Քերոլայն
Քերոլայն (անգլ.՝ Caroline Atoll), Լայն կղզեխմբի ամենաարևելյան օղակղզի (մարջանի մանեկաձև կղզի)։ Այն պատկանում է Կիրիբատի պետությանը։ Քերոլայնի մյուս անունը Միլլենիում (կամ Հազարամյակի կղզի) է։
Քերոլայն | |
---|---|
Տեսակ | կղզիների խումբ |
Երկիր | Կիրիբատի |
Մակերես | 3,76 կմ² |
Քերոլայնն առաջին անգամ եվրոպացիների կողմից նկատվեց 1606 թվականին, այնուհետև 1868 թվականին այն միացավ Բրիտանիային և վերջապես 1979 թվականին դարձավ միկրոնեզիայի Կիրիբատի պետության մաս։ Չնայած թռչնաղբի (գուանո) վերամշակմանը, կոպրայի (կոկոսային ընկույզի) արտադրությանը և 19-րդ, 20-րդ դարերի ոչ շատ բնակեցված լինելուն՝ Քերոլայն օղակղզին համարվում է մարդու կողմից ամենաքիչ անհանգստացված կղզիներից մեկը։ Քերոլայնը հանդիսանում է արմավյան գող կոչվող ծովախեցգետնի ամենամեծ քանակ ունեցող տեղամասը և ծովային թռչունների ձվադրման կարևոր տեղամասերից մեկը՝ հատկապես սև ջրածիծառի համար։
Կղզին համաշխարհային ճանաչում ստացավ 2000 թվականին, երբ 1995 թվականին անցկացվեց օրվա փոփոխության գիծը, Քերոլայնը դարձավ Երկրի առաջին կետը, որը դիմավորեց 2000 թվականի հունվարի 1-ը։
Աշխարհագրություն և կլիմա
խմբագրելՔերոլայն օղակղզին գտնվում է Լայն կղզեխմբի հարավարևելյան մասում, որն իրենից ներկայացնում է 1500 կիլոմետր ձգվող օղակղզիների շղթա։ Այն ունի կիսալուսնաձև կառուցվածք (3,76 կմ²) և կազմված է 39 մոտուներից (օղակղզին շրջապատող փոքր առանձին կղզիներից), որոնք իրենց հերթին շրջապատում են նեղ ծովալճակը։ Տարածվելով հյուսիսից հարավ՝ մոտավորապես 9,7 կիլոմետր և արևելքից արևմուտք՝ 2,3 կիլոմետր օղակղզու կղզյակները ծովի մակարդակից բարձր են ընդամենը 6 մետր[1]։ Նրանք կազմված են ավազաքարային գոյացություններից, կրաքարային նստվածքներից և շրջապատված են առափնյա ծանծաղուտներով։
Քերոլայն օղակղզու հիմնական մասը ձևավորում են 3 խոշոր մոտուներ՝ Նեյք կղզի (1,04 կմ²), Լոնգ կղզի (0,76 կմ²) և Հարավային կղզին (1,07 կմ²)[2]։ Մնացած մանր կղզյակները իրենց անունները ստացել են 1998 թվականին՝ Անժելա և Քեմերոն Կեպլերների անցկացրած էկոլոգիական հետազոտությունների ընթացքում։ Այս կղզյակները կարելի է բաժանել 4 հիմնական խմբերի՝ Հարավային Նեյքի կղզիներ, Կենտրոնական Լիուորդի կղզիներ, Հարավային Լիուորդի կղզիներ և Ուինդուորդի կղզիներ (տես. քարտեզը)։ Հարյուրամյա դիտարկումների արդյունքում պարզվել է, որ Քերոլայն օղակղզու կղզիների մի մասը փոթորիկների ազդեցությամբ անցել է ջրի տակ, իսկ նույն ժամանակ որոշներն ընդհակառակը առաջացել են, իսկ մեծ կղզիների ափագիծը բավականին նշանակալի փոփոխությունների է ենթարկվել[3][4]։
Կղզու կենտրոնում գտնվող ծովալճակը, որն ունի 9 կմ երկարություն և 500 մետր լայնություն, հանդիսանում է 5-ից 7 մետր խորություն ունեցող ծանծաղուտ[1]։ Արգելապատնեշային խութից մինչև ափ հեռավորությունը 500 մետր է, բայց որոշ աղբյուրների համաձայն 1 կիլոմետր է[2]։ Կղզում բացակայում են բնական նավահանգիստները, ծովախորշերն ու խորը նեղուցները, որոնցով հնարավոր կլիներ անցնել ծովալճակ։ Մակընթացության ժամանակ՝ նեղ նեղուցներով, ծովալճակ թափվող ջուրն անընդհատ շրջապատված է մնում խութերով։ Հիմնականում ափ են իջնում Հարավային կղզու հյուսիսարևմտյան մասում[4]։
