Եղինջ երկտուն

բույսերի տեսակ
Եղինջ երկտուն
Եղինջ երկտուն
Եղինջ երկտուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Եղինջազգիներ (Urticaceae)
Ցեղ Եղինջ (Urtica)
Տեսակ Եղինջ երկտուն (U. dioica)
Միջազգային անվանում
Urtica dioica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Եղինջ երկտուն (լատին․՝ Urtika dioica L), եղինջազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս։ Հայկական տարանուններն են՝ աղինճ, աղկեպ, անճիրե, բանջար, եղիճ, կճան, կճախոտ, մռմուռ խոտ, մրմնջուկ։

Դեղաբույսի նկարագրությունը խմբագրել

Եղինջազգիների ընտանիքին պատկանող, 60-170 սմ երկարության բազմամյա խոտաբույս է։ Ունի ձվանշտարաձև, ատամնաեզր հակադիր տերևներ, որոնք, ինչպես ցողունը, ծածկված են գեղձային այրող մազիկներով։ Վերջիններս շփվելով մաշկի հետ, մխրճվում են նրա մեջ ու բեկվում, դրանով իսկ իրենց պարունակած թույնը (ուրտիցին, հիստամին, մրջնաթթու) լցնում այնտեղ, առաջ բերելով ուժեղ այրոցի զգացում[1]։ Ծաղիկները մանր են, միասեռ, կանաչ։ Պտուղը փոքր ընկուզիկ է, արմատը սողացող ու ճյուղավոր։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում՝ հուլիսից։ Մեր հանրապետությունում հանդիպում է բոլոր գոտիներում իր երկու տեսակներով՝ երկտուն և այրող, որոնք դեղորայքային առումով ունեն գրեթե նույն նշանակությունը։ Բույսը աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատերի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Եղինջը բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով։ Վատ է տանում երաշտը, քիչ զգայուն է ցրտի նկատմամբ։

Քիմիական բաղադրությունը խմբագրել

Տերևներում հայտնաբերված են վիտամիններ՝ C (մինչև 269 մգ%,,), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, K, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ (մինչև 5%), դաբաղանյութեր (2%֊ից ավելի), խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, այլումին, վանադիում և այլն։ Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ։ Բույսի մատղաշ տերևները երկու անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին։

Բուժական նշանակությունը խմբագրել

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում են գերանդիով, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամհարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ 2 տարի տևողությամբ։ Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։

Եզինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Փչացած ատամը հանելու համար Ամիրդովլաթն առաջարկում է բույսի սերմերը ծեծած վիճակում խառնել սև ձյութի հետ և դնել ատամին, իսկ տերևների եփուկը կամ տերևափոշին օգտագործել է բորբոքային ուռուցքները, քթային արյունահոսությունը, արյունային լուծը, պլևրիտները, թոքային հիվանդությունները, փորի բփնածությունը, արգանդի արտանկվածությունը բուժելու համար։ Հունդը «անճիրա» անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղնջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով «եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նույնպես փոխման և շնչարգելության ժամանակ»։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը խառնում են գարեջրին և օգտագործում հազը հանգստացնելու, խուխը արտազատելու, պլևրալ ցավերը և ատամնացավը հանգստացնելու նպատակով, իսկ ծեծված արմատը ընդունում են ջրով սրտային ցավերի ժամանակ, տրորված տերևները կոմպրեսի ձևով դնում են ճակատին՝ քթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։

Դեղաբույսի օգտագործումը տարբեր երկրներում խմբագրել

Բուլղարայում դեղաբույսն օգտագործվում է գլխի մազաթափման, սալջարդերի, պառկելախոցերի, շաքարածտի, ընկնավորության, հիսթերիայի և խրոնիկական բրոնխիտների ժամանակ։

Ֆրանսիայում եղինջից ստացված «դիոիկա» պատրաստուկը օգտագործվում էգլխի մազերը ամրացնելու նպատակով, ինչպես նաև սուր և խրոնիկական էնտերիտների, պալարախտային ծագում ունեցող լուծերի ժամանակ։

Լեհաստանում և Գերմանիայում դեղաբույսը լայն ճանաչում ունի անեմիաների, աթելասկրելոզի, հոդային և մկանային ռևմատիզմի, միզուղիների բորբոքումների, լյարդի և մածկային հիվանդությունների, թութքի, այրվածքների և կաթնախտի բուժման բնագավառներում։ Հիմնավորված է, որ եղինջն ունի լակտացիան ուժեղացնելու հատկություն։

Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ եղինջն օգտագործվում է բոլոր տեսակի արյունահոսությունների, հատկապես առատ դաշտանի, մալարիայի, սակավամիզության, մաշկային ցանցերի, պզուկների, ֆուրունկուլյոզի, կանանց սպիտակաթորանքի, փայծաղի ուռուցքների, փորկապության ժամանակ և այլն։ Փորձված է, որ երբ արյունահոսող վերքերի վրա դնում են եղնջահյութով թրջված վիրակապ, արյունահոսությունը դադարում է։ Գլխի մազաթափության, թեփոտման և ճարպարտադրության ժամանակ շաբաթը 3 անգամ գլուխը լվանում են հավամրգու, գայլուկի, կռատուկի և եղինջի արմատների թունդ եփուկով։ Հոդացավերի ժամանակ եղնջով խայթում են ցավոտ շրջանը, ապա կատարում են նավթով ներմարձում տվյալ հոդի հատվածում։ Տարբեր ժողովուրդներ բույսի արմատը կամ սերմերը շաքարով եփած վիճակում ընդունում են քարային հիվանդությունների ժամանակ, ընդհանրապես բույսն օգտագործվում է դեղնուկի, պալարախտային առատ քրտնարտադրության, ճճվակրության, աղեփքության, բարձր ջերմության նյարդային նոպաների, գեղձախտի, որքինի, ընտելացված փորկապության ժամանակ։

ՍՍՀՄ֊ում դեղաբույսը մտել է պետական ֆարմակոպեայի մեջ 1961 թվականից։ Գիտականորեն հիմնավորված է որ դեղաբույսի մեջ մտնող քլորոֆիլն օժտված է օրգանիզմը տոնուսավորող և խթանող հատկություններով։ Այն բարձրացնում է հիմնական նյութափոխանակությունը, արգանդի, աղիների, սրտանոթային համակարգի և շնչական կենտրոնի տոնուսը։ Սակայն դեղաբույսն օգտակար չէ արգանդի պոլիպային, կիստոզ, ուռուցքային և թերվիժումային արյունահոսությունների ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Թորոսյան, Հայաստանի դեղաբույսեր
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղինջ երկտուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղինջ երկտուն» հոդվածին։