Օսկար Նիմեյեր
Օսկար Ռիբեյրու Ալմեյդա դի Նիմեյեր Սուարիս Ֆիլյու (պորտ.՝ Oscar Ribeiro de Almeida de Niemeyer Soares Filho, դեկտեմբերի 15, 1907[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5] - դեկտեմբերի 5, 2012[6][3][7][…], Ռիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), 20-րդ դարի լատինաամերիկյան ճարտարապետ, բրազիլական ժամանակակից ճարտարապետության հիմնադիրներից, երկաթբետոնե ճարտարապետության փորձարար: Եղել է կոմունիստ, Բրազիլիայի կոմունիստական կուսակցության անդամ, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ:
ԿենսագրությունԽմբագրել
Օսկար Նիմեյերը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 15-ին Ռիո դե Ժանեյրոյում, պորտուգալա-գերմանական ծագմամբ բարեկեցիկ ընտանիքում: Դաստիարակվել է մոր ծնողների տանը: Սովորել է քոլեջում, որտեղ առաջին անգամ հետաքրքրություն է դրսևորել ճարտարապետության հանդեպ: 1932 թվականից աշխատել է Լուսիո Կոստայի և Կառլոսա Լեաոյի ղեկավարությամբ: 1934 թվականին ավարտել է Ռիո դե Ժանեյրոյի Ճարտարապետության ազգային դպրոցը: Նրա նախագծով առաջին կառույցները եղել են մսուր-մանկապարտեզներ Ռիո դե Ժանեյրոյում (1937):
1930-ական թվականների երկրորդ կեսին Բրազիլիայում սկսում է ձևավորվել ժամանակակից ճարտարապետության ազգային դպրոցը, որի առաջին դրսևորումը կրթության և առողջապահության շենքն էր Ռիո դե Ժանեյրոյում (1937-1943): Ծրագրի ղեկավարը Լուսիո Կոստան էր, իսկ 1939 թվականից ծրագիրը ղեկավարում է Նիմեյերը: 1939 թվականին Կոստայի և Նիմեյերի նախագծով կառուցվում է Բրազիլիայի տաղավարը 1939 թվականի` Նյու Յորքում կայացած համաշխարհային ցուցահանդեսում: 1940 թվականին Նիմեյերը ծանոթանում է պետական և քաղաքական գործիչ Ժուսելինու Կուբիչեկի հետ, ով այդ ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետն էր:
1940-ական թվականներին Նիմեյերի ստեղծագործական ակտիվ գործունեություն է ծավալում: Նրա նախագծերով կառուցվում են հյուրանոց Օրու-Պրետուում (1940), ռեստորան, խաղասրահ, հյուրանոց, Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցին Պամպուլյայում (1942-1943), Բոա Վիստա բանկը Ռիո դե Ժանեյրոյում (1946), ավիացիոն-տեխնիկական ուսումնական կենտրոն Սան Ժոդե դուս Կամպուսում (1947-1953): 1947 թվականին Նիմեյերը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի նախագծմանը:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նիմեյերը իր համակրանքն է արտահայտել ԽՍՀՄ-ի նկատմամբ: 1945 թվականին ընդունվել է Բրազիլիայի կոմունիստական կուսակցության շարքերը: Երբ կոմունիստական կուսակցության քարտուղար Լուիս Կառլոս Պրետեսին և նրա 15 կուսակիցներին ազատել են բանտից, Նիմեյերը նրանց ընդունել է իր տանը` արդյունքում զոհաբերելով կուսակցության համար կառուցած իր տունը: Քաղաքական հայացքների համար հետպատերազմյան շրջանում դժվար էր Նիմեյրայի` ԱՄՆ մեկնելը: Նրան այդ երկիր մուտքի արտոնագիր չի տրամադրվել և' 1946 թվականին, երբ նա հրավիրված էր դասախոսություն կարդալու Յեյլի համալսարանում, և' 1953 թվականին, երբ նրան դեկան են նշանակել Հարվարդի դիզայնի դպրոցում:
1950-ական թվականներին Նիմեյրայի նախագծած կառույցներից են սեփական տունը Ռիո դե Ժանեյրոյի արվարձանում (1953), «Հարավային Ամերիկա» հիվանդանոցը Ռիո դե Ժանեյրոյում (1952-1959), «Նիմեյրայի աշտարակ» բնակելի շենքը (1954), Կուբիչեկի անվան բնակարանային համալիրը Բելու Օրիզոնտիում (1951-1962), հրուշակեղենի շենքը (1950), «Մոնտռեալ» բիզնես-կենտրոնը (1950), «Կոպան» (1951-1965) և «Էյֆել» (1955) շենքերը Սան Պաուլուի համաշխարհային ցուցահանդեսի համալիրը (1951-1954): Այդ տարիների չկայացած ամենամեծ նախագիծը ժամանակակից արվեստի թանգարանն է Կարակասում, ինչը նախատեսված էր կառուցել շրջված քառանիստ բուրգի տեսքով:
1957 թվականից Օսկար Նիմեյերը Լուսիո Կոստայի գլխավոր նախագծով իրականացնում է նոր մայրաքաղաքի` Բրազիլիայի կառուցումը, ինչը սկսել էր իրականացվել 1956 թվականին նախագահի պաշտոնն ստանձնած Ժուսելինու Կուբիչեկի նախաձեռնությամբ: Նախագիծն աչքի էր ընկնում անսովոր նոր ձևերով` գմբեթային, բուրգային, գավաթանման:
Նիմեյրայի նախագծով Բրազիլիայում կառուցվում են նախագահական «Ալվորադա» պալատը (1958), «Պալաս հոթել» հյուրանոցը (1958), «Պլանալտո» կառավարական պալատը, Գերագույն դատարանի շենքը (1960), Ազգային կոնգրեսի պալատը (1960), նախարարության մասնաշենքերը (1960), Մայր տաճարը (1960-1970), թատրոնը (1962), «Նասիոնալ» հյուրանոցը (1962), հիվանդանոցը (1962), Արդարադատության պալատը (1970), պաշտպանության նախարարության շենքը (1974), փոխնախագահի նստավայրը (1974):
Ճարտարապետ Նիմեյրայի ոճին բնորոշ են ճկունությունը, արտահայտչականությունը և ջերմությունը: Նա առաջիններից մեկն էր, որ տեսավ և իրականացրեց մոնոլիտ երկաթբետոնի հնարավորությունները: Չնայած արտասովորությանը` Նիմեյրայի նախագծերը մանրամասն մշակված են, հիմնավորված գործառական և կոնստրուկտիվ տեսանկյունից: Նիմեյերը անընդհատ ձգտում է ճարտարապետական ձևերի հարստացմանը դրանց հակադրության, դինամիկ մասնատման, մակերևույթի մշակման, ճարտարապետական տարրերի միախառնման եղանակով:
1964 թվականին վերադառնալով Իսրայելից, որտեղ նա Հայֆայի քաղաքապետի հրավերով նախագծում է Հայֆայի համալսարանի մասնաշենքը, Նիմեյերը Բրազիլիան փոխված է տեսնում. տեղի էր ունեցել հեղաշրջում նախագահ Ժուան Գուլարտի դեմ: Ռազմական դիկտատուրայի ժամանակ նա արտագաղթում է Ֆրանսիա (1964-1985)` Բրազիլիայում լինելով կարճատև ուղևորություններով միայն: Չնայած դրան` Բրազիլիայում շարունակվում է նրա նախագծերով կառույցների շինարարությունը: Նիմեյրան որոշ ժամանակ անցկացնում է նաև ԽՍՀՄ-ում և Կուբայում:
Այս շրջանում Օսկար Նիմեյրան նախագծում է հասարակական մի շարք շենքեր Գանայում, Լիբանանում, Իտալիայում, Ալժիրում, Ֆրանսիայում: Ռիո դե Ժանեյրոյում նրա նախագծով կառուցվում են «Մանշետե» հրատարակչության շենքը (1967), «Նասիոնալ» հյուրանոցը (1971), մետրոյի «Սաենս Պենյա» կայարանը, դիմակահանդեսի կենտրոնը (1983-1984), նախագահ Կուբիչեկի հուշահամալիրը (1980), Պանթեոնը (1985) և Լատինական Ամերիկայի հուշահամալիրը (1987):
