Քնարավան
Քնարավան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Քնարավան | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
Հիմնադրված է | 2003 թ. | |
Մակերես | 5053,0 հա կմ² | |
Բնակչություն | 76 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | knaravan.org | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում` Շահումյանի շրջանում` նախկինում՝ Արցախի Վայկունիք, միջին միջնադարում՝ Ծար գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Լև գետի վերին հոսանքի աջափնյա հատվածում՝ անտառապատ սարերով նեղ ձորակի պարանոցում[2]։
Համայնքը բարձր լեռնային է, ունի 5053 հեկտար տարածք։ Համայնքի վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։
Բնակավայրի տարածքում կա թվով 1 բնական անանուն աղբյուր՝ առվակի տեսքով։
Պատմություն
խմբագրելՆերկայիս համայնքի տարածքում, ինչպես միջնադարում, այնպես էլ նոր շրջանում, որևէ բնակավայր չի եղել։ Անհրաժեշտ է շեշտել, որ Քնարավանից արևելք և հյուսիս արևելք տեսանելի են միջնադարյան հայկական մի քանի բնակավայրերի հետքեր, որոնց անունները մեզ հայտնի չեն։
Քնարավանի հարևանությամբ են գտնվում պատմամշակութային նշանակության կարևոր հուշարձաններ` Հանդաբերդը և նույնանուն վանական համալիրը։ Հանդաբերդը գտնվում է Լև գետի աջափնյա անտառածածկ լեռնագագաթին։ Հանդաբերդը Արցախի կարևոր պաշտպանական նշանակության կառույցներից մեկն էր։ Այն, դեռևս վաղ միջնադարից սկսած, երկու կարևորագույն գործառույթ էր կատարում. հսկում էր Պարտավ-Դվին առևտրական ճանապարհները և թշնամիներից պաշտպանում Հայկական լեռնաշխարհի կենտրոնում գտնվող արքայանիստ Այրարատ նահանգը[2]։ Պատահական չէ, որ 5-րդ դարից սկսած՝ Արցախի իշխանները տարեցտարի ավելի էին ամրապնդում Հանդաբերդը։ Հայոց արևելից կողմանց պատմիչի վկայությամբ 9-րդ դարի երկրորդ կեսերին Սահլ Սմբատյանի որդի Ատրներսեհը Հանդաբերդում և Բաղունիք արքունականում լայնածավալ շինարարական աշխատանքներ է կատարել. 12-14-րդ դարերում բերդը շարունակում էր ծառայել Հաթերքի Վախթանգյան Ծարի Դոփյան իշխանական տներին։ 16-րդ դարից` պարսկական տիրապետության շրջանում, բերդի դերակատարոթյունը խունացավ։ 1720-ական թվականներին` սղնախական պայքարին տարիներին, Հանդաբերդը ծառայում էր Արցախի մելիքներին[2]։ Անմատչելի տեղանքում կառուցված լինելով՝ Հանդաբերդի շինությունների մեծ մասը կիսավեր վիճակում պահպանվել է։
Քնարավանից 0,5 կմ արևելք գտնվում է Հանդաբերդի վանական համալիրը, որի պատմական անունը մոռացության է մատնվել։ Վանքը 12-13-րդ դարերի կառույց է։ Վանքի պատերին ագուցված են 12-13-րդ դարերի խաչքարեր։ Այդտեղ է գտնվում նաև Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի տապանաքարը։ Քնարավանի տարածքը Քարվաճառի մյուս բնակավայրերի հետ միասին 1921 թվականին բռնակցվել էր Խորհրդային Ադրբեջանին։ 1923-1930 թվականներին վերոհիշյալ տարածքը Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին Քելբաջարի շրջանի կազմում էր[2]։
1993 թվականին մարտի 27-ից մինչև ապրիլի 5 հայկական բանակի հարվածների տակ ազատագրվել է նաև Հանդաբերդի շրջակայքը։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
խմբագրելՔնարավանում 2010 թվականին կար 15 տուն, 71 բնակիչ, 2018 թվականին՝ 16 տուն, 69 բնակիչ[2]։
2015 թվականին Քնարավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 76 մարդ, կա 15 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 52 | 56 | 71 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2002 թվականին «Երկիր միություն» կազմակերպության նախաձեռնությամբ հավաքագրված միջոցներով ազատագրված Քարվաճառի գավառում նշանավոր Հանդաբերդի հարևանությամբ մի նոր բնակավայր է կառուցվել, որտեղ հիմնականում հաստատվել էին մարզերից տեղափոխված ընտանիքներ։ Բնակավայրը ֆրանսահայ բարերար Կարապետ Հարությունյանի կնոջ՝ Քնարիկ Հարությունյանի անունով անվանվել է Քնարավան։ Կ. Հարությունյանի միջոցներով կառուցվել է նաև գյուղի դպրոցի շենքը, որը 2005 թվականից է գործում։ 2015-2016 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 29 աշակերտ, դասավանդում` 12 ուսուցիչ[2]։
Տարբեր տարիների դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատել են Շ. Հարությունյանը, Ռ. Վարդևանյանը, Ս․ Հովհաննիսյանը, Բ. Սարգսյանը, Ա. Գևորգյանը։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 25 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 547–548.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 286.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)