Ստեփան Ծաղիկյան
Ստեփան Ծաղիկյան (1886-193?), Նեմեսիս գործողության շրջանակում Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալի մահապատժի մասնակից։
Ստեփան Ծաղիկյան | |
---|---|
Ծնվել է | 1886 թվական |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն, Էրզրումի նահանգի Խոտորջուրի գավառակի Մոխրակույտ Վերին գյուղ |
Մահացել է | անհայտ |
Մահվան վայր | Ալթայի երկրամաս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, ԽՍՀՄ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Ծաղիկյանը ծնվել է 1886 թվականին Խոտորջուրի Մոխրկուտ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնում։ 1908 թվականին մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը։ 1914 թվականին, որպես կամավորական առաջին ջոկատի մարտիկ, Սեպուհիի վաշտում, մասնակցել է Թուրքիայի դեմ մղվող ռազմական գործողություններին։ Կազմակերպել է խոտորջուրցիներին տեղահանողների և կոտորողների մահապատիժը։ 1918-1920 թվականներին ծառայել է Հայաստանի առաջին հանրապետության բանակում։ 1922 թվականի հուլիսի 21-ին ժամը 22:00-ի մոտ Թիֆլիսում Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում[1]։ Հետագայում՝ Ստալինյան բռնաճնշումների տարիներին` 1936 կամ 1937 թվականին Արտաշես Գևորգյանի կրտսեր եղբոր` Թորգոմ Գևորգյանի (Ազվին) մատնությամբ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ և կնքել է իր մահկանացուն։ Մահվան տարեթիվը անհայտ է[2]։
Հիշատակի հավերժացում
խմբագրելՍտեփան Ծաղիկյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[3]։
Գրականություն
խմբագրել- Միքայել Այվազյան, Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, Երևան, 2015, 116 էջ, 2-րդ լրացված հրտ., Երևան, 2016, 136 էջ։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 527։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 173։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cleveland, William: A History of the Modern Middle East. Boulder: Westview Press, 2004. «World War I and the End of the Ottoman Order», 146—167. (անգլ.)
- ↑ http://www.oukhtararati.com/grqer/6_05_4.php(չաշխատող հղում)
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.