Կարավաջիզմ, բարոկկոյի ժամանակաշրջանի եվրոպական գեղանկարչության ոճ, որն ի հայտ է եկել Հռոմում 16-րդ դարի վերջին։ Ոճի հիմնադիրն են համարվում Կարավաջոն և նրա հետևորդները։

Կարավաջո. «Սուրբ Մատթեոսի խոստովանությունը»

Նկարագրություն խմբագրել

Կարավաջոն առաջին նկարիչներից է եղել, որն իր կտավներում կիրառել է լույսն ու ստվերը կտրուկ հակադրելու կիարոսքուրո գեղանկարչական մեթոդը, որը կոչվում է նաև «Կարավաջոյի էֆեկտ»[1]։ Կարավաջոն իր նկարներն ստեղծել է առանց էսքիզների, միանգամից կտավի վրա` նպատակ ունենալով իրականության ճշգրիտ պատկերումը[1]։

Կարավաջիզմին ևս հատուկ է բնավորության յուրահատկությունները ճշգրտորեն փոխանցելու հակումը, պատկերվող առարկաների ընդգծված ռեալիզմը։ Կարևոր դեր է հատկացվում ծավալին, հատկապես` նկարում լույսին ու ստվերին, առաջին պլան մղված մարմինների հակադիր լուսավորությանը։ Այս ոճի ստեղծագործություններում հաճախ է հանդիպում դրամատիկ ուժ` չնայած սյուժեի չպլանավորված լինելում։ Մարդու միայնությունն այս ժանրի ամենասիրելի թեմաներից է։ Ժամանակի ընթացքում կարավաջիզմի ազդեցությունն սկսել է զգացվել բարոկկոյի և ակադեմիզմի որոշ ներկայացուցիչների ստեղծագործության վրա[2]։

Հետևորդներ խմբագրել

Եվրոպական գեղանկարչության վրա էական ազդեցություն թողած Կարավաջոն առաջին ստեղծագործությունները պատկերել է լիրիկական տրամադրությամբ, լուսավոր տրամադրությամբ նկարներով։ Կարավաջոյի ոճը փոխանցվել է նրա մի շարք հետևորդներին։ Նրանցից ամենահայտնի նկարիչներից է իտալացի Օրացի Ջենտիլեսկին, որն իր աշխատանքներում («Դանայա», «Տիրամայրը նորածնի հետ» և այլն) Կարավաջոյի ոճին է համադրել տոսկանյան դպրոցի գունային լուծումներն ու կոմպոզիցիոն կառուցվածքը[1]։ Կարավաջիզմի մեկ այլ հետևորդ` Մարիո Նուցցին (որը հայտնի է Դե Ֆիորի, իտալ.` De Fiori` «ծաղիկ» կեղծանունով), իր կտավներում մշտապես պատկերել է թարմ ծաղիկներ։ Դե Ֆիորին կարևոր ազդեցություն է թողել 17-րդ դար դարի իտալական ու իսպանական գեղանկարչության վրա։

Կարավաջիզմի կարևոր ներկայացուցիչներից են նաև այսպես կոչված Ուտրեխտյան կարավաջիստները Նիդերլանդներում, Խոսե դե Ռիբերան Իսպանիայում, Վալանտեն դե Բուլոնը Ֆրանսիայում։ Կարավաջիզմի փուլով անցել են Պիտեր Պաուլ Ռուբենսը, Դիեգո Վելասկեսը, Ռեմբրանդ վան Ռեյնը, Ժորժ դե Լատուրը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 30–34.
  2. Ф. С. Капица История мировой культуры. — Издательство АСТ, 2010. — 730 с. — ISBN 978-5-17-064681-4