Քեմալ Բուտկա

ալբանացի ճարտարապետ, քաղաքական գործիչ, նկարիչ, փորագրող, փոստային նամականիշերի դիզայներ

Քեմալ Բուտկա (ալբ․՝ Qemal Butka, 1907, Butkë, Kolonjë District, Կորչայի գավառ, Ալբանիա - նոյեմբերի 28, 1997(1997-11-28), Տիրանա, Ալբանիա), ալբանացի ճարտարապետ, քաղաքական գործիչ, նկարիչ, փորագրող, փոստային նամականիշերի դիզայներ։ 1935-1936 թվականներին եղել է Տիրանայի քաղաքապետ, սակայն 1939 թվականին հեռացել է Ալբանիայից, բնակվել Թուրքիայում և ԱՄՆ-ում։ Ալբանիայում հայտնի է որպես բազմաթիվ հուշարձանների և հասարակական շինությունների նախագծերի հեղինակ։

Քեմալ Բուտկա
Ծնվել է1907
ԾննդավայրButkë, Kolonjë District, Կորչայի գավառ, Ալբանիա
Մահացել էնոյեմբերի 28, 1997(1997-11-28)
Վախճանի վայրՏիրանա, Ալբանիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Քեմալ Բուտկան ծնվել է 1907 թվականին Օսմանյան կայսրության Բուտկա գյուղում (այժմ՝ Կոլյոնյա օկրուգ, Ալբանիայի հարավ արևելքում)։ Նրա հայրը սպանվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և նա դաստիարակվել է հորեղբոր՝ ալբանացի ազգային բանաստեղծ և 19-րդ դարի քաղաքական գործիչ Սալի Բուտկայի (1852-1938) ընտանիքում։ Քեմալը կրթություն է ստացել Ավստրիայում՝ սկսելով Լինցի բարձրագույն դպրոցից[1][Նշում 1]։ Ուսումնառությունն ավարտել է Վիեննայի տեխնիկական համալսարանում՝ ստանալով ինժեներ-ճարտարապետի մասնագիտություն։ 1931 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Բուտկան վերադարձել է Ալբանիա և հիմնականում աշխատել ճարտարապետական նախագծերի վրա։ Ալբանիայում Քեմալի հայտնի աշխատանքներից են` Ազգային գրադարանի շենքը, Ժողովրդական ազատության հուշարձանը, Կորչայի քաղաքապետարանի շենքը, Ալբանիայի անկախության հռչակագրի 25-ամյակին նվիրված հուշատախտակը։ Քեմալ Բուտկան առանձնանում է Տիրանայում, Դուրրեսում և ալբանական այլ քաղաքներում շքեղ ամառանոցների շինարարության մեջ։ Բուտկան հայտնի է նաև նամականիշերի շարքի նախագծման աշխատանքներով (օրինակ՝ Ալբանիայի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված շարքը)[1](ալբ.):

Քեմալ Բուտկան նշանակվել է Տիրանայի քաղաքապետ Մեհտի Բեյ Ֆրաշերի վարչապետության ժամանակ (1935 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 1936 թվականի նոյեմբերի 9-ը)։ 1939 թվականին ֆաշիստական Իտալիայի Ալբանիա ներխուժումից հետո Բուտկան, գրող Բրանկո Մերկժանիի հետ միասին, Հունաստանով արտագաղթեց Թուրքիա։ Նա մնաց Թուրքիայում 1940 թվականից մինչև 1958 թվականը, բացառությամբ 1943-1945 թվականների, երբ աշխատում էր Կահիրեում։ Թուրքիայում նա ծանոթացավ և ամուսնացավ Թուրքիայի ազգային առաջնորդ Քեմալ Աթաթուրքի անձնական բժշկի՝ Մեհմեդ Բերկ Կամիլի դստեր՝ Ջելիլի հետ (Xhelile, մասնագիտությամբ ճարտարապետ, ավարտել է Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը)։ 1958 թվականին Բուտկան կնոջ՝ Ջելիլի հետ արտագաղթել է ԱՄՆ, որտեղ բնակվել են մինչև 1990-ական թվականները։ ԱՄՆ-ում Բուտկան աշխատել է հեղինակավոր արվեստանոցներում՝ որպես ճարտարապետ (մասնակցել է Նյու Յորքի One Astor Plaza երկնաքերի նախագծի կազմմանը), իսկ կինը՝ Ջելիլը, մասնակցել է Նյու Յորքի երկվորյակ երկնաքերերի շինարարության նախագծմանը[2]։ Քեմալ Բուտկան մի քանի անգամ փորձել է այցելել Ալբանիա՝ որպես ԱՄՆ-ի բնակիչ, սակայն կոմունիստական իշխանությունները մուտքի թույլտվություն չեն տվել։ Նա հայրենիք կարողացել է մեկնել միայն 1987 թվականին՝ Ալբանիայի դիկտատոր Էնվեր Խոջայի մահից հետո։ 1990 թվականից հետո նա վերադարձել է Ալբանիա, որտեղ էլ մահացել է 1997 թվականի նոյեմբերի 28-ին։

Նշումներ խմբագրել

  1. Լինցում ուսանել է նկարչություն, ստեղծել ազգային հերոսներ Իսմայիլ Քեմալիի (1844-1919) և Բայրամ Ցուրիի (1862-1925) դիմանկարները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Architectuul. Qemal Butka» (անգլերեն). Architectuul.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  2. «Qemal Butka & Xhelile Butka» (ալբաներեն). Forumi archiEDU. 2009 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.

Գրականություն խմբագրել