Տիգրանակերտ (մայրաքաղաք)
Տիգրանակերտ (Մարտիրուպոլիս), քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Նփրկերտ գավառում, Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթի օժանդակ Նիկեփորիոնի ափին[1]։ Հիմնադրել է Ք.ա․ 70 թվականին Տիգրան Մեծը։
Տիգրանակերտ | |
---|---|
Տեսակ | անտիկ քաղաք և հնագիտական հուշարձան |
Երկիր | Մեծ Հայք |
Վարչատարածք | Աղձնիք և Դիարբեքիրի մարզ |
Ձևավորում | մ. թ. ա. 78 |
Հիմնադրում
խմբագրելՔ.ա. 70-ական թվականներին Տիգրան Բ Մեծը հիմնադրում է քաղաքը և այն կոչում իր անունով։ Տիգրան Բ Մեծն այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը[1]։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն Հայաստան է բռնագաղթեցնում նվաճված երկրների քաղաքային բնակչությանը։ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան է տեղափոխվում 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Կես միլիոնի հասնող ամբոխը, որը տեղափոխվել էր Հայաստան բնակեցվում է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում, Վանում և այլ քաղաքներում։ Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները գտնվում են այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին[2]։ Տարանցիկ առևտրի զարգացման համար հարմար է եղել Տիգրանակերտի աշխարհագրական դիրքը։ Հարավով էր անցնում Շոշից Սարդես ձգվող Արքայական ճանապարհը, որով Տիգրանակերտը կապվել է Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրներին։
Կառուցվածք
խմբագրելՄանազկերտի ու Զարեհավանի վրայով Արտաշատ տանող Արքունի պողոտան սկսվել է Տիգրանակերտից։ Տնտեսական և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արածանիի հովտին կապվել է Ներջիկի և Շենիկի լեռնային շրջանների միջով ձգվող ճանապարհով։ Կարճ ժամանակամիջոցում Տիգրանակերտը դարձել է Արևելքի հելլենիստական տիպի հռչակավոր քաղաքներից։ Այն շրջապատված է եղել 50 կանգուն (մոտ 25 մ) բարձրությամբ պարսպապատով, որի մեջ ներսի կողմից կառուցված են եղել պահեստներ, զինանոցներ, ախոռներ։ Ունեցել է միջնաբերդ։ Քաղաքն ունեցել է ութ դարպաս, որոնցից հայտնի էր Արզանը. բառացի նշանակում է «Հուղարկավորությունների դարպաս»։ Գտնվում էր քաղաքի հարավային մասում։ Ըստ ավանդության Մարուբան քաղաքի բոլոր աշտարակների ու դարպասների ճակատին գրել է Կոստանտին կայսրի ու նրա մոր՝ Հելենայի անունները[3]։
Տիգրան Բ Մեծի շքեղ պալատը գտնվել է քաղաքից դուրս, պարտեզների և ծաղկանոցների մեջ[1]։ Մայրաքաղաքի առաջընթացը նույնիսկ չկանգնեցրին Լուկուլլոսի (Ք.ա. 69 թվական) և Պոմպեոսի (Ք.ա. 66 — 65 թվականներ) արշավանքները, այնուամենայնիվ, չկանգնեցրին մայրաքաղաքի առաջընթացը։ Չնայած, Լուկուլլոսի կողմից գրավվելու ժամանակ այն մասնակիորեն ավերվում է, սակայն դա անցողիկ երևույթ էր և էական ազդեցություն չթողեց քաղաքի ընդհանուր կյանքի վրա։ Տիգրանակերտի բնակչության մեծ մասը զբաղվել է արհեստագործությամբ և առևտրով։ Հավանաբար այստեղ քիչ են զբաղվել երկրագործությամբ։ Դրա պատճառով է, որ բնակչության թվի համեմատ Տիգրանակերտը փոքր տարածություն է գրավել։ Տիգրանակերտը նման չի եղել հին Արևելքի ստրկատիրական այն քաղաքներին (Բաբելոն, Նինվե և այլն), որոնք ունեցել են լայնատարած ցանքեր ու այգիներ և փռված են եղել մեծ տարածությունների վրա։ Ակնհայտ կերպով դա երևում է այն բանից, որ Լուկուլլոսը համեմատաբար քիչ զորքերով կարողացել է շրջապատել բազմամարդ քաղաքը Տիգրանակերտը Տիգրան Մեծից հետո այլևս բուռն զարգացում չի ունենում։ Այդ հանգամանքը առաջին հերթին բացատրվում է նրանով, որ Տիգրանից հետո Տիգրանակերտն ընդմիշտ դադարում է մայրաքաղաք լինելուց։ Երկրի քաղաքական