Ցամաքում բացակայում է մշտական քաղցրահամ ջրի աղբյուրը, սակայն Նեյք և Հարավային կղզիների ստորգետնյա հատվածներում կան ջրային շերտեր։ Դրա համար այնտեղ կառուցվել են ջրհորներ, որպեսզի ժամանակավոր բնակչությանն ապահովեն խմելու ջրով[5]։
Քերոլայնի հողը հիմնականում աղքատ է, այն բաղկացած է խութերի կտորներից և ավազից։ Բերրի հողերը միայն կղզու կենտրոնական մասում են, որոնք ծածկված են թփուտներով։ Այն տեղերում, որտեղ կա թռչնաղբ, հողը հարուստ է ազոտով։ Բայց պետք է նշել, որ նույնիսկ կղզու ամենաշատ թփուտներ ունեցող հատվածներում հողի շերտը կազմում է ընդամենը մի քանի սանտիմետր[4]։
Քերոլայն կղզու կլիման, ինչպես Կիրիբատի պետության մեծ մասի կլիման, արևադարձային ծովային է՝ հետևաբար շոգ և խոնավ։ Կղզու միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +28-ից +32 °C[6]: Օղակղզին գտնվում է անկայուն տեղումների գոտում, բայց տարեկան այստեղ թափվում է մոտավորապես 1500 մմ անձրև։ Մակընթացության մակարդակը 0,5 մետր է։ Քամին առավելապես փչում է հյուսիս-արևելքից, որի հետևանքով կղզու հողմահայաց մասը ենթարկվում է ծովային ալիքների ներգործությանը[4]։
Քերոլայնը աշխարհի ամենակտրված (հեռու) կղզիներից մեկն է[7]։ Նրան ամենամոտ կղզին՝ Ֆլինտը հեռու է 230 կիլոմետր, իսկ ամենամոտ, բնակչություն ունեցող կղզին՝ Ծննդյան կղզին է, որը Քերոլայնից հեռու է 1500 կմ։ Կիրիբատի պետության մայրաքաղաք՝ Հարավային Տարավան, հեռու է 4200 կիլոմետր, իսկ Հյուսիսային Ամերիկան՝ 5100 կմ։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՉնայած կղզում մարդու երեքհարյուրամյա գործունեությանը՝ Քերոլայնը համարվում է այն քիչ արևադարձային կղզիներից մեկը, որը գրեթե նույն ձևով պահպանել է իր նախկին տեսքը և աշխարհի այն քիչ կղզիներից է, որը մարդու կողմից համեմատաբար քիչ է անհանգստացվել[8] : Այս հանգամանքի շնորհիվ Քերոլայնը համարվում է համաշխարհային ժառանգության օբյեկտ և կենսոլորտային արգելավայր։ 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում կղզում անցկացվել են մի քանի էկոլոգիական հետազոտություններ՝ 1965 թվականին Խաղաղօվկիանոսյան կենսաբանական ծրագրի հետազոտության մասնակիցների կողմից, 1974 թվականին Լայն կղզին ուսումնասիրող արշավախմբի կողմից, 1988 և 1991 թվականներին Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի պահպանության ծրագրի մասնակիցների կողմից[9]։
