Հեթում Պատմիչ (հոգևոր անունը՝ Անտոն[3], մոտ 1235[1] - 1308, Պուատիե[2]), 13-14-րդ դարերի Կիլիկյան Հայաստանի պատմագիր, պետական գործիչ։ Հեթումյանների տոհմից։ 1294-1305 թվականներին՝ հայոց սպարապետ։ Մի շարք հաղթական ճակատամարտեր է մղել հարևան մուսուլմանական իշխանությունների (հատկապես Եգիպտոսի սուլթանության) դեմ։ 1305 թվականին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել կաթոլիկություն և մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու։ 1307 թվականին, Կղեմես V պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Միջնադարյան ֆրանսերենով գրած նրա երկը վերածվել է լատիներենի, հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն։ 1842 թվականին Մ. Ավգերյանը լատիներենից գրաբար է թարգմանել Հեթումի երկը՝ դրան կցելով Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների 1096-1307 թվականների պատմությունից։
Հեթումը և Կղեմես V պապը (մանրանկար XV դարի ձեռագրից)