում։ Ուշագրավ է այն փաստը, որ Ֆրանցիսկը ուզում է դարձի բերել մամլյուկների սուլթանին՝ հազիվ պրծնելով մահից։ Քրիստոս քարոզելու նպատակով մեկնում է նաև Սիրիա։ Իր հիմնած և իր իսկ անունով կոչվող հետզհետե կանոնացված միաբանության պաշտոնեականացումը նրան խորթ է մնում։ Մի անգամ մի աբեղա, որ իր վանահորից սաղմոսարան ունենալու իրավունք էր ստացել, մոտենում է Ֆրանցիսկին և խնդրում նրա համաձայնությունը։ Գրքային իմաստնություններից վախեցող և ամենայն սեփականություն մերժող Ֆրանցիսկը նրան ասում է. «Սաղմոսարան ունենալով` դու կուզենաս նաև Աղոթագիրք ունենալ, իսկ դրանից հետո իբրև կարևոր հոգևորական՝ կրտսերիդ կասես. «Աղոթագիրքս բեր»»։ Ապա վերցնում է մի բուռ հող, լցնում է աբեղայի գլխին և ասում. «Ահա քեզ Սաղմոսարան, ահա քեզ Աղոթագիրք։ Ով ուզում է մինորիտ լինել` ոչինչ չպետք է ունենա, բացի վրայի հագուստից»։ Որոշ փաստաթղթեր վկայում են, որ կյանքի վերջում Ֆրանցիսկը դատապարտել է իր անվամբ կոչված միաբանությունը։
Ֆրանցիսկի կյանքի վերջին տարիները
խմբագրելԻրեն հետ պահելով միաբանության կազմակերպչական հոգսերից՝ Ֆրանցիսկը տրվում է թափառումների և աղոթքների։ Ինչպես միշտ՝ նա հափշտակված է Քրիստոսի պատկերով։ Այն նրան ցնծություն և բերկրանք է պատճառում, այն նրան գցում է հեկեկոցների մեջ։
Վերապրել Տիրոջ երկրային կյանքի պահերը – ահա թե այժմ ինչին են ուղղված նրա բոլոր մտքերը։ 1224 թ. մի քանի ամենամերձավորների հետ բարձրանում է Առնո լեռների Ալվերնո բարձրաբերձ գագաթը, առանձնանում է պահքի և աղոթքների համար։ Այստեղ էլ ունենում է Սուրբ Խաչի իր տեսիլքը, որից հետո նրա ձեռքերին և ոտքերին վերքեր (ստիգմատներ) են մնում՝ ճիշտ խաչյալ Քրիստոսի ոտքերի և ձեռքերի՝ գամերի բացած վերքերի տեղում։
Իր կոչումը և խնդիրը համարելով «ողջ աշխարհով մեկ Տիրոջ չարչարանքները ողբալը» և հակառակ կյանքի վերջին երկու տարիների ծանր տառապանքներին՝ Ֆրանցիսկը մինչև կյանքի վերջը պահպանում է աշխարհի պայծառ և բանաստեղծական ընկալումը։ Նա ամենայն արարյալի եղբայրն է՝ սկսած տիեզերական լուսատուներից մինչև որդը։ Ձմռանը մեղրով է կերակրում մեղուներին. քարոզ է կարդում թռչուններին և գայլին, խնդրում է «եղբայր կրակին», որ նա չճարակի ամեն ինչ։ Այս բոլորը նրա համար մի ընտանիքի անդամներ են, նրանց միավորում է նույն Հոր հանդեպ միևնույն սերը։ Նրա «Փառաբանումները» բանաստեղծական հզոր տեքստեր են, և չափազանցություն չէ, երբ ոմանք նրան համարում են նոր իտալական բանաստեղծության ստեղծողը և Վերածննդի սկզբնավորողը։ Քրիստոսի նրա ընկալումը աղքատության ճգնակեցական իդեալով որքան որ կրոնական է, թերևս մարդու և ողջ արարյալի հանդեպ իր սիրով նույնքան էլ մշակութաբանական է. «Տերը մեզ կոչել է ոչ այնքան մեր, որքան բազում ուրիշների փրկության համար»` ահա նրա վարդապետությունը։ Սեր և Խաղաղություն – ահա նրա ձգտումը։ Նմանություն Քրիստոսին` ահա նրա ելակետը։
Վերջին օրերը անցկացնում է ծանր տանջանքների մեջ։ Հակառակ դրան՝ Տիրոջ իր փառաբանության մեջ ավելացնում է «մեր քրոջը` մարմնական մահին» փառաբանող տողը և կյանքը ավարտում է՝ ասելով. «Ինձ համար ապրելը և մեռնելը միանման քաղցր են»։ Մեռնում է 1226 թ. հոկտեմբերի 4-ին։