Քերոլայն կղզին ծածկված է խիտ բուսականությամբ։ Օղակղզու մոտուների մեծ մասում կարելի է առանձնացնել բուսականության 3 տեսակի գոտիներ։ Կղզու ափամերձ գոտին ծածկված է խոտերով՝ գերազանցապես «Heliotropium anomalum», կղզյակների ներքին շրջանները ծածկված են «Tournefortia argentea» տեսակի բույսերով, իսկ կենտրոնական անտառային գոտում մեծ պիզոնիաներն (լատին․՝ Pisonia grandis) են գերակշռում։ Կղզում աճում է նաև մարդու կողմից ներմուծված կոկոսյան արմավենի, որը գերազանցապես աճում է մեծ կղզիներում։ Բուսական ծածկույթի նմանատիպ փոփոխությունների մոդելը բնորոշ է օղակզու համեմատաբար խոշոր կղզիներին։ Ավելի փոքր կղզիների կենտրոնական հատվածներում թփուտները հաճախ բացակայում են, իսկ ամենափոքր կղզիները ծածկված են միայն ցածր աճող խոտերով[4]։ Այլ տեղերում հանդիպում են նաև արծաթափայլ մեսերշմիդիա (լատին․՝ Messerschmidia argentea), սուրիանա (լատին․՝ Suriana) և մորինդա (լատին․՝ Morinda citrifolia) բույսերը[10]։
Քերոլայն կղզին մի քանի ծովային թռչունների ձվադրման տեղն է։ Այդ թռչուններից են մուգ կռաչկան (լատին․՝ Onychoprion fuscata), որոնց թիվը հասնում է 500 հազար առանձնյակների (այս թռչունը ձվադրում է օղակղզու արևելյան կղզիներում), մեծ ֆրեգատը (լատին․՝ Fregata minor), որոնց թիվը մոտ 10 հազար է։ Քերոլայնն ու հարևան Ֆլինտ կղզին հանդիսանում են արմավյան գող (լատին․՝ Birgus latro) կոչվող ծովախեցգետնի աշխարհում ամենամեծ պոպուլյացիան ունեցող տեղամասերից[11]։ Կենտրոնական ծովալճակում ապրում են տրիդակնաներ և այլ երկփեղկանի կակղամորթների ներկայացուցիչներ։ Բացի սրանից կղզում կարելի է հանդիպել մողեսների և մենակյաց խեցգետինների մի քանի տեսակներ[10]։
Քերոլայն օղակղզում՝ որսագողության հետևանքով, վերացման եզրին է գտնվում կանաչ ծովային կրիան (լատին․՝ Chelonia mydas), որը ձվադրում է կղզու ծովափին[10]։ Կղզում կարելի է հանդիպել նաև թաիթյան կռոնշնեպին (լատին․՝ Numenius tahitiensis), որը չվում է այստեղ Ալյասկայից (այս թռչունի քանակը նույնպես խոցելի է)[12]։
Կղզում նշված են մոտավորապես 20 տեսակի բույսեր, որոնք աճեցվել են մարդու կողմից. օրինակ՝ Իպոմեյան։ Քերոլայնում շների և կատուների հայտնվելու պատճառով, ծովային թռչունները սկսեցին չձվադրել Մոտու Ատա-Ատա կղզում[12]։
Պատմություն
խմբագրելՆախապատմություն
խմբագրելՀամարվում է, որ Քերոլայն օղակղզին առաջացել է «տաք հրաբխային կետից», որը էրոզիայից հետո դարձավ կորալային խութերի համար բնակատեղի։ Սակայն այս երկրաբանական գործընթացը պատկերացնելը շատ դժվար է, կարելի է ենթադրել, որ Լայն կղզեխմբի կղզիներն առաջացել են ավելի քան 40 միլիոն տարի առաջ (քանի որ կղզիները ձգված են հյուսիսից հարավ), մինչև Խաղաղօվկիանոսյան սալի շարժման ուղղության փոփոխությունը։ Ենթադրաբար այսպես է առաջացել նաև Տուամոտու կղզեխումբը[13]։
Քերոլայն օղակղզում պահպանվել են հնագիտական ապացույցներ, որ մինչև եվրոպացիների այստեղ հայտնվելը անցյալում ապրել են պոլինեզիացիներ[4]։ Ամենից առաջ սրա վառ ապացույցն է Նեյք կղզում հայտնաբերված մարդկանց հուղարկավորման և ծիսակատարման հարթակներն են՝ մարաեները[14]։ Այնուամենայնիվ դրանք մինչ օրս էլ հնագետների կողմից լավ ուսումնասիրված չեն։
17-ից 19-րդ դար
