Ուիմբլդոն (անգլ.՝ Wimbledon / 'wɪmbld(ə)n/ ), Լոնդոնի հարավ-արևմտյան արվարձան: Մտնում է Մերտոն վարչական շրջանի (բորո) կազմի մեջ և գտնվում է Չարինգ Կրոսից 11,3 կմ հեռավորության վրա։ Հայտնի է որպես թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի անցկացման վայր և (մինչև 2002 թվականը) Պրեմիեր լիգայի համանուն ֆուտբոլային ակումբի բազա։

Քաղաք
Ուիմբլդոն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Բնակչություն92 765 մարդ (2010)[1]
Հեռախոսային կոդ020
Փոստային դասիչSW19 և SW20
Ուիմբլդոն (Միացյալ Թագավորություն)##
Ուիմբլդոն (Միացյալ Թագավորություն)

Անվան ստուգաբանություն

Ուիմբլդոն անվանումը գալիս է հին անգլերեն Wynnmandon- ից՝ «Wynman's Hill» (հին անգլերեն՝ dun - «բլուր»):Նորմանական տիրապետության հաստատումից հետո Wynnman-ը վերափոխվել է Wiman-ի, Wimel-ի և վերջապես, ժամանակակից տարբերակը Wimble [2] ։

Պատմություն

Այն տարածքը, որտեղ այժմ գտնվում է Ուիմբլդոնը, հավանաբար վաղուց է բնակեցված։ Տարածքում հայտնաբերվել են պալեոլիթի ժամանակաշրջանի մի քանի գտածոներ, սակայն հիմնականում արդյունավետ են եղել նեոլիթյան բնակավայրերի պեղումները[3]: Ուիմբլդոն Քոմոն թաղամասի տարածքում հայտնաբերվել է գերեզմանոց՝ բաղկացած բրոնզեդարյան արտեֆակտներով 23 գերեզմանաքարերից, որոնք թվագրվում են մ.թ.ա. երրորդ հազարամյակով: Մ. թ.ա. մոտ 700 թվականին այստեղ կառուցվել է 12 ակր տարածքով ամրացված բնակավայր, որը 19-րդ դարից կոչվում է «Կեսարի ճամբար» (անգլ.՝ Ceasar's Camp ) [4]: Այս տարածաշրջանի որոշ տեղանուններ վերաբերում են նախահռոմեական շրջանին[5]:

Britannica հանրագիտարանի 11-րդ հրատարակությունը ժամանակակից Ուիմբլդոնը կապում է Wibbandun-ի հետ, որը 568 թվականին Ուեսեքսի թագավոր Կեուլինի և Քենթի թագավոր Էթելբերտի բանակների միջև տեղի ունեցած ճակատամարտի վայրն է: Այնուամենայնիվ, «Սուրրի կոմսության պատմությունը», որը հրապարակվել է մոտավորապես նույն ժամանակ, այս տեսությունն անվանում է անվստահելի: 6-10-րդ դարերում այս տարածքում եղել է փայտաշեն եկեղեցով գյուղ[6]: Բնակավայրը հիշատակվել է 967 թվականին Wimbedounyng անունով մի կանոնադրության մեջ, որը ստորագրել է թագավոր Էդգար Խաղաղասերը:

 
Ուիմբլդոնի թատրոն

Դատաստանգրքում (անգլերեն՝ Domesday Book) Ուիմբլդոնի մասին ոչինչ նշված չէ: Ըստ երևույթին, նրա տարածքն այդ ժամանակ Մորթլեյքի (անգլերեն՝ Mortlake) հսկայական տիրապետության մի մասն է եղել: Ամբողջ տարածաշրջանը ավերվել է նորմանների ներխուժումից, և «Domesday Book»-ի բաժինը, որը վերաբերում է Մորթլեյքին, ցույց է տալիս, որ կալվածքի ընդհանուր արժեքը նվաճումից հետո նվազել է ավելի քան երեք անգամ [7]: Ուիմբլդոնը որպես առանձին տիրապետություն սկսել է պարբերաբար հիշատակվել 1328 թվականից: Հիմնականում մինչև 1536 թվականը գտնվել է Քենթերբերիի արքեպիսկոպոսների իշխանության ներքո: Ապա բազմիցս բռնագրավվել է արքունիքի կողմից և նորից վերադարձվել մասնավոր սեփականության: 1625 թվականին Էդվարդ Սեսիլին տրվեց Ուիմբլդոնի վիկոնտ տիտղոսը: Նրա մահից հետո կալվածքը նորից ձեռքից ձեռք անցավ՝ երկու անգամ կարճ ժամանակով դառնալով թագուհի Հենրիետա Մարիայի սեփականությունը: Ի վերջո, 1746 թվականին այն ժառանգեց Ջոն Սփենսերը, հետագայում դառնալով՝ վիկոնտ Սպենսեր-Ալթորփ և ապա առաջին կոմս Սփենսեր: 1801 թվականին երկրորդ կոմս Սփենսերը կառուցեց նոր կենտրոնական կալվածք՝ Ուիմբլդոն Պարկ Հաուսը: Այդ ժամանակից ի վեր կալվածքը փոխանցվել է նրա ընտանիքի ժառանգներին, մինչև 1877թվականը, երբ հինգերորդ կոմս Սփենսերը վաճառեց այն[8]:

1838 թվականին Ուիմբլդոնում բացվեց երկաթուղային կայարան, որին հաջորդեց մեկ ուրիշը Ուիմբլդոն Պարկում 1889 թվականին՝ տարածքը հասանելի և գրավիչ դարձնելով նոր բնակիչների համար[9][10]:

1866 թվականին Ուիմբլդոնի վրա տարածվել է 1858 թվականի տեղական ինքնակառավարման մասին ակտը: 1894 - 1905 թվականներին Ուիմբլդոնը կառավարվել է շրջանային խորհրդի կողմից, այնուհետև շնորհվել է քաղաքի կարգավիճակ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ուիմբլդոնում ստեղծվեց կամավորական 190-րդ դաշտային հրետանային ջոկատը, որի կազմում կար 700 մարդ։ Ջոկատը մասնակցել է մարտական գործողություններին Ֆրանսիայում, Իտալիայում և Բելգիայում։ 1916 թվականին Ուիմբլդոնում, Լոնդոնը պաշտպանելու համար, կառուցվել է ավիակործանիչների օդանավակայան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սկսած 1940 թվականի օգոստոսի 16-ից, Ուիմբլդոնը բազմիցս ռմբակոծվել է՝ տալով 150 խաղաղ բնակչի զոհ և 810 ավերված տուն[11]: Ուիմբլդոնը ծառայել է որպես տարանցիկ կետ Լեհաստանից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Ֆրանսիայից եկած փախստականների համար:

1965 թվականին Ուիմբլդոնը միանալով Միտչեմ բորոյի, Մերտոն և Մորդեն թաղամասերի հետ ձևավորել է Մերտոնի միասնական թաղամասը: 1990-ին նոր ձևավորված թաղամասի կառավարումը Ուիմբլդոնի քաղաքապետարանից տեղափոխվեց Մորդեն:

Թենիսի ամենամյա մրցաշար

1870-ական թվականներին, բլրի ստորոտին, երկաթուղային գծի և Ուորփլ Ռոուդի միջև ընկած հողի վրա, Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբը սկսեց անցկացնել իր ամենամյա առաջնությունները: Սակայն կրոկետ խաղի հանրաճանաչությունը նվազում էր, մինչդեռ նոր սպորտաձև թենիսը, գնալով ավելի լայն տարածում էր գտնում: Սկզբում ունենալով թենիսին նվիրված կորտերից միայն մեկը, 1877 թվականին, ակումբը որոշեց անցկացնել իր առաջին լաուն թենիսի առաջնությունը: Մրցաշարը մեկնարկեց հուլիսի 9-ին, անցկացվեց միայն տղամարդկանց մրցապայքար:

Այժմ Ուիմբլդոնյան մրցաշարը ( անգլերեն՝ The Championships, Wimbledon) թենիսի միջազգային մրցաշար է, Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից մեկը, որը 1877 թվականից ի վեր իր խաղերի մեծ մասն անց է կացնում Անգլիայի կրոկետի և թենիսի ակումբի խոտածածկ դաշտերում:

Հիմնական մրցութային խաղերը ավանդաբար անցկացվում են երկշաբաթյա ժամանակահատվածում՝ հունիսի վերջից մինչև հուլիսի սկզբ, որտեղ հաղթանակի համար պայքարում են մեծահասակների համար հինգ կարգերում, տարեցների համար՝չորսը, և ևս չորսը՝ անվասայլակով հաշմանադամների համար:

Մրցաշարը կազմակերպում է բրիտանական թենիսի ասոցիացիան: 1988 թվականից ի վեր Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որը խաղարկվում է խոտածածկի վրա : Ընդհանուր մրցանակային ֆոնդը 2021 թվականին գերազանցել է 35 միլիոն ֆունտ ստերլինգը, իսկ մենախաղերում հաղթողները ստացել են 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ուիմբլդոնի մրցաշարը իրենից ներկայացնում է միջազգային մշակութային իրողություն: Դրա խաղարկությունները տարեկան հեռարձակվում են 80 հեռուստատեսային ընկերությունների կողմից, ավելի քան 3000 հեռուստալրագրողներ, ռադիոլրագրողներ, թերթերի լրագրողներ և լուսանկարիչներ մասնակցում են մրցաշարի լուսաբանմանը:

Բնակչություն և հայտնի քաղաքացիներ

1880-ական թվականներին երկաթուղու ուղեվարձի էժանացման հետ մեկտեղ, սկսվեց ոչ այնքան հարուստ բնակիչների հոսք դեպի Ուիմբլդոն, որտեղ նախկինում հիմնականում հարուստ մարդիկ էին ապրում[10]: Ուիմբլդոնի բնակչությունը 1865 թվականին կազմել է 6000 մարդ, սակայն 1891 թվականին այն հասավ գրեթե 26 հազարի, իսկ 1901 թվականին՝ ավելի քան 41 հազար մարդու: 2010 թվականի ընտրությունների տվյալներով Ուիմբլդոնը ուներ մոտավորապես 93,000 բնակչություն:

Ուիմբլդոնի բնիկների և բնակիչների թվում եղել են շատ հայտնի մարդիկ.

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում այստեղ կարճ ժամանակով բնակվել են նաև ծովակալը Նելսոնը, գերմանացի փիլիսոփաԱրթուր Շոպենհաուերը (1803), Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն (1936)[12] և ուրիշներ:

Ուիմբլդոնը արվեստում

Ուիմբլդոնը ժամանակակից բրիտանացի գրող Նայջել Ուիլյամսի վեպերի գրծողությունների վայրն է, որը հավաքականորեն հայտնի է որպես Ուիմբլդոնյան եռագրություն.

  • Ուիմբլդոնի թունավորողը (անգլ.՝ The Wimbledon Poisiner, 1990), 1994 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է բազմասերիալանոց ֆիլմ BBC-ի համար[13]
  • Այլմոլորակայինները SW19-ից (անգլ.՝ They Came From SW19, 1992)
  • Ուիմբլդոնից արևելք (անգլ.՝ East of Wimbledon, 1993)

Ուիմբլդոնում է տեղի ունենում մանկական գրող Էլիզաբեթ Բերեսֆորդի՝ ուոմբլների մասին պատմող գրքերի շարքը: Ուիմբլդոնը նաև այն վայրն է, որտեղ կործանվել է մարսյան միջմոլորակային տիեզերանավերից մեկը Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմ» վեպում:


Ծանոթագրություններ

  1. http://www.ons.gov.uk/about-statistics/geography/products/area-classifications/rural-urban-definition-and-la-classification/rural-urban-local-authority--la--classification/parliamentary-constituencies.xls
  2. Adrian Room. Placenames of the world / H. E. Malden. — 2006. — Vol. IV. — P. 407. — 433 p. — ISBN 0-7864-2248-3
  3. «Сайт Уимблдонского исторического музея: древний Уимблдон» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010-10-16-ին.
  4. «Iron Age». The Museum of Wimbledon (անգլերեն). Վերցված է 2019-06-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Parishes: Wimbledon // A History of the County of Surrey / H. E. Malden. — 1912. — Vol. IV. — P. 120—125.
  6. «The Saxons». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին. Վերցված է 2019-06-23-ին.
  7. «The Normans». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին. Վերցված է 2019-06-23-ին.
  8. Статья Уимблдон в Энциклопедии Британника, 11-е изд.
  9. «New Wimbledon». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին. Վերցված է 2019-06-23-ին.
  10. 10,0 10,1 «Population growth». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին. Վերցված է 2019-06-23-ին.
  11. «The war years». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին. Վերցված է 2019-06-23-ին.
  12. Haile Selassie returns to Wimbledon Արխիվացված է Օգոստոս 1, 2020 Wayback Machine-ի միջոցով: The Anglo-Ethiopian Society.
  13. The Wimbledon Poisoner(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Հղումներ