Քրիստիան Վիերի
Քրիստիան Վիերի (իտալ.՝ Christian Vieri, հուլիսի 12, 1973[1][2][3], Բոլոնիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։
Քրիստիան Վիերի իտալ.՝ Christian Vieri | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1973[1][2][3] (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Բոլոնիա, Իտալիա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 82 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՔրիստիան Վիերին ֆուտբոլով սկսել է զբաղվել 13 տարեկանում, նա իր կարիերան սկսել է Ավստրալիայում, որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս նրա հայրը՝ Ռոբերտո Վիերին, որը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հանդես է եկել «Յուվենտուսում», «Սամպդորիայում», «Ռոմայում»։ Կարիերայի հետագա զարգացման համար Քրիստիանը վերադարձել է Իտալիա, որտեղ մարզվել է մի քանի ֆուտբոլային մարզադպրոցներում և հետո ընդունվել «Տորինոյի» ակադեմիա, որի ակումբն էլ դարձել է Վիերիի պրոֆեսիոնալ կարիերայի առաջին թիմը։ 1993 թվականին Վիերին «Տորինոյի» կազմում նվաճել է Իտալիայի գավաթը, սակայն երկար չի մնացել ակումբում։ Հաջորդ չորս տարիների ընթացքում Վիերին հանդես է եկել ոչ այնքան հայտնի իտալական ակումբներում։ Այդ թիմերում նա չի ընդգրկվել ակումբների հիմնական կազմում։ Դա բացատրվում էր նրանով, որ ֆուտբոլիստը ուշ է հայտնվել պրոֆեսիոնալ սպորտում և չի ունեցել նույնիսկ հիմնական հմտություններ։ Այդ տարիներին ի հայտ են եկել նրա ուժեղ որակները՝ գնդակից «կառչելու» և գլխով խաղալու ունակությունը։ Վիերին աստիճանաբար բարելավել է խաղային տեխնիկան և սկսել է օգտագործել իր ուժեղ կողմերը։
Իր աշխատասիրության շնորհիվ Վիերին 1996 թվականին ընդգրկվել է «Յուվենտուսի» կազմում, որն այդ ժամանակ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն էր։ Քրիստիանը չի ներառվել հիմնական կազմի մեջ, նա փոխարինել է թիմի հիմնական հարձակվողներ Ալեսանդրո Դել Պիեռոյին կամ Ալեն Բոկշիչին։ Այդ կարգավիճակում նա մրցաշրջանի ընթացքում դարձել է 15 գոլի հեղինակ, օգնել թիմին վերադարձնել չեմպիոնական տիտղոսը և կրկին դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (եզրափակչում Յուվենթուսը պարտվել է Դորտմունդի «Բորուսիային»)։
1997 թվականի ամռանը Վիերին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»։ Այս տեղափոխությունը վճռորոշ է եղել Քրիստիանի համար․ նա 24 գոլով դարձել է Իսպանիայի առաջնության ռմբարկու և օգնեց ակումբին ձեռք բերելու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր։ Այդ մրցաշրջանից հետո Վիերին ճանաչվել է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկ։
Հաջորդ ակումբը, որտեղ Վիերին հանդես է եկել, «Լացիոն» էր, որն այդ ընթացքում բարեհաջող էր հանդես գալիս Իտալիայի առաջնությունում։ 1999 թվականին Վիերիի գոլն օգնել է ակումբին հաղթել գավաթակիրների պատմության մեջ վերջին գավաթը՝ խփելով գոլերից մեկը «Մալյորկայի» դեմ եզրափակիչ խաղում, որն ավարտվել է 2:1 հաշվով։ Դրանից հետո Վիերին ճանաչվել Է Իտալիայի տարվա ֆուտբոլիստ։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա դարձել է 15 գոլի հեղինակ։
1999 թվականի ամռանը Վիերիին 48,5 միլիոն եվրոյով գնել է «Ինտերը». այդ գործարքը Վիերիին դարձրել է աշխարհի «ամենաթանկ» ֆուտբոլիստը։ Ինտերում հարձակվողը հանդես է եկել վեց մրցաշրջան։ Խաղերի ժամանակ նա համագործակցում էր բրազիլացի Ռոնալդոյի հետ, սակայն նրան հաճախ էին «հետապնդում» վնասվածքները։ Մի քանի մրցաշրջան Վիերին ճանաչվել է ակումբի գլխավոր հարձակվող։