խմբագրելԱռաջին եվրոպացին, ով տեսել է Քերոլայն օղակղզին, համարվում է պորտուգալացի ծովագնաց Պեդրո Ֆերնանդես Կիրոսը։ Նա հայտնաբերել է այս կղզին 1606 թվականի փետրվարի 21-ին։ Իր փաստաթղթերում օղակղին անվանվել էր Սան Բերնարդո[4]։ Կղզին երկրորդ անգամ հայտնաբերվել է «Պրովիդենս» նավի նավապետ՝ Ուիլյամ Ռոբերտ Բրոտոնի կողմից, 1795 թվականի դեկտեմբերի 16-ին։ Վերջինս կղզին անվանեց սըր Պ. Ստեֆենսի աղջկա պատվին Կարոլինա (հետագայում Քերոլայն)[4]։ 1821 թվականին կղզին նկատվել է անգլիական «Սուպլայ» կետորսիչ նավի կողմից և անվանվել նավապետի պատվին՝ Տորնտոն։ Օղակղզու մյուս անվանումների կողքին հանդիպում են նաև Հյորսթ, Քլարք կղզի և Անկախության կղզի անունները։ 1825 թվականին կղզու մոտով է անցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոլֆին» նավը, իսկ 1835 թվականին կետորսիչ նավը։
Տահիտի կղզուց մի ընկերություն 1846 թվականին նախաձեռնեց բնակեցնել կղզին, իսկ բնակիչները պետք է զբաղվեին կոպրայի արտադրությամբ, սակայն փորձը հաջողությամբ չպսակվեց։ Անհաջողության պատճառը ֆինանսական մեծ ծախսերն էին։ 1868 թվականին կղզի եկավ բրիտանական «Ռեինդիր» նավի անձնակազմը, որը կղզում հայտանաբերեց 27 բնակիչ։ Այս բնակչությունը մնաց այստեղ մինչև 1904 թվականը, երբ վերջին 6 պոլինեզիացիները վերաբնակեցվեցին Նիուե կղզում[4]։
1872 թվականին՝ բրիտանական կառավարության կողմից, կղզին վարձակալության տրվեց գուանոյի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը։ Ավելի ուշ՝ 1881 թվականին, Քերոլայն օղակղզին վարձակալեց Ջոն Տ. Էրանդելը, ում պատվին անվանվեց օղակղզու կղզիներից մեկը[14]։ Կղզում գուանոի արդյունահանումը շարունակվել է 1874 թվականից մինչև 1895 թվականը, ընդհանուր վերցրած արտադրվել է 10 հազար տոննա ֆոսֆատ[4]։
1883 թվականին Պերուից դեպի կղզի եկավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Հարթֆորդ» նավը, որի մեջ էին ամերիկացի աստղագետներ։ Նրանք պատրաստվում էին Քերոլայն կղզուց դիտել արևի խավարումը, որը պետք է տեղի ունենար 1883 թվականի մայիսի 6-ին (Խավարման նկարագրությունը)[14]։ Արևի խավարմանը հետևում էր նաև ֆրանսիական արշավախումբը, իսկ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն այդ ընթացքում կազմեցին Քերոլայնի մանրամասն քարտեզը[14]։ Հետագայում Քերոլայն կղզու պատվին անվանվեց աստերոիդ՝ (235) Կարոլինա, որը հայտնաբերվել էր արշավախմբի անդամ Ջոն Պալիսի կողմից 1883 թվականին, և այդպես էր անվանվել «կղզի այցելելու հիշատակին»[15]։
20-րդ դար
խմբագրել1916 թվականին «Էս-Էռ Մաքսուել ընդ Քամփնի» ընկերության կողմից կղզում հաստատվեց նոր բնակչություն, որը պետք է զբաղվեր կոպրաի արտադրությամբ։ Արդյունքում՝ կտրվեցին Հարավային կղզու անտառները, այնտեղ կոկոսյան արմավենիներ աճեցնելու նպատակով, որը մինչ այդ երբեք չէր աճել Քերոլայն կղզում։ Սակայն շատ չանցած կոպրայի արտադրությունը դարձավ ոչ եկամտաբեր և կղզու բնակչության թիվը կտրուկ նվազեց[4]։ 1926 թվականին կղզում կար ընդամենը 10 բնակիչ, իսկ 1936 թվականին կղզու