Մեռնելուց առաջ խնդրում է իրեն մահճից վերցնել և դնել լերկ հողին։ Թաղվում է Ասսիզի քաղաքի Սակրո-Կոնվենտո վանքի ներքին եկեղեցում, որը այսօր կրում է նրա անունը և ուխտատեղի է։ Երկու տարի անց Գրիգորիուս 9-րդ պապի կոնդակով սրբացվում է։ Ժամանակի ընթացքում բանավոր և գրավոր պատմությունների հիմամբ ստեղծվում է «Սուրբ Ֆրանցիսկի ծաղիկները» գիրքը, որը այսօր էլ գերում է։ Նրան նվիրված գրականությունը ամբողջ մի գրադարան է կազմում։ Նրանից պահպանվել են աղոթքներ, կանոններ, հանձնարարականներ և փոքրիկ նամակագրություն։ Բացառիկ տեղ է գրավում մահվան մահճում հորինված «Հիմն Արեգակին» փառատրությունը, որը փառաբանում է Տիրոջը և նրա ողջ արարչագործությունը, նախ և առաջ Եղբայր Արևին և Քույր Լուսնին, ինչպես նաև Եղբայր Քամուն, Քույր Ջրին, Եղբայր Կրակին, Մայր Երկին և, ի վերջո, Քույր Մահվանը։
Տեքստեր
խմբագրելԲարձրյալ, Ամենազոր, բարի Աստված,
Քոնն են փառաբանումը, մեծարումը, գովք և օրհնություն,
Միայն Քեզ են, Բարձրյալ, պատշաճում դրանք,
Եվ արժանի չէ ոչ ոք քո անունը տալու։
Փառաբան լեր, Տեր,
Արարյալներովդ ամեն,
Նախ և առաջ Լուսատու Արեգակով,
Որ եղբայրն է մեր տեր,
Եվ որը ցերեկն է, որով լուսավորում ես Դու մեզ։
Եվ նա գեղեցիկ է և, շողշողալով փայլն իր վիթխարի,
Քո էությունն է կրում, Բարձրյալ։
Փառաբան լեր, Տեր, լուսնյակի և աստղերի համար, որ քույրերն են մեր։
Դու արարեցիր դրանք երկնքում՝ պայծառ, գեղեցիկ և հրաշափառ։
Փառաբան լեր, Տեր, վասն քամու, ով եղբայրն է մեր,
Եվ օդի ու ամպի, և երկնային բիլի ու տարափի ամեն,
Որոնցով Դու քո արարյալներին ես պահում։
Փառաբան լեր, Տեր, մեր քույր ջրի համար,
Ողջ օգտավետ է նա, խոնարհ, անբասիր և ախորժելի։
Փառաբան լեր, Տեր, կրակի համար, ով եղբայրն է մեր,
Որով գիշերը լուսավոր ես դարձնում,
Եվ սիրուն է նա, զվարթ, ուժեղ և ժիր։
Փառաբան լեր, Տեր, մեր քրոջ համար՝ վասն Մայր-Երկրի,
Ով պահում է մեզ, կառավարում է
Եվ պտուղներ է տալիս զանազան, երփներփին ծաղիկներ և բույսեր։
Փառաբան լեր Դու վասն ամենայնի, ինչ ի սեր քո ներողամիտ է, Տեր,
Եվ հիվանդանում է և կարիքի մեջ է մտնում,
Երանի՝ ովքեր մնում են ընդմեջ խաղաղության,
Քանզի նրանք, Բարձրյալ, Քեզանից են պսակն ընդունելու։
Փառաբան լեր, Տեր, վասն մարմնական մահի, որ եղբայրն է մեր,
Որից չի խուսափելու ապրող ոչ ոք,
Եղուկ՝ ովքեր մահացու մեղքերի մեջ են հոգին տալիս,
Երանի՝ ովքեր Սուրբ Կամքին են քո հնազանդում,
Երանի՝ ովքեր մահը գտանում են՝ հանց նվիրյալ կամքիդ,
Քանզի երկրորդ մահը նրանց ոչ մի ցավ չի պատճառելու։
Գովաբանենք և փառք ասենք Տիրոջը և երախտիք բարբառենք նրան,
Եվ ծառայենք նրան, և մեծ խոնարհությամբ։
Գերմաներեն Հ. Հեսսեի թարգմանությունից թարգմանությունը՝ Հակոբ Մովսեսի
Սուրբ Ֆրանցիսկի ծաղիկներից
խմբագրելՃշմարիտ և կատարյալ բերկրանքի մասին
խմբագրելԻսկ նա (եղբայր Լեոնարդը) պատմում էր, թե ինչպես մի անգամ Սանտա Մարիա Անջելայի մոտերքում երանելին Ֆրանցիսկ կանչում է եղբայր Լեոին և ասում.