Ռազմական դիկտատուրան Բրազիլիայում վերանում է 1985 թվականին, և Նիմեյերը վերադառնում է հայրենիք: 1992-1996 թվականներին նա Բրազիլական կոմունիստական կուսակցության քարտուղարն էր` ղեկավարելով մարքսիստական թևը: Նա դեմ էր կուսակցության վերափոխմանը սոցիալ-ժողովրդական կուսակցության նույնիսկ ԽՍՀՄ-ի անկումից հետո: Հասնելով կուսակցության գրանցմանը նույն անունով` նա թողնում է դրա ղեկավարումը:
1996 թվականին 89 տարեկան հասակում Նիմեյերը նախագծում է Ժամանակակից արվեստի թանգարանի շենքը Նիտեռոյ քաղաքում: 2000-ական թվականներին Նիմեյրայի նախագծով կառուցվում են Օսկար Նիմեյրայի թանգարանը Կուրիտիբայում (2002), «Իբիրապուերա» լսարանը Սան Պաուլուում (2002, 1951 թվականի նախագիծ), Ազգային թանգարանի և Ազգային գրադարանի շենքերը Բրազիլիայում (2006, 1958 թվականի նախագիծ), «Օսկար Նիմեյեր» մշակույթի կենտրոնը Գոյանիայում (2006), «Կաբո-Բրանկո» շենքը Ժուան Պեսոայում (2008): 2011 թվականին իսպանական Ավիլես քաղաքում բացվել է Օսկար Նիմեյրայի մշակույթի կենտրոնը, որն այդպես է անվանվել նախագծի հեղինակի պատվին:
Նիմեյրան բազում մրցանակներ է ստացել, արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների պատվավոր անդամ է, այդ թվում` Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[8]: Հարյուրամյա հոբելյանի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճարտարապետին պարգևատրել է Բարեկամության շքանշանով ռուս-բրազիլական հարաբերություններում մեծ ավանդ ունենալու համար:
Նիմեյրան մահացել է Ռիո դե Ժանեյրոյում 2012 թվականի դեկտեմբերի 5-ին` 105-րդ հոբելյանից 10 օր առաջ[9]: Չնայած դրան` հանրագիտարանային մի շարք հրատարակություններ ճարտարապետի մահվան մասին սխալ տտեղեկություններ են նշել` ավելի վաղ թվագրելով նրա մահը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Oscar Niemeyer
- ↑ 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 Нимейер Оскар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2012/12/06/world/americas/oscar-niemeyer-modernist-architect-of-brasilia-dies-at-104.html?pagewanted=all&_r=0|title=Oscar
- ↑ 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
- ↑ «Состав РАХ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2016-09-12
- ↑ ИТАР-ТАСС : На 105-м году жизни скончался старейший архитектор планеты — бразилец Оскар Нимейер
ԳրականությունԽմբագրել
- Օ.Նիմեյեր Բրազիլիա քաղաքի կառուցման իմ փորձը : Արտասահմանյան գրականության հրատարակչություն, 1963.
- Օ. նիմեյեր Ճարտարապետությունը և հասարակությունը : «Պրոգրես» հրատարակչություն, 1975.
- Վ. Լ. Հայթ Օսկար Նիմեյեր : «Ստրոյիզդատ» հրատարակչություն, 1986.
Արտաքին հղումներԽմբագրել
- Օսկար Նիմեյրա
- http://www.archjournal.ru/rus/1%20(29)%202003/oscar.htm «Օսկար Նիմեյրա» հոդվածը Ճարտարապետություն, շինարարություն, դիզայն կայքում
- Օսկար Նիմեյրայի կառույցների պատկերասրահ-կայքէջ
- Օսկար Նիմեյրայի կառույցների նկարագրություն և քաղաքի լուսանկարներ Archived 2012-01-27 at the Wayback Machine.