Պանչեն Լամա (տիբեթերեն པན་ཆེན་བླ་མ་, վայլի pan chen bla ma, չինարեն՝ 班禪喇嘛), տիբեթական բուդդայականության գելուգ դպրոցում Դալայ Լամայից հետո երկրորդ լաման։ Պանչեն Լամաները վերամարմնավորման (տուլկու) շարք են, որոնք գոյություն են ունեցել 17-րդ դարի սկզբից։ Այս տոհմի ներկայացուցիչները Բուդդա Ամիտաբհայի սերունդներն են։ «Պանչեն Լամա» նշանակում է «մեծ գիտնական»՝ սանսկրիտով paṇḍit (պանդիտ, գիտնական) և տիբեթերեն chen (մեծ) բառերից։

Պանչեն Լամա

Իրական Պանչեն Լամա XI-ի շուրջ ծագել է հակամարտություն։ Դալայ Լամա XIV-ը և տիբեթյան բարձրագույն հոգևորականները ճանաչում են Գեդուն Չոկյի Նյիմային։ Բոլոր կանոնների համաձայն նա ճանաչվել է XIV Դալայ Լամայի կողմից, բայց շուտով ՉԺՀ զինվորականները տարել են նրան և իր ընտանիքին։ 1995 թվականից Գեդուն Չոկյի Նյիման համարվում է անհետ կորած։ Փոխարենը Չինաստանի կառավարությունը Գյալցեն Նորբուին հայտարարել է Պանչեն Լամա[1]։ Այնուամենայնիվ, Տիբեթի հոգևորականությունը և առաջին հերթին XIV Դալայ Լաման չեն ճանաչում Չինաստանի դրածոյին։

Վերաբերմունքը Դալայ Լամաների նկատմամբ խմբագրել

Պանչեն Լաման մասամբ պատասխանատու է Դալայ Լամայի հաջորդ մարմնավորում գտնելու համար և հակառակը։ Միևնույն ժամանակ հաջորդ մարմնավորման որոնումը խիստ կրոնական խնդիր է՝ կապված բարդ ծեսերի և մշակված ավանդույթների հետ։ Պանչեն Լամա փնտրելիս Դալայ Լաման պետք է վերջնական որոշում կայացնի։ Այս ավանդույթը սկիզբ է առել IV Դալայ Լամայից, ով Պանչեն է անվանել իր դաստիարակ, Շիգաձեի Տաշիլունպո վանքի գիտնական Լոբսանգ Չոկյի Գյալցենին։ Լոբսանգ Չոկյի Գյալցենին նախորդած երեք մարմնավորումները նույնպես ճանաչվել են Պանչեն Լամա։

Դրանից հետո V Դալայ Լաման ճանաչել է Լոբսանգ Եշեին որպես V Պանչեն Լամա։ VII Դալայ Լաման Պալդեն Եշեին ճանաչել է որպես VI Պանչեն Լամա, որն իր հերթին ճանաչել է VIII Դալայ Լամային, իսկ VIII Դալայ Լաման ճանաչել է VII Պանչեն Լամային։

Շարքի ստեղծման պահից վերոհիշյալ Տաշիլունպո վանքը, որը հիմնադրվել է 1447 թվականին Դալայ Լամա I-ի կողմից, դարձել է Պանչեն Լամաների նստավայրը։

20-րդ դարի առաջին քառորդում բախում է սկսվել Դալայ Լամա 13-րդի և Պանչեն Լամա IX-ի՝ Տուբդեն Չոկյի Նյիմայի միջև։ Այդ ժամանակ Տիբեթին անհրաժեշտ էր ուժեղ բանակ, և բուդդայական առաջին հոգևոր պետը հրամայել է խստացնել հարկային քաղաքականությունը վանքերի նկատմամբ։ Դա դժգոհություն է առաջացրել Տաշիլունպոյի վարչակազմի մոտ[2]։ 1923 թվականին Պանչեն Լաման Տիբեթից մեկնել է Բոգդոխանական Մոնղոլիա, իսկ այնտեղից՝ Արևելյան Չինաստան, որտեղ կապի մեջ է մտել Գոմինդան չինական կառավարության հետ, որը նրան նշանակել է «արևմտյան սահմանների լիազոր»[3][4]։ 1932 թվականին Դալայ Լաման կոչ է արել Չոկյի Նյիմային վերադառնալ, բայց նա հրաժարվել է։ Դիմակայությունն ավարտվել է միայն 1930-ականներին երկու հոգևոր պետերի մահվամբ։

1959 թվականին, երբ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի զորքերը մտել են Ու-Ցանգ, և Դալայ Լամա XIV-ը փախել է Հնդկաստան, Պանչեն Լամա X-ը դարձել է Տիբեթի գլխավոր քաղաքական գործիչը։ Սակայն 9 տարի անց նա բանտարկվել է Չինաստանի բանտում և ազատ արձակվել 1977 թվականին, իսկ մինչև 1982 թվականը Պեկինում տնային կալանքի տակ է եղել։ 1983 թվականին նա ամուսնացել է մի չինուհու հետ և ունեցել դուստր։ Այս վարքը անսովոր է գելուգ դպրոցի լամայի համար։ 1989 թվականին գտնվելով Շիգաձեում՝ նա 51 տարեկան հասակում անսպասելիորեն մահացել է։ Հայտնի է, որ մինչ այդ նա հանդես է եկել ելույթով՝ դատապարտելով չինացիների կողմից Տիբեթի բռնազավթումը։ Որոշ կազմակերպություններ քննադատել են նրան՝ անվանելով չինական խամաճիկ, բայց Դալայ Լաման և բուդդայական լամաների ու գիտնականների մեծամասնությունը հավատում էին, որ նա արել է ամեն ինչ՝ փորձելով օգնել մարդկանց։

