Սպան և ծիծաղող աղջիկը (նկար)

Սպան և ծիծաղող աղջիկը, նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկար։ Ստեղծվել է 1655-1660 թվականների միջակայքում։ Մինչև 1890 թվականը կախված է եղել Պրատոլինո վիլլայում, որ պատկանել է ռուս արդյունաբերող Պավել Դեմիդովին։ 1911 թվականից գտնվում է Նյու Յորքում` Ֆրիկի հավաքածուում։

Սպան և ծիծաղող աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1658
բարձրություն50,5 սանտիմետր
լայնություն46 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ և կտավ[1]
գտնվում էՖրիկի հավաքածու[2]
հավաքածուՖրիկի հավաքածու
սեփականատերՀենրի Քլեյ Ֆրիկ
https://www.wga.hu/html/v/vermeer/02b/08offic1.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02b/08offic2.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02b/08offic.html, https://artsandculture.google.com/story/officer-and-laughing-girl/7AKChNYrkhvqJg, http://www.essentialvermeer.com/catalogue/officer_and_laughing_girl.html կայք
Ծանոթագրություններ
 Officer with a Laughing Girl (Vermeer) Վիքիպահեստում

Նկարը Վերմեերին բնորոշ ոճով է։ Կինը դեղին վերարկուով է, լույսն ընկնում է ձախ կողմի բաց պատուհանից, պատին մեծ քարտեզ է. այս բոլոր տարրերը հանդիպում են նկարչի այլ նկարներում ևս, սակայն այս նկարում հայտնվել է տղամարդ, որ նստած է սեղանի մոտ։ Արվեստագետների մեծ մասը, որոնք տարբեր կերպ են մեկնաբանում նկարը, համակարծիք են այն հարցում, որ Վերմեերը ոգեշնչվել է Հերիտ վան Հոնտհորստի «Կավատուհին» նկարից, և նկարի հեռանկարը ստեղծվել է օբսկուրա խցիկով։

Նկարագրություն խմբագրել

Նկարի գլխավոր կերպարը աղջիկն է, որի դեմքը լուսավորված է ուղիղ ընկնող մեղմ լույսով։ Նա նմանություն ունի Վերմեերի կնոջ հետ, որը, ինչպես հայտնի է, նկարչի շատ նկարների համար է բնորդ հանդիսացել։ Ռենտգենյան ճառագայթները ցույց են տվել, որ Վերմեերը նախատեսել էր կնոջը պատկերել սպիտակ մեծ օձիքով, որը կծածկեր զգեստի մեծ մասը, իսկ գլխաշորը, որ ծածկում է գլուխն ամբողջությամբ, մեծացվել է, որպեսզի նկարը դիտողն իր ուշադրությունը սևեռի աղջկա դեմքի արտահայտության վրա։ Ժանյակով զգեստը, որը կարելի է տեսնել Վերմեերի այլ նկարներում ևս, կոչվել է սկորտ և եղել է ամենօրյա զգեստ։ Կապույտ գոգնոցը, որ աղջիկը հագել է զգեստի վրայից, և որը մասամբ ծածկվել է սեղանի ստվերում, նույնպես լայնորեն տարածված է եղել։ Հագուստից արվեստագետները եզրակացնում են, որ սպայի այցելությունն անակնկալ է եղել աղջկա համար, որ մինչ նրա ժամանելը զբաղված է եղել առտնին գործերով։ Աղջկա ձեռքին գավաթ է` նախատեսված սպիտակ գինու համար, որն ավելի թանկ է եղել, քան գարեջուրը. դա ընդգծում է նրա առավելությունը։

