Ժա Ժա Գաբոր (անգլ.` Zsa Zsa Gabor, իրական անունը` Շարի Գաբոր (հունգար.` Gábor Sári), փետրվարի 6, 1917(1917-02-06)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 18, 2016(2016-12-18)[5][1][6][…], Լոս Անջելես, ԱՄՆ[5][4]), հունգարական ծագումով ամերիկյան դերասանուհի, որը ձեռք էր բերել աշխարհիկ տիկնոջ համբավ։

Ժա Ժա Գաբոր
Ծննդյան թիվ՝փետրվարի 6, 1917(1917-02-06)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 18, 2016(2016-12-18)[5][1][6][…] (99 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ[5][4]
Քաղաքացիություն՝ Ավստրո-Հունգարիա
 ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0001248

Կենսագրությունը խմբագրել

Ժա Ժա Գաբորը ծնվել է Բուդապեշտում, Վիլմոշ և Ջոլի Գաբորների ընտանիքում։ Նրա քույրերը` Մագդան և Էվան, հետագայում նույնպես դարձել են դերասանուհիներ։ Իր Շարի անունը (Սառա անվան հունգարական տարբերակն է) նա ստացել էր ի պատիվ հունգար դերասանուհի Շարի Ֆեդակի և քանի որ մանուկ հասակում չէր կարողանում այն արտասանել, ուստի մայրը նրան կոչում էր ինչպես ինքը` Ժա Ժա։

1936 թվականին Ժա Ժա Գաբորը հաղթանակ է տարել «Միս Հունգարիա» գեղեցկության մրցույթում, սակայն որակազրկվել է` իր տարիքը խաբելու համար[7]։ Նույն թվականին ուղևորվել է Վիեննա, որտեղ նրան նկատել է երգիչ Ռիխարդ Տաուբերը և հրավիրել երգելու աղախնի դերը իր նոր «Der singende Traum» («Երգող երազանք») օպերետում։ 1941 թվականին, հետևելով իր քրոջը, մեկնել է Հոլիվուդ։

Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1952 թվականին՝ «Մենք ամուսնացած չենք» կինոնկարում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջինջեր Ռոջերսը։ Նույն թվականին թողարկվել է նաև Ջոն Հյուսթոնի «Մուլեն Ռուժ» կինոնկարը, որտեղ Ժա Ժա Գաբորը հանդես է եկել հայտնի պարուհի Ժաննա Ավրիլի դերում։ Հետագա տարիներին նա առավելապես ակտիվ էր հեռուստատեսությունում և ֆիլմերում հանդես էր գալիս կամ էպիզոդիկ դերերով, կամ` ինքն իր դերը կատարելով։ Այդպիսի ֆիլմերից էին «Մղձավանջ Թեղիների փողոցում 3. Երազի մարտիկները» (1987 թ.), «Մերկ ատրճանակ 2½. Վախի բույրը» (1991 թ.), «Ռամիկը Բևեռլի Հիլզում» (1992 թ.), «Բրեդիի ընտանիքը 2» (1996 թ.) և այլն։

Բացի կինոնկարներում, հեռուստահաղորդումներում և բազմաթիվ ժամանցային ներկայացումներում մասնակցելուց, նա դարձել էր աշխարհիկ կյանքի ամենանշանակալից աստղերից մեկը։ Նրա հումորի զգացումը, տարօրինակությունն ու սկանդալային և ցնցող իրադարձությունների կիզակետում հայտնվելու հակումները, թույլ տվեցին պահպանել իր հանրաճանաչությունը` անկախ իր կինոկարիերայում տեղ գտած բարդություններից։

Խնդիրներ օրենքի հետ խմբագրել

1989 թվականին Ժա Ժա Գաբորը Բևեռլի Հիլզում ապտակել էր ոստիկան Փոլ Կրամերին, երբ վերջինս կանգնեցրել էր նրան` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար[8]։ Դատարանում նա իր գործողությունները արդարացնում էր նրանով, թե իբր ոստիկանը չարաշահել էր իր ծառայողական պարտականությունները և իրեն կոպիտ էր պահում։ Արդյունքում Ժա Ժա Գաբորը մեղավոր ճանաչվեց` ոստիկանի վրա հարձակվելու համար և դատապարտվեց 72 ժամ ուղղիչ աշխատանքների, ինչպես նաև 13 հազար դոլարի չափով տուգանքի։ Հետագայում նա հումորով էր վերաբերվում այդ միջադեպին։

Առողջական խնդիրներ խմբագրել

2002 թվականին Ժա Ժա Գաբորը ավտովթարի հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում։ Վթարի պահին նա ապահովագրված էր և արդյունքում ստացել է երկու միլիոն դոլար ապահովագրական գումար։ 2005 թվականին կաթված է տարել, որը մեծ վտանգ էր ներկայացնում նրա կյանքի համար։ Վիրահատվելուց հետո դուրս է գրվել և 2007 թվականին կրկին բուժման կուրս անցել։