1995 թվականի մայիսի 14-ին Դալայ Լաման վեցամյա Գենդուն Չոկյի Նյիմային հայտարարել է նոր Պանչեն Լամա։ Չինաստանի կառավարությունն անմիջապես արձագանքել է դրան և «նշանակել» մեկ այլ երեխայի՝ Գյալցեն Նորբուին, իսկ Գենդուն Չոկյի Նյիմային տարել են ՉԺՀ իշխանությունների «հովանու տակ», որի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ[5]։ Հավատացյալների մեծ մասը Գյալցեն Նորբուին չի ճանաչում որպես իրական Պանչեն Լամա, քանի որ ՉԺՀ պաշտոնյաների կողմից ավագ լամաների «նշանակման» ամբողջ համակարգը կոպտորեն հակասում է կրոնական կանոններին։

Պանչեն Լամաների ցանկ խմբագրել

Անուն Պատկեր Վայլի տառադարձություն Այլ տառադարձություններ
1. Քեդրուպ Գելեկ Պելսանգ
 
1385—1438[6] mkhas grub dge legs dpal bzang po Khädrup Je, Khedrup Gelek Pelsang, Kedrup Geleg Pelzang, Khedup Gelek Palsang, Khedrup Gelek Pal Sangpo
2. Սոնամ Չոկլանգ
 
1438—1505[6] bsod nams phyogs kyi glang po, bsod nams phyogs glang Sonam Choglang, Soenam Choklang
3. Էնսապա Լոբսանգ Դոնդրուպ
 
1505—1568[6] dben sa pa blo bzang don grub Gyalwa Ensapa, Ensapa Lozang Döndrup, Ensapa Losang Dhodrub
4. Լոբսանգ Չոկյի Գյալցեն
 
1570—1662 blo bzang chos kyi rgyal mtshan Losang Chökyi Gyältsän, Lozang Chökyi Gyeltsen, Lobsang Chökyi Gyaltsen, Lobsang Choekyi Gyaltsen, Lobsang Choegyal, Losang Chögyan
5. Լոբսանգ Եշե
 
1663—1737 blo bzang ye shes Lobsang Yeshi, Losang Yeshe
6. Լոբսանգ Պալդեն Եշե
 
1738—1780 dpal ldan ye shes Palden Yeshe, Palden Yeshi
7. Պալդեն Տենպայ Նյիմա 1782—1853 bstan pa’i nyi ma Tänpä Nyima, Tenpé Nyima, Tempai Nyima, Tenpey Nyima
8. Տենպայ Վանգչուկ 1854/1855-1882 bstan pa’i dbang phyug Tänpä Wangchug, Tenpé Wangchuk, Tempai Wangchuk, Tenpey Wangchuk
9. Տուբդեն Չոկյի Նյիմա
 
1883—1937 thub bstan chos kyi nyi ma, dge legs rnam rgyal Choekyi Nyima, Thubtän Chökyi Nyima
10. Չոկյի Գյալցեն
 
1938—19892 phrin las lhun grub chos kyi rgyal mtshan Choekyi Gyaltsen, Chökyi Gyeltsen, Choekyi Gyaltse, Trinley Choekyi Gyaltsen, Lozang Trinlä Lhündrup Chökyi Gyältsän
11. Գեդուն Չոկյի Նյիմա / Գյալցեն Նորբու[7] 1989- / 1990- dge 'dun chos kyi nyi ma / rgyal mtshan nor bu Gedhun Choekyi Nyima / Choekyi Gyalpo, Chökyi Gyälbo, Gyaincain Norbu, Qoigyijabu

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Philippe Naughton (2011 թ․ սեպտեմբերի 30). «China Says Missing Panchen Lama Living In Tibet». Լոնդոն: Թայմս. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. Шакабпа В. Д. Тибет: политическая история. — СПб.: Нартанг, 2003. С. 278.
  3. Богословский В. А. Политика XIII Далай-ламы в Тибете. — М.: ИВ РАН, 2002. С. 89.
  4. Кузьмин С. О деятельности Панчен-ламы IX во Внутренней Монголии и Маньчжурии // Проблемы Дальнего Востока, 2014, № 6, с. 132-142.
  5. Глава 10. Восстановление и модернизация (часть 3) // Кузьмин С. Л. «Скрытый Тибет. История независимости и оккупации» – СПб.: Издание А. А. Терентьева, 2010. – 544 с., илл.ISBN 978-5-901941-23-2
  6. 6,0 6,1 6,2 Առաջին երկու Պանչեն Լամաներին հետմահու է շնորհվել Պանչեն Լամա կոչումը։
  7. Իրական Պանչեն Լամայի շուրջ հակամարտություն է ծագել։ 14-րդ Դալայ Լաման ճանաչում է Գեդուն Չոկյի Նյիմային, մինչդեռ Չինաստանի կառավարությունը՝ Գյալցեն Նորբուին։ Ըստ տիբեթցի փախստականների՝ Գեդուն Չոկյի Նյիման ձերբակալվել է Չինաստանի կառավարության կողմից։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանչեն Լամա» հոդվածին։