Սփոփում, եզրույթ, որը ենթադրում է հոգեբանական աջակցության ցուցաբերում այն մարդուն, որը տուժել է ծանր, ցավագին կորստից, ինչպիսին է մոտ մարդու մահը։ Այն սովորաբար դրսևորվում է այդ կորստի վերաբերյալ ափսոսանքի արտահայտմամբ և ապագա դրական իրադարձությունների հույսի վրա կենտրոնացնելու ջանքի գործադրմամբ։ Սփոփանքը կարևոր թեմա է, որը առկա է պատմության, արվեստի, փիլիսոփայության ու հոգեբանության մեջ։

Ա. Քինդլեր, «Սփոփում»

Որոշ համատեքստերում, հատկապես կրոնական տերմինաբանության մեջ, սփոփանքը նկարագրվում է որպես «դատարկության» զգացումի կամ լիարժեք պարտության հակազդում կամ հակադրություն[1]։

Հասկացության պատմություն խմբագրել

Մյուսներին սփոփելու ցանկությունը էմպաթիայի դրսևորում է, իսկ պրիմատների մոտ այն ցուցաբերվում է բնազդաբար։ Նիդերլանդացի պրիմատաբան Ֆրանս դե Վաալը ուսումնասիրել է ոչ մարդկային պիրմատների՝ շիմպանզեների շրջանում դրսևորվող սփոփման ակտերը[2]։ Սփոփման ֆորմալ հայեցակարգը, որպես սոցիալական փորձ, գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Օրինակ՝ Հին Հռոմի նամակների ուսումնասիրությունը ցույց է տալիս այդպիսի մշակույթ.

  Սգողներին սփոփելը կարևոր պարտականություն է եղել։ Սփոփողը և սգավորը պետք է իրենց պահեին համապատասխան ձևով ու ասեին համապատասխան բաներ, իսկ սփոփողը՝ ցույց տար ինչպես հուզական, այնպես էլ գործնական աջակցություն[3]  

:

Չնայած «սփոփելու ամենահաճախ հանդիպող առիթը մահն էր», հնագույն սփոփող գրականության մեջ հանդիպում են նաև սփոփելու այլ պատճառներ, այդ թվում՝ «աքսորը, աղքատությունը, քաղաքական անհաջողությունը, հիվանդությունը, նավի խորտակումը և ծերությունը»[4]։ Այդ ժամանակաշրջանի պապիրուսային նամակները «հաճախ օգտագործում են այնպիսի ստանդարտ սփոփանքներ, ինչպիսին է՝ «մահվան ենթակա են բոլորը», ինչպես նաև մթերքի ուղարկման հաճախակի հիշատակումները»[3]։ Նշվում է, որ սնունդը կարող էր առաջարկվել որպես հավելյալ սփոփանք սգողների համար կամ, հնարավոր է, ունեցել է կրոնական նպատակ[3]։ Հաղորդվում է, որ մ.թ.ա. 5-րդ դարում սոֆիստ Անտիֆոն Աթենացին ժողովրդական ագորայում տեղադրել է տաղավար, որտեղ առաջարկել է սփոփանք սգողների համար[4]։ Բացի այդ, «անտիկ աշխարհում սփոփանքի այցելությունները տարածվել են նաև ժողովրդի մակարդակով», ներառյալ՝ փիլիսոփաների այցելությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել գյուղի տրամադրությունը, որը ենթարկվել էր ներխուժման[5]։

Հին Հունաստանում և Հին Հռոմում սփոփանքը կամ սփոփիչ խոսքը արարողակարգային խոսքի ձև էր, որը, որպես կանոն, օգտագործվում էր թաղման ժամանակ սգավորին բառերով աջակցելու համար։ Դա դարձել էր դասական հռետորության ամենատարածված թեմաներից մեկը[6][7]։ Պլատոնյան ակադեմիայի անդամ, պլատոնականության փիլիոփա Կրանտորը Սոլիից (մ.թ.ա. 325-275) առաջինն է գրել այդ յուրահատուկ ավանդույթի մասին շարադրություններ։ Չնայած այդ շարադրությունից միայն առանձին դրվագներ են պահպանվել, սակայն դրա ազդեցությունը նշվել է նաև ավելի ուշ շրջանների գրողների աշխատանքներում, մասնավորապես՝ Ցիցերոնի «Տուսկուլանյան զրույցներում» և Պլուտարքոսի «Ապոլոնի մխիթարանքում»[8]։ Լուցիուս Աննեուս Սենեկան (մ.թ.ա. 4-մ.թ. 65) իր երեք ստեղծագործություններում ստեղծել է սփոփանքի ժանրի ամենաճանաչված օրինակները՝ «Մխիթարություն Մարկիային», «Մխիթարություն Պոլիբիուսին», «Մխիթարություն իմ մայր Հելիային»։ Բանաստեղծական ոճով մխիթարության ժանրի առավել ճանաչված օրինակ է գրել կեղծ-Օվիդիուսը՝ «Մխիթարանք Լիվիային»[9]։ Պլուտարքոսի աշխատությունները ներառում են երեք աշխատանք՝ կառուցված մխիթարության ժանրի սովորույթներով՝ «De exilio», «Consolatio ad uxorem», «Consolatio ad Apollonium»[9]:

Պատմական ու փիլիսոփայական տեսանկյունից սփոփանքը կարևոր խորհրդանշական դեր է խաղում վեցերորդ դարի՝ «Մխիթարանք փիլիսոփայությունից» աշխատության մեջ։ Հեղինակը՝ Բոետիոսը, նկարագրում է իրեն իբրև մխիթարված «Տիկին Փիլիսոփայության» կողմից (փիլիսոփայության անձնավորում)՝ պատրաստ լինելով մահվան պետության դեմ կատարած հանցագործությունների համար[10]։ Արդեն կալանավորված Բոետիոսը սփոփում է իրեն այն բանի իմացության տանջանքից, որ իր մահվան մասին հրամանագիր է դուրս գրվել, քանի որ ինքը փիլիսոփայում է։

Կրոնական գործիչները հաճախ ներկայանում են որպես սգի ժամանակ իրենց հետևորդների համար մխիթարողներ։ Օրինակ՝ Մահաբհարատայում հինդուիստական ավատար Կրիշնան սփոփում է իր եղբայր Բալարամային և արքայադուստր Սաթյա Բամուին այն բանից հետո, երբ նրանք ստորացվել էին իրենց հպարտության համար[11]։ Բհագավադգիտայում ավելի հայտնի է, որ երբ Արջունան իմացավ, որ Կրիշնան մահանում է վնասվածքից, վերջինս մխիթարեց նրան հուզիչ փիլիսոփայությամբ[12]։ Քրիստոնեության մեջ Խաչի պատկերապատման դիրքերից մեկը երբեմն կոչվում է «Հիսուսը մխիթարում է Երուսաղեմի դուստրերին»[13]։ Գոյություն ունի քրիստոնեական մեծաքանակ գրականության, որը կոչված է մխիթարելու հետևորդներին իրենց կյանքի տարբեր անհաջողությունների պատճառով։ Քրիստոնեության ճյուղերից մեկը՝ կաթարները, գործնականում փորձում էին consolamentum-ի մոգությունը, որը պահանջում էր Աստծուն կամ երկնքին մոտենալու համար կատարել սփոփանք կյանքի մասին անխուսափելի ափսոսանքի պատճառով[14]։

Բժշկության մեջ խմբագրել

Բժշկության մեջ սփոփանքը պարզեցված է ներկայացվում հետևյալ ձևով․

  Նախքան տանջվողներին ախտորոշում, դեղամիջոցներ ու վիրահատություններ նշանակելը հիմնավոր բժշկությունը պետք է նրանց սփոփի։ Սփոփանքն ընծա է։ Այն ջերմացնում է, երբ կորուստն արդեն տեղի է ունենում կամ անխուսափելի է։ Այդ աջակցությունը կարող է մարդու կորուստը դարձնել ավելի տանելի՝ օգնել նրանց ընդունել, որ կյանքում կան նաև դժբախտություններ։ Այդ տեսանկյունից սփոփանքը անցումնային շրջան է՝ նախապատրաստում այն ժամանակին, երբ գոյություն ունեցող տառապանքները կհանդարտվեն։ Սփոփանքը տրամադրում է այդ փոփոխությանը[15]։  

Մշակույթում խմբագրել

Սփոփանքը նաև դասական թեմա է արվեստում[16]:8։ Օրինակ՝ էլեգիայի պոետիկ ձևը նկարագրված է որպես «զգացմունքի բառացի պատկերում կամ բեմադրում, որում առանձին ելույթ ունեցողը գրավում է լսարանը՝ նպատակ ունենալով հասնել նվիրական սփոփանքի որոշակի ձևի[16]:3: Սփոփանք արտահայտող գրական հնարների օրինակ կարող է լինել անձնավորումը, որում հեղինակը կամ ելույթ ունեցողը կարող է արտահայտել մահացած մարդու մտքերի ընթացքը կամ կարծիքը[16]:79:

Մրցումներում խմբագրել

Մրցումների որոշ ձևերում պարտվող մասնակիցները ստանում են որևէ մրցանակ կամ խրախուսանք՝ իբրև սփոփանք պարտության համար։ Այն կարող է լինել սփոփիչ պարգևի տեսքով, որը շնորհվում է երկրորդ տեղն զբաղեցրած մասնակցին, կամ սփոփիչ սպորտային մրցաշար, որում լավագույն երկու թիմերը մրցում են առաջին և երկրորդ տեղերի համար, իսկ երկու այլ թիմեր մրցում են երրորդ տեղի համար։

Այդպիսի օրինակ է ներկայացվում «Իլիական»-ում, որտեղ Հոմերոսը գրում է մի դեպքի մասին, երբ Աքիլլեսը դատում է Պատրոկլեսի թաղման ժամանակ հույների միջև անցկացվող սպորտային մրցումների մասին։ Սայլերով մրցաշարի ժամանակ Էվմելը, որը հայտնի էր որպես սայլերի մեծ ձիավոր, ընկնում է, ինչի պատճառով հասնում է վերջինը։ Աքիլլեսը ցանկություն է հայտնում Էվմելին երկրորդ տեղի մրցանակ շնորհել՝ որպես մրցաշարում պարտված մասնակցի արժանիքների գնահատման նշան։ Սփոփական մրցանակ նվիրելու այդ ձգտմանը խանգարում է իրականում երկրորդ տեղն զբաղեցրած մասնակիցը՝ Անտիլոխեսը, որը հաջողությամբ առարկում է՝ ասելով, որ մրցանակը պետք է պատկանի այն մասնակցին, որի ելույթը համապատասխանում է մրցանակի ստացման պահանջներին[17]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David A. Leeming, Kathryn Madden, Stanton Marlan, Encyclopedia of Psychology and Religion (2010), p. 240.
  2. Frans de Waal, The Age of Empathy: Nature’s Lessons for a Kinder Society (2009), p. 194.
  3. 3,0 3,1 3,2 Valerie M. Hope, Death in Ancient Rome: A Sourcebook (2007), p. 200—201.
  4. 4,0 4,1 Michael Gagarin, The Oxford Encyclopedia of Ancient Greece and Rome, Volume 1 (2010), p. 281.
  5. Abraham Smith, Comfort One Another: Reconstructing the Rhetoric and Audience of 1 Thessalonians (1995), p. 48.
  6. Эрнст Роберт Курциус, European Literature and the Latin Middle Ages, trans. W.R. Trask (Princeton: 1953) section 5.1 Topics of Consolatory Oratory pp.80-2
  7. Petrie, Graham (1970) "A Rhetorical Topic in 'Tristram Shandy' «, Modern Language Review, Vol. 65, No. 2, April 1970, p. 262
  8. Baltussen, Han. „Personal grief and public mourning in Plutarch’s consolation to his wife“, American Journal of Philology 130 (2009): 67-67. July-Aug. 2009. :» Introduction: Beginnings of consolation."
  9. 9,0 9,1 Scourfield, J. H. D. Consoling Heliodorus: a commentary on Jerome, Letter 60. N.p.:Oxford UP, 1993. Google Books. Web. 19 July 2009. pp. 15-22
  10. John Marenbon, The Cambridge Companion to Boethius (2009), p. 308.
  11. M. Padmanabhan, Meera Ravi Shankar, Tales of Krishna from Mahabharatha (2004), p. 46.
  12. Hullasa Behera, 50 Flowers From Bhagavad Gita (1998), p. 17.
  13. Ján Majerník, Joseph Ponessa, Laurie Watson Manhardt, The Synoptics: On the Gospels of Matthew, Mark, Luke (2005), p. 188.
  14. Emmanuel Le Roy Ladurie Montaillou: The Promised Land of Error. — Random House/editions Gilmard, 1975. — ISBN 978-0-8076-1598-0
  15. Arthur W. Frank, The Renewal of Generosity: Illness, Medicine, and How to Live (2009), p. 2.
  16. 16,0 16,1 16,2 Karen E. Smythe, Figuring Grief: Gallant, Munro, and the Poetics of Elegy (1992).
  17. David Potter, The Victor’s Crown: A History of Ancient Sport from Homer to Byzantium (2011), p. 28-29.