2010 թվականին, մահճակալից անհաջող կերպով վայր ընկնելու պատճառով կրկին հայտնվել է հիվանդանոցում, քանի որ ստացել էր կոնքազդրային հոդի կոտրվածքներ[9]։ Նույն թվականի օգոստոսին, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր և նրա հնարավոր մահվան հանգամանքը հաշվի առնելով, ստիպված քահանա էին հրավիրել հիվանդասենյակ` հատուկ ծիսակարգ կատարելու համար[10]։ Օգոստոսի վերջերին Ժա Ժա Գաբորը հրաժարվեց հետագա բուժումներից և մեկնեց տուն, որոշելով իր կյանքի վերջին օրերն անցկացնել հարազատների հետ[11]։ Նոյեմբերին ոտքի թրոմբի պատճառով, կրկին հայտնվել է հիվանդանոցում[12]։ Հետազոտելով, 93-ամյա դերասանուհու մոտ հայտնաբերել են գանգրենա և որոշում են կայացրել ծնկից ներքև անդամահատել ստորին վերջույթը[13]։

2011 թվականի մարտին, Ժա Ժա Գաբորը հրաժարվել է երկրորդ ոտքի անդամահատումից, որից հետո բժիշկները նրա ապրելու հնարավորությունը` գոնե մեկ տարի, գնահատել են 50%։ Մարտի 23-ին, իմանալով իր հին ընկերուհու` Էլիզաբեթ Թեյլորի մահվան մասին, Գաբորը կրկին հոսպիտալացվել է[14]։ 2011 թվականի մայիսին դերասանուհին նորից հոսպիտալացվել է, այս անգամ թոքաբորբի ծանր բարդացումների պատճառով և մեկ շաբաթ անց է կացրել կոմայի մեջ[15][16][17]։

Անձնական կյանքը խմբագրել

Ժա Ժա Գաբորն ամուսնացած է եղել 9 անգամ։ Յոթ անգամ ամուսնալուծվել է, իսկ ամուսնություններից մեկը չեղյալ է հայտարարվել։

Ժա Ժա Գաբորը իր քույրերից միակն էր, որ երեխա է ունեցել։ Համաձայն նրանց «One Lifetime Is Not Enough» կենսագրական գրքի, նրա հղիությունը Կոնրադ Հիլթոնի կողմից բռնաբարության արդյունք էր։ Նրա դուստրը` Ֆրանչեսկա Հիլթոնը, ծնվել էր 1947 թվականին, իր ծնողների ամուսնալուծությունից հետո։ 2005 թվականին Ժա Ժա Գաբորի անունից Կալիֆոռնիայի դատարան հայց էր ներկայացվել ընդդեմ Ֆրանչեսկայի, որում վերջինս մեղադրվում էր գողության և խարդախության մեջ[18]։ Հայցը նախաձեռնել էր Գաբորի ամուսինը` Ֆրեդերիկ ֆոն Անհալտը, որը սակայն մերժվել էր` Գաբորի դատարան չներկայանալու պատճառով։

Ֆրանչեսկան մահացել է 2015 թվականին՝ կաթվածից, 67 տարեկանում։ Ժա Ժա Գաբորը այդպես էլ մինչ իր մահը, չիմացավ դստեր մահվան մասին։ Նրա ամուսինը թաքցրել էր դստեր մահվան փաստը նրանից, վախենալով Ժա Ժա Գաբորի հոգեկան և ֆիզիկական վիճակից։

Ժա Ժա Գաբորը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 18-ին, 99 տարեկանում, Լոս Անջելեսի Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում[19]։ Նրա աճյունը թաղվել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Վեսթվուդյան գերեզմանոցում[20]։

Հայտնի արտահայտությունները խմբագրել

Ժա Ժա Գաբորը հայտնի էր իր սրամիտ արտահայտություններով[21]։ Իր նախկին ամուսինների մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ.

  • Ես նրանց վրա երբեք չեմ զայրացել այն աստիճան, որ վերադարձնեմ ադամանդները։

Իսկ ամուսնալուծությունների մասին ասել է.

  • Ես հիանալի տանտիրուհի եմ։ Յուրաքանչյուր բաժանումից հետո` տանտիրուհին մնացել եմ ես։

Նրա հայտնի արտահայտություններից են նաև.

