Արշակ Ա, հայտնի է նաև որպես Արտաշես Ա (վրաց.՝ არსოკ I, վրացերենից տառադարձմամբ՝ Արսոկ I, ծնված՝ անհայտ, Մեծ Հայքի թագավորությունմ․թ․ա․ 78, Մցխեթ, Վիրք), Մեծ Հայքի թագավորության արքայազն և Վիրքի թագավոր մ․թ․ա․ 90-ից մինչև մ․թ․ա․ 78 թվականներին։ Համարվում է Վիրքի Արտաշեսյան հարստության առաջին ներկայացուցիչը։ Արշակը Հայաստանի թագավոր Արտաշես Ա Բարեպաշտի թոռն էր՝ ամենայն հավանականությամբ Արտավազդ Ա-ի որդին[1]։ Զարգացած միջնադարի վրաց հեղինակները, օրինակ՝ Լեոնտի Մրովելին, վկայում են այն մասին, որ Արշակը հայոց արքայի որդին էր, իսկ նրա կինը սերում էր վրաց Փառնավազյանների թագավորական ընտանիքից։

Արշակ Ա Արտաշեսյան
არსოკ I
Վիրքի թագավորության արքա
Իշխանությունմ․թ․ա․ 90 - մ․թ․ա․ 78
Թագադրումմ․թ․ա․ 90 թվական
Հանձնումմ․թ․ա․ 78 թվական
Ծնվել է՝անհայտ
ԾննդավայրՄեծ Հայքի թագավորություն
Մահացել է՝մ. թ. ա. 78
Երկիր Վիրք
Ազգությունհայ
ՀարստությունՎիրքի Արտաշեսյան արքայատոհմ
Ամուսինանհայտ անվամբ Փառնավազյան արքայադուստր
  • գահազրկված Փառանջոհմի քույրը
ՏոհմԱրտաշեսյաններ
միապետ
ՀայրԱրտավազդ Ա, Մեծ Հայքի արքա
ԵրեխաներԱրտակ Ա
ՀավատքՀայկական հեթանոսություն

Արշակը Իբերիայի թագավորության գահին բազմում է Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Բ Մեծի կողմից Վիրքի հպատակեցումից հետո։ Վիրքում հայոց Արտաշեսյանների իշխանության հաստատման գործընթացը հանգամանալից կերպով իր «Քարթլիս ցխովրեբա» («Քարթլիի կյանքը») աշխատության մեջ ներկայացնում է Լեոնտի Մրովելին։

Մ․թ․ա․ 109 թվականից ի վեր Վիրքի (Իբերիայի) թագավորությունում իշխում էր Փառանջոմ I-ը՝ Փառնավազյանների տոհմից։ Ըստ վրաց պատմիչի՝ վերջինս պաշտպանում էր պարթևական արքունիքի շահերը և դավանում էր կրակապաշտական կրոնը։ Վիրքում ներքաղաքական պայքարը վերստին սրվում է այն բանից հետո, երբ Փառանջոմ արքան Պարթևստանից կանչում է մազդեզական կրոնի սպասավորներին ու կրակի մոգերին, նրանց հաստատում Մծխեթում և Մողվթայում և սկսում բացահայտորեն պաշտել կուռքերին։ Փառանջոմի այս քայլը զայրույթի տեղիք է տալիս բնակչության և ազնվականության շրջանում, որի արդյունքում էլ Իբերիայի ավագանին որոշում է թագավորին գահընկեց անելու համար դիմել հարևան երկրի՝ զորեղացող Մեծ Հայքի օգնությանը[2]։

Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում վրաց պահապան աստվածներին։ Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու։ Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի` նրա կինը, մեր թագավորների զավակը
- Լեոնտի Մրովելի, «Քարթլիի կյանքը», հատված վրաց ավագանու նամակից՝ ուղղված Տիգրան Մեծին

Մեզ հասած պատմագիտական տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Մեծն իր բանակով ներխուժում է Մցխեթ և հաղթանակում պարթևների զորակցությամբ հանդես եկող Փառանջոմ Իբերացու նկատմամբ։ Արդյունքում՝ Վիրքի թագավորությունը հայտնվում է Մեծ Հայքի քաղաքական ազեցության ոլորտում։ Մ․թ․ա․ 90 թվականին Վիրքի գահին բազմում է Տիգրանի զարմիկը՝ Արտավազդ Ա-ի որդի Արշակը, որն էլ հիմնադրում է Վրաց Արտաշեսյան հարստությունը։ Արշակ Ա-ի կառավարման տարիները անցնում են խաղաղության միջավայրում, քանի որ վերջինս գտնվում էր արքայից արքա Տիգրանի հովանավորչության ներքո։ Օգտվելով տիրող կայունությունից՝ վերջինս կառուցապատում է բազմաթիվ ամրոցներ, մասնավորապես՝ Ծունդա բերդը Ջավախքում։ Արշակի մահից հետո արյան իրավունքով գահը ժառանգում է Արտակ Ա-ն, որը շարունակում է իշխել որպես Մեծ Հայքի կամակատար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կիրիլ Թումանով, «Իբերիայի վաղ շրջանի արքաների ժամանակագրություն», գլուխ 25, էջ 10-11, հրատարակված՝ 1969
  2. Հակոբյան, Մհեր. Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ (անգլերեն).

Գրականություն խմբագրել

  • Լեոնտի Մրովելի, «Քարթլիի կյանքը»