բնակչությունը կազմված էր երկու առեղծվածային ընտանիքներից, որոնք լքեցին կղզին 1930-ական թվականներին[14]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և նաև պատերազմից հետո կղզին մնաց անմարդաբնակ։ Այնուամենայնիվ Քերոլայն օղակղին գտնվում էր Մեծ Բրիտանիայի իրավասության տակ և ադմինիստրատիվ առումով Լայնի Կենտրոնական ու Հարավային կղզիների մասն էր։ 1972 թվականի հունվարին այս կղզիները մտան բրիտանական գաղութ Գիլբերտա և Էլիս կղզիների կազմի մեջ, որը 1971 թվականին դարձավ ինքնավար[16]։
1979 թվականին Գիլբերտի կղզիները դարձան անկախ պետություն՝ Կիրիբատիի հանրապետություն (նրա կազմի մեջ էր մտնում նաև Քերոլայն կղզին, որը երկրի ամենաարևելյան կղզին է)։ Լայն կղզեխմբի մյուս կղզիները նույնպես հանդիսանում են Կիրիբատիի տարածքներ և ենթարկվում են Լայն և Ֆենիքս կղզիների կառավարությանը, որի շտաբի շինությունը գտնվում է Ծննդյան կղզում։ Քերոլայն օղակղզու նկատմամբ երկար ժամանակ հավակնություններ ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սակայն «Կիրիբատի պետության հետ բարեկամության պայմանագրի» կնքումից հետո, որը 1983 թվականին վավերացվեց սենատի կողմից, Քերոլայն կղզին դարձավ Կիրիբատիի անբաժանելի մասը[17]։
1987 թվականից մինչև 1991 թվականը կղզում ապրում էր Ռոնա Ֆելկոներայի ընտանիքը՝ նրա կին Աննան և երկու երեխաները, որոնք ստեղծեցին օղակղզու բնակչությունը։ Հետագայում նրանք տեղահանվեցին Կիրիբատիի կառավարության կողմից։
1990-ական թվականներին կղզին վարձակալությամբ տրվեց ձեռնարկատեր Ուրմե Ֆելիքսին, ով Ֆրանսիական Պոլինեզիայից էր։ Այստեղ նա ստեղծեց իր ֆերման։ Կիրիբատիի կառավարության հետ պայմանավորվածության համաձայն Քերոլայն էին գալիս նաև կոպրայի արդյունաբերողները[10]։
Ամսաթվի փոփոխության գիծ
խմբագրել1994 թվականի դեկտեմբերի 23-ին Կիրիբետիի Հանրապետության կառավարությունը հայտարարեց Լայն կղզիների ժամային գոտին 1995 թվականի հունվարի 1-ից փոխելու մասին։ Արդյունքում ամսաթվի փոփոխության սահմանը 1000 կիլոմետր դեպի արևելք տարածվեց և Կիրիբատիի բոլոր կղզիները գծից արևմուտք ընկան։ Դրա համար այժմ Քերոլայն օղակղզու վրա նույն ժամն է ինչ Հավայան կղզիներում, իհարկե մեկ օրվա տարբերությամբ (Քերոլայնում մեկ օր առաջ է)[18]։ Ամսաթվի փոփոխության սահմանի տեղափոխության արդյունքում Քերոլայն կղզին դարձավ 12-րդ ժամային գոտու ամենաարևելյան կետը, որն առաջինն է դիմավորում նոր օրը։ Սրա հետ մեկտեղ կղզին դարձավ Երկրի առաջին կետը (որը Անտարկտիդայում չէ), որը պետք է առաջինը դիմավորեր 2000 թվականի հունվարի 1-ի արևածագը. տեղի ժամանակով առավոտյան ժամը 5:43։
Ամսաթվի փոփոխության սահմանի տեղափոխման հիմնական պատճառն այն է, որ Կիրիբատին բաժանված էր երկու գոտիների։ Երբ օրինակ առաջին հատվածում մայիսի 9-ն էր մյուսում արդեն մայիսի 10-ն էր։ Բացի այդ, նաև Կիրիբատիի Հանրապետության նախագահ՝ Տեբուռոռո Տիտոն մեծ հույսեր էր փայփայում, որ այս ամենից միկրոնեզիայի աղքատ պետությունները օգուտ կքաղեն[19]։ Սակայն սա Տոնգայի և Նորզելանդական Չաթեմ կղզիների կողմից ապստամբության պատճառ դարձավ, որոնք պնդում էին, թե իրենք պետք է առաջինը դիմավորեն նոր հազարամյակի առաջին արևածագը[20]։