  • Տղամարդիկ սիրում են աչքերով, իսկ կանայք` ականջներով։
  • Ես ոչինչ չգիտեմ սեքսի մասին, քանի որ մշտապես ամուսնացած եմ եղել։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1952 Մենք ամուսնացած չենք We're Not Married! Իվ Մելռոուզ
1952 Դա գեղեցիկ տեսք ունի Lovely to Look at Ժա Ժա
1952 Մուլեն Ռուժ Moulin Rouge Ջեյն Ավրիլ
1953 Սիրո երեք պատմություններ The Story of Three Loves պչրուհի
1953 Լիլի Lili Ռոզալիա
1953-1965 Տեղ ազատեք հայրիկի համար Make Room for Daddy Լիզա
1953 Հասարակության թիվ 1 թշնամին L'ennemi public n° 1 Լոլա լա Բլոնդե
1954 Կրկես` երեք արենայով 3 Ring Circus Սադիա
1955-1958 Առավոտյան թատրոն Matinee Theatre Էուժենիա
1956 Սրիկայի մահը Death of a Scoundrel միսիս Ռայան
1957 Աղջիկը Կրեմլում The Girl in the Kremlin Լիլի Գրիշենկո, Գրետա Գրիշենկո
1958 Մարդը, ով չէր կարող խոսել The Man Who Wouldn't Talk Եվա Տրենտ
1958 Չարի կնիքը Touch of Evil սթրիփ ակումբի սեփականատեր
1958 Տիեզերքի թագուհին Queen of Outer Space Տալիա
1959 Մեծ սիրո սերենադը For the First Time Գլորիա Դե Վադնուց
1960 Նինոչկա Ninotchka -
1960 Մեքսիկացին Հոլիվուդում Pepe Ժա Ժա Գաբոր
1962 Ճանապարհ դեպի Հոնկոնգ The Road to Hong Kong կամեո
1962 Տղաները ուղևորվում են զբոսնելու Boys' Night Out -
1964-1967 Գիլլիգանի կղզին Gilligan's Island Էրիկա Տիֆանի-Սմիթ
1966-1968 Բեթմեն Batman Միներվա
1966 Մեռած մոր նկարը Picture Mommy Dead Ջեսիկա Ֆլագմոր Շելլի
1966 Որ դու սատկես, թանկագինս Drop Dead Darling Ժիժի
1967 Ադամանդե Ջեկը Jack of Diamonds Ժա Ժա Գաբոր
1976 Վոն Տոն Տոն - շունը, որ փրկեց Հոլիվուդը Won Ton Ton։ The Dog Who Saved Hollywood -
1977-1987 Սիրո մակույկը The Love Boat Աննետ
1978 Յուրաքանչյուր աղջիկ ունի իր հնարավորությունը Every Girl Should Have One Օլիվիա Ուայն
1979 Սուպերգնացք Supertrain Օդրի
1984 Տիլլին, մեծն Ֆրանկենշտեյնի մորաքույրը Frankenstein's Great Aunt Tillie Կլարա
1987 Մղձավանջ Թեղիների փողոցում 3. Երազի մարտիկները A Nightmare on Elm Street 3։ Dream Warriors Ժա Ժա Գաբոր
1987 Յոհան Շտրաուս. Չթագադրված արքա Johann Strauss - Der König ohne Krone -
1988 Ծննդյան տոների հատուկ թողարկում Christmas at Pee Wee's Playhouse արքայադուստր Ժա Ժա
1990-1996 Արքայազնը Բևեռլի Հիլզից The Fresh Prince of Bel-Air Սոնյա Լամոր
1991 Մերկ ատրճանակ 2½. Վախի բույրը The Naked Gun 2½։ The Smell Of Fear Ժա Ժա Գաբոր
1992 Մերկ ճշմարտություն The Naked Truth ուղեկցորդուհի
1993 Ռամիկը Բևեռլի Հիլզում The Beverly Hillbillies Ժա Ժա Գաբոր
1996 Բրեդիի ընտանիքը A Very Brady Sequel Ժա Ժա Գաբոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sari Gabor — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.lemonde.fr/culture/article/2016/12/19/zsa-zsa-gabor-est-decedee_5050926_3246.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.nytimes.com/2016/12/18/movies/zsa-zsa-gabor-often-married-actress-known-for-glamour-dies.html
  6. 6,0 6,1 6,2 Albert M. Encyclopædia Britannica
  7. «Hollywood legend Zsa Zsa Gabor dies at 99», BBC, 19.12.2016
  8. http://www.mugshots.net/zsa_zsa_gabor/ Արխիվացված 2007-06-09 Wayback Machine Mugshots.net Опубликовано 18-04-2007
  9. «Actress Zsa Zsa Gabor hospitalized in a 'bad condition' after fall at home». BNO News. 2010 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
  10. «Zsa Zsa Gabor asks for 'last rites' from priest». CNN. 2010 թ․ օգոստոսի 15.
  11. «Ailing Zsa Zsa Gabor to spend final days at home». Reuters. 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  12. bio at imdb.com
  13. Раиса Мурашкина (2011 թ․ հունվարի 3). «Актрисе Жа Жа Габор ампутируют правую ногу». Комсомольская Правда. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  14. Жа Жа Габор слегла после смерти Тейлор. Дарья Буянова, Life News Online
  15. Жа Жа Габор госпитализирована в серьёзном состоянии
  16. «Zsa Zsa Gabor is unresponsive, hospitalized, husband says». CNN.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  17. «Zsa Zsa Gabor emerges from coma». thaindian.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  18. «Zsa Zsa says daughter stole $2m: News24: Entertainment: Off Beat». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  19. «Умерла голливудская актриса Жа Жа Габор». Lenta.ru. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  20. Joi=Marie McKenzie (2016 թ․ դեկտեմբերի 30). «Inside Zsa Zsa Gabor's Funeral in Beverly Hills, 'Farewell My Love'». ABC News. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  21. «Zsa Zsa Gabor in her own words», BBC, 19.12.2016
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժա Ժա Գաբոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժա Ժա Գաբոր» հոդվածին։