Սպան կարմիր անձրևանոցով է, գլխին ունի թանկարժեք գլխարկ, որ ցույց է տալիս նրա բարեկեցությունը և բարձր կոչումը։ Կուղբի մորթուց լայնեզր գլխարկը նախատեսված է եղանակային խիստ պայմանների համար։ Նման գլխարկների հումքը բերվել է Նոր Նիդերլանդներից (Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատված), որը եղել է Հոլանդական արևմտահնդկական ընկերության վերահսկողության ներքո։ Հագուստի կարմիր գույնը ասոցացվում է կրքի ու հզորության հետ, ինչը նկարին զգայական-ռոմանտիկ տրամադրություն է հաղորդում։ Սպայական կոչման մասին է վկայում սև ուսակապը։ Չնայած նկարի գլխավոր հերոսը աղջիկն է, սակայն սպայի խոշոր կերպարանքը առաջինն է աչքի ընկնում։ Նրա ներկայությունն ավելացնում է դրամատիզմը և առեղծվածայնությունը։ Գեղարվեստական այս հնարքը` օբյեկտին առջևի պլանում պատկերելը ֆոնի խորքայնությունն ընդգծելու նպատակով, կոչվում է ռեպուսար։ Այս տեխնիկան հաճախ է կիրառել Կարավաջոն, և Վերմեերը կարող էր այն փոխառել կարավաջիզմի ներկայացուցիչների նկարներից։

Աղջկա և սպայի զրույցի թեման անհայտ է։ Արվեստագետների մեծ մասը կարծում է, որ տեսարանը պատկերում է սպայի նպատակաուղղված ու անմեղ հետամտումը, սակայն մյուսները աղջկա ժպիտի և առաջ մեկնած ձախ ձեռքը ինտիմ բնույթի ծառայությունների ակնարկ են համարում։ Քարտեզները, որ ներկայացված են մանրամասն դետալներով, հանդես են գալիս Վերմեերի մի շարք նկարներում, ինչը վկայում է քարտեզագրության նկատմամբ ունեցած նրա հատուկ հետաքրքրությունը։ Կա կարծիք, որ «Սպան և ծիծաղող աղջիկը» նկարում պատկերված քարտեզը ներկայացնում է Բալթազար Ֆլորիս վան Բերկենրոդի Հոլանդիան ու Արևմտյան Ֆրիզլանդը. այն կարելի է տեսնել Վերմեերի երկու այլ նկարներում։ Մեր օրեր չհասած քարտեզը հայտնի է արխիվային աղբյուրներից և երկրորդ հրատարակությունից, որ տպագրել է Վիլեմ Բլաուն 1621 թվականին[3]։

Պատուհանն ու լուսավորվող տեսարանները բնորոշ են Վերմեերի այլ աշխատանքներին ևս (հնարավոր է այն պատճառով, որ այդպիսին է եղել նկարչի արվեստանոցի լուսավորությունը)։ Պատուհանը նման է «Կաթնավաճառուհին», «Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը» նկարների պատուհաններին, որոնք Վերմեերը նկարել է մանրազնին` ուշադրություն դարձնելով դետալներին։ Պատուհանից երևում են պատի մի մասը և անհասկանալի ստվերներ, քանի որ Վերմեերը երբեք հանդիսատեսին թույլ չի տալիս իր նկարներից դիտել արտաքին աշխարհը։

Որոշ արվեստագետներ կարծում են, որ աշխատելով նկարի հեռանկարի վրա` Վերմեերը կիրառել է օբսկուրա խցիկ։ Մաթեմատիկական հաշարկներ կատարելու փոխարեն` նա կարող էր բնորդների չափերը գնահատել մեխանիկական այդ սարքի օգնությամբ։ Այս վարկածը հաստատող պատմական վկայություններ չկան, սակայն Վերմեերի նկարների անթերի հեռանկարը հիմք է տալիս նման ենթադրություն անելու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/242334
  2. http://collections.frick.org/view/objects/asitem/items$0040:275
  3. van der Krogt, Peter. 1998. «Vermeer’s Blaeu Period.» Mercator’s World. Volume 3 (5) September/October 1998. Page 82.

Գրականություն խմբագրել

  • Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 978-0-87099-973-4.
  • The Essential Vermeer Website http://www.essentialvermeer.com/catalogue/officer_and_laughing_girl.html
  • Koning, Hans, and the Editors of Time- Life Books. The World of Vermeer: 1632–1675
  • Nash, J. M. The Age of Rembrandt and Vermeer

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպան և ծիծաղող աղջիկը (նկար)» հոդվածին։