1999 թվականին՝ լրագրողների և հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով, կղզին պաշտոնապես վերանվանվեց Միլենիում (կամ Հազարամյակի կղզի)։ Չնայած նրան, որ կղզին անմարդաբնակ էր, այստեղ անցկացվեցին տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում կղզի այցելեց նաև Կիրիբատիի նախագահ՝ Տիտոն[21]։ Տոնակատարությանը մասնակցում էին մոտ 70 ազգային պարողներ և երգիչներ, ովքեր եկել էին այստեղ Կիրիբատիի մայրաքաղաք՝ Հարավային Տարավայից և 25 լրագրող աշխարհի տարբեր երկրներից[22]։ Այս տոնակատարության ընթացքին հեռուստացույցով հետևում էր մոտավորապես 1 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում[21] (տես.՝ տոնակատարության նկարները Արխիվացված 2017-09-24 Wayback Machine)։
Այնուամենայնիվ՝ չնայած Կիրիբատիի ղեկավարության և զանգվածային լրատվության միջոցների ջանքերին, նոր տարվա նորամուտը դիմավորող առաջին ցամաքի հատվածը ոչ թե Քերոլայն կղզին էր, այլ Անտարկտիդայի արևելքում գտնվող մի փոքր հատված (66°03′ հարավային լայնության, 135°53′ արևելյան երկայնության), որը դիմավորեց նոր տարին 35 րոպե ավելի շուտ[23]։
21-րդ դար և ապագա
խմբագրելԿապված այն բանի հետ, որ կղզու ամենաբարձր կետն ունի ծովի մակարդակից ընդամենը 6 մետր բարձրություն, կա կղզու խորտակման իրատեսական վտանգ։ Սրա պատճառը կարող է լինել երկրագնդի գլոբալ տաքացումը, համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը։ Կիրիբատիի կառավարության գնահատականների համաձայն՝ դա կարող է տեղի ունենալ 2025 թվականին[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Line Islands - Millennium» (HTML). Oceandots.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 02-07-2007-ին.
- ↑ 2,0 2,1 «Line Islands - Millennium» (HTML). Oceandots.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 16-06-2007-ին.
- ↑ «Line Islands - Millennium» (HTML). Oceandots.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 15-06-2007-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Kepler, A.K.; C.B. Kepler (1994 թ․ փետրվար). «The natural history of the Caroline Atoll, Southern Line Islands». Atoll Research Bulletin. 397–398. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Millennium Atoll». Living Archipelagos. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 16-06-2007-ին.
- ↑ «Republic of Kiribati». Atlapedia Online. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2006 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 16-06-2007-ին.
- ↑ «More Isolated Islands». U.N. Earthwatch Island Directory Tables. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 16-06-2007-ին.
