Քիմ Ուայլդ (անգլ.՝ Kim Wilde, իրական անունը` Քիմ Սմիթ (Kim Smith), նոյեմբերի 18, 1960(1960-11-18)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի փոփ- երգչուհի, երգահան, դիջեյ և հեռուստահաղորդավարուհի։ Որպես «Լավագույն բրիտանական կատարող»` 1983 թվականին արժանացել է BRIT Award-ի մրցանակին։ Ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 10 միլիոն երաժշտական ալբոմ և 20 միլիոն սինգլ։

Քիմ Ուայլդ
Ծնվել էնոյեմբերի 18, 1960(1960-11-18)[1][2] (63 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Երկիր Միացյալ Թագավորություն[4]
Ժանրերփոփ[5], սինթիփոփ[6], նոր ալիք[7], Hi-NRG?[8], ռոք[9] և փոփ ռոք[10]
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլRAK? և MCA Records
ԿրթությունCapel Manor College?, Oakfield Preparatory School?, Presdales School? և St Albans School of Art?
Կայքkimwilde.com
 Kim Wilde Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քիմ Սմիթը ռոքնռոլի հայտնի երգիչ Մարտի Ուայլդի և The Vernons Girls խմբի նախկին երգչուհի և պարուհի Ջոյս Բեյքերի ավագ դուստրն է։ Մանկության տարիներին հաճախել է Լոնդոնի հարավարևելյան Դալվիչի շրջանում գտնվող Օքֆիլդ դպրոցը։ 9 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հարթֆորդշիրի կոմսություն, որտեղ սովորել է դաշնամուր նվագել։ Դրան զուգահեռ սովորել է Օքլենդի քոլեջին պատկանող Սենտ-Օլբանսի արվեստների քոլեջում։ Իր մոր հետ միասին երգել է հորը ուղեկցող երաժշտական խմբի կազմում։ 1980 թվականին Քիմի ձայնագրություններով հետաքրքրվել է անգլիացի հայտնի պրոդյուսեր Միքի Մոուստը և առաջարկել նրան` աշխատել RAK Records ձայնագրման ստուդիայում։

Ստեղծագործական կյանքը խմբագրել

Քիմ Ուայլդի դեբյուտային «Kids in America» սինգլը թողարկվել է 1981 թվականին։ Երգի հնչողությունը հիշեցնում էր Սյուզի Քուատրոյի ագրեսիվ և կոպիտ կատարման ոճը։ Այդ երգը ունեցավ հսկայական հաջողություն և գրավեց UK Singles Chart-ի երկրորդ հորիզոնականը, իսկ Գերմանիայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում այն հայտնվեց լավագույն երգերի հնգյակում։ Չնայած երգի անվանումին, այն ԱՄՆ-ում ճանաչում ձեռք չբերեց։ Ներկայումս այդ երգը Քիմ Ուայլդի այցեքարտն է։

Առաջին «Kim Wilde» ալբոմը կրկնեց դեբյուտային սինգլի հաջողությունը և ուղեկցվեց երկու ձայնասկավառակներով, որտեղ հնչում էին «Chequered love» և «Water on glass» հիթերը։ Բոլոր երգերը գրվել էին երգչուհու հոր և եղբոր կողմից։ 1981 թվականը Քիմ Ուայլդի կյանքում հաջողակ տարի էր։ Նա Անգլիայի լավագույն կատարողների մեջ գրավել էր երկրորդ տեղը` զիջելով միայն Թոյա Ուիլկոքսին և առաջ անցնելով Դայանա Ռոսից, Քեյթ Բուշից և Օլիվիա Նյուտոն-Ջոնից։

1982 թվականին թողարկվեց «Select» ալբոմը` «Cambodia» և «View From a Bridge» սինգլերով։ Երկուսն էլ մեծ հաջողություն ունեցան հատկապես Ֆրանսիայում։ 1982թ-ի սեպտեմբերին երգչուհու առաջին համերգը կայացավ Դանիայում, իսկ հոկտեմբերին համերգային շրջագայություններով հանդես եկավ Մեծ Բրիտանիայում։ 1983 թվականին թողարկվեց երրորդ «Catch as catch can» ալբոմը, որը հաջողություն չունեցավ։ Ալբոմի առաջին «Love blonde» սինգլը Ֆրանսիայում և Սկանդինավիայում լավ ընդունվեց։