կենտրոնները Տիգրանից հետո դառնում էին բացառապես այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում (Վաղարշապատ, Դվին, Կարս, Անի և այլն)։ Սակայն Տիգրանակերտ քաղաքի տնտեսական ու մշակութային կյանքի վրա առանձնապես բացասաբար էին անդրադառնում Հռոմի ու Պարսկաստանի միջև պարբերաբար մղվող պատերազմները, պատերազմներ, որոնց համար թատերաբեմ էին դարձել ոչ միայն Հյուսիսային Միջագետքը, այլ նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները։ Տիգրանակերտն ավելի աննպաստ պայմանների մեջ ընկավ հատկապես, երբ 387 թվականին Հայաստանը Հռոմի և Պարսկաստանի միջև բաժանվեց։ Այն գտնվում էր այս բաժանման գծի վրա, հռոմեական սահմանում։ Սահմանային լինելով, ժամանակի ընթացքում հռոմեացիները այն դարձնում են սովորական բերդաքաղաք։ Տիգրանակերտը հետագա դարերում ավելի է կորցնում իր տնտեսական նշանակությունը ։
Հայաստանը 2-3-րդ դարերից վերջնականապես թևակոխում է ավատատիրության դարաշրջանը, երկրում զարգանում է ավատական ինքնաբավ տնտեսությունը։ Ինչպես նախկին հելլենիստական տիպի քաղաքները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Զարիշատը, Զարեհավանը, Արշամաշատը, Արկաթիոկերտը և մյուսները, իբրև արհեստագործության, առևտրի ու հելլենիստական մշակույթի կենտրոններ, աստիճանաբար կորցնում են իրենց նախկին նշանակությունը և վերածվում ավատական քաղաքների։ Նույնպիսի ճակատագիր է ունենում Տիգրանակերտը։ Առաջանում են ավատական նոր քաղաքներ (Դվին, Վաղարշապատ և այլն), որոնք այդ հին քաղաքներից առաջ են անցնում։ 7-9-րդ դարերում՝ արաբական տիրապետության շրջանում Տիգրանակերտը, որն այդ ժամանակ արդեն կոչվում էր Մուաֆարկին (կամ Ֆարկին) մասնակի աշխուժացում է ապրում, որովհետև նա մի մեծ մարզի վարչական կենտրոն էր։ Սակայն գտնվելով արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության սահմանային շրջանում՝ Տիգրանակերտը դառնում է սոսկ բերդաքաղաք, բազմամարդ կայազորի տեղադրավայր և պարբերաբար ավերվում էր այդ երկու աշխարհակալ պետությունների միջև մղվող երկարամյա պատերազմների հետևանքով։ 12-րդ դարում այն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը և վերածվում է անշուք մի բնակավայրի։ Մշտական պեղումներ չեն կատարվել Տիգրանակերտի ավերակներում[4]։
Տիգրանակերտի թատրոնը
խմբագրելՀայ թատրոնի գոյության վերաբերյալ ամենահին հիշատակությունը Տիգրանակերտի թատրոնի հետ է կապված։ Տիգրան Մեծը հայկական աշխարհակալ տերության հզորությունն ու տնտեսությունն ամրապնդելուն զուգընթաց՝ հոգացել է նաև մշակույթի զարգացման մասին։ Նա Տիգրանակերտում հավաքել է տարբեր երկրներից արհեստների և արվեստների որակյալ մասնագետներ, այդ թվում՝ դերասաններ, կառուցել թատրոնի շենք։ Հելլենիստական տիպի թատրոն էր Տիգրանակերտի թատրոնը՝ հունարեն խաղացող դերասանական խմբով։ Խաղացանկը կազմված էր հույն դրամատուրգների գործերից։ Ք.ա. 69 թվականին Լուկուլլոսը, գրավելով Տիգրանակերտը, իր հաղթանակը տոնել է Տիգրանակերտի թատրոնում, ապա ազատ արձակել ամենքին՝ վերադառնալու իրենց վայրերը։ Միակ աղբյուրը Տիգրանակերտի թատրոնի մասին հույն պատմիչ Պլուտարքոսի «Զուգակշիռք» աշխատությունն է։ Հայ թատրոնը Տիգրանակերտի թատրոնից հետո գոյատևել է Արտաշատում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, Հատոր 11. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. 1985. էջ 699.
- ↑ 2,0 2,1 «Տիգրանակերտ (մայրաքաղաք)». Արև Տեր-Դավթյան. 11.09.2018. Վերցված է 2023/03/22-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 433 — 992 էջ։
- ↑ Հակոբյան, Թադևոս (1987). Պատմական Հայաստանի քաղաքները. Երևան: Հայաստան հրատարակչություն.