Իոնա Խելաշվիլի

վրացի հոգևոր բանաստեղծ, հասարակական գործիչ, աբեղա

Աբեղա Իոնա (վրաց.՝ იონა, աշխարհիկ անունը՝ Իվանե Խելաշվիլի, վրաց.՝ იოანე ხელაშვილი, 1772, Վաքիր, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան - 1837, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), վրացի հոգևոր գրող, հասարակական գործիչ, աբեղա։

Իոնա Խելաշվիլի
Ծնվել է1772
ԾննդավայրՎաքիր, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան
Վախճանվել է1837
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԱլեքսանդր Նևսկու մայրավանք
Մասնագիտությունգրող և հասարակական ակտիվիստ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճեմարան

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Իվանե Խելաշվիլին ծնվել է 1772 թվականին ներկայիս Կախեթի մարզի Վաքիր գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Իվանեի հայրը նահատակվել է դաղստանցիների հետ ընդհարման ժամանակ։ Շուտով մահանում է նաև մայրը։ Իվանե Խելաշվիլին դաստիարակվել է Հերակլ II թագավորի արքունիքում։ Վերջինիս մահվանից հետո օգտվել է որդու՝ Գեորգի XII թագավորի հովանավորչությունից։ Դեռևս Վաքիրում ապրելու տարիներին սովորում է աստվածաբանություն՝ 6 տարեկան հասակից սկսած՝ գյուղի եկեղեցում։ Առավել խորությամբ Իոնա Խելաշվիլին կրոն է ուսումնասիրում Մետեխի եկեղեցում 1793 թվականից։ Այն բանից հետո, երբ Թբիլիսի են արշավում Աղա-Մահմեդ Խան Ղազարի զորքերը (1795), Իվանեն տեղափոխվում է Թելավ, որտեղ շարունակում է ուսումնառությունը։ 1800 թվականին Իվանեն ձեռնադրվում է որպես կուսակրոն և անվանակոչվում Իոնա. սկսում է հոգևոր գործունեություն ծավալել Քվաթախևի վանքում։

1805 թվականին արքա Իրակլի II-ի որդի արքայազն Փառնավազի շքախմբի հետ հեռանում է Վրաստանից։ Ապրել է Վորոնեժում և Մոսկվայում, իսկ 1806 թվականից՝ Սանկտ Պետերբուրգում։ 1809 թվականից 1812 թվականներն ընկած ժամանակահատվածում ուսանում է Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում։ Ձեռնադրվել է որպես սարկավագ, իսկ հետո նաև երեց։ Իոնա Խելաշվիլին Վրաստանի թագավորական ընտանիքի ընտանեկան հոգևորականն է եղել (արքայազն Դավիդ, Թեյմուրազ Բագրատիոնի, Աննա Իմերեթացի թագուհի)։

Ապրելով Պետերբուրգում` Իոնան ակտիվ գործունեություն է ծավալել վրացական հայրենակցության միությունում, օգնել է վրացիներին, հատկապես վրացի ուսանողներին։ Նրա օգնությամբ է Պետերբուրգի համալսարան ընդունվել վրացի ապագա գրող Սոլոմոն Դոդաշվիլին։

Իոնա Խելաշվիլին իր մահկանացուն կնքել է 1837 թվականին։ Հուղարկավորված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքում (Սանկտ Պետերբուրգ)։

Ստեղծագործություններ խմբագրել

Իոնա Խելաշվիլին ստեղծել է ավելի քան 40 հոգևոր ստեղծագործություններ։ Գրել է ինքնակենսագրական «Ռոնինի» (Ուխտագնացություն) վեպը։ Փիլիսոփայական-հոգևոր բնույթի երկ է «Երեսունչորս հարցերի գիրքը»՝ հարցուպատասխանի ժանրով գրված։

2000 թվականին հրատարակվել է Իոնայի նամականին (1809-1835), այդ թվում և վրացական արքունիքի անդամներին ուղղված նամակները։

Նրա գրվածքներից են նաև՝ «Եռահատոր աստվածաբանություն», «Վրացերեն ընդարձակ բառարան » (3 000 բառ)։

Իոնայի կողմից գրված «Քարոզներ» ստեղծագործությունը համարվում է վրացական աղոթական արվեստի նմուշներից մեկը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Канделаки Н. Грузинское красноречие. Тбилиси, 1966 2. С. 46

Գրականություն խմբագրել

  • "ეკატერინე ჭავჭავაძე" – სერგი ჭილაია, გამომცემლობა "ნაკადული", თბილისი 1969 წელი
  • "ქართული მწერლობა" (ლექსიკონ– ცნობარი) წიგნი I, გამომცემლობა "განაღლება", თბილისი, 1984 წელი