Այնուհետև Քիմ Ուայլդը պայմանագիր կապեց MCA Records ձայնագրման ստուդիայի հետ։ Նոր ստուդիայում թողարկվեց «Teases & dares» ալբոմը, որը երգչուհու հայրենիքում չգնահատվեց, սակայն «The second time» սինգլը եվրոպական մյուս երկրներում ընդունվեց ջերմությամբ։ Այդ երգի տեսահոլովակը 1985 թվականին ընդգրկվեց «Ճանապարհների ասպետը» հեռուստասերիալում։ Մինչ այդ Քիմ Ուայլդի բոլոր երգերը գրվել էին հոր և եղբոր կողմից, սակայն վերջին ալբոմի երկու երգեր նա գրել էր անձամբ։ 1983, 1985 և 1986 թվականներին Քիմ Ուայլդը մեծածավալ համերգային շրջագայություններով հանդես եկավ Եվրոպայում։

Քիմ Ուայլդի ստեղծագործական կյանքում բեկումնային էր 1986 թվականը, երբ լույս տեսավ հինգերորդ «Another step» ալբոմը։ Երգերի մեծամասնությունը գրել էր անձամբ ինքը։ Այդ ալբոմի առաջին «Schoolgirl» սինգլը բավականին ուշագրավ էր, իսկ երկրորդը, որը The Supremes խմբի հին երգերից մեկի` «You Keep Me Hangin’ On» ռեմեյքն էր, ունեցավ հսկայական հաջողություն Ավստրալիայում և Կանադայում, գրավեց երկրորդ տեղը Մեծ Բրիտանիայում, իսկ 1987 թվականին ԱՄՆ-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Ձայնագրմանը մասնակցել էին երկու մարդ` ստեղնաշարային մասը կատարել էր Քիմ Ուայլդի եղբայրը` Ռիկին, իսկ էլեկտրակիթառով հանդես էր եկել կիթառահար Սթիվ Բյորդը։

Կոմերցիոն տեսակետից հաջողված էր նաև երգչուհու «Close» ալբոմը, որը լույս էր տեսել 1988 թվականին։ Հետագա տարիներին թողարկվեցին «Love moves» (1990թ.) և «Now & forever» (1995թ.) ալբոմները։ Վերջինը մատնվեց անհաջողության և համարվում է երգչուհու ամենավատագույն ալբոմը։ 1997 թվականին Քիմ Ուայլդը Լոնդոնի West End թատրոնում բեմադրել է «Tommy» մյուզիքլը։

2001 թվականին Քիմ Ուայլդը երկար ընդմիջումից հետո հանդես եկավ բարեգործական համերգով, որից հետո համերգային շրջագայություններով այցելեց Ավստրալիա։ Դրան հաջորդեցին նոր ձայնագրությունները։ 2006 թվականին գերմանական ձայնագրման ստուդիայում թողարկեց իր տասներորդ «Never say never», իսկ 2010 թվականին «Come Out And Play» ալբոմները։

Անձնական կյանքը խմբագրել

1980-ական թվականներին Քիմ Ուայլդը ռոմանտիկ կապերի մեջ է եղել սաքսոֆոնահար Գարի Բերնակլի և Johnny Hates Jazz խմբի երաժիշտ Կելվին Հեյսի հետ։ 1993 թվականին երգչուհին հաճախ էր երևում հեռուստահաղորդավար Քրիս Էվանսի հետ։ 1996 թվականին նա ամուսնացել է «Tommy» մյուզիքլում իր հետ աշխատած Հել Ֆոուլերի հետ։ 1998 թվականին ծնվել է նրանց որդին, իսկ 2000 թվականին՝ դուստրը։

Քիմ Ուայլդը զբաղվում է այգեգործությամբ և գրել է երկու գիրք այգեգործության վերաբերյալ։ 2005 թվականին Չելսիում կայացած ծաղկային շոուին մասնակցելով, արժանացել է ոսկե մեդալի։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Ուայլդ» հոդվածին։