-Եղբայր Լեո, գրիր։
Սա պատասխանում է.
-Ասա, ես պատրաստ եմ։
-Գրիր,- ասում է,- թե ինչ բան է ճշմարիտ բերկրանքը։- Ահա մեզ մոտենում է բանբերը և հայտարարում, թե Փարիզի բոլոր ուսյալ աստվածաբանները մտել են մեր եղբայրության մեջ։ Գրիր. դա չէ ճշմարիտ բերկրանքը։-
Եվ թե մեր եղբայրության մեջ են մտել Ալպերի բոլոր պրելատները, արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները և ո’չ միայն նրանք, այլև Ֆրասիո թագավորը և Բրիտանիո թագավորը։- Գրիր. դա չէ ճշմարիտ բերկրանքը։
Եվ թե մեզ մի լուր է հասնում, որ իմ եղբայրները մեկնել են անհավատների մոտ և բոլորին դարձի են բերել ճշմարիտ հավատի,- և եթե ինձ Աստծուց այնպիսի մի շնորհ է իջել, որ ես բուժում եմ հիվանդներին և մեծ հրաշքներ եմ գործում, այդուհանդերձ, ես քեզ ասում եմ՝ այդ ամենը չէ ճշմարիտ բերկրանքը։
-Իսկ ո՞րն է ճշմարիտ բերկրանքը։
-Ասենք ես ուշ գիշերով վերադառնում եմ Պերուջիայից և գալիս եմ այստեղ, իսկ ձմեռը ցուրտ է, և այնպիսի մի սառնաման է, որ ջուրը սառույց է կտրում, և սառցելուլաները կախվում են հագուստիս քղանցքներից և ոտներիս են խփվում շարունակ, այնպես որ արյունն է հոսում վերքերից։ Եվ արդ ցրտից սրթսրթալով, ամբողջովին կեղտոտ և սառցակոլոլ՝ մոտենում եմ մի դարպասի և երկար բախում եմ և կանչում։ Վերջապես եղբայրներից մեկը դուրս է գալիս և հարցնում.
-Ո՞վ է։
Ես պատասխան եմ տալիս.
-Եղբայր Ֆրանցիսկը։
Իսկ նա ասում է.
-Գնա այստեղից, թրև գալու ժամանակ չէ, չեմ թողնի։
Իսկ ես չեմ նահանջում, թակում եմ, և արդ այլ մի եղբայր ասում է.
-Կորիր այստեղից, դու տգետ ես և հիմար։ Այլևս մի գա մեզ մոտ. մենք արդեն քո կարիքը չունենք։
Իսկ ես չեմ հեռանում դարպասից և դարձյալ թախանձում եմ.
-Ի սեր Քրիստոսի, ինձ միայն այս գիշեր օթևան տվեք։
Նա պատասխանում է.
-Մտքովդ էլ թող չանցնի։ Գնա և օթևան խնդրիր խաչակիրների մոտ։
Եվ արդ, եթե ես դեռ համբերություն ունենամ և այդ ամենից չխռովեմ, ահա քեզ ասում եմ՝ հենց դա է ճշմարիտ բերկրանքը և դա է ճշմարիտ բարեպաշտությունը և փրկությունը հոգու։
- Ռուսերենից թարգմանությունը` Հակոբ Մովսեսի
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկ Ասսիզեցի» հոդվածին։ |