- ↑ «Millennium Atoll». Living Archipelagos. Վերցված է 18-06-2007-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ Scott, D.A. (ed) (1993). A Directory of Wetlands in Ocenia. Slimbridge, UK: International Waterfowl and Wetlands Research Bureau. ISBN 0-9505731-2-4.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ 10,0 10,1 10,2 10,3 Teataata, Aobure (1998). «Caroline Atoll». Protected Areas and World Heritage Programme Profiles. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2008 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Line Islands - Millennium» (HTML). Oceansdots.com. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 18-06-2007-ին.
- ↑ 12,0 12,1 «Millennium Atoll». Living Archipelagos. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 18-06-2007-ին.
- ↑ «Pacific Ocean - Line Islands». Oceandots.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2006 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 18-06-2007-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Bryan, E.H. (1942). American Polynesia and the Hawaiian Chain. Honolulu: Tongg Publishing Company.
- ↑ Schmadel, L.D. (2000). Dictionary of Minor Planet Names (4th ed.). Berlin: Springer-Verlag Telos. 3540662928.
- ↑ Gwillim Law (2005). «Island Groups of Kiribati» (HTML). Statoids. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Treaty of Friendship Between the United States of America and the Republic of Kiribati». 1979. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Harris, Aimee (1999 թ․ օգոստոս). «Date Line Politics». Honolulu Magazine. էջ 20. Վերցված է 18-06-2007-ին.
- ↑ Kristof, Nicholas D. (23 марта 1997). «Tiny Island's Date-Line Jog in Race for Millennium». New York Times. Վերցված է 18-06-2007-ին.
- ↑ Letts, Quentin (25 января 1996). «Pacific braces for millennium storm over matter of degrees». The Times. Վերցված է 18-06-2007-ին.
- ↑ 21,0 21,1 Associated Press (1 января 2000). «2000 greeted with song, dance». Japan Times.
- ↑ Associated Press (30 декабря 1999). «Millennium Island greets Y2K warmly». ClimateArk.org. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 18-06-2007-ին.
- ↑ Associated Press (1999 թ․ դեկտեմբերի 30). «Millennium Island greets Y2K warmly». ClimateArk.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 11-ին.
Գրականություն անգլերեն լեզվով
խմբագրել- Bennett, Frederick Debell (1970). Narrative of a Whaling Voyage Round the Globe From the Year 1833-1836. New York: Da Capo Press. ISBN 90-6072-037-7.
- Bryan, E.H. (1942). American Polynesia and the Hawaiian Chain. Honolulu: Tongg Publishing Company. Text of «Caroline Island» chapter online at: «Caroline Island (Millennium Island), Line Islands, Republic of Kiribati» (HTML). Jane's Oceania Home Page. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- Falconer, Ron (2004). Together Alone. Australia: Bantam Books. ISBN 1-86325-428-5.
- Kepler, A.K.; C.B. Kepler (1994 թ․ փետրվար). «The natural history of the Caroline Atoll, Southern Line Islands». Atoll Research Bulletin. 397–398. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- Scott, D.A. (1993). A Directory of Wetlands in Oceania. Slimbridge, UK: International Waterfowl and Wetlands Research Bureau. ISBN 0-9505731-2-4. Text of «Caroline Island» profile online at: «Caroline Atoll». Protected Areas and World Heritage Programme Profiles. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- UNEP Protected Areas Program Profile Արխիվացված 2007-09-29 Wayback Machine (անգլ.)
- Living Archipelagos Profile Արխիվացված 2007-06-11 Wayback Machine (անգլ.)
- Oceandots: Caroline Island Արխիվացված 2010-12-23 Wayback Machine (անգլ.)
- High-resolution photo map of Caroline Island (անգլ.)
- Millennium Celebrations on Millennium Island Արխիվացված 2017-09-24 Wayback Machine at Jane’s Oceania Home Page (անգլ.)
- An Astronomer's Voyage to Fairy-Land, from The Young Folks' Library, Volume XI, by Prof. E.S. Holden. (անգլ.)
- The Looking for Nemo Expedition, by Wayne and Karen Brown. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի մայիսի 14-ի օրվա հոդված: |