2002 թվականին նա կրկին ճանաչվել է Իտալիայի տարվա ֆուտբոլիստ, իսկ 2003 թվականին 24 գոլով դարձել է A Սերիայի լավագույն ռմբարկու։ Ինտերի կազմում Վիերին խփել է 123 գոլ և դասվել ակումբի լավագույն ռմբարկուների տասնյակում, սակայն այդ տարիներին նրա միակ նվաճած տիտղոսն Իտալիայի գավաթն էր՝ 2005 թվականին։ Այդ ժամանակ նրա մարզական կարիերան արդեն անկում էր ապրում։
2005 թվականին հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով ընդգրկվել է «Միլանի» կազմում, որտեղ անցկացրած տասնչորս խաղերում Վիերին կարողացել է խփել միայն երկու գնդակ, հետագայում կոնֆլիկտի մեջ է մտել ակումբի ղեկավարության հետ և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ստիպված եղել լքել ակումբը։
2006 թվականին հանդես է եկել «Մոնակոյում», որտեղ 7 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Կարիերայի վերջին տարիները հանդես է եկել «Ատալանտայում» և «Ֆիորենտինայում»։ Բարձր մակարդակի խաղ ցուցաբերել չկարողանալով՝ 2009 թվականին որոշել է ավարտել իր խաղային կարիերան[4]։
2016 թվականի հուլիսին Վիերին հայտարարել էր ֆուտբոլ վերադառնալու մասին, սակայն դա տեղի չի ունեցել[5]։
Միջազգային
խմբագրելՎիերին հանդես է եկել Իտալիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականների կազմում։ Երիտասարդական հավաքականի կազմում հանդես գալու տարներին երկու անգամ՝ 1994 և 1996 թվականներին, դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Իտալիայի ազգային հավաքականի կազմում Վիերին նորամուտը նշել է 1997 թվականի մարտի 29-ին՝ Մոլդովայի ազգայի հավաքականի հետ խաղում։ Խաղն ավարտվել է 3-0 հաշվով․ 49-րդ րոպեին 3-րդ գոլի հեղինակ է դարձել Վիերին[6]։ 1998 թվականի Ֆրանսիայում կայանացած Աշխարհի առաջնությանը Վիերին հավաքականի կազմում ընդգրկվել է որպես հիմնական հարձակվող։ Նա աչքի է ընկնել խմբային փուլի բոլոր խաղերում, Նորվեգիայի հետ 1/8 եզրափակչի խաղում միակ գոլի հեղինակը դարձել է Վիերին։ Առաջնության ընդհանուր արդյունքներով հարձակվողն արժանացել է «արծաթե գնդակի»՝ մեկ գոլով հետ մնալով խորվաթ Դավոր Շուկերից։
2000 թվականի Եվրոպայի առաջնությանը Վիերին վնասվածքի պատճառով բաց է թողել։ 2002 թվականի ամռանը Հարավային Կորեայում և Ճապոնիայում տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը եղել է Իտալիայի գլխավոր ուժը։ Մունդալի չորս հանդիպումներում նա չորս գոլի հեղինակ է դարձել։
Իտալիայի հավաքականի կազմում Քրիստիան Վիերիի վերջին մրցաշարը եղել է 2004 թվականի Եվրոպայի առաջնությունը, որտեղ անհաջող մեկնարկից հետո Իտալիան դուրս է մնացել «փլեյ-օֆից»։
Ծնկի վնասվածքի պատճառով Վիերին չի կարողացել մասնակցել 2006 թվականին Գերմանիայում տեղի ոունեցած աշխարհ առաջնությանը։ Գոլերի քանակով Վիերին հավաքականում զբաղեցնում է 10-րդ տեղը։
Հավաքականի կազմում վերջին հանդիպումը Վիերիի համար կրկին եղել է 2005 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Մոլդովայի հետ խաղը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Вьери расторг контракт с «Аталантой»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Бывший футболист сборной Италии возобновил карьеру в 43 года
- ↑ ФУТБОЛ ЧЕМПИОНАТЫ МИРА. ЧМ-1998. ОТБОРОЧНЫЙ ТУРНИР. ЕВРОПА
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Վիերի» հոդվածին։ |